HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը որոշող բանաձևն իրավաչա՞փ է․ Սոցապը հայտնվել է դատարանում

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը դատի է տվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Հասարակական կազմակերպությունը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել՝

  • անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը որոշող բանաձև ստեղծելը, e-disability էլեկտրոնային հարթակում տեղադրելը և քաղաքացիների նկատմամբ այն կիրառելը,
  • այդ բանաձևում միջավայրային գործոնները հաշվի չառնելը,
  • նախարարության եւ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի հետ կնքած «Պետության կարիքների e-disability տեղեկատվական համակարգի մշակման և ներդրման փաթեթի պետական գնման» պայմանագիրը:

Նախարարության դեմ հայցը Վարչական դատարանը վարույթ է ընդունել 2023-ի սեպտեմբերի 1-ին։ Գործի քննությունը հասել է ապացույցների հետազոտման փուլին, դատավորը Աղասի Դարբինյանն է։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության նախագահ Մուշեղ Հովսեփյանը «Հետքի» հետ զրույցում մանրամասնում է, որ նախարարությունը 2023 թվականին է ներդրել հաշմանդամության սահմանման նոր համակարգը, որտեղ նախարարության կողմից խտրական վերաբերմունք են տեսնում, և հենց այդ հիմքով էլ հայցը ներկայացրել են։ Նրա խոսքով՝ օրինակ՝ անապահովության գնահատման բանաձևը բաց է ու հրապարակային, միայն հաշմանդամություն ունեցող անձանց հաշմանդամության սահմանման գործընթացում կիրառված բանաձևն է թաքցվում մարդկանցից։ 

«Սա էլ բերել է այնպիսի իրավիճակի, որ մարդիկ անհավասար պաշտպանության են արժանանում օրենքի առաջ, որովհետեւ եթե չգիտեք, թե ինչպես է այդ բանաձեւը աշխատում եւ ինչպես է ձեր հաշմանդամության սահմանման վերաբերյալ որոշումը կայացվում, դուք չունեք հավասար հնարավորություն պաշտպանելու ձեր իրավունքը այդ վարչական ակտը բողոքարկելու տեսանկյունից»,- ասում է Հովսեփյանը։

Նա չի բացառում, որ նախարարությունը միտում չի ունեցել դա անելու, սակայն նշում է, որ խտրականությունը կարող է լինել ոչ միայն նպատակը, այլև արդյունքը։ Բանաձևը, որով համակարգը կայացնում է հաշմանդամության սահմանման որոշումը, չի հրապարակվում նախարարության կողմից կոռուպցիայի կանխարգելման պատճառաբանությամբ։ 

Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած հերթական դատական նիստի ընթացքում ԱՍՀ նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը պնդեց, որ բանաձևի հրապարակայնացման դեպքում կոռուպցիոն ռիսկ կլինի։

«Հիմա ուզում եմ նժարի վրա դնենք․ մի դեպքում մենք հանրայնացնում ենք բանաձևը և գնահատող մասնագետները կանխակալ պատկերացումներ են ունենում, թե որը ինչպես գնահատեն, որ ստանան հաշմանադամության ցանկալի աստիճանը (այստեղ կոռուպցիոն ռիսկերը երկուստեք կարող են լինել), և երկրորդ դեպքում՝ մենք չենք հրապարակում բանաձևը՝ արդյունքում ունենալով օբյեկտիվ համակարգ՝ հիմնված հստակ գործիքակազմի և մեթոդաբանության վրա»,- ասաց Հակոբյանը։

Սակայն Մուշեղ Հովսեփյանը կարծում է, որ չհրապարակելու դեպքում կոռուպցիայի ռիսկն ավելի մեծ է։ «Որովհետեւ բանաձեւը փաստացի այս պահին հաստատված է նախարարության եւ իր կողմից ստեղծված «Նորք» հիմնադրամի պայմանագրով, եւ նախարարը, որպես պայմանագրի կողմ, իր հիմնադրամի հետ համագործակցամբ կարող է ցանկացած պահի փոխել բանաձեւը, եւ այդ բանաձեւի փոփոխության մասին որեւէ մեկը չիմանա»,- ասում է նա։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի նախագահի խոսքով՝ այդ բանաձևի ստեղծումը և կիրառումը ոչ իրավաչափ է, քանի որ որեւէ իրավական ակտով սահմանված չէ այն։ «Չկա որեւէ օրենք, կառավարության որոշում, նախարարի հրաման, որով այդ բանաձեւը գրված է, այսինքն՝ նախարարությունն ապօրինի է դա արել»,-  նշում է նա՝ հավելելով, որ արդեն մոտավորապես 30 հազարից ավելի մարդու ֆունկցիոնալություն է գնահատվել այդ բանաձեւով։

Նախնական դատական նիստերի ընթացքում նախարարության տրամադրած տեղեկություններից կազմակերպությանը պարզ է դարձել, որ անձի ֆունկցիոնալությունը գնահատելու բանաձևում ներառված չեն միջավայրային գործոնների ազդեցությունները, մինչդեռ, ըստ հայցվոր կողմի՝ հաշմանդամությունը առողջական վիճակի եւ միջավայրային գործոնների փոխազդեցության արդյունքն է, իսկ բանաձեւում թողել են միայն առողջությունը ու անտեսել են միջավայրային գործոնները։ Մուշեղ Հովսեփյանի պնդմամբ՝ անձի միջավայրային սահմանափակումները գնահատելու իրավական պահանջ է դրված թե՛ Կառավարության որոշմամբ, թե՛ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքով։ 

Վերոնշյալի հետևանքով, ըստ հայցվոր կողմի, ապօրինի է նաև ԱՍՀ նախարարության և ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի հետ կնքած «Պետության կարիքների e-disability տեղեկատվական համակարգի մշակման և ներդրման փաթեթի պետական գնման» պայմանագիրը: 

«E-disability համակարգում միջավայրային գործոնները չներառելով՝ համակարգը ստանում է անձի ֆունկցիոնալության սխալ գնահատական, որի հետևանքով անձը կարող է ճանաչվել հաշմանդամություն չունեցող»,- ասում է Մուշեղ Հովսեփյանը։

ԱՍՀ նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը նշում է, որ անձի խնդիրը գնահատելու 3 բաղադրիչ ունեն․ առաջինն առողջականն է, որը խիստ չափելի է և հիմնված է բժշկագիտության վրա, հաջորդը մարդու մասնակցությունը և գործունեությունը գնահատելու բաղադրիչն է, որը չափվում են այն սարքավորումներով, որոնք դրված են գնահատման սենյակներում, օրինակ՝ անձանց քայլեցնում են, վազեցնում են և ըստ այդմ՝ գնահատական տալիս։ Բացի այդ՝ այս բաղադրիչը չափելու համար նախարարությունը գնել է միջազգային թեստեր։ Իսկ վերջինը միջավայրային գործոնը չափելու բաղադրիչն է, որը, ըստ Աննա Հակոբյանի, ամենաանհստակ չափելիություն ունեցող բաղադրիչն է։ 

«Աշխարհում չկա այնպիսի մեթոդաբանություն, որ կարողանա շատ օբյեկտիվ գնահատի միջավայրային գործոնի ծանրությունը 0-4 սանդղակով։ Միջավայրային գործոնները գոնե մեր ուսումնասիրած երկրներում հաշվի չեն առնում հաշմանդամության ծանրության աստիճանը որոշելու համար»,- ասում է Աննա Հակոբյանը։ Վերջինիս խոսքով՝ թեև բանաձևում չեն ներառել միջավայրային գործոնը, սակայն ունեն հզոր գործիքակազմ, որը չափում է, թե ինչ խնդիր ունի մարդը միջավայրում։ 

«Առաջինն ինքնագնահատման թերթիկն է, երկրորդը՝ ունենք մեթոդաբանություն և ունենք միջավայրային գործոնը գնահատելու հարցաշար։ Եվ այս ամբողջ տեղեկատվությունն օգտագործվում է ծառայությունների անհատական ծրագիր մշակելու համար»,- նշում է Աննա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ֆունկցիոնալության գնահատման համակարգը չպետք է միայն հաշմանդամության կարգավիճակի սահմանման համատեքստում դիտարկել, այլ նաև ծառայություն տրամադրման համատեքստում։ «Հաշմանդամության կարգավիճակ նախորդիվ էլ սահմանվում էր, բայց հիմա դրանից զատ մեր նպատակն է ծառայություններն ուժեղացնելը և մենք արդեն նոր ծառայություններ ունենք ներդրած՝ անձնական օգնականի, տնային խնամքի և այլն»,- ասաց Աննա Հակոբյանը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության նախագահ Մուշեղ Հովսեփյանն ասում է՝ մինչև դատարան հայց ներկայացնելը բազմաթիվ անգամներ այս խնդիրները բարձրաձայնել են նախարարությունում, սակայն արդյունքի չեն հասել։ Աննա Հակոբյանն էլ դատարանի դահլիճում հայտնեց, որ նախարարությունը բաց է համագործակցությունների, առաջարկների համար։ Նա նշեց, որ հաշմանդամության սահմանման որոշումը բողոքարկելու մեխանիզմներ կան․ առաջին փուլում նախարարությունն է վերանայում, երկրորդ փուլում անձը կարող է դիմել դատարան։ Ըստ նրա՝ շուրջ 7800 բողոքարկումներ կան, որոնցից շուրջ 400-ը վերադասության կարգով նախարարությունն է վերանայել, 17-ը՝ դիմել են դատարան։ 

Նախարարության ներկայացուցիչը չի ժխտում, որ համակարգի կիրառման տեսանկյունից կարող է լինեն խնդիրներ և թերացումներ, սակայն վստահ է, որ համակարգը անխոցելի է։ Սակայն Մուշեղ Հովսեփյանը կարծում է, որ խնդիրներ կան թե՛ համակարգում, թե դրա կիրառման մեջ։ «Քաղաքացին հաշմանդամության ֆունկցիոնալության գնահատումից հետո ստանում է վարչական ակտ, որը մոտ 1 էջանոց փաստաթուղթ է, որտեղ նշվում է տոկոսը, ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ ծանր է, խորն է, թեթեւ է, միջին է եւ այլն։ Եվ քաղաքացին բովանդակային առումով չի հասկանա, եւ մենք եւս, որպես կազմակերպություն, եթե քաղաքացին գա մեզ մոտ, չենք կարող հասկանալ՝ այդ գնահատումը տվյալ քաղաքացու դեպքում ճի՞շտ է արվել, թե՝ ոչ, որովհետև քաղաքացին տեսնում է միայն մեկ թիվ, եւ թե այդ թիվը ոնց է ստեղծում, ոչ ոք չի իմանում»,- ասում է Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ այս պահին 17 դատական գործ կա, բայց նախկինում շատ ավելի շատ էին այդ գործերը, և ըստ նրա՝ պատճառը ոչ թե այն է, որ համակարգը շատ լավն է, այլ այն, որ չկա մեխանիզմ։ «Մենք էլ ունենք անհատական գործեր, որոնք գնացել են դատարան, բայց դատարանում հայտնվել ենք փակուղում, որովհետեւ դատավորը եւս չի կարողանում հասկանալ, թե որոշումը ճիշտ է կայացվել, թե՝ ոչ, որովհետև ինքն էլ չգիտի՝ այդ բանաձեւը ինչպե՞ս է աշխատում»,- նշում է Մուշեղ Հովսեփյանը։ 

Այս մասով Աննա Հակոբյանը հայտնեց, որ նախարարությունում քննարկումներ է ունեցել և արդեն մի քանի օր է՝ հաշմանդամության սահմանման պատճառաբանական մասը, հիմնավորումները նշվում են որոշման մեջ։ Սակայն պատճառաբանական մասը դեռևս հասանելի չէ քաղաքացիներին, այն e-disability համակարգում է հրապարակվում, թեստավորման փուլում է, և հասանելի է միայն նախարարության աշխատակիցներին։ Աննա Հակոբյանի խոսքով՝ այդ համակարգում քաղաքացիների անձնական էջեր են նախատեսում ստեղծել, և դրանց ստեղծումից հետո քաղաքացիներն էլ կկարողանան հասանեիլություն ունենալ որոշման պատճառաբանությանը։ Սակայն հաշմանդամության սահմանման կոնկրետ բանաձևի հանրայնացում նախարարությունը չի նախատեսում իրականացնել։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության նախագահ Մուշեղ Հովսեփյանը վստահ է, որ իրենց հայցի բոլոր կետերը բավարարելու է դատարանը և ըստ նրա՝ նախարարությունը հիմնավոր հակափաստարկներ չի ներկայացրել։ Գործով հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 7-ին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter