HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճամբարակի համայնքապետարանը սպասում է մարզպետի աշխատակազմին՝ անձրեւից տուժած շենքի բնակիչներին օգնելու համար

Ճամբարակի Տիգրան Մեծի 30 հասցեի շենքին պպատճառված վնասները դեռ ամբողջությամբ չեն փոխհատուցվել։ Հուլիսին տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով վնասվել էին շենքի բնակարանները։ Համայնքապետարանի հայտարարած մրցույթում հաղթած երեւանյան «Շին Բարեկարգում» ՍՊԸ-ն պետք է վերանորոգեր Տիգրան Մեծի 30 շենքի տանիքը։ Շենքը 4 հարկից է, որտեղ 4 տասնյակ բնակարան կա։

Այս թեմային անդրադարձել ենք օգոստոսին։ Գրել էինք, որ հուլիսի 5-ին շինարարն ամբողջությամբ հանել էր շենքի տանիքի ազբեստե թիթեղները, որպեսզի դրանք փոխարինի մետղական թիթեղներով; Բնակիչները «Հետքին» հայտնել էին, որ ընկերությունը քանդել էր տանիքն ու գնացել, ինչից հետո մի քանի անգամ տեղատարափ անրձեւներ էին տեղացել։ Ջուրը լցվել էր 4-րդ հարկի բնակարանները, այնուհետ անցել նաեւ մյուս հարկերի բնակարաններ։ 

Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արտակ Ստեփանյանի փոխանցմամբ՝ ընկերությունը շինանյութի տեսքով որոշակի օգնություն է տրամադրել բնակիչներին։ Իսկ համայնքապետարանը դեռ սպասում է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի արձագանքին։

Ստեփանյանի խոսքով՝ դեռ հուլիսին համայնքապետարանը համատեղ հանձնաժողով էր կազմել մարզպետի աշխատակազմի հետ, գույքագրել են բոլոր բնակարանների վնասները։ Գնահատել են ոչ միայն Տիգրան Մեծի 30 հասցեի, այլեւ տեղումների հետեւանքով համայնքին հասցված վնասները։

«Հաշվի առնելով, որ շինարարը որոշակի միջամտություն արդեն արել է, կարծես թե, հետեւանքները մեղմվեցին, առանձնապես կարիք չեղավ դիմելու Կառավարությանը, տեղական մակարդակով հնարավոր եղավ կազմակերպել։ Սպասենք, տեսնենք, եթե մարզպետարանը որոշակի օգնություն տրամադրի, համայնքապետարանն էլ է նախատեսել, սակայն դրանից առաջ եւս մի ուսումնասիրություն կկատարեն»,- նշում է Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը։ 

Ուսումնասիրությամբ պիտի հասկանան, թե շինարարի օգնությունից հետո ինչ վիճակում են բնակարանները։ Բայց դա անելու են այն բանից հետո, երբ «Շին Բարեկարգում» ՍՊԸ-ն ամբողջությամբ կավարտի տանիքի վերանորոգումը եւ ավարտական ակտ կներկայացնի։

Այնինչ շինարարը, ըստ բնակիչների, դեռ չի ավարտել տանիքի վերանորոգումը։ 

4-րդ հարկի բնակիչներից Մարինե Պողոսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ շենքի վրա ժամանակավոր ծածկ է դրվել, բայց անձրեւաջրերը շարունակում են լցվել իրենց տուն՝ բաղնիքում կաթում է, բնակարանի միջնապատերից մեկը թացացել է, ու հոսանքը թրթռում է: 

Անդրադառնալով շինարարի կողմից տրված փոխհատուցմանը՝ բնակիչն ասում է, որ այն բավարար չէ ամբողջ տան վերանորոգման համար։ Մանրամասնում է, որ «Շին Բարեկարգում» ՍՊԸ-ն իրենց 7 պարկ գիպսոնիտ է տվել, ապա ավելացրել 10 պարկ գիպսոնիտի գումար, 25 լիտր լատեքս ու պաստառներ 3 սենյակի համար։ 

Էական վնասներ կրած բնակարանը, սակայն, այդքան շինանյութով հնարավոր չէ վերանորոգել։ Տան հատակը, դռները ուռել են, առաստաղի պանելները բացվել են: Բաց պանելների միայն մի հատվածը վերանորոգելու համար ամենաքիչը 1,5 պարկ գիպսոնիտ են օգտագործել։ 

Տեղատարափ անձրեւից վնասվել էին նաեւ Մարինեենց բնակարանի հաղորդալարերը։ Դրանք փոխել են իրենց միջոցներով։ 

Բնակչի տեղեկացմամբ՝ շինընկերությունից նախորդ շաբաթ այցելել են շենք ու բնակիչներին դիմել, որ ստորագրեն շինանյութի տրամադրման թուղթը։ Մարինեի ասելով՝ ստիպված են ստորագրել, սակայն նախքան դա ինքը շինարարին առաջարկել է մտնել իր տուն ու տեսնել պատճառած վնասի ծավալները։

«Միլիոնների վնաս են տվել, բայց 100 հազարի բան են տվել, բա քո խի՞ղճը,- ասում է մեր զրուցակիցն ու ավելացնում,- ո՛չ պատ կա, ո՛չ պոլ կա, ո՛չ պատալոկ կա. 17 մեշոկ շինանյութը 3 սենյակին հերիքելո՞ւ ա»։ Մարինե Պողոսյանի ընտանիքն անցած տարի էր վերանորոգել բնակարանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter