HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աւելի կը սիրեմ խոտ ուտել և ուղիղ մարդ մնալ, քան պնակ լիզել և բարիք վայելել... Հակոբ Պարոնյան

Սկիզբը

Երկրորդ այցն ի Պոլիս

Երկրորդ անգամ Պոլիս գալով՝ նրա բախտը հենց սկզբից էլ չբերեց: Դա այն նույն Պոլիսը չէր, որ նա տեսել էր առաջին անգամ` ազատության, հույսի եւ ազգային զարթոնքի քաղաքը: Սուլթանական կառավարությունը մեծ խստացումներ էր նախատեսել հայերի համար, խմբագրել էր ազգային Սահմանադրության դրույթները, սահմանափակվել էին հայերի ազատություններն ու գործունեության ոլորտները: Առաջադիմական հայացքներ ունեցող հայերը իրենց տեղը զիջել էին պահպանողական հայերին: Իսկ 1870-ի հրդեհն ավելի էր մեծացրել հուսահատությունը: Կրակը բռնկվել էր Բերա թաղամասում, որտեղ փոքրիկ կացարան էր վարձել Հակոբ Պարոնյանը: Հիմա նա հիշում էր Ադրիանապոլսում վաճառականական գրասենյակում ստացած իր եկամուտները, զվարճասիրության ընկեր-ընկերուհիներին, սրճարաններում կանգնած ծխախոտի եւ ալկոհոլի հոտը եւ համեմատում այրված թաղամասում կանգնած հոտի, դրամապանակի դատարկության եւ համընդհանուր հուսահատության մթնոլորտի հետ: Դա իսկական ճգնաժամ էր: Պետք էր մի ճար գտնել: Նա սկսեց թարգմանի գործ կատարել, նաեւ դասավանդել….մաթեմատիկա: Բայց իրականության նկատմամբ իր դժգոհությունը օրեցօր ավելանում էր: Զգում էր, որ չի կարող լուռ տանել այն, ինչ կատարվում էր հայ իրականության մեջ: Պիտի արձագանքեր: Եւ արձագանքեց նախ ընկերական շրջապատում:

Փնտրվում է «անօթի մնալ յանձն առնող անձ մը»

Նա անվախ էր եւ խայթում էր աջ ու ձախ: «Այդ միջոցին զուարթ ընկերակցութիւն մը կը վայելէ զինքը սիրող եւ իր սրամտութիւնը գնահատող բարեկամներու խումբէ մը շրջապատուած:….շատ անգամ աչքերը անուշ ջերմութեամբ …մոռնալու համար իր խղճուկ կեանքին դառնութիւնը, երգիծանքի սուր խայթումներ կ'արձակէ` օրուան խնդիրներու առթիւ հռչակ ունեցող եկեղեցականներէ ու աշխարհականներէ անոնց դէմ, որոնց համակիր չէ»: Իր քաղաքացիական պարտքը կատարելու լավագույն միջոցը գրականությունն էր` մանավանդ մամուլը: Եւ սկսվում է Պարոնյանի հրապարակագրական հաղթարշավը: «Եփրատ»-ը, ապա «Մեղու»-ն էին առաջին պարբերականները: Այս վերջինն արդեն ենթադրում էր խայթոցներ, բայց միեւնույն ժամանակ կենարար եւ անհրաժեշտ նեկտար, որ կարող էր բուժիչ լինել հիվանդ հասարակության համար: Խմբագիր Հարություն Սվաճյանը պարբերականին աշխատակցելու համար, ի դեմս Պարոնյանի, վերջապես գտավ «անօթի մնալ յանձն առնող անձ մը»: Հիմա նա` ժամանակին դեղագործի մասնագիտությամբ հրապուրված 27-28 տարեկան տղամարդը, հոդվածներով կարող էր լիովին կատարել իր մարդասիրական ծրագրերը: Դրանց ազդեցությունն ավելի ուժեղ էր, քան ցանկացած դեղահաբինը: Հետո դրանք գործում էին զանգվածաբար: Ճիշտ է ավելի ցավոտ էին, քան դեղերը, բայց հասարակական, ազգային հիվանդություններն էլ ավելի խորացած էին եւ մահացու: Եւ կտրուկ միջոցառումների կարիքը կար:

«Աչքերը թեթև մը շիլ» շարիվարի գրող մարդը

Պարոնյանը երկու ծայրահեղությունների միասնություն էր. որքան որ սկզբունքային, համառ, հետեւողական եւ անողոք էր իր ստեղծագործության եւ մանավանդ լրագրային աշխատանքի մեջ, նույնքան այս ամենի հակապատկերն էր իր մասնավոր կյանքում: «Դէմքին վրայ վհատական, անտարբերութեան հով մը կար, թէեւ ինք անտարբեր մարդ չէր հանրային խնդրոյ համար»,- նկատել է Հրանտ Ասատուրը: Իրական կյանքը ոչնչով նրան չէր հրապուրում, սթափ ժամանակ լավատես լինելու առիթ չուներ: Ամբողջ կյանքն անցկացրեց անծրագիր: Ինչպես հիշում է Հ. Ասատուրը` «Յակոբի ուրիշ մէկ պակասութիւնը եղած է ծուլութիւնը»: Ընդ որում այդ ծուլությունը ոչ միայն ստեղծագործական ծուլություն էր, այլեւ կենցաղային: «Գիշերները անկողին գացած պահուն վերարկուն եւ բաճկոնը միայն կը հանէր եղեր»: Նա նստում էր գրասեղանի առջեւ միայն, երբ ընկերները նեղում էին եւ ստեղծագործելու դրդում: Արագ էր աշխատում եւ չէր սիրում արտագրել գործերը, սրբագրում էր նույն թղթի վրա` երբեմն մեծ խզբզանքներ առաջացնելով: Այնպէս որ, Հակոբի շատ գործերի լույս աշխարհ գալու համար պարտական ենք նրա ընկերներին: «Մեթոտի մարդ չէր»,- հիշում է քրոջ որդին` պարոն Սանտալճյանը, իր նամակներում առ Հ. Ասատուր: Սարթ մարդու տպավորություն էր թողնում բոլոր նրանց վրա, ովքեր իրեն չէին տեսել սեղանի շուրջ: Այդ հոգնած եւ անձնական կյանքից բան չհասկացած մարդը դառնում էր սրամիտ եւ զվարճախոս մեկ գավաթ օղիի շնորհիվ: «Օր մը ճաշի ատեն այնչափ խնդացրած էր իր ընկերները, որ ալ չէին կրցած ճաշել: Սակայն կը տեսնային իր խօսակցութեան մէջ, թէ հոգեբան եւ տխուր մարդու հետ գործ ունին, որ կը ճանչնայ մարդկային սիրտն ու տկարութիւնը»:

Փո՞ղ, թե՞ գրականություն

Հարստության նկատմամբ Պարոնյանի անձնական հակակրանքի ակունքները թաքնված են Ադրիանապոլիսի իրենց տանը: Ինքը իր հայրական ընտանիքի համար չկարողացավ ապավեն լինել, խախտեց ավանդույթը: Փող չբերող գրականությունը գերադասեց պապենական գործին: Դա իր թիվ մեկ ներքին խզումն էր: Ատեց այն, ինչ անել չէր կարողանում` լավ փող վաստակել: Իսկ ազգային հասարակական, սոցիալական կյանքի որակը էլ ավելի ամրապնդեց իր ենթագիտակցական հակակրանքի արդարացիությունը: Նա երգիծաբան էր, եւ չափազանցումներն ու խտացումները ժանրային առանձնահատկություններ էին: Նրա թիրախներից շատերը քաղաքական պատասխանատվություն կրող մեծատուններն են` ազգային, համահայկական խնդիրները անձնական բարեկեցության խնդիրներին ստորադասած ազգային ջոջերը: Եվ Պարոնյանի ցասումը հասնում է գագաթնակետին: Նրա ընդվզումը կատարյալ է եւ ուժեղ: Իր հրատարակած մամուլի էջերին նա այլաբանության հուժկու զենքով չի խնայել շրջված բարքեր սերմանողներին, ազգային, համամարդկային արժեքների դեմ մեղանչած և ոչ մեկին: Ահա իր «Այլակերպութեան բառարան»-ից նոր իմաստ ստացած մի քանի բառ.

իրաւագէտ-իրաւունք հալածող,

լիրբ- գործունեայ,

խաբեբայ- դիւանագէտ,

ուսանիլ-տգիտութիւն ճանչնալ,

հաւատափոխութիւն-խղճին գաղթականութիւն...

Կինն իբրեւ դեղ

Պարոնյանը իր վերաբերմունքն ուներ կանանց եւ ամուսնության վերաբերյալ: Կտրականապես դեմ էր «ամուսնական միջնորդներու» ինստիտուտին: Մաքսուտ Սանտալճյանը իր նամակներից մեկում, ի պատասխան Հրանտ Ասատուրի հարցերին, մեկ առ մեկ պատասխանում է.

«Շատ լաւ կը հասկնամ Ձեր այս 5-րդ հարցումին ոգին, որովհետեւ սէրը մեծ դեր կը խաղայ երեւելի անձնաւորութեանց կեանքին մէջ: Ո՛չ, դժբախտաբար պիտի ըսեմ, Պարոնեան սիրած չէ կամ գէթ ծանօթ չէ սէր մ'ունեցած ըլլալը»: Պարոնյանը անգամ ծրագրել էր մի վեպ գրել «Կինն իբրեւ դեղ»: Վեպը չհասցրեց գրել, բայց կանանց եւ սիրո մասին իր մտքերն ու դատողությունները հասցրեց հանձնել թղթին.

«Աղջիկներէն ոմանք կը նմանին վարպետ մրգավաճառներուն, որ կողովի վրայ քանի մը խոշոր եւ փայլուն խնձոր կը դնեն եւ եթէ կողովը քիչ մը քննել ուզես` «կարգին աւրեցիր» ըսելով կը վռնտեն»:

«Խոհեմութիւն, որ կիրքերու սանձն է` գրեթէ միշտ կը սանձուի կիրքերէն»:

«Տասն եւ ութ տարեկան աղջիկը դիւրավառ փայտէ շինուած տուն մ' է եւ ոչ մէկ ապահովագրական ընկերութիւն կրնայ զայն ապահովել սիրոյ հրդեհին դէմ»:

«Սէրն ալ գինիին պէս է»:

«Կան կիներ, որ եղինճին կը նմանին եւ սակայն բռնուելուն տեղ ունին: Խեղճ էրիկները զանոնք բռնելու եղանակը չգիտնալով շատ անգամ կը յաղթուին»:

«Շատ անգամ կնկան արտասուքի շիթը ովկիանոսին ալիքներէն աւելի վտանգաւոր է: Գիտէ՞ք որքան նաւաբեկութիւններ եղած են»:

«Գեղեցկութիւնն անանկ պտուղ մըն է, որուն խակը աւելի սիրով եւ ախորժակով կ'ուտուի եւ որ շատ հասունանալուն պէս կը փտտի»:

«Աղէկ գիրք մը եւ աղէկ կնիկ մը շատ թերութիւններ կ'ուղղին: Մարդիկ կան, որ եթէ խնդիրը գրքի եւ կնոջ վրայ ըլլայ, անոնց կազմին միայն կը նային: Ինչ իրաւունք ունին տրտնջալու, եթէ խաբուին»:

Իր տիկնոջ պարագային նա միայն կազմին չնայեց: Եւ համակրելի արտաքինի տակ տեսավ ավելի համակրելի հոգի` պարզ, համեստ, ազնիվ եւ ոչ փառասեր: Իր տան տիրուհու` Ագապի Էթմեքճյանի կապտաչյա ու խարտյաշ մազերով անօժիտ աղջիկը, համաձայնեց դառալ անհաջողակ, նյութական մշտական կարիքներ ունեցող, բայց համարձակ, շիտակ, տաղանդավոր եւ խմիչքի հետ գլուխ ունեցող մարդու կինը: Ամուսնությունը նրա համար եղավ պարտքի պես մի բան, կյանքը ծանրաբեռնվեց նոր եւ անլուծելի հոգսերով: Սաթենիկը գուցե եւ որպես կին առանձնապես ռոմանտիկ ակնկալիքներ չուներ իր ամուսնական կյանքից: Իսկ եթե ուներ էլ, ապա դրանք մնացին անկատար: Իր տղամարդը երկնքից աստղեր իջեցնողներից չէր: Եւ Սաթենիկը, նվիրյալ կնոջ պես, ձեւացրեց, թե չի էլ սպասում այդ աստղերին:

Աւելի կը սիրեմ խոտ ուտել և ուղիղ մարդ մնալ, քան պնակ լիզել և բարիք վայելել...

Երբեմն աղքատ լինելը ուղղակի կենսակերպ է: Պարոնյանի համար այդպես էր: Փողը նրան անհրաժեշտ էր ավելի շատ իր պարբերականները հրատարակելու համար, քան` լավ ապրելու: Ամբողջ կյանքում արհամարհել էր փողը, փողն էլ արհամարհել էր իրեն: Նրանց միջեւ լուռ հակակրանք կար: Իր գործը փող բերող գործ չէր, եւ նա վաստակելու այլ միջոց չուներ: Հրանտ Ասատուրը գրում է. «Իր վերջին տարիներին փողկապը մը կը գործածէր, որուն սեւ գոյնը մոխրի գոյն էր դարձած»: Մեծ ողբերգությունն էր ապրում, երբ իր հրատարակած պարբերականները հանրության համար այնքան անհրաժեշտ համարձակ հոդվածներով փակվում էին փողի կամ գրաքննության պատճառներով: Նրա որդին` Աշոտը, հիշում է․ «Իրիկուն մը միասին գրասենեակէն կամուրջ կ'ուգայինք: Իր սովորական զուարթութիւնը կորսնցուցած էր այդ օր: Լուռ կը քալէինք: Պահ մը դիտեցի որ արցունքներ կան հօրս աչքերուն մէջ: Թաշկինակով ատեն-ատեն կը սրբէր.

-Հայրի՛կ, ինչո՞ւ կուլաս, -հարցուցի:

-Ոչի՛նչ, զաւակս, աչքս փոշի գնաց ու ջրոտեցաւ:

Տարիներ վերջ միայն կը հասկնայի թէ իր վշտին միակ պատճառը նիւթական անձկութիւնն էր, որուն մատնուած էր եւ շատ հաւանաբար իմ մանկական հոգիս ալ ըմբոստացնող այդ հուզիչ տեսարանը կը զուգադիպէր «Խիկար»-ի դադարման անյոյս օրերուն»: Շատ հաճախ իր հրատարակած պարբերականները, ստեղծագործությունները, որոնք չէին վաճառվում, որպես առեւտրում օգտագործվելիք թուղթ, էժան գնով տալիս էր նպարավաճառներին: Այդպես, որպես թղթի թափոն, խանութպաններին վաճառեց նաեւ «Ազգային ջոջեր»-ի տրցակները:

Բայցեւայնպես, անգամ սուղ պահերին` ի սեր ընտանիքի, չհրաժարվեց իր մխիթարիչ զբաղմունքից` սրճարաններում եւ գինետներում բաժակներ դատարկելուց: Ամեն բաժակի մեջ խեղդում էր վշտերը, իսկ դրանք ամենատարբեր ակունքներն ունեին. մեկ դրանք հայկական հարցում օտար պետությունների եւ սուլթանական Թուրքիայի խաղերն էին, մեկ հայ ազգային կյանքի ողբալի կացությունը, աշխարհիկ եւ հոգեւոր բարձր դասի ապազգային վարքն ու գործը: Նաեւ քաղքենի ու խորամանկ հայ կանայք եւ այդպիսի կանանցից վառված անգետ, միամիտ եւ թույլ տղամարդիկ:

«Կը փափագէի, որ փնտռած տիպարներս իրականութիւն չունենային, կամ գոնէ մեր կիսագունդէն դուրս ապրէին, այլ մեր մօտը գտայ զայնս….»: Ալկոհոլի մէջ խեղդում էր նաեւ իր ներանձնային խնդիրները: Երկու զավակ ուներ` տղա եւ աղջիկ, կին ուներ` Սաթենիկը, ով նման չէր իր չսիրած կանանց, որոնց քննադատում եւ ծաղրում էր հատկապէս «Թատրոն» պարբերականի եւ գրական բազմաթիվ գործերի էջերին: «Կը հեգնէր անոնց շպարը, նորաձեւ գլխարկները, երկար կրունկներով կօշիկները, կեղծ կուրծքերը: Անոնց շռայլութիւնը յաճախ առարկայ կ'ըլլար իր այպանումներուն»,- գրում է Հրանտ Ասատուրը: Պարոնյանը շատ կուզեր ընտանիքի կենցաղը կարգավորել, բայց դրա համար պետք էր հնար գտնել, այլապես փախնել սեփական անճարությունից: Նա դիմեց երկրորդ տարբերակին, քանի որ արդեն գիտեր, թե ուր կարելի էր փախնել. «Մանուկին սրճարանը, Մնացականին ջրավաճառին խանութը, Մխիթարին քազինօն…ահա իր գլխաւոր զբօսավայրերը. եւ ամրանը նաւամատոյցի վրայի սրճարանը…նարտի մը 2 զարի մէջ, օղիի մը սրուակ...»:

Գլխավոր նկարը՝ Միքայել Առուտչյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter