
«Ես դժոխքը տեսել եմ»,- ասում է սեպտեմբերի 25-ի պայթյունից տուժած զինծառայողը
Ուշադրություն. լուսանկարներում երեւում են այրված վերջույթներ
«Էդ օրը ոնց որ սատանան հետեւիցս էր ընկել»,- Երեւանում վարձակալած բնակարանում այսպես է հիշում սեպտեմբերի 25-ը պայմանագրային զինծառայող Արայիկ Բաբայանը: Այդ օրը բենզին վերցնելու համար երկու անգամ քաղաքից ճանապարհվել էր «Հայկազովի» զորամաս, բայց երկու անգամ էլ կես ճանապարհից հետ էր դարձել: Ասում է՝ չգիտի, թե ինչու: Իսկ երրորդ անգամ ընտանիքն արդեն մեքենայում էր, ու պատրաստվում էին Երեւան գալ: «Հարեւանը եկավ, թե «Հայկազովում» բենզին են տալիս: Եթե 30 վայրկյան ուշանար, չէի գնա»,- ասում է Արայիկը: Նրա մարմնի մոտ 65 տոկոսը այրվել է վառելիքի պահեստի պայթյունի ժամանակ:
Ավանում ենք՝ Արայիկի վարձակալած բնակարանում: Երկու երեխաներից փոքրը՝ 1,5 տարեկան Արեգը, քնել է, իսկ ավագը՝ 4-ամյա Նատալին, մանկապարտեզում է: Արայիկի ծնողներն ավելի ուշ եկան տուն՝ միանալով մեր զրույցին: Կինը՝ Վարսիկը, մեր զրույցի ընթացքում սուրճի սեղան է դնում:
Երեւան-Ստեփանակերտ ճանապարհը 42-ամյա Արայիկ Բաբայանն անգիր գիտի: Պարտադիր զինծառայությունն ավարտելուց հետո որպես վարորդ պայմանագրային ծառայության էր անցել Արցախի ՊԲ շտաբում: Անընդհատ սահմաններին էր լինում: 2008 թ. ծառայությունից դուրս էր եկել ու սկսել Ստեփանակերտ-Երեւան տաքսի քշել: Մինչեւ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը Արայիկն այդ գործին էր:
Շրջափակումից որոշ ժամանակ անց առանց աշխատանքի էր մնացել: 2023 թ. սեպտեմբերի 19-ի պատերազմից 1,5 ամիս առաջ նորից պայմանագրային զինծառայության էր անցել Արցախի ՊԲ-ում: Հրետանավոր էր:
Սեպտեմբերի 17-ին դիրքեր էր բարձրացել: «Ահավոր պատերազմ էր։ Առավոտվանից սկսվեց: Մի անգամ ասացին՝ զինադադար է, եթե չեմ սխալվում, ժամը 12-ին պիտի զինադադար անեին, վերջին սնարյադը խփեցինք, տեսանք իրենք էլի կրակում էին: Ամսի 20-ի ժամը 5-ին հրաման տվեցին, որ զինադադար է լինելու։ Ասացին՝ պուշկայի ստվոլները կբարձրացնեք վերեւ, կանգնեք։ Դե դա որ բարձրացնում ես վերեւ, արդեն հանձնվում ես, ոնց որ ձեռքերդ բարձրացնես»,- ասում է նախկին զինծառայողը:
4 օր մնացել էին շրջափակման մեջ Մարտունու շրջանում: Ննգի գյուղի բնակիչներն են օգնել ոչ միայն սննդով, այլեւ քաղաքացիական հագուստով: Զինվորականների մեծ մասը, Արայիկի պատմելով, զինվորական համազգեստները փոխել են քաղաքացիական հագուստով: Սեպտեմբերի 24-ին ռուս զինվորականների միջոցով շրջափակումից դուրս են եկել, զորամաս գնացել: «Ռուսները զենքերը վերցրել են մեր ձեռքից։ Հանձնել ենք մեր «բարեկամ» ռուսներին․․․»,- ավելացնում է նա:
Նույն օրը տուն էր գնացել, երեխաներին սիրել, հետո բենզինի տարաները վերցրել ու դուրս եկել: Լսել էր, որ ավտոկայանում բենզին են տալիս: Հիշում է, որ Ստեփանակերտում արդեն խառը վիճակ էր: Երբ հասել էր ավտոկայան, ասել էին, թե բենզին չկա: Դատարկ տուն էր վերադարձել: Վարսիկն ասում է՝ սեպտեմբերի 24-ին արդեն հավաքել էին իրերը, որ դուրս գային:
Մեքենայի բաքում բենզին կար, բայց դա չէր բավականացնի բռնագաղթի երկար ու անկանխատեսելի ճանապարհի համար: 5-6 լիտր բենզին էր պետք գտնել, որպեսզի դուրս գային Ստեփանակերտից:
Սեպտեմբերի 25-ի առավոտյան ժամը 6-ին Արայիկը գնացել էր քաղաքի զորամասերից մեկը՝ բենզին գտնելու: Բայց այդտեղից էլ էր դատարկ հետ եկել:
«Էդ օրն ինձ ասեցին, որ «Հայկազովում» բենզին են տալիս։ Առավոտը հեծանիվով գնացի, բայց սիրտս զգում էր, ճանապարհի կեսից հետ դառա, ասեցի՝ չեմ ուզում։ Չգիտեմ, ոնց որ մի բան ասեր՝ մի գնա»,- պատմում է նա: «Հայկազով» հասնելու փորձ մի անգամ էր արել, բայց նորից հետ էր դարձել ճանապարհից:
Զուգահեռաբար հայրը՝ Վլադիմիր Բաբայանն էր բենզինի համար հերթերում, բայց նրան էլ չէր հաջողվել վառելիք գտնել: Ժամը 13-ին քրոջ ամուսինը բենզին էր բերել Արայիկենց համար: Պատրաստվում էին դուրս գալ:
Տարիների ամբողջ աշխատածն Արայիկը ներդրել էր Ստեփանակերտի տանը: Տունը 4 հարկից էր ու տպավորիչ թե՛ ներսից, թե՛ դրսից: Լուսանկարներն ենք նայում: Արայիկը ցույց է տալիս տան բակում կանգնած կապույտ «ՌԱՖ»-ը: «Մտածում էի՝ տնից գոնե մի բան հանեինք էդ ավտոյով: Դրա համար ընկած բենզին էինք ման գալիս։ Ոնց որ սատանան հետեւիցս ընկած էր։ Ձգձգեցի, ձգձգեցի, դարձավ ժամը 4-ը։ Քույրս ասում էր՝ արի դուրս գանք, արի դուրս գանք, ես էլ մտածում էի՝ բենզին բերեինք, էդքան տունտեղ, ունեցվածք ունեինք, գոնե մի բան հանեինք էրեխեքի համար»,- հիշում է մեր զրուցակիցը:
Քանի որ բենզին չէին կարողացել գտնել, «Օպել» մեքենայով արդեն պետք է շարժվեին դեպի Երեւան: Ընտանիքը մեքենայում էր, շարժիչը՝ միացված: «Մի շառ հարեւան ունեի, եկավ, մենք արդեն մեքենայի մեջ ենք, պիտի շարժվեինք։ Ասեց՝ «Հայկազովում» բենզին են տալիս։ Եթե 30 վայրկյան ուշ գար, էդտեղ չէի գնա»,- նշում է նա:
Հարեւանի մեքենայից մարդ էր իջել, որ Արայիկը կարողանա նստել: Հասել էին «Հայկազով»: Ասում է՝ հարյուրներով մարդ կար այդտեղ: «Չանի կողքերով ման էի գալիս, որ վեդրո գտնեմ, բենզինը կարողանամ հանել։ Որ տրաքեց, միանգամից ընկա փոսը։ Մի ձայն լսեցի, գլուխս որ բարձրացրի, տեսա կրակ ա վառում, ես էլ՝ փոսի մեջ։ Էդքան բան։ Էդ ընթացքում հեռախոսս ջեբիցս հանել եմ, որ Վարսիկին զանգեմ ու հաջող ասեմ»,- հիշում է նա:
Կինը, հայրն ու մայրն ուշադիր լսում են Արայիկին: Նա դադարներով է պատմում: Ասում է՝ կնոջն այդպես էլ չհասցրեց զանգել, աչքին աղջիկը՝ Նատալին էր երեւացել, եւ ձեռքը մեկնել էր հորը, որ օգնի: Չի հիշում՝ ինչ գերբնական ուժով է կարողացել դուրս գալ, բայց ասում է՝ Նատալին էր իրեն օգնել: Երբ դուրս էր եկել, իր ուժերով մեքենա էր գտել ու հասել հիվանդանոց:
Վարսիկն ամուսնուն դեպքի հաջորդ օրն է տեսել: «Արեւիկ» մանկական հիվանդանոցում էր: Այդ ժամանակ, ասում է, մարմինն այս աստիճանի չէր այրվել, բայց կրակը, կարծես, նրա ներսում էր ու եփում էր ներսից:
Սեպտեմբերի 26-ին Արայիկին ուղղաթիռով տեղափոխել են նախ Սիսիան, հետո Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Ասում է՝ ամենածանր հիվանդներն իրենց սենյակում էին: Այդ տղաներից մեկը մահացավ: Հոկտեմբերի 12-ին Արայիկին տեղափոխել են Իսպանիա՝ Մադրիդի «Լա Պաս» հիվանդանոց:
Ասում է՝ ինքը չէր ընտրել Իսպանիայում բուժվելու տարբերակը: Երբ գտնվում էր «Արմենիայում», Իսրայելից բժիշկներ կային, կարծում է՝ գուցե նրանք են խորհուրդ տվել, որ իրեն տեղափոխեն Իսպանիա: «Երեւի էստեղ չկարողանային բուժել, որոշեցին հանել»,- ավելացնում է նա:
Արայիկին Մադրիդ են տարել առանց խնամակալի: Այդ պատճառով չէր համաձայնում մեկնել, քանի որ չէր պատկերացնում, թե առանց խնամակալի ինչպես է մնալու: Ասում է՝ միայն ինքն էր, որ առանց խնամակալի գնաց:
Սկզբից նրանց ասել էին, որ Արայիկի հայրը եւս կարող է գնալ, հետո ասել են, թե չի կարող: «Ինձ խաբեցին: Իրիկունը զանգեցին, թե քո հաշվին պիտի գնաս՝ տոմսը դու պիտի առնես»,- ասում է հայրը՝ Վլադիմիր Բաբայանը:
«Կյանքս փրկեցին էնտեղ։ 12 թե 14 վիրահատություն են արել 50 օրում։ Մաշկ էին փոխում, արյունս են փոխել»,- նշում է Արայիկը:
Իսպանիայում նրան օգնում էր արցախցի մի տղա՝ Արմեն անունով, ում հետ նույնիսկ ծանոթներ չեն եղել: Այդ տղան Մադրիդից էր: Լսել էր, որ իրենց քաղաք արցախցի հիվանդներ են բերել, գնացել գտել էր: Ընտանիքն ասում է՝ շատ գոհ են Արմենից:
Իսպանիայում Արայիկին բուժած բժիշկների հետ հիմա կապ չկա: Նա դեռ 2-3 վիրահատություն ունի, որ պետք է անեն Հայաստանում: Ցավերն ամենօրյա են:
«Իսպանիա ճանապարհելուց պատկերացնում էի, որ ավելի լավ վիճակում է գալու։ Միշտ մտածել եմ՝ նույն Արայիկը գալու ա։ Ոչ մեկս չենք պատկերացրել, որ էսքան երկար պիտի լինի վերականգնումը։ Հետո շեշտում էին՝ մի տարի պիտի լինի վերականգնումը․․․»,- ասում է Վարսիկը: Նա է համոզել ամուսնուն, որ չհրաժարվի Իսպանիայում բուժվելուց: Ավելացնում է, որ գուցե ավելի շուտ գնար Իսպանա, մատներն էլ չէին կտրի:
«Հիսուս Քրիստոս, էս արդեն դժոխքու՞մ ենք»
Սեպտեմբերի 25-ին Արայիկ Բաբայանի մայրը՝ Օֆելյա Բաբայանը, դստեր ընտանիքի հետ արդեն դուրս էր եկել Ստեփանակերտից: Քաղաքից շատ չէին հեռացել, երբ պայթյունի ձայն էին լսել: Փեսան սկզբից մտածել էր, թե որոտի ձայն է, բայց հետո զանգ էին ստացել: Նորից հետ էին գնացել Ստեփանակերտ: Տիկին Օֆելյան սկզբից մտածել էր, թե որդին էլ է զոհվել, հետո բարեկամներից մեկը զանգահարել էր եւ ասել, որ Արայիկը ողջ է, գտնվում է մանկական հիվանդանոցում:
«Թշնամուս էլ չեմ ցանկանա էդ վիճակը։ Մահճակալներին տեղ չկար, գետնին սաղ այրված մարդիկ էին: Նայում էիր ու չէիր ճանաչում: Չէի ջոկում, թե որտեղ է Արայիկը: Կանչում էի՝ Արայիկ Բաբայան, տեգորս տղան մեկ էլ ասեց՝ Օֆիկ տոտա, արի: Արայիկը պալատում էր: Էդ ժամանակ խոսում էր, ասեց՝ մամ, բան չկա: Իրիկունը մնացի էնտեղ: Էդ օրը մի մարդ ու կնիկ բերեցին՝ լրիվ այրված: Կնիկն արդեն հոգու վրա էր, ամուսինն էլ՝ ծանր: Երկուսն էլ մահացան»,- հիշում է տիկին Օֆելյան:
Պայթյունի հաջորդ օրը Արայիկի դեմքն ամբողջությամբ այտուցվել էր, չէր տեսնում: Մահացած ամուսինների հարազատները պալատում էին ու սկսել էին լացել: Արայիկը ձայները լսում էր, բայց չգիտեր, թե ինչ է կատարվում:
-Պատկերացնո՞ւմ ես՝ ասում էի՝ տեր Հիսուս Քրիստոս, էս արդեն դժոխքու՞մ ենք,- ասում է Օֆելյա Բաբայանը:
-Ես դժոխքը տեսել եմ,- շարունակում է որդին:
«Իմ աչքի առաջ մարդիկ հալվում էին»
Արայիկի հայրը՝ Վլադիմիր Բաբայանը, զրույցի ընթացքում գրեթե լուռ է, հետո, երբ պատմում է իր պատմությունը, հասկանում ենք լռության պատճառը:
Երբ սեպտեմբերի 25-ին Արայիկը գնացել էր «Հայկազով», հորը խնդրել էր, որ նա էլ բենզինի տարա վերցնի ու իրեն միանա վառելիքի պահեստում:
Հայրը պատմում է, որ երբ տեղ էր հասել, երկինքն սկսել էր որոտալ, անձրեւ էր գալիս: Հետո հանկարծ պայթյուն եղավ պահեստի մեջ: «Ձեռիս կանիստրը գցեցի ու վազեցի: Կմախքներ... Մարդիկ ընկած էին, գոռում էին՝ օգնեցե՜ք: Ալավի կողքով երկու ժամ վազում էի, Արայիկ էի կանչում, բայց չկար,- հիշում է հայրն ու շարունակում,- մտածեցի՝ Արայիկն էլ ա էն պադվալում՝ փոսի մեջ վառվում ա։ Ուզում էի դեպի էդ փոսը գնամ, ալավը ուժեղ էր, չէր թողնում մոտենալ։ Մի պատ կար, տեսա, որ մեկը պատից կախված էր, թե օգնի։ Քաշում եմ հանում, մեջքիս դնում... Էդքանը ես եմ տեսել, թե մարդիկ ոնց էին հալվում իմ աչքի առաջ»:
Մթնում էր: Երկար փնտրելուց ու որդուն չգտնելուց Վլադիմիր Բաբայանը հուսահատվել էր: Որոշել էր հիվանդանոց գնալ, այնտեղ փնտրել կամ գոնե լուր իմանալ որդուց: Հետո ծանոթներից մեկը նրան հայտնել էր Արայիկի գտնվելու վայրը: Երբ հիվանդանոց էր մտել, մարդկանց դեմքերն անճանաչելի էին:
Այս դրվագից հետո աչքերը լցվում են, ձայնը խզվում ու դադար է տալիս: Մենք եւս լռում ենք: Քիչ անց շարունակում է. «Ինձ կներիք: Մարդ կա, հանց խոսում ա, ասում ա՝ կուզե՞ս վիդեոն ցույց տամ, ասում եմ՝ իմ աչքով եմ տեսել, ի՞նչ վիդեո նայեմ»։
Պայթյունի նախորդ օրը Վլադիմիր Բաբայանը գնացել էր «Հայկազով»՝ բենզին վերցնելու: Չէին տվել՝ ասելով, որ բանակի բենզինն է: «Եթե քու բանակն արդեն չկար, էդ բենզինն ու՞մ համար էիր պահում, եթե դու քո զենքը տափին էիր դրել»,-հարցնում է մեր զրուցակիցը:
Սեղանին դրված սուրճն արդեն սառել է մեր շիկացած զրույցի ընթացքում: Կեսօր է: Արայիկին հակացուցված է արեւի տակ դուրս գալ: Երբ օրը մթնի, նա կանցնի աշխատանքի՝ մտքերից փախչելու եւ ընտանիքի հոգսը մի քիչ թեթեւացնելու համար: Ասում է՝ Երեւանի փողոցներն անգիր գիտի, այդքան տարի Ստեփանակերտից ուղեւոր է տարել-բերել Երեւան: «Գնում եմ աշխատեմ, որ չմտածեմ, ցրվեմ: Հետո գալիս եմ քնում»,- ասում է նա:
«Իսպանիայից գալուց վիճակը շատ վատ էր: Անընդհատ ասում էր՝ չեմ ուզում ապրել»,- հիշում է մայրը:
Հիմա Արայիկի նպատակներն ու ծրագրերը երկու երեխաների հետ են կապվախ: Նրանք են կյանք վերադարձնում հորը:
-Ձգտում եմ, որ չհիշեմ, միտքս զբաղված լինի, բայց դե մարդ ես, ո՞նց չհիշես,- ասում է Արայիկը:
-Ի՞նչ հարցեր եք Ձեզ տալիս:
-Ի՞նձ․․․ չգիտեմ։ Իմ անցած ճանապարհը... Ես իմ կյանքում մաքուր եմ ապրել, չեմ սիրել գողանալ, սուտ ասել: Ինձ միշտ ասում էին՝ ոնց որ կոմսոմոլ լինես, որովհետեւ ասում էի՝ խի՞ ես գողանում, խի՞ ես խաբում․․․ Բայց անընդհատ հարց եմ տալիս՝ էս աշխարհի մեջ ո՞րն ա եղել իմ մեղքը, որ իմ վերջին պատասխանն էս ա»:
Արայիկի հարցերից մեկն էլ այն է, թե ով է պատասխան տալու կատարվածի համար, ովքեր են մեղավորները:
ՀԳ. Որպես երկրորդ խմբի հաշմանդամ Արայիկն ամսական 60 հազար դրամ է ստանում:
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի, առաջին լուսանկարը՝ ընտանեկան արխիվից
Մեկնաբանել