
Վարչապետը դատարանի վճիռը կատարել է 2 օրով․ պաշտոնյան կրկին դիմելու է դատարան
Դատարանի վճռից 1 տարի 4 ամիս անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերականգնեց Իգոր Սարգսյանին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում։ Սակայն երկու օր անց՝ սեպտեմբերի 13-ին, կրկին ազատեց նրան նույն պաշտոնից։
Հիշեցնենք՝ վարչապետը տևական ժամանակ չէր վերականգնում Իգոր Սարգսյանին՝ պատճառաբանելով, որ Տեսչական մարմնի տեղակալի հաստիքներն արդեն զբաղեցրած են։
Օգոստոսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոփոխություն էր կատարվել Տեսչական մարմնի հաստիքացուցակում, և 3 տեղակալի հաստիքին ավելացել էր ևս մեկը՝ տեղակալների ընդհանուր թիվը դառնալով 4։
Սակայն այս ամենին նախորդել էր դատական 5 տարվա քաշքշուկ։ Նախ՝ դատական երեք ատյաններով անցած դատական ակտը Նիկոլ Փաշինյանը չէր կատարում։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը նույնպես չէր կարողանում ստիպել վարչապետին վերականգնել նախկին պաշտոնյային իր զբաղեցրած պաշտոնում։
2023թ․ նոյեմբերի 10-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Դավիթ Խաչատրյանը կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ դիմում/միջնորդություն է ներկայացրել դատարան։ Մասնավորապես, ըստ հարկադիր կատարողի, պարզ չի եղել, թե Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում առկա ղեկավարի տեղակալի երկու հաստիքային միավորից որ հաստիքին պետք է վերակագնել նույն կատարողական թերթով պահանջատեր Իգոր Սարգսյանին, քանի որ «երկու հաստիքներն էլ զբաղեցված են այլ անձանց կողմից և կատարվող դատական ակտն անդրադառնալու է վերջիններիս իրավունքներին»:
Վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանն այդ միջնորդությունը 2023թ․ հոկտեմբերի 24-ին մերժել է՝ հիմնավորելով, որ դատական ակտի «ՎՃՌԵՑ» մասում և կատարողական թերթում հստակ նշվել է, որ հայցվորին անհրաժեշտ է վերականգնել նախկինում զբաղեցրած՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում:
Միաժամանակ, դատարանն արձանագրել է, որ հարկադիր կատարողի բարձրացրած հարցի պարզաբանումը դուրս է սույն վարչական գործի առարկայի և դրա՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի սահմաններից: Վերոգրյալի հիման վրա՝ դատարանը փաստել է, որ կատարողական թերթը պարզաբանելու անհրաժեշտություն չկա, քանի որ դրանից պարզ է, թե դրանում նշված պահանջն ինչին է վերաբերում:
ՀԿԱԾ-ն դիմել է նաև Վերաքննիչ վարչական դատարան։ Դատավոր Կարեն Գևորգյանի նախագահությամբ քննված բողոքը ևս մերժվել է։
2024թ․ փետրվարի 16-ի որոշմամբ, Վերաքննիչ դատարանը, համաձայնելով ստորադաս դատարանի արտահայտած դիրքորոշման հետ, նախ, արձանագրել է, որ քննարկվող դատական ակտի եզրափակիչ մասի կատարման ենթակա մասում և, ըստ դրա՝ կատարողական թերթում պարզ ու հստակ նշվել է, որ հայցվոր Իգոր Սարգսյանին անհրաժեշտ է վերականգնել իր նախկինում զբաղեցրած՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում, ապա՝ դատելով կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ դիմումով առաջադրված հարցի բովանդակությունից՝ հստակեցրել, որ նշված դիմումով հարկադիր կատարողի կողմից կատարողական թերթ տված դատարանի առջև բարձրացված հարցը վերաբերում է ոչ թե կատարողական թերթում նշված պահանջի պարզ չլինելուն, այլ կատարողական վարույթի շրջանակներում հայտնի դարձած և քննարկվող դատական ակտի հարկադիր կատարմանն առնչվող փաստերի վերաբերյալ դատարանից ակնկալվող գնահատականին, ինչը, սակայն, դուրս է դատարանի իրավասության շրջանակներից և հարկադիր կատարողի կողմից դատական ակտի հարկադիր կատարման հետ կապված լիազորությունների տիրույթում է:
Այս ակտը ևս բողոքարկվել է վերադասում։ Վճռաբեկ դատարանը 2024թ․ հունիսի 12-ին հարկադիր կատարումն ապահովող ծառայության բերած վճռաբեկ բողոքը վերադարձրել է։
Միաժամանակ, 2024թ․ մայիսի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած՝ 03․05․2023թ որոշումը վերանայելու պահանջով։ Հիմնավորումն այն է եղել, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ առկա է նոր հանգամանք:
Նիկոլ Փաշինյանը, որպես մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմնավորումներ, վկայակոչել է հետևյալը՝ այս վարչական գործով ՀՀ վարչապետի բողոքի մերժման հիմքում ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի կողմից դրվել են այնպիսի պատճառաբանություններ, որոնք ըստ էության հակասում են ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1716 որոշմամբ արտահայտված դիրքորոշումներին, և որոնք ազդել են գործի ելքի վրա՝ հանգեցնելով գործն ըստ էության լուծող սխալ դատական ակտի կայացման․ «Ավելին՝ մինչև սույն վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի որոշման կայացումը ՀՀ սահմանադրական դատարանի կողմից նման դիրքորոշումների առկայության պարագայում կկայացվեր գործն ըստ էության լուծող այլ դատական ակտ, որով ՀՀ վարչապետի վճռաբեկ բողոքը կբավարարվեր՝ համապատասխան իրավական հետևանքներով»։ Սահմանադրական դատարանի վկայակոչած որոշումը վերաբերում է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործին։
Հունիսի 12-ին Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ Հ․ Բեդևյանի, արձանագրել է, որ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ։
Ավելին, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի՝ «Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը» վերտառությամբ 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրությամբ և նույն օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան կարող են դիմել Սահմանադրության 169-րդ հոդվածով նախատեսված մարմինները և անձինք: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածում ՀՀ վարչապետը, որպես Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտ, նշված չէ, հետևաբար ՀՀ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքին համապատասխան չի ունեցել և չէր կարող ունենալ այդ իրավունքն իրացնելու հնարավորություն, ինչը նշանակում է, որ Վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ ներկայացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոք (դիմում)։
Հունիսի 24-ին Վճռաբեկը մերժել է Փաշինյանի բողոքն ընդունել վարույթ։
Այսինքն՝ վարչապետ Փաշինյանը կարող էր հաստիքացուցակն ավելի վաղ փոխել և նշանակել Իգոր Սարգսյանին իր պաշտոնում։ Սակայն, ըստ էության, այս փոփոխությունն ամբողջությամբ ձևական էր, քանի որ 2 օր անց Իգոր Սարգսյանին կրկին ազատել են նույն պաշտոնից։ Սարգսյանին հայտնել են, որ այս անգամ ազատման համար առաջարկ է ներկայացրել Տեսչական մարմնի ղեկավարը՝ Հ․ Մարտիրոսյանը, ինչի հիման վրա էլ վարչապետը ազատման որոշում է կայացրել։
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանն այս որոշումը ևս վիճարկելու է դատարանում, որովհետև վստահ է, որ այն կապ ունի իր կուսակցական պատկանելիության և դիրքորոշումների հետ։
Կարդացեք նաև՝
-
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հայց է ներկայացրել
-
Վարչական վերաքննիչ դատարանը մերժեց Նիկոլ Փաշինյանի բողոքը․ Տեսչական մարմնի տեղակալը կվերականգնվի պաշտոնում
-
Վարչապետը չի կատարում դատարանի վճիռը
Իգոր Սարգսյանի լուսանկարը՝ Հանրային երկրորդ հեռուստաընկերությունից, Նիկոլ Փաշինյանի լուսանկարը՝ վարչապետի պաշտոնական կայքից
Մեկնաբանել