HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանի ԱԽ քարտուղարը մեկնել է Ռուսաստան. կքննարկվեն տարածաշրջանային հարցեր

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն այսօր մեկնել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաք՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը։ Այդ մասին հայտնում է իրանական պետական IRNA գործակալությունը։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-12-ը։

Իրանական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ իրանցի այս բարձրաստիճան պաշտոնյան Ռուսաստանում կքննարկի տարածաշրջանային ամենակարևոր զարգացումները։ Ենթադրվում է, որ քննարկման հիմնական թեմաներից մեկը կլինի Մերձավոր Արևելքում առկա լարված իրավիճակը և իսրայել-պաղեստինյան հակամարտությունը։ Հաղորդագրության մեջ նաև ասված է, որ ռուսական կողմի հետ կքննարկվեն նաև քաղաքական, անվտանգային և տնտեսական հարցեր։

Այդուհանդերձ, ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրանական որոշ աղբյուրների, նշում են, որ Իրանի ԱԽ քարտուղարը մտադիր է ռուսական կողմի հետ քննարկել նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, հատկապես այն ֆոնին, երբ Թեհրանը հրապարակային քննադատում է Մոսկվային այս հարցի շուրջ ունեցած դիրքորոշման համար։

Հիշեցնենք, որ հենց նախօրեին Իրանը դարձյալ բարձրաձայնել էր Հարավային Կովկասում սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին։ Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասիր Քանանին նշել էր, որ «միջանցքի վերաբերյալ հրապարակվող նորությունների և վերլուծությունների հիմքում ընկած է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս Ադրբեջան կատարած այցը, ինչպես նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները»:

«Իրանը շարունակելու է աջակցել տնտեսական հարաբերություններում խոչընդոտների վերացմանը՝ տարածաշրջանում անկախության և տարածքային ամբողջականության հարգման շրջանակներում ու նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը: Դա են ուզում տարածաշրջանի բոլոր երկրները։ Ոմանք ցանկանում են Կովկասը վերածել անկայունության տարածաշրջանի։ Նրանք ամեն գնով ձգտում են անկայունության հասնել այդ տարածաշրջանում։ Մենք վճռականորեն անհամաձայնություն ենք հայտնում տարածաշրջանում սահմանների փոփոխության փորձի հետ»,- հայտարարել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ 

Լուսակարը՝ IRNA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter