HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոգիս ա՛ն է, որ բիւրաւոր անգամ ձեր ամէնուն ցաւն ապրեցաւ... Սիամանթո (մաս 2)

սկիզբը

Սաթենիկը՝ «մաքսանենգ»

Սաթենիկը Մյունխենից հասավ Վիեննա: Մինչև Թիֆլիսի մեկնող գնացք բարձրանալը՝ ժամանակ ուներ: Նրա մտքերը Սիամանթոյի հետ էին: Եվ վստահ էր, որ դա փոխադարձ է: Սաթենիկը մտավ խանութ, ընտրեց Սիամանթոյի սիրած ոճի փողկապ մի փորագրանկար՝ գրավյուր, և  մոտեցավ Մյունխեն մեկնող գնացքին, գտավ մի ուղևորի, որ ճանապարհը շարունակելու էր  մինչև Ժնև՝  հարցրեց  արդյոք կարող է այս փոքրիկ կապոցը հանձնել այսինչ հասցեում բնակվող Ատոմ Յարճանյանին, ստացավ դրական պատասխան: Այդ պատրաստակամ  ուղևորը  մի հրեա ուսանող էր, որ վերադառնում էր համալսարան: Դեպի Թիֆլիս ընկած ամբողջ ճանապարհին Սաթենիկը պատկերացնում էր, բեմադրում այն տեսարանը, թե ինչպես է Ատոմը բացում  կապոցը և տեսնում իր սիրելի աղջկա կողմից հոգածությամբ ընտրված նվերները և  շոյվում: Դա պետք է որ հաճելի անակնկալ լիներ նրա համար: Սաթենիկը դեռ չգիտեր, որ խորամանկ ուսանողը ի սկզբանե որոշել էր Սիամանթոյին հասցեագրած կապոցը ուղղակի յուրացնել: Բայց սա չարիքների փոքրագույնն էր: Եվրոպա-Կովկաս ճանապարհին` զենք թաքցնելու կասկածանքով, Սաթենիկին խուզարկում են և առգրավում բոլոր ձեռագրերը, այդ թվում և Սիամանթոյի նամակները:

Ներքին տագնապ

Առաջին նամակը, որ Սաթենիկը ուղարկեց Սիամանթոյին Կովկասից լիքն էր տագնապով: Սիամանթոն զգաց դա և իր տղամարդկային պարտքը համարեց քաջալերել նրան.   

Մոնսինեօր Ա. Եարճանեանին, 1905թ. «Ատոմս, ինչո՞ւ ոչինչ չես գրում: Հիւա՞նդ ես, հոգիս: Այսօր ամբողջ օրը անհամբերութեամբ քեզնից տողի էի սպասում, բայց ի զուր, վերջին փոստի ժամանակն էլ անցաւ, էլի՝ ոչինչ: Ինչպէս բացատրեմ  լռութիւնդ, հոգիս: Արդեօք բարկացած ես  վրաս եւ ուզում ես դրանով պատժել ինձ: Եթէ այդպէս է, պատիժդ անչափ խիստ է, գթացիր: Գոնէ  բացատրիր  որ մեղքիս համար է այդ սոսկալի պատիժը: Եթէ այս չէ պատճառը, ուրեմն ՝ հիւանդ ես, ամէն րոպե այդ բանը մտածելիս խենթութեան եմ հասնում: Խնդրում եմ շուտ գրիր և բացատրիր պատճառը: Եթէ վաղը քեզնից տող չստանամ, չգիտեմ ինչ կը լինի հետս: Չեմ կարող գրել, հոգիս: Արցունքները խեղդում են ինձ, այլեւս ուժ չունեմ գրելու: Համբոյրներով՝ Սաթենիկ»: «Սիրելի Ատոմս, գիշեր է, սիրելիս, ուշ գիշեր, շուրջս ամէն ինչ հանգիստ քնի մէջ է: Իսկ ես քեզ կը գրեմ, որպէսզի վաղը ինձնից տող ունենաս: Հանգիստ եղիր հոգիս, իմ տխրութիւնը անցողական է՝ հետեւանք քեզնից հեռու լինելու, երբ քեզ նորից տեսնեմ, կը զուարթանամ…. սպասում եմ նամակիդ: Ջերմագին համբոյրներով՝ Ատոմիս՝ քո Սաթենիկ»:

Վերապրելով անցած օրերը` իր բնորոշմամբ այդ «քաղցր  հիշողութւնները», Սաթենիկը երազների մեջ էր: Նրան թվում էր, որ տասնյակ տարիներ են անցել իր և Ատոմի բարեկամությունից: Նա շարունակ Վերլեն էր կարդում և այդ մեծ պոետի տրամադրության մեջ  որսում ի՛ր տրամադրությունը: «Ատոմս, չգիտեմ նամակս քեզ կհասնի, թէ՝ ոչ, որովհետեւ լուրեր են տարածւում, որ վաղուանից ընդհանուր գործադուլ է յայտարարուած»:

«Մերձիմահ»  մակդիրի հետևանքը

 Բայց շուտով մի ավելի լուրջ բան պատահեց, քան  համընդհանուր գործադուլի պատճառած անհանգստությունն էր: Թիֆլիսում Սիամանթոյի նամակները ընկան Սաթենիկի ծնողների ձեռքը: Հայրը, առանց աղջկան մի բան ասելու, գրեց Ժնևում և Լոզանում բնակվող իր ծանոթներին` խնդրելով հետաքրքրվել ոմն Ատոմ Յարճանյանով և  շուտափույթ լուր տալ նրա մասին:  Սաթենիկի հորն այս անունը ոչինչ չէր ասում: Շվեյցարիայից պատասխանը չուշացավ: Տեր և տիկին Ջաղեթյանները անհամբերությամբ բացեցին ծրարը: Նրանք երևի թե սպասում էին Ատոմի մասին հուսադրող տեղեկությունների և հոգու խորքում գուցե և օժտել էին նրան  ապագա  փեսայի  տիտղոսով: Նրանք ուշադիր կարդացին գրածը և ….. երկուսն էլ անասելի ծանրություն ու ցավ զգացին: Դա երկկողմանի, երկբևեռանի ցավ էր: Պատճառը  նամակի մեջ զետեղված այն մեկ արտահայտությունն էր, որն անիմաստ էր դարձնում նամակի շարունակության մեջ Ատոմ Յարճանյանի տաղանդի, մեծության, նրա նկատմամբ հայության համընդհանուր սիրո մասին արձանագրող մյուս արտահայտությունները, ինչպես նաև իրենց աղջկա  զգացմունքներն ու նվիրումը այդ մարդուն: «Մերձիմահ բանստեղծ»- սա էր այդ արտահայտությունը: Նամակագիրը երևի տեղյակ չէր, որ Ատոմ Յարճանյանը որոշել էր ապրել  և իր ներքին բոլոր ուժերը ուղղել էր ապաքինմանը: Ե՛ւ ապաքինվում էր, ու  այդ ապաքինման մեջ  հիմնավոր դեր ուներ իր և Սաթենիկի փոխադարձ սերը: Տեր և տիկին Ջաղեթյաններին մարդկայնորեն հուզել էր երիտասարդ, տաղանդավոր մարդու հիվանդությունը: Բայց նրանց հուզել էր նաև հիվանդ տղամարդուն սիրահարված իրենց աղջիկը: Եթե պատկերացնենք, որ ոչ թե Սաթենիկն էր Ջաղեթյանների զավակը, այլ Սիամանթոն: Մեծ հավանականությամբ  ծնողները երջանիկ կլինեին՝ իմանալով, որ կա մեկը, որ իրենց որդու կողքին է և պատրաստ է  կիսել նրա հետ ճակատագրի խաղերը: Այնպես որ, բավական է փոխել գործող անձանց տեղերը և պատկերը 180 աստիճանով փոխվում է: Սխալը դառնում է ճիշտ, անխոհեմությունը՝ վեհանձնությունը, այլասիրությունը՝ եսասիրություն, անմտությունը՝ խորիմաստություն: Կախում ունի շահի դիտանկյունը: Ինչևէ՝ մի քիչ եսասիրություն, մի քիչ կարեկցանք, և աշխարհում ամենից շատ սիրելի էակին՝ զավակին,  կյանքի կարևորագույն փուլում, սխալից զերծ պահելու  մղում: Ջաղեթյանները որոշել էին այդպես վարվել և վարվեցին: Բայց նրանք կիրթ և նրբազգաց մարդիկ էին և իրենց քայլերը գործեցին  զգույշ ու փափուկ: Ընդ որում դա զգուշություն էր ոչ միայն Սաթենիկի, այլև Սիամանթոյի հանդեպ: Օրիորդի ծնողները  ենթադրում էին, թե ինչ  ծանր, գուցե և անդառնալի հարված կլիներ հյուծախտով հիվանդ բանաստեղծի համար Սաթենիկին կորցնելը: Եվ նրանք գտան ձևը: Այդ մասին քիչ անց, իսկ առայժմ, Թիֆլիս ուղարկած մի նամակի մասին:

Մտերմության վերջին արարը

Սիամանթոն Սաթենիկին գրում է, թե Պոլսից մայրը իրեն է ուղարկել  անձնասպանություն գործած հոր մատանին: Ինքն էլ իր հերթին  փափագում  է  այդ մատանին ուղարկել իր սիրած աղջկան՝ Սաթենիկին: Սաթենիկը` շոյված առաջարկից, հրաժարվում է ընդունել նվերը՝ պնդելով, որ այն պետք է մնա Ատոմի մոտ իբրև հիշատակ: Ավելին՝ Սաթենիկը վաճառում է իր ոսկե ժամացույցը, Թիֆլիսի շուկայից գնում կովկասյան համեղ և սննդարար բարիքներ և ուղարկում Ժնև՝  իբր որ Սիամանթոն ծանոթանա, թե ինչ կա չկա Կովկասում: Բայց Սիամանթոն այդ ծանրոցն ընկալում է որպես օգնություն հիվանդ, տկար մարդուն, և նրա տղամարդկային ինքնասիրությունը մի քիչ խոցվում է: Այդ մասին ակնարկում է Սաթենիկին:

Եվս մի քանի նամակներ՝ առանց ակնհայտ խոստովանության: Փոխարենը` կարոտի, անհանգստության, հիացմունքի պոռթկումներ, որոնք առավել մատնող են, քան ամենաուղիղ, խոստովանությունները: Բայց  ավարտը մոտ էր: Ավարտը նրանց մտերմության և համատեղ ապագայի, չնայած այդ համատեղ ապագայի մասին երբևէ բացեիբաց խոսակցություն չի եղել : Թեպետ միտքը առկա է եղել ամեն ինչի մեջ՝ նրանց հայացքների, ժպիտների, փոխանհանգստության, սպասումի, վերջապես՝ նամակների:

Լոզանի փոխարեն՝ Թավրիզ

Սաթենիկի ծնողները հասկացան, որ ինչ-որ  բնական՝ իրենց կամքից անկախ հանգամանքի բերումով, պետք է բաժանվեն սիրահարված երիտասարդները միմյանցից: Եվ շուտով տեղի ունեցավ զարմանալի շրջադարձ՝ կարծես այն բանի համար, որ գտնվի այդ պատրվակը: Ջաղեթյանների ընտանիքը հայտնվեց նյութական դժվար կացության մեջ: Դա հենց այն բնական պատճառն էր կամ հանգամանքը, որը պետք է օգտագործվեր: Սաթենիկի համար Լոզանում   ուսումը շարունակելը անհնար էր դառնում: Ցավալի էր: Բայց չկա չարիք, առանց բարիքի: Ջաղեթյանները հասկացան, որ Լոզանում ուսանելու ճանապարհի փակվելուն հետ, փակվում է և  Սաթենիկի և Ատոմի հարաբերությունների ճանապարհը: Աստված կարծես ամեն բան իր տեղն է դնում: Մի խոսքով, ծնողները որոշեցին, թե ինչ պետք է անի աղջիկը: Լոզանի փոխարեն  նրան ուղարկեցին  Թավրիզ: Այս քաղաքում Սաթենիկը պետք է ուսուցչություն աներ դրամ վաստակելու համար: Նա շատ չընդդիմացավ ծնողներին: Գուցե մտածում էր, թե այդ դրամը ուղղակի անհրաժեշտ էր լինելու իրեն և Ատոմին: Չգիտեր, որ Թավրիզ-Լոզան հեռավորությունը նրանց ընդմիշտ բաժանելու էր:  

Օ՜, ան կատաղօրէն հայրենասէր էր...

Սիամանթոն իր հայրենիքի կործանումը և ազգի ճակատագիրը ապրում էր աննկարգրելի խորությամբ ու թանձրությամբ: Նա ներքուստ իրեն Հայաստան էր զգում: Իր ներսի Հայաստանը նման չէ ուրիշ պոետների Հայաստանին: Այն ավելի շատ նման է Աղբյուր Սերոբի, Զորավար Անդրանիկի, մեծ  գաղափարական կերպարների պատկերացրած Հայաստանին: Նրա գրականության թեման արհավիրքների մեջ հայտնված իր երկիրն  է: «Ան կարծես հասարակ մելանով չէ գրած, այլ արեան, վրէժի, լեղիի և հեծկլտանքներու խառնուրդէ մը կազմուած հեղուկի մէջ կը թաթախէ իր գրիչը»:  

Այդ ժամանակ հայությանը, մանավանդ երիտասարդությանը, վրեժի և պայքարի առաջնորդներ  էին պետք: «Օ՜, ան կատաղօրէն հայրենասէր էր»՝ ասել  են  պոետի մասին: «…Ինձի  միշտ թուեր է, որ Ատոմ իր ամէն մէկ քերթուածը գրելէն յետոյ առնուազն երկու շաբաթ հիւանդ է եղեր պառկած, որովհետեւ այդքան զօրութիւն դնել, գրել այդպէս իր սրտին արիւնով և իր ջիղերուն հիւթով եւ չհիւանդանալ՝ անկարելի է»: Սիամանթոն ի՛ր սկզբունք ուներ, պատմության հարցերի ի՛ր պատասխանը, ի՛ր դիրքորոշումը և որոշումը: Եվ գրում է այսպես՝ «Խրիմեան Հայրիկ»  բանաստեղծության մեջ:

 Եւ այսպէս ցեղիդ փրկարար ցաւը փոխանակ զքեզ ընդվզումին մէջ  աշտարակելու,

Քեզ աղօթելու, արտասուելու, պաղատելու խոնարհեցուց,

Մինչդեռ արժան էր որ դուրս գայիր կռիւին մէջ ու կռիւին համար,

Քու Լուսաւորչի գաւազանդ ձեռքդ եւ մարգարտեայ հողաթափդ ոտքիդ

.... Եվ քու մէկ  պատգամդ, քու օրհնութիւնդ, քու մէկ քայլդ պիտի բաւէր,

Իբրեւ  մեր ամէնուն  մտածումին վարդապետը եւ մաքառումին վաղնջական ռահվիրան,

Որպէսզի կամքերը սուրերուն հետ վառէին, որպէսզի քայլերը յառաջանային,

Որպէսզի թշնամիները զարհուրէին, որպէսզի յաղթանակները մարմարուէին…»

Ոգեղեն առաջնորդի բացակայության պայմաններում 19-րդ դարավերջին և 20-ի սկզբին, մինչև 1915-ի  իր եղերական մահը, Սիամանթոն իր գրքերով դարձավ այդ առաջնորդը՝ իրականության նկատմամբ վախի և հանդուրժողության փոխարեն` ցասումի, կռվի և վրեժով արդարության հասնելու գաղափարը հրապարակ հանելով: Նրա հերոսները հսկաներ, առաքյալներ և մեր  հինավուրց շրջանի գեղեցիկ և քաջ աստվածներն էին: Դա վերադարձ էր դեպի վաղնջական խորքերը, դեպի Կենաց ծառը: «... ո՛վ Դիցուհի, ահեղ Աստուած մը ծնանէ՛ մեզ…»։

Իմ գրիչս իրաւունք չունի ազգային ողբերգութիւնէն զատ ուրիշ թեմաներ երգելու    

Արևմտահայ բանաստեղծների մեջ թերեւս միակն է, որ չերգեց սեր և մտերմիկ զգացումներ, չնայած ուներ սեր: Մեկ անգամ, ընդամենը մեկ անգամ  նա գրեց սիրային բանաստեղծություն: Եվ միակ մարդը, ով ունկնդրեց այն, Ավ. Իսահակյանն էր: Վարպետը հիացած էր և հուզված: Սիամանթոն՝ դժգոհ: Դժգոհ ոչ թե բանաստեղծությունից, այլ այն փաստից, որ ինքը Հայրենիքի համար այդ օրհասական ժամանակներում անդրադարձել է սիրո թեմային: Եվ պատռեց բանստեղծությունը: Իսահակյանի ջանքերը՝ ինքն իր վրա  զայրացած Սիամանթոյի ձեռքերից այն փրկելու, ապարդյուն անցան: Իր պոեզիա մի տեսակ մենաստան դարձավ իր համար, որտեղ  մուտքը փակ էր կանանց համար: Սակայն պոեզիայից դուրս՝ իր մասնավոր կյանքում,  ևս մերժեց  աշխարհիկ վայելքները: Եվ դա սոսկ նյութական անձկությամբ չէր պայմանավորված, այլ՝  առավելապես գաղափարական: Սաթենիկ Ջաղեթյանի անունը և իրենց  փոխադարձ սիրո մասին հուշերը  պատսպարած սրտում,  նա այլևս երբեք չփորձեց նրան գտնել: Հաղթահարեց նաև նամակ գրելու գայթակղությունը: Այդպես ավելի ճիշտ էր:

Վենետիկ. Սուրբ Մարկոսի հրապարակի գեղցկուհին

Ընդհանրապես, ազնիվ լինելը իր կենսակերպն էր: Չէր կարող ազնիվ լինել մեկի նկատմամբ և անազնիվ ուրիշի: Չէր կարող ազնիվ  լինել Սաթենիկի նկատմամբ, ում սիրում էր, և անազնիվ՝ փողոցում հանդիպած անծանոթուհու հանդեպ, ում սիրահարված չէր:  Վահրամ Փափազյանը Սիամանթոյին հանդիպել է Վենետիկում և մի շատ հետաքրքիր հիշողություն ունի նրա մասին: «Վենետիկում, ուր հանդիպեցի նրան ահռելի սպանդի նախօրեակին, որին զոհ գնաց, երջանիկ էր ու հպարտ, նոր կարուած մի զգեստ ունէր եւ գլխարկի վերջին նորաձեւութեան համապատասխան մի ծղօտէ գլխարկ: Ամերիկեան հոտավէտ սիկարէթների մի կապուկ էր գտել, չգիտեմ որտեղ, եւ աջ ու ձախ հրամցնում էր` ստիպելով բոլորին ծխել, ինչպէս հազալով ու փռշտալով ինքն էր ծխում, եւ բուրումնաւէտ ծուխի քուլաներով փաթաթուած, իր նոր զգեստի  մէջ ու գլխարկի տակ, քաղաքում վխտացող տուրիստների մէջ փորձում էր իրեն մի  տուրիստ կարծել եւ  հրճւում էր երեխայի պէս, թէեւ գրպանում մի գրոշ անգամ չունէր: Բայց նրա անճարակութիւնը առասպելական ձեւ էր ընդունում, երբ Սիամանթօն լինում էր կանանց շրջանում: Սուրբ Մարկոսի հրապարակից, ուր հանդիպել էր ծաղկավաճառ մի վենետիկուհու, մինչեւ  քաղաքի ծայրամասը սիրաբաղձ հեւքով  հետեւել էր անծանօթուհու երեւակայական հրապոյրներին, որ բանաստեղծը ինքն էր ստեղծել եւ դրանցով առատաձեռնօրէն այդ համեստ աղջկայ անձը զարդարել: Բայցեւ և խելագարի պէս վախեցած ետ էր փախել` ամբողջ երկու ժամ քայլելուց յետոյ նրա ետեւից, երբ անծանօթուհին, իր տան շեմքին հասնելով` նրան ներս հրաւիրելու չարաբաստիկ  միտքն էր յղացել….Մի ամբողջ ամիս, Վենետիկում,  եւ կամ Լիդոյում…պատմում էր Սիամանթօն այդ հանդիպումը շողշողուն պատկերների այնպիսի մի տեղատարափով, որ Դանթէն  միայն կարող էր հիւսել  իր Բեատրիչիէին կամ Պետրարկան` իր Լաուրային…թեեւ մեր բանաստեղծին բնորոշելու համար տեղին կը լինէր ասել… Լա-Մանշեցի ասպետը` իր Դուլչինեային: Կեանքի սեղանի փշրանքին հետամուտ աղքատ Ղազարոսը եղաւ Ատոմը իր կարճ օրերի ամբողջ ընթացքում և վայելքի բաժակը քամելու փոխարէն` ժամանակների լեղին խմեց մինչեւ մրուրը….»:

գլխավոր նկարում՝ Սիամանթոն Վահրամ Փափազյանի հետ, Վենետիկ

Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից

շարունակություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter