
Ազգային ջոջերը վերջապես հանգիստ շունչ քաշեցին. Պարոնյանը ոչ եւս է (մաս 3)
Զատկին համար հավկիթի պետք կայ, կ'երթայ փաստրմա կ'առնէ...
Ոչինչ, թո՛ղ հավկիթի փոխարեն բաստուրմա առնի, բայց լինի իր և զավակների կողքին: Կինը գիտեր իր ամուսնու տարօրինակությունների և թուլության մասին, զավակները` նույնպես: Նրանք համակերպվել էին դրան: Ընտանիքը կանգուն պահելու միակ ելքը, որ գտավ Սաթենիկը, երեխաների եւ ամուսնու համար մի խաղաղ, բարի եւ սիրով լի մթնոլորտ հաստատելն էր, իր ամուսնու խմած լինելու պատճառը հասկանալը, կամ, առանց հասկանալու, հլու եւ հեզ դա տանելն ու երեխաների համար հոր կերպարը միշտ բարձր պահելը: Շատ քիչ բան է հայտնի Սաթենիկից, բայց այն, ինչ գիտենք, լիովին բավարար է այս կնոջը տանջված, ազնիվ, ինքնազոհ կին համարելու համար: Սաթենիկը սատարեց իր ամուսնուն: Գուցե լուռ, մեկուսի լաց եղավ իր կնոջական անբախտության վրա: Բայց սա էր իր ճակատագիրը` տաղանդավոր, խեղճ, կյանքի մարտահրավերներն ընդունելու անկարող ամուսին: Իր ամբողջ կյանքը վերածվեց մի կերպ ապրելու եւ իր ընտանիքն ապրեցնելու պայքարի: Մի խոսքով, Պարոնյանների ընտանիքից խեղճություն էր թափվում: Որդու` Աշոտ Պարոնյանի հուշերից.
«Իրիկուններն ընդհանրապէս ուշ կուգար տուն հայրս: Տունէն ներս կը մտնէր շէն ու զուարթ: Իր խմած ըլլալը գաղտնիք մը չէր մեզի համար: Առաջին գործը կ'ըլլար հարցուփորձել մայրիկս, թէ ես ու քոյրս խելօք կեցա՞ծ էինք: Մինչդեռ դռան զանգակը հնչելուն պէս, մենք մէկ մէկ անկիւն կըկըզած, գառնուկի անմեղութեամբ լուռ ու մունջ իրեն կը սպասէինք: Մայրիկս պէտք եղած բարի վկայութիւնը կու տար անոր, թէ շատ խելօք կեցած էինք եւ իր սիրտը չէինք հատցուցած: Իրականին մէջ սենեակը տակնուվրայ ըրած էինք մեր անսահման անառակութիւններով: Հաւաստիքը լսելէ յետոյ կը մօտենայինք, որպէսզի մեզ սիրէ ու համբուրէ: Ճաշասեղանը շուտով պատրաստ կ'ըլլար հօրս սիրած աղանդերներով եւ գինիով կամ օղիով: Իր եւ մայրիկիս մէջտեղը կը նստէի միշտ: Կը զուարթաբանէր ու կը կատակէր մեզի հետ: Երբեմն ես ալ մասնակից կ'ըլլայի իր գինարբուքին: Կը դառնար մօրս.
-Սաթենի՛կ, տղուն ալ քիչ մը գինի լեցուր:
-Յակոբ ջան, տղուն ճիյէրները պիտի այրին:
-Այդքան պզտիկ քանակութեամբ ի՞նչ կ'ըլլայ. թող խմէ որ մա՛րդ ըլլայ, մա՛րդ»:
Զավակները տեսան իրենց հորը միշտ պարտված առօրյա կյանքից: Հակոբը այդպես էլ մնաց նրանց հիշողության մեջ եւ ժառանգաբար այդ խեղճությունը փոխանցեց նրանց: Երեխաները դեռ փոքր էին ճանաչելու համար հայրիկին որպես մեծ մտավորական եւ խիստ պիտանի մարդ հասարակության համար: Նրանք ընկալում եւ գնահատում էին հորը իրենց հետ ունեցած հարաբերություններով եւ ջերմության աստիճանով: Այնպես որ որդու թողած հիշողությունները հոր մասին ամբողջովին տխուր եւ անհաջողակ մարդու մասին են: Միայն մեկ պայծառ եւ մանկական ուրախ դեպք էր դաջվել Աշոտի հիշողության մեջ: Այն բացառիկ կիրակին, երբ հայրը ընկերների հետ խմիչքի սեղանի շուրջ անցկացնելու փոխարեն, ընտանիքն առավ ու տարավ օդափոխության: «...Առտու մը, լաւ կը յիշեմ, մակոյկի մը մէջ ըրինք մեր նախաճաշը: Մայրս բերած էր նաեւ սուրճի եփոցը: Կը սիրէր ծովու լոգանքը: Ճերմակ արեւարգել մը անցուցած գլուխը ու զիս ալ գիրկը առնելով կը լողար»:
Հիվանդություն եւ մահ
Թոքախտ էր ախտորոշված: Աղքատ եւ տխուր մարդու հիվանդություն: Թեպետ Պարոնյանի քրոջ որդին` Մաքսուտ Սանտալճյանը, Ասատուրին հղած նամակներից մեկում իր մորեղբոր հիվանդության առաջացման առիթով այլ կարծիք է հայտնում.
« ...Հիմա գաղտնիք մ'ըսեմ ձեզ զոր թերեւս գիտէք: Պարոնեանին զոքանչը թոքախտով կը տառապէր եւ շատ հաւանական է, որ այս հիւանդութիւնը փոխանցած ըլլայ Պարոնեանին, որ զգուշութիւն չէր ընէր բնաւ, իւր զոքանչին կասկած չտալու համար իւր հիւանդութեան վրայ: Այսպէս կը կարծեմ, ստոյգ չեմ գիտեր»:
Ինչեւէ, զոքանչից վարակված լիներ, թե իր թերսնումով եւ ծանր կյանքով վաստակած լիներ թոքախտը, միեւնույն է, հիմա նա կախված էր բժիշկներից եւ դեղերից: Բայց ինչպես վստահեր բժիշկներին, եթե անվերջ քննադատել եւ մերկացրել էր նրանց, ինչպես հավատար բժիշկների նշանակած հաբերի զորությանը, երբ իր գործերում բազմիցս ծաղրել էր դրանք: Հիմա նա ուրիշ ելք չուներ, վայր էր դրել իր զենքը` գրիչը եւ մոռացել սարկազմը: Բայց չէր մոռացել հետեւել ազգային կյանքի անցուդարձին: Պարոնյանի մարմինն ապագա գրեթե չուներ, բայց նա շարունակում էր մտածել իր ժողովրդի ապագայի մասին: Նա ըմբոստացավ Գրիգոր Զոհրապի` դաստիարակության հարցում եվրոպամետ լինելուն: «Ամէն բոյս ամէն տեղ միեւնոյն եղանակով չի մշակուիր: ...Մարմնամարզութիւն կը սորուեցնեք, որպէսզի մարմինն առողջ ըլլայ, չի կրցինք հասկցնել, որ այս մարմինը անօթի՛ է: …Նախ ապրեցնենք, յետոյ հոգին եւ այլն կրթենք»: Հիվանդ Պարոնյանին նյութապես օգնելու համար հատկապես ջանք չխնայեցին երիտասարդները: Կեդրոնական վարժարանի սան Հրաչյա Աճառյանը պատմել է, թե ինչպես իր դասընկերների հետ նախաճաշի եւ Պոլիսի կամուրջից անցնելու համար տրամադրված աննշան գումարից խնայողություն էին անում վարժարանի իրենց ուսուցչի՝ մեծ երգիծաբանի համար: Նա չէր գիտակցում, որ ծանր հիվանդ է: Իր քրոջ որդուն գրած նամակներից մեկում իր վատառողջությունը ներկայացնում է որպես «պզտիկ տկարություն»: Հետաքրքիր է, հանրային կյանքի մեծ ու փոքր արատները նրա գրչի տակ հսկա չափեր առան, ներկայացվեցին չափազանցված, իսկ ինչ վերաբերում էր անձնապես իրեն` իր կյանքին, ներկայացրեց փոքրացված եւ զեղչված՝ «պզտիկ տկարություն» անվանելով այն, ինչ իրեն արագորեն քարշ էր տալիս դեպի գերեզման:
1893թ., Պարոնյանի մահից 2 տարի անց, Արփիար Արփիարյանը Հրազդան կեղծանունով «Հայրենիք» օրաթերթի համարներից մեկում զետեղում է իր հուշերը մեծ գրողի եւ քաղաքացու մասին. «...Իրեն այցելութեան գացի գարնան օր մը: Օրթագիւղի լռակեանց, ամայի մէկ փողոցին մէջ պզտիկ, ցածկեկ, մաքուր տուն մըն էր: Կանաչները պատած էին պատուհանները: Մենաստանի սենեակի մը նման էր բնակարանը: Դէմքի վրայ շատ ակներեւ չէր հիւանդութիւնը, բայց բազուկներուն ոսկորները կը համրուէին: Խեղճը չէր գիտէր, թէ ինչ վախճան կը սպասէր իրեն: Երեւի չէր կասկածէր, թէ հիւանդ է մահացու»: 1891-ի ապրիլի վերջին դերասան Թովմաս Ֆասուլաճյանը հանդիպում է նրան. «Մեռնելէն 15 օր առաջ էր, կամուրջին վրայ պատահեցայ: Հին հագուստներով էր: «Ի՞նչ կ'ընես,- ըսի: Մեռնելուն համար կապրիմ, -ըսաւ»: Մինչեւ վերջ հումորը չկորցրեց: Նրան հաճախ այցելում էին լավ ընկերները եւ հուսադրում: Նրանցից մեկը Հակոբին պատմեց, թե ինչպես ինքը ծանր հիվանդ էր, մահվանը այնքան մոտ, բայց ամեն ինչ բարեհաջող ավարտվեց եւ ապաքինվեց: «Մահուան այնքան մօտ երթալէ վերջ, ետ դառնալը խենթութիւն չէ՞, իմ բարեկամ»: Սա կատա՞կ էր, թե՞ փիլիսոփայություն: Դժվար է ասել: Ի միջի այլոց` փիլիսոփաներից իրեն հարազատ էր Լառոշֆուկոն՝ իր կարճ, հատու եւ խոր մտքերով: Երբեք չսիրեց հաստափոր գրքեր կարդալ: Մի անգամ ընկերներից մեկը առաջարկել էր Մոպասան կարդալ: «Է, միտքս անօթի մնաց»,- գիրքն աւարտելուց հետո խոստովանել էր Պարոնյանը: Բայց շատ էր հավանել Դյումայի «Քամելիազարդ տիկինը». «Որքան կը տարբերի միւս վէպերէն: Լացած եմ վէպը կարդալով»: Իր հրատարակած պարբերականները, մեծ ու փոքր կտավի գրականությունը, թատերգությունը, մի խոսքով իր հրաշալի ստեղծագործությունները երբեք անոթի չպահեցին եւ չեն պահում մարդու միտքը: Որովհետեւ դրանցում ճշմարտությունն է, մեր հավերժական սխալները, մեր ազգային հիվանդությունների քրոնիկ ցավը հումորով, երգիծանքով, երբեմն` սարկազմով եւ մեծ սիրով եւ դառնությամբ: «Եփրատ», «Մեղու», «Թատրոն», առաջին հայկական մանկական հանդես «Թատրոն մանկանց», «Հոսոսի ձեռատետրը», «Լոյս», «Ծիծաղ», «Խիկար», արաբատառ թրքերեն եւ հայատառ թրքերեն պարբերականներ հրատարակած, եկեղեցական երգեցողության մեծ սիրահար, արեւելյան երաժշություն վայելող եւ քանոն նվագող ծագումով Ակնեցի, ծնունդով Ադրանապոլսեցի դժբախտ եւ առօրյա կյանքում անճար այս տաղանդավոր մարդը ոչ մի ակնկալիք չուներ իր ազգից, չէր էլ սպասում, թե իրեն հանկարծ հրապարակավ կգնահատեն ու արժանին կմատուցեն, շնորհակալ կլինեն ազգի հանդեպ այդքան քիպար, ազնիվ, սրտացավ լինելու համար: Իր միակ երազանքը` որ իր մահից հետո հայ հասարակությունը տիրություն աներ իր թշվառ ընտանիքին: Ինքը գաղափարապես տիրություն էր արել հասարակությանը, հիմա էլ հասարակության հերթն էր: Այդ հույսով էլ հոգին ավանդեց 1891թ. մայիսի 7-ին: Կողքին անզորությունից եւ ապագայի անլույս մտքից եւ վշտից կքված կինն էր` Սաթենիկը, իր տանտիրուհու աղջիկը, ում հետ պսակվել էր 1879-ի փետրվարին եւ, կատարվածից վախեցած ու զարմացած, երկու մանկահասակ զավակները 8-ամյան որդի Աշոտը եւ փոքրիկ աղջիկը` Զապելը:
Ազգային ջոջերը վերջապես հանգիստ շունչ քաշեցին. Պարոնյանը ոչ եւս է
Ինչպե՜ս սգաց հայ ազգը Պարոնյանի մահը: Ինչպես հանկարծ գետնի տակից հայտնվեցին ինքնակոչ բարեկամներն ու ընկերները: Ինչպիսի գնահատականներ շռայլեցին ազգային ջոջերը, ովքեր համանուն ստեղծագործության մեջ ուղղակի ոչնչացվել էին նրա կողմից: Որքան մեծ կորուստ արձանագրեց հայ Պոլիսը` միշտ հավատարիմ մնալով իր ձեւականությանը եւ կեղծությանը: Այդ օրերին ինչպիսի հոդվածներ եւ դամբանականներ հրատարակվեցին մամուլում: Պատրիարքարանը, որ պարբերաբար Պարոնյանի գրչի թիրախն էր, հատուկ կարգադրություն արեց Միջագյուղի կամ Օրթագյուղի քահանային՝ հոգեհանգիստը եւ հուղարկավորությունը բարձր մակարդակով կատարել եւ «առանց փոխարինութեան մը ակնկալութեան», այսինքն` առանց փող ուզելու: Միջագյուղի գերեզմանատանը ի՜նչ ճառեր ասվեցին, կոկորդիլոսի ի՜նչ արցունքներ թափվեցին: Եւ ամենակարեւորը` ինչքան մարդ հանգիստ շունչ քաշեց դագաղը փոսն իջեցնելուց հետո: Վե՛րջ: Պարոնյանի գրչի տակ հայտնվող կամ հայտնվելիք հավանական հերոսները, կամ ավելի ճիշտ հակահերոսներն ազատվեցին իրենց քունն ու անդորրը խափանող գրողից:
Բայց հայությունը եւ Պոլիսը միայն այդ մարդկանցից չէր բաղկացած: Կային շատ հրաշալի մտավորականներ եւ հույս ներշնչող երիտասարդներ, կային ազգային, հասարակական հարցերում Պարոնյանին ցավակիցներ եւ համախոհներ, ովքեր իրապես սգացին մեծ մարդու մահը: Եւ արեցին հնարավորը ընտանիքի համար: Մեծ մտավորական եւ մանկավարժ Ռեթեոս Պերպերյանը իր գիշերօթիկ դպրոցում տեղավորեց Պարոնյանի որդուն, իսկ մանկավարժ Մեզպուրյանը` աղջկան: Դպրոցից հետո երեխաները տանիք գտան Պոլսո Ազգային հիվանդանոցում՝ Աշոտը որպես հաշվապահ, քույրը` հիվանդապահ: Հիշում է Պարոնյանի որդին` Աշոտը. «Հօրս մահէն տարի մը յետոյ, 1892-ին մեր մայրն ալ կորսնցուցինք եւ բոլորովին որբ մնացինք: Ազգային Պատրիարքարանը մեր անունով հանգանակութիւն մը բացաւ եւ տարիներ օգտուեցանք հաւաքուած գումարէն: Թարգմանչաց վարժարանէն անցայ Պէրպէրեան, ուր մէկ քանի տարի ուսանելէ յետոյ մեկնեցայ Էտիրնէ, հօրեղբօրս Սահակ Պարոնեանի մօտ: Ապահովագրական ընկերութեան մը ներկայացուցիչն էր: Տեղւոյն ազգային վարժարանը եւս քանի մը տարի յաճախելէ յետոյ մտայ իր առեւտրական գործին մէջ: Շատ լուրջ ու ծանրաբարոյ մէկն էր հօրեղբայրս: Օրթագիւղին մեր տունը ծախեց ու մեզ իր զաւակներուն պէս մեծցուց ու խնամեց: 1906-ին կորսնցուցինք զինքը: Իսկ քոյրս մեռաւ 1912-ին: ...1910-ին պաշտօնի կոչուած էի Հիւանդանոցին մէջ, Հոգաբարձութեան հրաւէրով Գ. Մէրկէրեանէն յետոյ վարեցի դիւանապետի պաշտօնը` մինչեւ 1944 թուականը»:
Հակոբ Պարոնյանի մահից հետո Թիֆլիսում իրար ետեւից հրատարակվեցին նրա գործերը՝ մեծ գրողին դուրս բերելով սոսկ արեւմտահայ ասպարեզից եւ հանձնելով համայն հայությանը: Այն նույն գործերը, որոնք, չկարողանալով վաճառել, նա որպես թուղթ քաշով էժան գնով վաճառում էր նպարավաճառներին եւ մսավաճառներին, որպեսզի զավակների համար հաց գնի, հիմա ամենից պահանջված եւ կարդացվող գրքերն էին:
Միջագյուղի գերեզմանատանը հիմա երբեք չես գտնի Պարոնյանի շիրիմը, որովհետեւ այդպիսին գոյություն չունի: Նրան իջեցրին փոսը եւ չհասցրին, ավելի ճիշտ, շատ հոգ չտարան շիրմաքար դնելու մասին: Ժամանակնե՞րն էին խառը` համիդյան բռնությունների շրջանն էր, թե՞ այդ հարցը գլուխ բերող ազգային ջոջերն էին վառված եւ իրենց վրեժը այդ կերպ լուծեցին մեծ եւ անվախ երգիծաբանից: «Ազգին մէջ կատարուելիք այնչափ կարեւոր գործ կայ, որ շիրիմ բարձրացնելու կարգը պիտի չգայ»,- հայտարարել էր նրանցից մեկը:
Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից
Մեկնաբանել