HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵՄ-ն դադարեցրել է Վրաստանի իշխանությունների հետ շփումները

Եվրամիությունը Վրաստանի ղեկավարության հետ բարձր մակարդակի հանդիպումները դադարեցնելու մասին որոշում է կայացրել՝ վրացական իշխանությունների ոչ բարեկամական վերաբերմունքի պատճառով։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։

«Այս տարվա հունիսին` մի քանի ամիս առաջ, մենք քննարկում ունեցանք (ԵՄ`խմբ.) անդամ երկրների հետ այն մասին, թե ինչպիսին կլինի մեր մոտեցումը Վրաստանի ղեկավարության նկատմամբ, որը, ինչպես մենք կարծում ենք, առանձնանում է ԵՄ-ի նկատմամբ ոչ բարեկամական վերաբերմունքով, ինչպես կարող ենք հաղթահարել հակաեվրոպական և հակաարևմտյան նարատիվն ու քարոզչությունը, դավադրության տեսությունները։ Մենք որոշել ենք, որ Վրաստանի գործող ղեկավարության հետ բարձր մակարդակի հանդիպումներ չենք ունենա»,- նշել է Գերչինսկին։

Դիվանագետը հավելել է, որ վերջին ամիսների ընթացքում վրացական իշխանությունների հետ ոչ մի շփում չի եղել ոչ իր կողմից, ոչ էլ Վրաստանի կառավարության ներկայացուցիչների կողմից Բրյուսելի հետ:

Եվրամիության ու Միացյալ Նահանգների հետ Վրաստանի հարաբերությունները սկսել են զգալիորեն վատանալ այս տարվա մայիսին Վրաստանի խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո:

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հուլիսի 5-ին հայտնեց, որ ամռանը նախատեսված վրաց-ամերիկյան «Արժանի գործընկեր» զորավարժությունները հետաձգվում են անորոշ ժամկետով՝ ռազմավարական հարաբերությունների վերանայման պատճառով։

Պենտագոնը որոշումը հիմնավորել է նրանով, որ վրացական իշխանությունները հայտարարել են, թե, իբր, Արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, փորձում է Վրաստանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել։ Ամերիկյան կողմը պնդում է, որ նման հայտարարությունները կեղծ են: Նույն պատճառով ԵՄ-ն սառեցրել է 30 միլիոն եվրոյի հատկացումը Վրաստանի պաշտպանության նախարարությանը։ 

Լուսանկարը՝ Kenzo Tribouillard / AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter