Թուրքիան ԲՐԻԿՍ-ին անդամակցության հայտ է ներկայացրել
Թուրքիան ԲՐԻԿՍ-ին անդամակցության հայտ է ներկայացրել։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը։
«Մեր նախագահը բազմիցս ընդգծել է, որ մենք ցանկանում ենք դառնալ ԲՐԻԿՍ-ի անդամ։ Գործընթացը մեկնարկել է»,- նրա խոսքը մեջբերում է AFP գործակալությունը։ Չելիքը չի հստակեցրել, թե երբ է պաշտոնական Անկարան ուղարկել անդամակցության հայտը։
Նրա խոսքով՝ լրացուցիչ մանրամասները կհաղորդվեն, երբ ի հայտ գան արդյունքները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ հուլիսին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ԲՐԻԿՍ-ը չի դիտարկում որպես «այլ կառույցներին այլընտրանք»: Նրա խոսքով՝ Անկարան շարունակում է մնալ ԵՄ թեկնածու երկիր։
ԲՐԻԿՍ-ին անդամակցության մտադրություն էր հայտնել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ «Իհարկե, մենք կցանկանայինք դառնալ ԲՐԻԿՍ-ի անդամ։ Տեսնենք, թե ինչի կհաջողվի հասնել այս տարի»,- Չինաստանում հայտարարել էր թուրք նախարարը։
Օգոստոսի կեսերին հայտնի դարձավ, որ այս կազմակերպությանն անդամակցության հայտ է ներկայացրել նաև Ադրբեջանը։ Ալիևն ու Էրդողանը հաստատել են, որ կմասնակցեն հոկտեմբերի 22-24-ը Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի առաջիկա գագաթնաժողովին։
Այսօր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հայտարարեց, որ այդ գագաթնաժողովին ներկայացված կլինի նաև Հայաստանը։ Թե ինչ մակարդակով, դեռևս հայտնի չէ։
Լուսանկարը՝ Mike Hutchings/Getty Images
Մեկնաբանել