
Հաշմանդամության սահմանման բանաձևի իրավաչափության հարցը՝ դատարանում. վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 28-ին
Հոկտեմբերի 28-ին դատարանը կհրապարակի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն՝ ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործով վճիռը։
Հիշեցնենք՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը դիմել էր Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել՝
- անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը որոշող բանաձև ստեղծելը, e-disability էլեկտրոնային հարթակում տեղադրելը և քաղաքացիների նկատմամբ այն կիրառելը,
- այդ բանաձևում միջավայրային գործոնները հաշվի չառնելը,
- նախարարության եւ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի հետ կնքած «Պետության կարիքների e-disability տեղեկատվական համակարգի մշակման և ներդրման փաթեթի պետական գնման» պայմանագիրը:
Նախարարությունն ամբողջությամբ առարկում է ներկայացված հայցադիմումի դեմ։ Հոկտեմբերի 7-ին այս գործով վերջին դատական նիստն էր, նախագահող դատավորն էր Աղասի Դարբինյանը։ Ըստ հայցվոր կողմի՝ հաշմանդամություն ունեցող անձը չի կարողանում հասկանալ, թե ինչ հիմնավորմամբ է իր վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշումը կայացվում, քանի որ Նախարարությունը թաքցնում է բանաձևը, որով համակարգը կայացնում է հաշմանդամության սահմանման որոշումը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը պնդում է, որ բանաձևի հրապարակայնացման դեպքում կոռուպցիոն ռիսկ կլինի։ Նախորդ դատական նիստին նա հայտնեց՝ թեև նախարարությունը չի բացահայտի բանաձևը, այնուամենայնիվ նախարարությունում քննարկումներ է ունեցել և արդեն մի քանի օր է՝ հաշմանդամության սահմանման պատճառաբանական մասը, հիմնավորումները նշվում են որոշման մեջ։ Դատարանը պարտավորեցրել էր նմանատիպ որոշման մեկ օրինակ, որպես ապացույց, ներկայացնել դատարանին։
Վերջին դատական նիստի ժամանակ նախարարությունը ներկայացրեց որոշման օրինակը, սակայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի նախագահ Մուշեղ Հովսեփյանը դա նույնպես խնդրահարույց է համարում։ «Հաշմանդամության սահմանման որոշման հիմնավորման մեջ հղում է տրվում Կառավարության որոշմանը և Նախարարի անհատական որոշմանը, որոնք շատ ընդհանուր են։ Օրինակ՝ Կառավարության որոշման մեջ հավելվածով կա մի կետ, որով ասում է, թե որ աստիճանի դեպքում է սահմանվում հաշմանդամության թեթև աստիճան, իսկ թեթև աստիճան է սահմանվում 4-ից մինչև 25 աստիճանի դեպքում »,- ասում է Հովսեփյանը՝ համոզմունք հայտնելով, որ հաշմանդամության սահմանման որոշման հիմնավորման մեջ այդ իրավական ակտերին հղում տալը որևէ հստակություն և ինֆորմացիա չի փոխանցում անձին՝ հասկանալու համար, թե ինչպես ու ինչ պատճառաբանությամբ է իրեն տրվել համապատասխան կարգը։
Նիստի ընթացքում երկու կողմերն էլ հանդես եկան իրենց եզրափակիչ ճառերով, որոնց ընթացքում անդրադարձ կատարվեց անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը որոշող բանաձևին, նախարարության ներկայացուցիչը շարունակեց պնդել, որ նպատակահարմար չեն համարում այն բացահայտելը, և տեղին չհամարեց համեմատական տանել սոցիալական պաշտպանության այլ ոլորտների գնահատման բանաձևերի հետ, որոնք հրապարակային են։ Անդրադարձ կատարվեց նաև այդ բանաձևում միջավայրային գործոնի չներառման հարցին։ Հայցվոր կողմը պնդեց, որ անթույլատրելի է հաշվի չառնել այդ գործոնի ազդեցությունը, իսկ նախարարության ներկայացուցիչը այն դիրքորոշմանը մնաց, որ միջավայրային գործոնը ամենաանհստակ չափելիություն ունեցող գործոնն է, ինչը շատ երկրներում չեն ներառում։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի տնօրեն Մուշեղ Հովսեփյանը ընդգծեց, որ անձի ֆունկցիոնալության գնահատման այս մոդելը խտրական է։ Ըստ նրա՝ խտրականությունը գուցե եղել է նախարարության ոչ թե նպատակը, այլ արդյունքը։
Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանի՝ անձի ֆունկցիոնալության գնահատման Հայաստանի մոդելի մշակման վրա շուրջ 10 տարի են աշխատել, և այն որևէ այլ մոդելի կրկնությունը չէ։ Նրա կարծիքով՝ այս մոդելը այնքան ստացված և օբյեկտիվ է, որ մի շարք երկրներ, ինչպիսիք են՝ Լատվիան, Լիտվան, Էստոնիան ու Չեխիան, հետաքրքրվել են դրանով։
Կարդացեք նաև՝
Մեկնաբանել