
Անարդյունավետ ու թերի լուծումներ. արցախցիների օրեցօր դժվարացող կյանքը
2014 թվականին Դավիթ Գրիգորյանը գինու փառատոնի շրջանակներում Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից Երևան եկավ։ Ծանոթացավ հյուր եկած ֆրանսիացի գինեգործների հետ։ Մասնակցեց դասընթացների, վերադարձավ Բերդաշեն ու, արտադրության թերություններն ուղղելով, ինչպես ինքն է ասում՝սկսեց Բերդաշենի լավագույն գինիներից մեկն արտադրել։
Ֆրանսիացի գինեգործի մեկնաբանությունը շատ էր ոգևորել Դավիթին՝ խաղողի ողկույզների մեջ անգամ մեկ հատիկը չպիտի փտած լինի, դա գինուն վատ համ կտա, գինին պետք է պատրաստել մի տեսակի խաղողից, տեսակները խառնելիս լավ գինի չի ստացվի։ Ի նշան շնորհակալության՝ Դավիթը ֆրանսիացի գինեգործին հրավիրել էր Բերդաշեն, ցույց տվել իր այգիները, գինի ու հայկական խաղողի տեսակներից որթատունկեր նվիրել նրան։ Շփումը շարունակել էին սոցիալական ցանցով, գինեգործն ասել էր, որ Դավիթի նվիրած որթատունկերը պտուղ են տվել։
Այդ հանդիպումից հետո Դավիթը որոշել է ավելի լուրջ զբաղվել գինեգործությամբ։ Սկսել էր նոր տեսակներ աճացնել, մանրամասն ուսումնասիրել ոլորտը։ «Ինձ իր հետ հանդիպումը շատ էր ոգևորել, գինու գիտակ էր, ամեն ինչ գիտեր գինու մասին, ինձ էլ ասաց՝ երբեք գինին պլաստիկ տարաներում չպահեմ, համ ա տալիս։ Երբեք մի քանի տեսակ չխառնեմ։ Իր խորհուրդներից շատ բան իմացա, հետո ասում էր՝ միշտ գնա բոլոր փառատոներին մասնակցի, դասընթացների գնա, ինչքան շփվես, էդքան շատ բան կքաղես»,-պատմում է Դավիթը։
2020 թվականի պատերազմից հետո նա նոր դաշտ էր գնել, բանջարեղենի տարբեր տեսակներ էր մշակում։ 2023 թվականին 1 հեկտար դաշտում կարտոֆիլ էր ցանել։ Բերքն այնքան առատ էր, որ մոտ 5 տոննա կարողացել է բլոկադայի ընթացքում բաժանել մարդկանց։
«Չենք ասել, թե՝ պահենք մեզ։ Ստեփանակերտ եմ 2 տոննայի չափ ուղարկել, մնացածը գյուղում բաժանել, մանկապարտեզին եմ տվել, ասել եմ՝երեխեք են, որ ուրիշ բան չլինի, գոնե կարտոշկայով յոլա կգնան։ Մինչև վերջին օրն էլ չենք պատկերացրել, որ Արցախից դուրս գալու կարիք կլինի»,-պատմում է նա։
Իր ծնողների՝ Սիլվա և Յուրի Գրիգորյանների, կնոջ՝ Ալինայի և 4 դուստրերի՝ Ինեսայի, Ինգայի, Նարեի, Մանեի հետ Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից Դավիթ Գրիիգորյանը տեղափոխվեց Հայաստան։
Տեղահանվելուց հետո նրանք մեկ ամիս ապրել են Նոր Հաճնում, ապա տեղափոխվել են Վանաձոր։ Դավիթ Գրիգորյանի կինը՝ Ալինա Գրիգորյանը, Նոր Հաճնից է։ 2024 թվականի օգոստոսի սկզբին ընտանիքը Վանաձորից տեղափոխվել է Արմավիրի մարզ, գյուղ , քանի որ Վանաձորում չեն կարողացել աշխատանք գտնել։ Խաղողագործությամբ զբաղվելու համար Վանաձորի կլիման հարմար չէ։
Դավիթի խոսքով, տեղահանումից ամենից շատ երեխաներն են տուժում։ Անընդհատ նոր շրջապատ պետք է գտնեն, նոր ընկերներ։ Պատանեկան տարիքում ընկերների հետ կապը կորցնելը շատ դժվար է։ Հիմա էլ, երբ ստիպված Վանաձորից տեղափոխվել են Արմավիրի մարզ՝ գյուղ Նորավան, երեխաները կրկին կորցնում են նոր ձեռք բերած շրջապատը։
«Բայց ի՞նչ անենք, մենք էլ դժվար թե լավ օր տեսնանք կամ ինչ-որ բանից ուրախանանք, պիտի գոնե էնպես անենք, որ երեխաները լավ ապագա ունենան, ապրեն Հայաստանում, մեր երկրում, ուրիշ տեղ չգնան, չուզենան արտագաղթել»,-ասում է Դավիթը։
Ալինան՝ Դավիթի կինը, հիշում է՝ Արցախից տեղահանվել են 20 հոգով՝մեկ մեքենայով։ Իրենք՝ 4 դուստրերի հետ, սկեսուրը, սկեսրայրը եւ տալոջ ընտանիքը։ Սեպտեմբերի 25-ին Արցախից դուրս են եկել եւ 4 օրում հասել Հայաստան։
Ալինան Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքից է, Հայաստանի քաղաքացիություն ունի։ Այդ պատճառով Դավիթի ընտանիքը չի ստանում արցախցիների բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով տրամադրվող 40 հազար դրամ ամենամսյա աջակցությունը։ Դիմել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն եւ ստացել պատասխան, թե կվերանայեն որոշումը։ 2024-ի հուլիս ամսվա աջակցությունը Ալինայի ընտանիքն արդեն ստացել է։ Նախարարությունից ասել են, թե նախորդող ամիսների գումարն էլ կվճարեն, բայց դեռ չեն ստացել։ Նորից են հետաքրքրվել, այս անգամ ասել են, թե հնարավոր է՝ նախորդ ամիսների չվճարված աջակցությունը չստանան։
Ոչ բոլոր շահառուներն են կարողանում օգտվել աջակցության ծրագրերից
Կառավարության ներկայացրած Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին կեցության և կացության ծախսերը հոգալու կատարմանն օժանդակելու համար սոցիալակն աջակցության ծրագրում նշված է, որ «այն անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չունեն սեփականություն, կամ ունեն բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակվելու համար նախատեսված միայն մեկ անշարժ գույք և այդ բաժնեմասին համապատասխան մակերեսը փոքր է 20 քառակուսի մետրից, կստանան ամսական 50 հազար դրամ աջակցություն․ այլ դեպքերում՝աջակցությունը կտրամադրվի 10 հազար դրամի չափով»։
Այս կետով է Ալինայի ընտանիքը դուրս մնացել սոցիալական աջակցության ծրագրից, քանի որ հայրական տնից Ալինան մասնաբաժին ունի։ Չնայած այն ընդամենը 5 քմ է, ոչ թե 20, Գրիգորյանների ընտանիքը շահառու չի դարձել։
Փաստորեն, նախարարության վրիպակի պատճառով ընտանիքը ամիսներ շարունակ զրկվել է հասանելիք օգնությունից։
«Ասում էին՝ դու հայրական տանը մասնաբաժին ունես, բայց փոքր հանրակացարանային սենյակ է, էնտեղ հազիվ եղբորս ընտանիքն է ապրում, ես էնտեղ մասնաբաժին չունեմ, որ դրա հիման վրա իմ ողջ ընտանիքը զրկվել է օգնությունից, փաստացի չունեմ մասնաբաժին, բայց եթե թղթաբանությամբ Հայաստանի քաղաքացի եմ, ուրեմն վե՞րջ։ Լավ, ասենք ես չեմ կարող դառնալ շահառու, իսկ ամուսի՞նս, երեխանե՞րս, իրենք էլ հո Արցախում են ծնվել։ Օրենքը թերի է, քանի ամիս է մեզ ոչ մի հստակ բան չէին ասում, հետո ասեցին՝ կվերանայենք, մի քանի ամիս էլ էդպես սպասեցինք, վերանայեցին, ստացվեց, որ մի ամսվանը ստացանք, իսկ նախորդ ամիսների աջակցությունից էդպես էլ չկարողացանք օգտվել»,-ասում է նա։
Բնակարանային ապահովման ծրագրի շահառու դառնալու համար ամբողջ ընտանիքը պետք է ստանա Հայաստանի Հանրապետության քաղաքացինություն։ Քանի որ ընտանիքում 3 և ավելի երեխա կա, նրանք կարող են ծրագրի շահառու դառնալ առաջին փուլով, սակայն այստեղ էլ Գրիգորյանները խնդրի առաջ են կանգնած։ Դավիթի հոր ծննդյան վկայականը կորցրել են, արխիվում էլ այն չկա։ Ալինան ասում է, որ փորձել են հարազատների՝ սկեսրայրի եղբոր, ընտանիքի մյուս անդամների ծննդյան վկայականներով նույնականացում անել, բայց չի ստացվել։
«Արխիվում չի երևում, ոչ մի համակարգում պահպանված չէ, ԶԱԳՍ֊ում չկա, չգիտեմ, դա էլ մի ուրիշ խնդիր է, այսինքն՝ Արցախից եկած յուրաքանչյուր մարդու ընտանիքում մի խնդիր պարտադիր կա, որ կապված է թղթաբանության հետ, չի լինի էնպիսի ընտանիք, որը որևէ փաստաթղթի խնդիր չունենա։ Հերիք չի էսքան կոտրված ենք, նեղված, ընկճված, դրան գումարած՝ ստիպված ենք նաև մտածել` ինչ անել, ոնց գտնել էդ անհրաժեշտ թղթերը, ոնց կազմակերպել, որ կարողանանք օգնություն ստանալ»,-ասում է Ալինա Գրիգորյանը։
Ոչ մի պետական կառույց չունի հստակ վիճակագրություն Արցախից բռնի տեղահանվածների վերաբերյալ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Արցախից բռնի տեղահանված և Հայաստանի տարբեր մարզերում բնակվող արցախցիների մասին վիճակագրություն չի վարում։ «Հետքը» Հայաստանի մարզերում բնակվող Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների վերաբերյալ հարցումներ էր ուղարկել մարզպետարաններ։ Ցանկանում էինք տեղեկանալ, թե որ մարզերում են ամենաշատ թվով տեղահանվածները, ինչո՞վ են զբաղվում, գտե՞լ են աշխատանք, թե ոչ, նրանցից քանիսն ունի հաշմանդամության կարգ։ Որոշ մարզերից մեզ հայտնել են, որ չունեն տվյալներ։ Քանի որ պատասխաններն ամբողջական չեն և գուցե ժամանակի ընթացքում փոփոխված լինեն, այն չենք հրապարակում։
Մարզպետանները մեր ոչ բոլոր հարցերին են պատասխանել։ Օրինակ՝ որոշ մարզպետարաններում չեն ունեցել տվյալներ, թե հաշմանդամություն ունեցող քանի տեղահանված արցախցի կա, քանիսն են աշխատանք գտել։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Հետքին» հայտնել են, որ իրենց գործառույթը աջակցության ծրագրերի կազմակերպումն է։ Բոլոր շահառուները օնլայն համակարգի միջոցով դիմում են ու ստանում հասանելիք աջակցությունը։
Արցախցիների առաջնային խնդիրները աշխատանքիև բնակարանային ապահովումն է
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նշում է՝ տեղահանումից մեկ տարի անց արցախցիներն ունեն բազում խնդիրներ։ Նա դրանցից հատկապես երկուսն է ընդգծում. ։
«Առաջինը բնակարանային հարցն է, երկրորդը՝ աշխատանքի հարցը։ Տենդենցը արտագաղթելու, հիմնականում, նաեւ պատճառաբանվում է դրանով։ Երբ մարդուն հարցնում ես, թե ինչի՞ համար է նախընտրում գնալ Ռուսաստանի հարավում ապրել, քան թե Հայաստանում, կարծես թե կլիման նույնն է եւ այլն, եւ այլն։ Պատասխանը միանշանակ է, որ տները այնտեղ երկու-երեք անգամ ավելի էժան են վարձակալության համար, եւ աշխատանք կա տարբեր ոլորտներում։ Այս երկու հիմնական հանգամանքներն են, որոնք մարդկանց որոշումների վրա ազդեցություն են ունենում»,-նշում է Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով, բնակարանային վարձերի փոխհատուցման 40+10 ծրագիրը քիչ թե շատ աջակցություն է արցախցիներին,, բայց շատերը տարբեր պատճառներով զրկվել են նաև այս օժանդակությունից։ Հաճախ՝ նախարարության թերացման, արխիվային տվյալների անճշտության պատճառով։
«Մեր տեղեկությամբ, 2025 թվականից ծրագիրը գործելու է միայն որոշ սոցիալական խմբերի համար, կատաստրոֆիկ վիճակ է ստեղծվելու, միանշանակ եմ ասում, որովհետեւ եթե կա բնակարանային հարց, որը հասցեագրված չէ հավուր պատշաճի, եւ դու ուղղակի զրկում ես մարդկանց էդ փոքր աջակցությունից, որ տրամադրում ես՝ կանգնեցնելով նոր աղետի առաջ, մանավանդ, երբ ձմեռվա ամիսների մասին է խոսքը, անգամ սեզոնային աշխատանքները չեն լինելու։ Նրանք, ովքեր հիմա գոնե ինչ-որ սեզոնային աշխատանքներով եկամուտ են կարողանում ապահովել, ձմռանը էդ հնարավորություններն էլ չեն ունենալու»,- ասում է Գեղամ Ստեփանյանը։
Բնակարանային ծրագրի մասին խոսելիս նշում է՝ բազմիցս են խնդրել, հորդորել, պահանջել, որ այն վերանայվի, փոփոխվի, վստահ է ՝ անարդյունավետ ծրագիր է լինելու, քանի որ չի համապատասխանում մարդկանց կարիքներին։ Մարդիկ ուղղակի չեն դիմելու։
Արցախցիներին բնակարաններով ապահովելու ծրագիրը գործարկվել է 2024 թվականի հուլիսի 15-ին, գործարկումից 3 ամիս անց, նրա խոսքով, ընդամենը 30 ընտանիք է դիմել։ Այն դեպքում, երբ բռնի տեղահանված ընտանիքների թիվը 30-35 000 է։
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով, իրեն ամենից շատ դիմում են աշխատանք գտնելու խնդրանքներով։ Ակադեմիական աստիճան ունեցող դասախոսները ստիպված խանութում վաճառողուհի են աշխատում, տղամարդիկ՝ շինարարություններում բանվորներ, տաքսի ծառայություններում՝ վարորդներ, որ կարողանան հոգալ իրենց ընտանիքի ծախսերը։
Գեղամ Ստեփանյանը ոչ բավարար է գնահատում նաև միջազգային հանրության աջակցությունը։ Հումանիտար աջակցությունը, նրա խոսքով, տևեց մի քանի ամիս, այնինչ Հայաստանի կառավարությունը կարող էր դիմել միջազգային մարդասիրական կառույցներին բռնի տեղահանվածներին երկարատև հումանիտար աջակցությամբ ապահովելու համար։
Ասում է՝ բազմիցս առաջարկել են Կառավարությանը դոնորների կոնֆերանս կազմակերպել, բայց դա անիրատեսական է համարվել։ Ստեփանյանի համոզմամբ, Հայաստանը չունի այդ ռեսուրսները, որ հավուր պատշաճի օգնություն տրամադրի, աջակցի արցախցիներին, պետք է միջազգային կազմակերպություններից խնդրել, բայց միջոցներ չեն ձեռնարկում։
Կառավարության մշակած ծրագրերը հստակ չեն, ունեն թերություններ
Խոսելով կեցության և այլ ծախսերը հոգալու համար 40+10 դրամական աջակցության ծրագրի մասին՝ Ստեփանյանը նշեց, որ 100-ից ավելի դիմումներ է ստացել, որ բռնի տեղահանված արցախցիները չեն կարողանում ծրագրի շահառու դառնալ ընտանիքի մեկ անդամի՝ Հայաստանի քաղաքացիություն ունենալու պատճառով։ Ընդ որում, որոշ դեպքերում, երբ ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, երեխաների մի մասին համարում են փախստական, մի մասին՝ ՀՀ քաղաքացի։
«Օրենքը թերի է։ Երկարատև պայքարի արդյունքում կարողացանք հասնել նրան, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող բռնի տեղահանվածները 20 քառակուսի մետրից պակաս մասնաբաժին ունենալու դեպքում կարողանան օգտվել աջակցության ծրագրերից։ Ես ուղղակի մի օր իմ մոտ առկա 100 դիմումները դրեցի ծրարների մեջ և փոխանցեցի դեսպանատներ։ Ցավոք, օրենքի մեջ կատարված փոփոխությունից հետո էլ մեր հայրենակիցները չեն ստանում մի քանի ամիսների համար նախատեսված աջակցությունը, այնինչ պետությունը պետք է որևէ ձևով փոխհատուցի մարդկանց»,-ասում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։
Ստեփանյանը նշում է ՝արցախցիների շրջանում արտագաղթի ցուցանիշներն աճել են։ Մարդիկ տեղափոխվում են արտերկիր, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ապա կանչում իրենց հարազատներին, բարեկամներին, քանի որ այստեղ հավուր պատշաճի օգնություն չեն ստանում, ապրելու համար բավարար վարձատրությամբ աշխատանք չեն գտնում։
«Մանր բիզնեսով զբաղվող արցախցի գործարարներին ևս աջակցություն չտրամադրեցին իրենց բիզնեսն այստեղ սկսելու, զարգացնելու համար։ Ասում են՝ իսկ Հայաստանում այդ աշխատավարձով ո՞նց են ապրում։ Չեն պատկերացնում, որ Հայաստանում ապրողը հիմնականում իր տանն է ապրում, տարիների ընթացքում ստեղծել է ապրելու քիչ թե շատ բարվոք պայմաններ, բայց տեղահանվածը այստեղ ոչինչ չունի, պետք է վարձ տա, ընտանիք պահի»,-ասում է նա։
Արցախի ՄԻՊ-ը շեշտում է նաև, որ բազմիցս դիմել են Կառավարությանը՝ խնդրանքով, որ մարդկանց կուտակած կենսաթոշակային ֆոնդի գումարը ոչ թե տեղափոխեն Հայաստանի կենսաթոշակային ֆոնդ, այլ փոխանցեն իրենց, բայց առաջարկը չի ընդունվել։ «Այդ մարդիկ իրենց կյանքում ամենածանր պահերն են հիմա ապրում, եւ էդ գումարը կարող է ինչ-որ մարդկանց օգնել վատ իրավիճակից դուրս գալու կամ որոշակի կայունություն ձեռք բերելու, եւ ճիշտը այն է, որ կուտակված գումարները վերադարձնեն մարդկանց։ Արցախի Ազգային ժողովը օրենքը ընդունեց, որ հնարավորություն է տալիս էդպես անել։ Դրանից հետո Հայաստանի Ազգային ժողովը օրենք է ընդունում եւ առանց մարդկանց կարծիքը, կամքը հաշվի առնելու որոշում է, որ էդ գումարները Արցախի կուտակային համակարգից պետք է տեղափոխվեն Հայաստանի կուտակային համակարգ, այ սա է վերաբերմունքը»,-ասում է Ստեփանյանը։
Արցախցիների վերաբերյալ որոշումներ կայացնելիս Հայաստանի կառավարությունը, Ստեփանյանի պնդմամբ, հաշվի չի առնում Արցախի կառավարության ներկայացուցիչների կամ իրավապաշտպան կազմակերպությունների առաջարկները։ Քաղհասարակության առաջարկներն ուղղակի մնում են որպես առաջարկներ։ Հայաստանի Կառավարությունը կարիքների գնահատում անելիս երբևէ հաշվի չի առել Արցախի ներկայացուցիչների կարծիքը, ավելին՝ երբ առաջարկել են մասնակցել, պատասխանել են, որ դրա կարիքը չկա։
Արցախի ՄԻՊ-ը նշում է, Կառավարության մշակած ծրագրերը թերի են ու հաշվի չեն առնում տեղահանվածների կարիքներն ու խնդիրները։
Մեկնաբանել