HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ին անդամակցության հայտ է ներկայացրել

Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ին անդամակցելուպաշտոնական հայտ է ներկայացրել։ Այդ մասին, APA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն։

Արդեն մի քանի ամիս է` Բաքուն տարբեր մակարդակներով հայտարարում էր իր այդ մտադրության մասին։ Հուլիսի սկզբին Աստանայում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանն ու Չինաստանը ստորագրել էին երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության հաստատման մասին համատեղ հռչակագիր։

«Չինական կողմը ողջունում է Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում համագործակցությունն ամրապնդելու Ադրբեջանի ձգտումը, աջակցում է ՇՀԿ-ում Ադրբեջանի իրավական կարգավիճակի բարձրացմանը: Ադրբեջանական կողմը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու ցանկություն է հայտնում, իսկ չինական կողմը ողջունում է Ադրբեջանի մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի համագործակցությանը»,- նշված էր համատեղ հռչակագրի 4.5 կետում։

ԲՐԻԿՍ-ը միջպետական միություն է, ստեղծվել է 2009 թվականին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից։ Մեկ տարի անց կառույցին միացել է նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Միության անվանումը այդ պետությունների անգլերեն անվանումների առաջին տառերից է կազմվել։ Հետագայում այդ կառույցին միացել են նաև Միացյալ Արաբական էմիրությունները, Իրանը, Եգիպտոսն ու Եթովպիան։

Ի սկզբանե նշվում էր, որ Սաուդյան Արաբիան և Արգենտինան ևս կմիանան կազմակերպությանը, սակայն 2023 թվականի նոյեմբերին Արգենտինայում կայացած ընտրություններից հետո նորընտիր նախագահը հայտարարել էր, որ Արգենտինան չի միանա ԲՐԻԿՍ-ին, իսկ Սաուդյան Արաբիան դեռևս պաշտոնապես կազմակերպության անդամ չէ։

Վերջերս հայտնի դարձավ, որ ԲՐԻԿՍ-ին անդամակցության մտադրություն ունի նաև Թուրքիան։

Լուսանկարը՝ Christopher Lee/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter