
Ռուսաստանը հավատարիմ է «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Իրանի հետ նախորդ պայմանավորվածություններին. Շոյգու
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մոսկվան հավատարիմ է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Իրանի հետ նախորդ պայմանավորվածություններին։ Այդ մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Շոյգուն այս հայտարարությունն արել է Իրանի ազգային անվտանգության բարձր խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպման ժամանակ: «Ռուսաստանը հավատարիմ է Թեհրանի հետ Զանգեզուրի վերաբերյալ նախկին պայմանավորվածություններին, և Մոսկվայի քաղաքականությունն այս առումով ամենևին չի փոխվել»,- նշել է Շոյգուն:
Զրույցի ընթացքում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև հայտարարել է, որ Մոսկվան պաշտպանում է Թեհրանի ինքնիշխանությունը՝ Պարսից ծոցում գտնվող երեք կղզիների հարցում:
Վերջին շրջանում Թեհրանից անընդհատ քննադատում են Մոսկվային՝ «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ ոչ միանշանակ հայտարարությունների համար։ «Զանգեզուրի միջանցք»-ը ադրբեջանական ծրագիր է, որը, ըստ Բաքվի, Ադրբեջանի արևմտյան շրջանները անխոչընդոտ, այսինքն առանց ՀՀ վերահսկողության, Սյունիքի մարզի տարածքով պետք է կապի Նախիջևանի հետ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շաբաթներ առաջ Բաքվում էր հայտարարել, որ Երևանն է սաբոտաժի ենթարկում այս ծրագրի իրագործումը։ Այս հայտարարությունը խստորեն քննադատվել էր Երևանի ու Թեհրանի կողմից։
Երկու օր առաջ Իրանը դարձյալ բարձրաձայնել էր Հարավային Կովկասում սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին։ Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասիր Քանանին նշել էր, որ «միջանցքի վերաբերյալ հրապարակվող նորությունների և վերլուծությունների հիմքում ընկած է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս Ադրբեջան կատարած այցը, ինչպես նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները»:
«Իրանը շարունակելու է աջակցել տնտեսական հարաբերություններում խոչընդոտների վերացմանը՝ տարածաշրջանում անկախության և տարածքային ամբողջականության հարգման շրջանակներում ու նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը: Դա են ուզում տարածաշրջանի բոլոր երկրները։ Ոմանք ցանկանում են Կովկասը վերածել անկայունության տարածաշրջանի։ Նրանք ամեն գնով ձգտում են անկայունության հասնել այդ տարածաշրջանում։ Մենք վճռականորեն անհամաձայնություն ենք հայտնում տարածաշրջանում սահմանների փոփոխության փորձի հետ»,- հայտարարել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Լուսանկարը՝ արխիվային/Կրեմլի մամուլի ծառայություն
Մեկնաբանել