HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոգիս ա՛ն է, որ բիւրաւոր անգամ ձեր ամէնուն ցաւն ապրեցաւ... Սիամանթո (մաս 1)

Աստուածատուրը, որ «կ’երգէ տանջանքը և զայն յոյսի կը փոխէ...»

«Իր լեզուն չնաշխարհիկ աշխարհաբարն է՝ գրաբարի արմատներէն ընձիւղուած: Ադամանդին պէս հղկուած ու մաքուր է: Իր պատկերները սինեմայի մը շարժականութիւն ունին: Անոր ձայնը լռեցուց բոլոր կակազումները: Ան կ’երգէ տանջանքը և զայն յոյսի կը փոխէ»: Իր վտիտ մարմնի մեջ մի հզոր ոգի էր ապրում: Ճիշտ է՝ գրականության դասեր առել էր Սորբոնում, բայց իր բանաստեղծական յուրահատկությունը աստվածատուր էր, ինչպես և Աստվածատուր է իր անունը` կնքված Հովհաննես և Նազենի Յարճանյանների կողմից 1878թ. օգոստոսի 15, թեև շատերը պնդում են թե՝ հունվարի 1-ին: Մայրը նրան սիրում էր Ասատուր կոչել: Ինքն իր անունը կնքեց Ատոմ, Ատոմ Յարճանյան: Իսկ Սիամանթո անունը, որոշ տեղեկությունների համաձայն, ստացավ Գարեգին Սրվանձտյանի կողմից: Եթե մի քիչ խորհրդապաշտական ոլորտներ գնանք՝ գուցե իր ճակատագրի ողբերգականության  ակունքը այս անվանափոխություն էր: Ամեն դեպքում՝ Ատոմ անունով կամ Սիամանթո, նա միևնույն է աստվածատուր է: Նրա գրականությունը աննման է և հզոր, երևակայությունը՝ մեծ, միտքը՝ զորավոր, շարադրանքը՝ պինդ: Այն իր ֆիզիկական կերպարի հակապատկերն է: Որտեղի՛ց էր այդ ոգին: Գուցե իր հայրենի Անկն էր տվել, կամ համիդյան, հետո էլ երիտթուրքական եղեռնների մեջ կործանվող Արևմտահայաստանի վրեժը, Անդրանիկն ու մյուս քաջերը, հայկական ողբերգությունը, որ դարձավ անձնապես իր ողբերգությունը:

Ինքը կռվի դաշտի զորավար չէր, ինչպես Անդրանիկը, ռազմաճակատն ընդհանրապես իր տեղը չէր, պարզ և ցավալի պատճառով՝ ֆիզիկապես անառողջ էր: Բայց ոգին էր առողջ: Աստվածատուր ոգի՝ գունատ, հյուծված մարմնի մեջ: «Ես աս Սիամանթօն չեմ ուզեր, ես ան մարգարէ Սիամանթօն կուզեմ»,- ինքնաբուխ բացականչել է մի ամերիկահայ՝ երկար սպասումից հետո հանդիպելով իր մեծարած պոետին: «Դիւցազնօրէն», «Հայորդիներ», «Կարմիր լուրեր բարեկամէս», «Հոգեվարքի և Յոյսի ջահեր», «Հայրենի հրաւէր» շարքերից  այդ մարդու երևակայության մեջ ձևավորվել էր մի թիկնեղ հսկայի կերպար: Եվ հիմա նա կանգնած է իրական պոետի դեմ դիմաց և բողոքում է ու չի հավատում, որ այդ տկար, հիվանդոտ մարդը զորավոր բանաստեղծություն կերտած Սիամանթոն է: Որքան որ դյուցազնական, մրրկալից և թանձր է իր բառը, տողը, շեշտադրումը, նույնքան վտիտ, դալուկ և անուժ էր ինքը: Կարծես արվեստը քամել էր ուժերը: Որքան հարուստ է իր սիմվոլիզմը, նույնքան՝ աղքատ իր առօրյա-իրական կյանքը: Նա ընդդիմանում էր այդ աղքատությանն արժանապատվորեն: Ոչ ոք և ոչ մի օր նրան չտեսավ փնթի և անխնամ: Այնքան կոկիկ էր և ամեն անգամ հագուստն այնպես արդուկված, կարծես հենց նոր էր դուրս եկել դերձակի մոտից: Այնինչ տարիներ շարունակ նրա հագին միևնույն տաբատն ու բաճկոնն էին: Երբ շատ էր ուզում սուրճ ըմպել, բայց դրամ չուներ, ինքն իրեն հրամայում էր շրջանցել սրճարանի փողոցը: Եղել է անգամ այնպես, որ նյութական անզորությունից ուզեցել է նետվել Սենան: Եվ միայն ընկերոջ մեկ պարզ հարցումը նրան հետ է պահել այդ սխալ քայլից. «Հապա մայրդ»: Բարեբախտաբար նա այլևս երբեք անձնասպանության մասին չմտածեց: Բայց փոխարենը մտածեց հայրը: Եվ նետվեց Բոսֆորի ջրերի մեջ 1905-ին: Պատճառը վերջնական սնանկությունն էր՝ այս անգամ սակարանում արված սխալ հաշվարկների հետևանքով: Ատոմ Յարճանյանը միայն մանկության տարիներին է բարեկեցիկ կյանքով ապրել, երբ ընտանիքով դեռ Ակնում էին՝ իրենց հայրենի քաղաքում և հայրը պատվավոր մարդ էր: Հետո հոր գործերը վատացան, և ստիպված տեղափոխվեցին Կոստանդնուպոլիս: Եվ այդպես սկսվեցին Սիամանթոյի դեգերումները՝ Հունաստան, Եգիպտոս, Շվեյցարիա, Ֆրանսիա...:

Ծաղիկները, Վերհարն ու Ռոդենը

Դեգերումների հետ ընդլայնվեցին նրա ճանաչողության սահմանները, բացվեցին աչքերը կյանքի փորձությունների առջև, խորացավ կարոտն առ հայրենիք: Եվրոպան՝ հատկապես Փարիզը, այդ ժամանակ իր decadence էր ապրում: Նիհիլիզմ, խորհրդապաշտություն, անկմանը դիմակայելու չկամություն: Փարիզի օդը լեցուն էր այս ամենով: Նույն ժամանակ Փարիզից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող Պոլսի օդը լեցուն էր տագնապով: Արդեն կատարված էր համիդյան եղեռնը և նոր եղեռնի սպասումը կար: Ատոմ Յարճանյանն այս երկու իրողությունների մեջտեղում էր: Բոհեմական, հիվանդացնող Փարիզի և ծանր, էլի՛ հիվանդացնող, բայց և  ընդվզման դրդող Պոլսի միջև: Նրան օգնեց ծաղկաբույծը: Չգիտես ինչու, մինչև Սորբոն մտնելը, Ժնևում ծաղկաբուծություն էր սովորել: Նա շատ էր սիրում ծաղիկներ: Գուցե, որովհետև ծաղիկները, մի տեսակ հակակշիռ էին իրականությանը: Դրանք այն էին, ինչով ծածկված պետք է լիներ երկրագունդը, մինչդեռ ծածկված էր մարդկային դիերով, հատկապես իր հայրենիքում: Ծաղիկներ, Վերհարն և Ռոդեն: Գեղեցկությունը գտնում էր ծաղիկների մեջ, մարդուն զգում էր ինչպես Ռոդենը և համամիտ էր Վերհարնի հետ: Չնայած իր տետրակում գրի էր առել և «հանճարներու» դասին կարգվածների այլ անուններ՝ Բուդդա, Պլատոն, Քրիստոս, Հոմերոս, Նարեկացի, Խայեամ, Ֆիրդուսի, Դանթէ, Շէքսպիր, Մոլիէր, Գէօթէ, Հիւգօ, Պօ, Դոստոեւսկի, Իբսէն, Զօլա,  Տոլստոյ….  Մեթեռլինգի ու Բոդլերի անունները  գրել, բայց ջնջել էր:

Հանդիպում գնացքի կայարանում. սեր առաջին հայացքից

Շուտով վերը նշված իր հոգևոր բարեկամների անունների կողքին հայտնվեց Սաթենիկ Ջաղեթյանը, որի ազգանունը գրում էր Շաղեթեան: Այդպես նրան դուր էր գալիս: Երևի իր ականջին, զուտ բարեհնչության առումով այդպես ավելի լավ էր, կամ, գուցե և պարզապես կամակորություն էր իր կողմից:

Նրանք ծանոթացան Լոզանում, որտեղ օրիորդը, որ Թիֆիսից էր, բժշկություն էր ուսանում, իսկ պարոնն էլ եկել էր բուժվելու հյուծախտից: Երկաթգծի կայարան՝ Յարճանյանին դիմավորելու եկած հայ ուսանողների մեջ միակ նորելուկը Սաթենիկն էր: Նա մեկ տարի է, ինչ Շվեյցարիայում էր և դեռ առիթը չէր ունեցել Սիամանթոյին հանդիպելու: Երբ գնացքը կանգնեց, շարժակառքի պատուհանից երևաց բարձրահասակ, հաճելի դեմքով, չափազանց նիհար ու գունատ երիտասարդը: Կառամատույցին հավաքված ուսանողները մեծ ցնծությամբ ողջունեցին նրա գալուստը: Սաթենիկը բանաստեղծի ժպիտի մեջ անմիջապես թախիծ որսաց, իսկ նրա հաճելի բարիտոնի ելևէջների մեջ ինչ-որ անբացատրելի ծանրություն: Երբ ուսանողները Սաթենիկին ներկայացրին Սիամանթոյին, վերջինս միանգամայն զարմացած և անկեղծորեն ասաց. «Հայ աղջիկներու մէջ ասա՞նքն ալ կ’ըլլայ…»: Ջաղեթյանն անմիջապես գերեց նրան: Դա սեր էր առաջին հայացքից. այն տաք, մեղմ, բարի հոգեվիճակն էր, որ առաջանում է անհասկանալի կերպով և որ երբեք ոչ ոք ստույգ չի կարողացել բացատրել, թե ինչու: Շուտով Սիամանթոն Լոզանից մեկնեց առողջարան Լեյզեն` «յոյսով զեղուն, արեւով խենթ եւ անուրջով երջանիկ»: Նա այսպես էր բնութագրել իր հոգեվիճակը: Մեկնելուց առաջ այն տան տիրուհուց, որի մոտ բնակվում էր Սաթենիկը, խնդրեց օրիորդի լուսանկարը՝ խոստանալով վերադարձնել: Լուսանկարը ստացավ, բայց  խոստումը  չկատարեց: Այնպես որ, Սաթենիկի  նկարը իբրև թալիսման գրպանում, նա ապաքինվելու վճռականությամբ մեկնեց առողջարան: Նրա սրտի մեջ տաքուկ մի բան էր մտել, մի անուշ գաղտնիք, մետաքսի պես փափուկ և հաճելի  մի զգացում, որը նրան ապրելու ցանկություն էր տալիս: Հիմա նա կարող էր դիմակայել և ջախջախել հիվանդությանը:

Պի՛տի ապրիմ, պի՛տի ապրիմ...

Սիամանթոն անզիջում պայքարի էր բռնվել  հյուծախտի հետ: Նրա ընկերները  և հայտնի մտավորականներ Արշակ Չոպանյանը, Մինաս Չերազը, Ռուբեն Սևակը, Ավ . Իսահակյանը, Երվանդ Օտյանը և այլք ամեն կերպ քաջալերում էին նրան, Սաթենիկի նամակները՝ ամրացնում: Մինաս Չերազը  նրան ասել է. ««Դիւցազնօրէնը» գրողը երիտասարդ չի մեռնիր»: Մասնագիտությամբ բժիշկ և մեծ բանաստեղծ Ռուբեն Սևակը հիացած գրել է. «Այդ ջղուտ եւ անհանդարտ երիտասարդը ամբողջ երկու տարի ամէն օր, ամէն ցերեկէ վերջ, երկու երկար ժամով բաց օդին մէջ փռեց, անշարժացուց, քարացուց իր վտիտ մարմինը, արեւուն տակ անմահութեան համար հասունացող մումիայի մը պէս: Հնազանդ տղու մը նման առտու–իրիկուն կանոնաւորապէս չափեց իր ջերմութիւնը: Միայն թէ ամէն անգամ, երբ չափազանց բարձր էր ջերմաչափը, կրկին կը ցնցէր ու  կ’իջեցնէր զայն, ոտքերը ուժգին-ուժգին գետնին զարնելով ու «պիտի ապրիմ, պիտի ապրիմ» պոռալով: Ու շաբաթն անգամ մը , երբ իր ծանրութիւնը չափելու համար կը մօտենար ճակատագրական նժարին, չէր մոռնար կանխաւ քանի մը գիրք պահելու իր գրպաններուն մէջ, անոնց կշիռովը ինքզինքն ու իր բժիշկը խաբելու համար»: 

Նրան այնքան անհրաժեշտ էր իր առողջության բարելավման մասին այդ սուտը: Նա որոշեց, որ պիտի ապրի, և դրա համար մի քանի ծանրակշիռ պատճառ կար. նախ երիտասարդ էր, հետո մեծ պոետ էր արդեն, հանճարեղ գործերի հեղինակ, և ասելիքը դեռ չէր ավարտել, հայրենիքը վտանգի մեջ էր, իսկ ինքը, եթե ոչ ֆիզիկապես, ապա հոգեպես և բարոյապես նոր գրվելիք իր  փոթորկուն բանաստեղծություններով պիտի կանգներ իր հայրենիքի թիկունքին և իր ժողովրդի կողքին, մայր, քույրեր և կրտսեր եղբայր ուներ, որոնց իրավունք չուներ այդչափ վշտացնել, և, վերջապես, սիրահարված էր Սաթենիկ Ջաղեթյանին, և կյանքը  լեցված  էր մեկ այլ գույնով: Մի խոսքով, մեռնելու ժամանակը չէր: Հետո մեռնելը ամենահեշտ  բանն էր, դժվարը՝ ապրելն էր, և նա ընտրեց վերջինը: Լեյզենի առողջարանում սկսեց հուսադրել մյուս  թոքախտավորներին և լավատեսական մթնոլորտ  ստեղծել մահվան դատապարտված հիվանդների շրջանում: Ուրիշներին ուժ տալով, նա ինքն ուժեղանում  էր: Շվեյցարիայի  հայ ուսանողների համար Սիամանթոյի առողջության մասին լուրը դարձել էր ամենակարևորը: Նրանք իրենց հերթին ամեն միջոցով քաջալերում էին բնաստեղծին: Սիամանթոն երբեք չմոռացավ երիտասարդներից ստացած զատկական համեղ և սննդարար նվերը՝  մեծ շոկոլադե  հավը իր ճուտերով: Եվ իհարկե բազում  նամակները և բացիկները  շուտափույթ ապաքինման մաղթանքով: Այդ թվում և Սաթենիկի կողմից: 

«Ջ»-ի եւ «Շ»-ի աճպարարությունը  

Մադմուազել Ս. Ջաղեթեան, Էնինի 10, Լոզան, Շուէյցարիա. «Օրիորդ Շաղեթեան, ինչպէս ժամանակ կրնաք  գտնել այդչափ  բարի ըլլալու համար»: Մանր, դժվար ընթեռնելի ձեռագրով գրած այս մեկ նախադասությունը, ըստ էության, սիրո խոստովանության նախերգանքն  էր: Նրա հոգում նոր ծնվող ջերմ զգացումները  Լոզանի բժշկական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհի Սաթենիկ Ջաղեթյանի նկատմամբ այն շատ անձնական դրդապատճառն էր, որ արագացրեց առողջարանական Լեյզենից Լոզան իր անսպասելի վերադարձը: Սաթենիկը ոչինչ չէր ենթադրում: Նրա ուշադրությունը ամբողջապես իր դասագրքերն էին և մտածմունքը դիահերձարանում տեսածները, որ անընդհատ հետապնդում էին խեղճ աղջկան վատ երազի պես: Ժամանակ հետո Սիամանթոն Սաթենիկին կառաջարկի. «Ադ քո բժշկութիւնը թող, ինչ գործ ունիս մեռելներուն հետ, երբ ինքդ այնքան կսիրես, կհետաքրքրվիս ու կհասկնաս  գեղարուեստը»:    

  Սաթենիկի մեկ ուրիշ դարպասողը

Գրականության եւ արվեստի թանգարանի պահոցում, Սիամանթոյի թղթերի մեջ մի հետաքրքիր գրություն կա: Դրանից պարզվում է, որ Սիամանթոն համարձակություն չի ունեցել խոստովանել Սաթենիկին իր սերը: Դա նրա փոխարեն արել է իր ընկերը՝ բանաստեղծ և մանկավարժ Արամ Չարըգը: Շատ հետաքրքրի պատմություն է:  Բանն այն է, որ բանաստեղծ Արամ Չարըգը նույնպես սիրահարված է եղել Սաթենիկին, նրանք հանդիպել էին Դիլիջանի  մոտակայքում գտնվող մոլոկանների  Նիկիտինո գյուղում: Արամը օրիորդին բանաստեղծություն էր նվիրել՝ «Նիկիտինոյի եղնիկը» վերնագրով: Չարըգի դարպասումները  շարունակվել են Եվրոպայում՝ թատրոններ, ճաշարաններ, ծաղիկներ… Բայց երիտասարդի բոլոր ջանքերը և «ծախսերը» իզուր էին: Սաթենիկը բացարձակապես չէր համակրում նրան: Եվ մի գեղեցիկ օր, Արամը, անտեղյակ Սիամանթոյի զգացմունքներից, բացում է սիրտը՝ պատմելով Սաթենիկի նկատմամաբ իր սիրո մասին: Դեմ դիմաց հայտնվում են միևնույն կնոջը սիրահարված երկու երիտասարդ: Սաթենիկին սիրահարված Սիամանթոն լսում է նույն  աղջկան սիրահարված Արամի պատմությունը  և ասում. «Երկու տարի կը տառապիմ ու չեմ յանդգներ օրիորդին յայտնել  իմ զգացմունքներս: Կը ջանամ ապաքինիլ, ուժ հաւաքել սիրտս բանալու համար: Անոր  շնորհիւ է, որ կ’ապրիմ և ոեւէ մէկուն իմ սէրս չեմ զիջիր»: Արամ Չարըգը հուզվում է. «Իմ սէրս կը զիջեմ մեծ բանաստեղծին: Որքան համեստ, մեղմ, փափկանկատ մարդ ես դուն, ես նամակաւ կը յայտնեմ այս մասին օրիորդին»:

 Իմ բանաստեղծութիւնները անկողնու մէջ կարդալու չեն...

Եվ այսպես՝ Սաթենիկը և Սիամանթոն կրկին հանդիպում են Ժնևում: Նրանք  արդեն գիտեն, որ  երկուսն էլ գիտեն: «Մարդուն ամէնէն մեծ երջանկութիւնն է տեսնել գեղեցիկը, վայելել  գեղեցկութիւնը, թող աս աստղերը ըլլան  վկան իմ մեծ սիրոյս»: Սիամանթոն վայելում էր Սաթենիկի գեղեցկությունը, մարդկային հմայքը: Սաթենիկն էլ առավելապես վայելում էր մեծ բանաստեղծի ներկայությունը: Սիամանթոն հրաշալի զրուցակից էր և նուրբ հումորի տեր մարդ, կյանքի գրեթե բոլոր հարցերում՝ նաև բծախնդիր: Մի անգամ Ժնևում Սիամանթոն հանդիպում  է մի ռուս ծանոթի, ոգևորված պատմում Սաթենիկի մասին և խոստանում  ծանոթացնել նրանց: Սաթենիկը շտապում է ժամադրավայր: Բայց հեռվից նրան տեսնելով՝ Սիամանթոն թևանցուկ է անում իր ռուսին և հեռանում: Այ քեզ բան, ի՞նչ պատահեց, մտածում է Սաթենիկը և մտքում հազար ու մի բան տալիս- առնում:  Երեկոյան ամեն ինչ պարզվում  է: Բանն այն է, որ Սիամանթոն այդ օտարերկրացուն իր ընկերուհու մասին այնպիսի շշմելու բաներ է պատմել, ընդհուպ՝ թե ինչ ճաշակով է նա հագնվում: Իսկ, հակառակի պես, այդ օրը Սաթենիկը գալիս է ժամադրության, Սիամանթոյի պատկերացմամբ, ոչ պատշաճ հագուստով: Վերջինս էլ որոշում է ուղղակի նրանց չծանոթացնել: Մեծ պոետի խենթություն: Սաթենիկը երբեմն Սիամանթոյին չէր հասկանում: Բնական է, նա ամբողջապես սովորականությունից դուրս  էր,  ուրիշ էր, ինչպես ուրիշ են իր բանաստեղծությունները, որ «... անկողնու մէջ  կարդալու չեն»: 

1906թ. փետրվարին Օրիորդ Ջաղեթյանը մեկնում է տուն՝ Թիֆլիս  արձակուրդի: Կայարանում ճանապարհելիս՝ Սիամանթոն  ասում է. «Ժամանակը և տարածութիւնը կը սարսափեցնեն զիս»: Նախազգացում էր դա, թե սովորաբար բաժանվելիս ասվող  հերթապահ նախադասություն: Հետո կերևա: Ամեն դեպքում Սաթենիկը շատ երկար ճանապարհ պետք է կտրեր տուն հասնելու համար: Եվ այդ ճանապարհին  ընկավ  մի քիչ արկածային, մի քիչ տհաճ պատմությունների մեջ: 

Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից

Շարունակություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter