
«Արդյոք սա համարձակությամբ անդունդ ցատկել չէ». գիտության ոլորտի մարդիկ քննադատում են իրենց վերաբերող նոր օրինագիծը
Սեպտեմբերի 16-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) հանրային քննարկման է դրվել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագիծը, որի հեղինակը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն է: Քննարկմանը հատկացվել է 2 շաբաթ՝ մինչեւ հոկտեմբերի 1-ը:
Սեպտեմբերի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Earlyone եւ LimeTech ընկերությունների հիմնադիր, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Գեւորգ Սաֆարյանը մտահոգիչ համարեց ներկայացված օրինագիծը՝ գործընթացը համեմատելով Հայաստանի կողմից «Սու-30» ինքնաթիռների ձեռքբերման հետ: «Այս պրոցեսը կարելի է համարել «Սու-30» ինքնաթիռների դուբլ 2: Բոլորս ականատես եղանք, թե ինչ ոգեւորություն առաջացրեց այդ ինքնաթիռների ժամանումը Հայաստան, անվտանգության ինչ հույսեր ծագեցին տարբեր պատճառներով, բայց արդյունքում ոչ մի կրակոց, ոչ մի հրթիռ չարձակվեց»,- նշում է Սաֆարյանը:
Նա ստեղծված իրավիճակն առաջին հերթին պայմանավորում է ռազմավարությունների, տարբեր ռեսուրսների ճիշտ հաշվարկ չանելու եւ այլ հանգամանքների հետ: Շրջանառության մեջ դրված օրինագծում այդ ամենը բացակայում է, փոխարենը, ըստ Սաֆարյանի, առաջարկվում է մի օրենք, որը բերելու է համակարգային մեծ փոփոխություններ՝ առանց հստակ նպատակների ու ռազմավարությունների:
«Այս գործելաոճը կարելի է անվանել թերի, որովհետեւ եթե ունակ չես ճիշտ կառավարել պրոցեսները, օբյեկտները, ապա արդյունքը կարող է անդառնալի լինել: Ավելացնեմ՝ սա տարրական դասագրքային մոտեցում է: Չանելով այն «տնային աշխատանքը», որ պիտի արվեր՝ նման մեծ փոփոխությունները, որ բերվում են այս օրենքով, կարող են ազգային անվտանգության խնդիր առաջացնել»,- ասում է «Գիտուժ» նախաձեռնության անդամը:
Robomart ընկերության համահիմնադիր, գլխավոր տեխնոլոգիական տնօրեն, «Գիտուժի» անդամ Տիգրան Շահվերդյանի դիտարկմամբ՝ նախաձեռնությունն իր ստեղծման օրվանից խոսել է գիտությունը պետության կարիքներին ծառայեցնելու մասին: Եվ պատահական չէ ընտրված կարգախոսը՝ «Հզոր գիտություն՝ ուժեղ պետություն»: Վերջին 3 տարիներին անընդհատ խոսել են արագ եւ հավակնոտ փոփոխությունների անհրաժեշտության մասին: Բայց տպավորություն է, որ կարգախոսի միայն առաջին մասն են հասկացել, այն էլ շատ դանդաղկոտ են այդ հարցում: «Հզոր գիտության եւ ուժեղ պետության կապը չկա»,- նկատում է նա:
ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի խոսքով՝ եթե անգամ դիտարկենք, որ օրենքի դրույթները ձեւակերպվել են լավ մղումներով, դրանց իրականացման ռիսկերը գնահատված չեն: Ասում է՝ չի ցանկանում նորից խոսել այն թեմայից, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել են, որ նախքան օրինագծի հրապարակումը ռիսկերի գնահատում պետք է արվի, վերլուծություն, այլընտրանքային տարբերակներից լավագույնի ընտրություն: Այնինչ ստացվում է, որ ընդունում կամ քննարկման ենք դնում օրենքներ, որոնք զրոյական վիճակում են՝ լավ չպատկերացնելով ռիսկերն ու ձախողման հետեւանքները:
Ըստ Առաքելյանի՝ օրինագիծը չի տեղավորվում գիտական համայնքի պատկերացումների մեջ: Նա որպես օրինակ նշում է այն դեպքը, երբ գիտական ինստիտուտը դրամաշնորհային ծրագրով դիմում է Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեին: Վերջինը պահանջում է շատ լավ հիմնավորել արդի վիճակը, ձեւակերպել նպատակներն ու ակնկալվող արդյունքները: Գիտնականի դիտարկամբ՝ օրենքի պարագայում այդ ամենը պետք է ավելի հանգամանալից արված լինի, մինչդեռ օրինագծի հիմնավորման տեքստում ընդհանուր բառեր ու ցանկություններ են, որոնց հիմքում փաստեր չկան:
Գիտական հիմնարկի տնօրենը նկատում է, որ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեին ներկայացված դրամաշնորհային հայտը մի քանի փուլ է անցնում, իսկ հաստատումը լինում է ամիսներ անց, հետեւաբար հարց է ծագում, թե ինչու է կարեւոր օրինագծի քննարկման համար ընդամենը 2 շաբաթ հատկացվել:
«Կարծում եմ՝ այս դեպքում ոչ այնքան կարծիք լսելը, որքան պաշտոնական պրոցեսն ապահովելն է, որը օրենքից է բխում: Ավելացնեմ դրան՝ ինչպե՞ս եղավ, որ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպեց համալսարանների ռեկտորներին, նախագիծը ներկայացրեց ու քննարկեց, բայց չհանդիպեց ո՛չ Ակադեմիայի նախագահության, ո՛չ էլ գիտահետազոտական ինստիտուտների տնօրենների հետ»,- ասում է Արսեն Առաքելյանը: Նրա խոսքով՝ օրինագծի ամենամտահոգիչ մասն այն է, որ գիտությունը ստորադասվում է կրթությանը: Ասում է՝ ինչքան էլ հավաստիացնեն, թե այդպես չէ, դա հստակ երեւում է բովանդակային, ծավալային, կառավարական մոդելների վերաձեւակերպումներից, այն է՝ օրենքը սպասարկելու է կրթությանը:
Գեւորգ Սաֆարյանի դիտարկմամբ՝ ոլորտը ղեկավարող անձինք կարծրացած մոտեցում ունեն, ինչի դրսեւորում է օրինագծի քննարկմանը երկու շաբաթ հատկացնելը: Ըստ նրա՝ գործ ունենք կառավարման անկարողության հետ, երբ պատասխանատուներն ունակ չեն հիմնավոր մոտենալ խնդրին: Փոխարենը նվազագույնի է հասցվում այն մարդկանց հետ քննարկումը, որոնք ունեն այլ կարծիք:
Տիգրան Շահվերդյանը նշում է, որ օրինագծում կան վատ ձեւակերպված կամ չսահմանված եզրույթներ: Սա, ըստ նրա, խոսում է հապճեպ արված գործի մասին: Հատկանշական է նաեւ օրինագծի քննարկման ժամանակը, որը, կարծես, պատահական չի ընտրվել: Բանն այն է, որ առաջիկայում գիտատեխնոլոգիական մի քանի միջոցառումներ են սպասվում, եւ, ըստ բանախոսի, մեդիադաշտը զբաղված է լինելու դրանց լուսաբանմամբ:
«Արդյոք սա էն հավակնոտ ծրագիրն է, որ շտապողաբար պիտի անենք: Արդյոք սա համարձակությամբ անդունդ ցատկել չէ»,- հռետորական հարց է տալիս նա:
Արսեն Առաքելյանը, ընդգծելով, որ 100 էջից կազմված օրենքը հնարավոր չէ բովանդակային առումով ընդամենը երկու շաբաթում այնպես ուսումնասիրել, որ մտահոգիչ կետերը հայտնաբերվեն եւ լուծում ստանան, նշում է, որ ինքը, լինելով մոլեկուլային կենսաբան, օրենսդրությունից եւ իրավաբանությունից հեռու մարդ, այնուամենայնիվ, կարողացել է տեսնել ռիսկեր կոնկրետ իրենց ինստիտուտի ապագա գործունության վերաբերյալ:
Մտահոգություններից մեկն այն է, որ նոր օրինագծով սահմանված չէ գիտական կազմակերպության ինքնուրույնությունը, եւ այն երկրորդվում է բուհին: Առաքելյանի բնորոշմամբ՝ տպավորություն է, որ պետական մարմինները երկաթե բռունցքով փորձում են իրենց ծրագիրն առաջ տանել:
Գեւորգ Սաֆարյանի փոխանցմամբ՝ Կառավարությունն, առանց նպատակ ձեւակերպելու, փոփոխություններ է ուզում անել կառավարման մոդելի մեջ՝ գիտական ինստիտուտները տանելով համալսարաններ: Բայց հստակ չէ, թե դա ինչի պետք է ծառայի: Բանախոսի համոզմամբ՝ դա ազգային անվտանգության խնդիր է, որն ապագայում ռիսկեր է առաջացնելու՝ բարձրացնելով երկրի կախվածությունն այլ երկրներից եւ ուժերից. «Խոսում ենք անկախության եւ պետականության մասին, բայց կիսատ-պռատ գործելաոճը, հակառակը, մեզ թուլացնում է: Դա նույնն է, որ ոտքից քեզ կրակես, ու սպասես, որ վերքն ինքն իրեն բուժվի»:
«Գիտուժ» նախաձեռնության անդամն ակնկալում է, որ շահագրգիռ բոլոր կողմերը ճիշտ կհասկանան իրենց արձագանքը եւ առնվազն կհետաձգեն այս օրինագծի քննարկումները՝ ներգրավելով ավելի լայն շրջանակների, ու իրենք եւս կարող են իրենց դիրքորոշումները փոխանցել: Այդ դեպքում, ըստ Սաֆարյանի, կարելի է հույս տածել, որ այստեղ այլ միտում չկա, գործընթացն առողջ է եւ միտված դրական փոփոխությունների:
Նկարում՝ Տիգրան Շահվերդյան, Արսեն Առաքելյան, Գեւորգ Սաֆարյան
Մեկնաբանել