
...նա որ արժանի էր աւելի խանդաւէտ միջավայրի մէջ ապրիլ եւ փառաշուք ապարանի մէջ մեռնիլ. Հակոբ Պարոնյան (մաս 1)
Բայց նրան վիճակվեց ճակատագիրն այն մարդկանց «որ իրենց տաղանդին պահանջած բնավայրէն զուրկ ու ժամանակէն առաջ կը ծնին...: Խեղճ կ'ապրին եւ անյիշատակ կը մեռնին, ստէպ ի շնորհս նախանձու եւ անտարբերութեան որով կենդանի լոյսերն իսկ ողջ-ողջ կը թաղուին»:
1892թ մարտի 15-ին, ի պատասխան Հրանտ Ասատուրի հարցումներին, գրում է Զմյուռնիայի «Արեւելեան մամուլ» գրական-քաղաքական հանդեսի տնօրեն-խմբագիր Մաթեոս Մամուրյանը՝ ավելացնելով՝ «Ուստի Ձեր ձեռնարկը մոռացուած բարեգործ կեանքեր ի լոյս ածելու այնքան գովելի պիտի ըլլայ...»: Ուսուցիչ, քննադատ Հրանտ Ասատուրը, որ դիմաստվերներ գրելու առաքելություն էր ստանձնել, ծրագրում էր ամբողջացնել Հակոբ Պարոնյանի կերպարը: Եվ, տեղեկություններ հավաքելու համար, հարցուփորձ էր անում նրանց, ովքեր առնչվել էին մեծ երգիծաբանի հետ: Ահա մեկը խմբագիր Մամուրյանն էր, մյուսը, որ բավականաչափ տեղեկություն է փոխանցել Ասատուրին, Մաքսուտ Սանտալճյանն է՝ Հակոբ Պարոնյանի քրոջ որդին: Գրականության և արվեստի թանգարանում Հ. Պարոնյանի պահոցում առկա Սանտալճյանի գեղեցիկ, կոկիկ ձեռագրով տետրակի էջերին շարադրած հիշատակարանի շնորհիվ այսօր կարող ենք իմանալ մեծ երգիծաբանի և դժբախտ մարդու կյանքի մանրամասները:
Հետ պտտելով ապրած 48 տարին...
Հակոբի ծննդավայրն Ադրիանապոլիսն էր: Թուրքերն ասում էին Էտիրնե: Դա պատմական Թրակիան էր: Քաղաքի բնակչության մեծ մասը հույներ, բուլղարներ եւ հայեր էին: Ընտանիքն այս քաղաք էր գաղթել Ակնից եւ բավական բարեկեցիկ վիճակի մեջ էր: Ընտանիքի առաջին զավակն էր: Բայց երբ էր ծնվել` ստույգ հայտնի չէր, քանի դեռ չէր ստուգվել Ադրիանապոլսի եկեղեցու մարդահամարի տոմարը: Այնտեղ նշված է. «Պապիկ աղայի որդի Յովհաննէս աղայի որդի Յակոբ, 1843թ. Դեկտեմբերի երկուս»: Դեկտեմբերի երկուսը մկրտության օրն էր: Ամենայն հավանականությամբ ծնվել էր նոյեմբերի վերջին և 48 տարի էր տրված ապրելու համար: Հայրը` Հովհաննես աղան, վաճառականությամբ էր զբաղվում եւ քիչ ունեցվածք չուներ, իսկ մայրը` Բեմպե հանումը, Ադրիանապոլսի հարուստ ընտանիքից էր: Ուներ 2 քույր՝ Եղիսաբեթ և Քրիստինե և 3 եղբայր՝ Սահակ, Խաչիկ և Կարապետ, որը 1885-ին մահանում է Հակոբի գրկի մեջ, Բուրգասում: Տեր եւ տիկին Պարոնյանների որդիները նույնպես զբաղվում էին առեւտրով եւ շատ դժգոհ էին, որ իրենց ավագն այդ հեռանկարային գործը փոխարինել էր գրականությամբ: Սակայն, երբ Հակոբը նեղն էր ընկնում, եղբայրները նրան աշխատանք էին տալիս իրենց գրասենյակներում, հիմնականում` հաշվապահական, չնայած որ դեռ Ադրիանապոլսի Հայոց վարժարանում ուսանած շրջանին «թուաբանութեան մէջ տկար էր»: Անգամ ֆալախանի հարվածներ է կերել իր «հակաթվաբանական» վարքի համար: Պատմությունը սա է. մի օր ուսուցիչը հանձնարարում է լուծել «...կոտորակի խրթին խնդիր մը, զոր Պարոնեան չի յաջողիր լուծել...»: Օգտվելով հարմար առիթից, երբ ուսուցիչը զբաղված էր կողմնակի գործով, գրատախտակի վրա գրում է իր բողոքը՝ «Հրաժարիմք ի դիւաբանութենէ եւ յամենայն չար կոտորակաց նորա»: Հենց այս «ապստամբության» համար էլ հանդուգն աշակերտը պատժվում է: Բայց չկա չարիք առանց բարիքի: «...Ետքը, գործի աշխարհին մէջ, սրամիտ երգիծաբանը մեծ բարեկամ մը կդառնայ թուանշաններու..»: Անգամ կյանքի վերջին շրջանում Պոլսի Կեդրոնական վարժարանում դասավանդում է հաշվապահություն: Հրաչյա Աճառյանը, որ այդ ժամանակ Պարոնյանի աշակերտն էր, հիշում է՝ «Թուանշանները գրելիս գրիչը ոչ թէ վերեւից ներքեւ էր իջեցնում, այլ ներքեւից վերեւ էր բարձրացնում»:
Բալասան գտնելու հույսով
Թե ինչու որոշեց դեղագործ դառնալ, ինքն էլ չգիտեր: Համենայն դեպս, տասնհինգ տարեկանում մեծ ոգեւորությամբ սկսեց ուսումնասիրել մարդուն: Դեռ որ նրա կմախքը, կազմությունը, օրգանները եւ այլն: Սա առաջին քայլն էր իր տեսակին ճանաչելու եւ, ամենակարեւորը, նրան օգնել կարողանալու և բալասան պատրաստելու գաղտնիքները սովորելու ճանապարհին: Մասնագիտական գրքեր կարդալու համար սկսեց կատարելագործել ֆրանսերենը եւ հունարենը: Բայց շուտով հասկացավ, որ թեեւ ուզում է օգնած եւ պիտանի լինել իր տեսակին, որ մարդ է կոչվում, բայց ոչ դեղագործ լինելու միջոցով: Եվ փոխեց օգնության մեթոդը՝ դեղի սրվակների փոխարեն առաջարկելով մամուլի հոդվածներ եւ հատորներ, որտեղ ճշմարտապես նկարագրված են մարդկային եւ հասարակական հիվանդությունների ախտանիշերը: Դարման տալու համար այլևս կարիք չկար ո’չ որևէ բժշկական սարքի, ո’չ էլ արյան ու մեզի լաբորատոր քննության պատասխանների: Պետք էր միայն ապրել մարդկանց մեջ եւ չձեւացնել, թե ինչ-որ բան չի նկատում: Այդպես էլ ապրեց: Եւ մարդկային հասարակությունը, որին այդպես ուզում էր օգնած լինել, իրենից տարավ հյութերը, առողջությունը: Հասարակությունը չառողջացավ, բայց կարողացավ հիվանդացնել Պարոնյանին:
Կոստանդնուպոլիս, 1863, զարթոնք
Մի խոսքով, դեղագործարանը շուտով փոխարինեց առողջությանն այնքան վնասակար ծխախոտի գործարանով: Դա Ադրիանապոլսի Րեժի գործարանն էր: Նա այստեղ ընդունվեց որպես հաշվապահ, ամբողջ օրը թվերի ելումուտի եւ թութունի վտանգավոր հոտի մեջ՝ ամսական 9 ոսկի ստակով: Բայց Հակոբը մեծ երազանքներ ուներ մե՛ծ քաղաքի հետ կապված: Այդ մեծ քաղաքը Կոստանդնուպոլիսն էր, և նա եկավ այստեղ: Բայց կարծում եմ, Պարոնյանի համար ոչ թե մեծ նշանակություն ունեցավ ընդհանրապես Պոլիս գալը, այլ Պոլիս գալը հե՛նց 1863-ին: Դա ազգային զարթոնքի, թարմ մտածողության, ազատախոհության, մի քիչ ռոմանտիկայի եւ հույսի տարի էր. քաջ Զեյթունի հերոսական պայքարի մասին լուրերը, ազգային սահմանադրության ընդունման հարցը, Միքայել Նալբանդյանի այցը Պոլիս եւ նրա հայրենասիրական եւ ազատատենչական ներարկումները արեւմտահայ հասարակությանը, «Մեղվի» խմբագիր Հարություն Սվաճյանի, Սերովբե Թագվորյանի, բժիշկ Հովհաննես Քյաթիպյանի դեմոկրատական հայացքների թարմությունը: Ի միջի այլոց Քյաթիպյանը Հակոբի հորեղբոր որդին էր, թեեւ գրվում էին տարբեր ազգանուններով: Նա շատ հարգված եւ առաջադեմ մարդ էր հայ իրականության մեջ: Հումանիստ բժիշկ էր մեծատառով: Ոչ միայն փող չէր առնում աղքատ հիվանդներից, այլեւ իր գրպանից էր վճարում նրանց դեղորայքի համար: Բացի այդ, իր ժամանակի համար խիստ անսովոր խիզախ հայացքներ ուներ եւ վերջը եղավ այն, որ մի օր նրան խեղդամահ եղած գտան ծովեզերքին: Սպանություն էր: Ուրեմն` Քյաթիպյանը Պարոնյանի պատմությանը կապվում է նախ՝ որ իր զարմիկն էր, հետո, որ Պոլիս եկած ժամանակ Հակոբը իջել էր Հովհաննեսենց տանը, եւ վերջապես երրորդ, որ քաղաքացիական խիզախությունը եւ սուր լեզուն, ըստ երեւույթին, ոչ միայն ժամանակշրջանի թելադրանքն էին, այլեւ ինչ-որ ժառանգական հատկություն, որ ունեին ծագումով Ակնեցի, ծնունդով Ադրիանապոլսեցի երկու եղբոր այս տղաները: «Լեզու ունենալ եւ ժողովրդեան իրաւանց պաշտպանութեան համար չխօսիլը համր Վասակ ըլլալ է..»: Մի խոսքով, Պոլսում Հակոբը հայտնվում է ամբողջապես ներդաշնակ մի միջավայրում: Գրպանը լցնելու համար աշխատանքի է անցնում հեռագրատանը, իսկ հոգին լցնելու համար շփվում ժամանակի առաջադեմ հայ մտավորականության հետ: Իսկ շփման վայրը հիմնականում հայ թատրոնն էր: Իր քրոջ որդին` Մաքսուտ Սանտալճյանը, Հրանտ Ասատուրի խնդրանքով նամակով որոշ տեղեկություններ է հաղորդել իր մորեղբոր մասին: Եւ ահա այդ անտիպ նամակներից մեկում՝ թվագրված 1891 դեկտեմբեր, երբ արդեն Պարոնյանը չկար, Սանտալճյանը գրում է. «Լսած եմ, որ Պարոնեան հրկիզեալ «Նաումի» թատրոնին մէջ դերասանութիւն ըրած է եւ «Ապուշի» դերը կատարած է: Բայց մանրամասն եւ ստոյգ ոչինչ գիտեմ այս մասին: Ինքը բան մ'ըսած չէ ասոր վրայ»: Ընդհանրապես ինքը` Պարոնյանը, շատ քիչ տեղեկություն է թողել իր անձնականի մասին եւ կենսագիրներն էլ մեծ ասպարեզ չեն ունեցել նրա կյանքը մանրամասնելու համար: Ինչեւէ` հենց Պոլսում է Պարոնյանը սկսում գրել: Չնայած որ բանաստեղծական փորձեր արել էր արդեն, բայց, խիստ դժգոհ մնալով ինքն իրենից՝ թողել էր այդ գործը: Հիմա նրան ոգեւորում էր թատրոնը, ոգեւորում էր նաեւ ֆրանսիական, իտալական թատերգությունը: «Երկու տէրով ծառայ մը», ապա՝ «Ատամնաբոյժն արեւելեան». սրանք էին Պարոնյանի գրական առաջին փորձերը, որոնցից ինքը շատ խանդավառված չէր, բայց որոնք, հատկապես «Ատամնաբոյժն արեւելեանը», հայ թատրոնի խաղացանկում են մինչեւ օրս: Համենայն դեպս` ինքն այնքան դժգոհ էր իր գրածից, որ գրախանութներից հավաքեց բոլոր օրինակները եւ ոչնչացրեց: Նա անընդհա՛տ դժգոհ էր: Դա իր մարդկային տեսակն էր` դժգոհ եւ անհանդուրժող:
1887թ. նոյեմբերի 21-ին Կոստանդնուպոլսից Մ. Սանտալճյանին գրում է հետևյալ նամակը. «...Քանի մ'օր յառաջ Մեարիֆէն (կրթության պատասխանատու) հրաման խնդրեցի «Պաղդասար Աղբար»-ին ներկայացման համար՝ Բերա: Տեսնենք եթէ յաջողինք, կը յուսամ գումար մը ձեռք բերել, որով պզտիկ տուն մ'առնելու միտք ունիմ. 50-60 ոսկւոյ տուներ կը վաճառուին հոս երեք սենեակով, որովհետեւ տան վարձը ծանր կու գա կոր»:
«...Օղի խմողները շուտ կը մեռնին եղեր,- խելքիդ պուտուկը սիրեմ, գնա գործդ նայէ, օղի չխմելն արդէն մեռած ըլլալ ըսել է»:
Րախը բերէք, րախը...
Պարոնյանը հոգնեց Պոլսից եւ վերադարձավ տուն` Ադրիանապոլիս ու իրեն տվեց քամիներին: Ավելի ստույգ` ալկոհոլին եւ կանանց: Նյութապես կարող էր իրեն թույլ տալ այդ ցոփությունը, որովհետեւ ծննդավայրում աշխատանքի էր անցել իր վաճառական եղբոր` Սահակի մոտ: Կանայք զարդարում էին ամուրի Պարոնյանի օրը, րախը նրան դարձնում էր զվարճախոս եւ ուրախ մարդ: Բայց նա հաճախ էր չափն անցնում եւ շուտով վնասեց առողջությունը: Հրանտ Ասատուրը «Պարոնեանն իբրեւ մարդ» կենսագրական աշխատության մեջ գրում է մի շարք թերությունների մասին, որ նա ուներ.
«Թերութիւն մ'ալ ունէր որ վնասած էր գոնէ առողջութիւնը: Գինին եւ օղին կը սիրէր: Քիչ խմելով կը գինովնար: Պարոնեան երիտասարդութեան ժամանակ գեղեցիկ սեռն ալ սիրած է օղիին չափ: Գինովցած ժամանակ հրապուրիչ կ'երեւար ընկերութեանը մէջ»: Բայց նա ինքն իրեն չգտավ նաեւ Ադրիանապոլսի պանդոկներում: Նարգիլեի, րախի եւ կանանց անընդհատ առկայությունը հոգնեցրեց Պարոնյանին, հոգնեցրին նաեւ ազգականների քարոզները քիչ խմելու եւ ման չգալու վերաբերյալ: Եւ երկրորդ անգամ ճամփա ելավ: Նա Ադրիանապոլսից հեռացավ ամուրի եւ անհայտ, որպեսզի այս անգամ Կոստանդնուպոլսում դառնար հանրաճանաչ եւ պսակվեր Օրթագյուղից մի խեղճուկրակ աղջկա հետ:
Մեկնաբանել