HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոգիս ա՛ն է, որ բիւրաւոր անգամ ձեր ամէնուն ցաւն ապրեցաւ... Սիամանթո (մաս 3)

սկիզբը

Նիագարա

1909-ին Սիամանթոն մեկնեց Ամերիկա՝ ծանոթանալու հայ գաղթականների վիճակին և գրելու այդ մասին: Իր կոչը տարագիր հայությանը հասցնելու համար նա ընտրեց շատ հուժկու միջոց. նամակաշարի տեսքով գրեց օտարության մեջ հայտնված զավակին՝ հոր կողմից, ամուսնուն՝ հարսի կողմից, գաղթական որդիներ ունեցող մոր կողմից, եղբորը՝ եղբոր կողմից, Արարատյան  հողի կողմից: Սիամանթոն կերպավորել էր հայրենի հողը, և նրա միջոցով պատգամ էր հղում հայրենիքը լքածներին .

Արարատեան աշխարհներէն մինչ հովիտներն Եփրատեան,

Մեր ընդերքներէն բարձրացող պաղատանքն ու պարսաւը ձե՛զ կ’ուղղենք,

Կեանքին հանդէպ դրուժաննե՛ր, հեռացողնե՛ր, կամ երկչոտնե՛ր,

Հալածական կամ աքսորյալ, դուն, վտարանդի կամ տարագիր,

Ո՞ւր եք, և ո՞ւր են ձեր բազուկները, որ մեր կողերը կարօրեին…

Հազարաւոր տարիներու դո՛ւք անարժան ժառանգորդներ,

Օտարութեան և մոլութեան ճամփաներէն մեզի դարձէք,

Հույսէն  խաբուած կամ աղետէն հալածական, բայց չարիքին յաղթահարող՝

Աշխատողնե՛ր՝ բոլորդ մէկ ձեր  բարեգութ բնութեանը գրկին եկէք: 

Ահռելի երևակայությամբ և ասելիքի խորությամբ նա Նարեկացու զավակն է: Տաղաչափություն, հանգ, վանկ, այն, ինչ բանաստեղծությունը դարձնում են սիրուն և բարեհունչ, ասմունքելու  համար դյուրին, նրա համար չէին: Նա այլ նպատակ ուներ` իր տողերով քնածներին արթնացնել, թույլերին ուժեղացնել, անջատվածներին մտածել տալ, ընկճվածներին ուշքի բերել: Բաներ, որ այնքան անհրաժեշտ էին իր ապրած ժամանակներում: Եվ ընդմի՛շտ: Մի խոսքով,  Ամերիկա, Կանադա ….. Բուն Ամերիկայից իր տպավորությունը փայլուն չէր: Նրա դուրը չէր եկել այդ երկիրը. « Չոր ու ցամաք Ամերիկա», -այսպես է բնորոշել, սակայն Նիագարայի ջրվեժի հզորությունից  ազդված՝ քրոջը՝ Զապելին մի բացիկ է ուղարկում. «Աշխարհի այս հսկայ  ջրվէժին տակ կեցած, անոր ադամանդի ու մարգարտի փրփուրներով միայն այս  քարտը կը ղրկեմ, քոյրիկս»: Տպավորությունն այնքան մեծ էր, որ խոսքերը չկային նկարագրելու: Նա պիտի որ  Նիագարայի սարսափազդու  որոտի և ջրի  ահռելի քանակի մեջ ինքն իրեն նույնականացներ: Ըստ էության, նա նույն  թափն ունի, ինչ Նիագարան, նրա խոսքը նույնքան  հուժկու է, որքան ջրվեժինը, նրա մտքի և հույզերի  հորդումը, նույնքան անսպառ է, որքան նույն այդ Նիագարայինը:

Ամերիկայից բազմաթիվ բացիկներ և նամակներ են ուղարկվում Պոլիս՝ տուն: Դրանց մեջ շատ ակնհայտորեն զգացվում է Սիմանթոյի, մի տեսակ, հայրական վերաբերմունքը իր քույրերի և եղբոր նկատմամբ: Կենցաղային, առօրեական  նամակներ, որտեղ հստակ ընդգծված է իր սերը ընտանիքի հանդեպ:

Քույրը՝ Զապելը և մայրը՝ Նազենին

«Սիրելի Զապէլ. Ջութակիդ դասերը այնպիսի մէթրիզ -ով մը մշակէ, որ այս  գեղեցկուհիին վարդափնջին արժանանաս»` նկատի ունենալով բացիկի վրա պատկերված ծաղկեփնջով կնոջը:

Հաջորդ բացիկ-նամակը՝գրված 1910-ին Բոստոնից , հասցեագրված է մյուս քույրերին և ճաշատեսակի բաղադրատոմս է. «Սիրելի Ազնիւ և Արմենուհի, Գինծ ըսած կերակուրը հրաշալի բան է, բացատրեմ: Կարմիր լոբիան կ’եփեն, կը խառնեն խոզին իւղ, սոխ և շաքար, նորէն շատ երկար կ’եփեն: Վրան կ’աւելցնեն ոսկի խնձորի հիւթը»: Կարելի է երևակայել, թե ինչ ախորժակով  էր Սիամանթոն ճաշակել այն և որքան ափսոսել, որ իր հարազատները  անմասն են մնացել այդ համադամ հաճույքից: Ի՞նչ կարող էր անել: Անմիջապես անդրօվկիանոսից տուն ուղարկել  բաղադրատոմսը: Հիմա նա կարող է հանգիստ խղճով շարունակել անուշ անել այդ Գինձ կոչված կերակուրը, որովհետև վստահ է, որ իրենց Պոլսի տան խոհանոցում իր երեք քույրերը անցել են գործի:

33 տարեկանում վերադարձ Կոստանդնուպոլիս

1911-ին վերստին Պոլսում էր: Հայության համար  արվեստի ծաղկման շրջանն էր: Օսմանյան իշխանությունը գոնե Պոլսում հայերին հանգիստ էր թողել, ստեղծել խաղաղության պատրանք: Բայց դա ամենավտանգավոր և ճակատագրական պահն էր: Որոշ մտավորականներ, այդ թվում և Սիամանթոն, այդ հանգստի մեջ զգում էին մեծ աղետի պատրաստության վտանգը: Ամերիկայից վերադառնալով, նա հայտնվեց այդ ժամանակավոր խաղաղութան մեջ: Առաջիկայում սպասվում էին նոր տպավորություններ, նոր զգացողություններ, նոր սեր, շրջագայությունն դեպի Արևելահայաստան և առիթ` տեսնելու առաջին սիրուն, նոր ցեղասպանություն,  երկրային ավարտ ու նոր սկիզբ երկնքում: 

Մաշտոցի մասունքներին փարվելով

1912-13թթ հայությունը համազգային ընդգրկումով նշում էր գրերի գյուտի 1500 ամյակը: Ի միջի այլոց՝ նշում էր փառահեղ: Չունենալով ազգային պետություն, հայությունը աներևակայելի   արժանապատվությամբ և երախտագիտությամբ էր նշում այդ մեծագույն նվաճման 15 դարը:  Մեկ տարի Արևմտահայությունը և Արևելահայությունը դարձել էին մեկ ամբողջություն, մեկ հայություն,մեկ ինքնություն: Դա համազգային զարթոնքի տարի էր: Եվ  Սիամանթոն Արևելահայաստանում էր:

Նա երջանիկ էր՝ լինելով Էջմիածնում և Զվարթնոցում, բայց ամենից մեծ խորհրդավորությունը և պատիվը իր համար Օշականում լինելն էր և Մեսրոպ Մաշտոցի շիրիմը համբուրելը: 

Գրում է եղբորը՝ «Սիրելի Վահանս, Օշականի անհուն մեռեալը գացի: Համբուրեցի իր գերեզմանը»: Ի՛ր հայրենիքից նա եկել էր ի՛ր հայրենիքը: Դարերի քաղաքականությունների, պատերազմների, նվաճումների, դավաճանությունների, շահերի բախումների հետևանքով առաջացած մի անհեթեթ վիճակ էր: Նա կարծես մեջտեղից կիսված լիներ, հիմա այստեղ գտել էր իր մյուս  կեսին, հենց ինքն իր երկրորդ կեսին: Ատոմ Յարճանյանը դարձել էր ամբողջական : Երևի յուրաքանչյուր արևմտահայաստանցի Արևելահայաստանում և յուրաքանչյուր արևելահայաստանցի Արևմտահայաստանում այս նույն զգացողությունն է ապրում: Երջանիկ էր: Եվ ախալքալաքցի կնոջ տարազով մի բացիկ է շուտափույթ ուղարկում տնեցիներին՝ Պոլիս:  

«1913, Սուրբ Էջմիածին.

Օդը շատ գեղեցիկ է... Հաւանաբար Անի ալ կ’երթամ: Այսօր տարին Սուրբ Հռիփսիմէ վանքը: Վաղը պիտի երթամ Զուարթնոց վանքը: Կրօնական ըլլալու միտք ունիմ…»:

Սիամանթոյի եղբայրը՝ Վահան Յարճանյանը

Սաթենիկ Ջաղեթյանի քաղաքում.

Ատոմի հաջորդ կանգառը Կովկասն էր՝ Թիֆլիսը և Բաքուն: Թիֆլիսում իր երբեմնի սերն էր: Արդյոք, թեկուզ ակնթարթի արագությամբ, նա անդրադարձել էր այս  փաստին: Ո՛նց կարող էր մոռանալ, որ այստեղ է ապրում այն աղջիկը, ով թերևս առաջին անգամ նոր և գեղեցիկ զգացողությունների աղբյուր է եղել իր համար: Ինչպե՞ս կարող էր  մոռանալ իրենց առաջին հանդիպումը Լոզանի կայարանում,  լուսանկարը, որ փաստորեն թռցրեց աղջկանից և պահեց իր մոտ որպես թալիսման, օրիորդի նամակները,  իր ապաքինվելը, որի մեջ երևի թե ամենամեծ բաժինը  իր սերն էր և սիրված զգալու  զորավոր զգացողությունը: Օֆ թե ապրեր խաղաղ ժամանակներում և կյանքն անցկացներ ուրիշ պայքարի մեջ` գեղեցիկ և կատարելագործող, այլ  ոչ թե օրհասական՝  կենաց ու մահու:  Ինչևէ՝ 1913-ին, Պոլիսից Թիֆլիս, քաղաքական գործիչ  Սիմոն Զավարյանի դին ուղեկցող  թափորի մեջ էր: Նա առաջին անգամ էր Թիֆլիսում: Սիամանթոն ծանոթանում էր քաղաքին, հայության կյանքին, շփվում մտավորականների հետ: Նա այնքան լավ էր իրեն զգում Թիֆլիսում: Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ  ընդունվել էր Հայ գրողների կովկասյան ընկերության շարքերը: Նրան այստեղ  առանձնահատուկ կերպով  էին պատվում: Թումանյանը նրան հորդորել էր մնալ, ապրել և ստեղծագործել մշակութային այս ճոխ քաղաքում: Մեծ եղեռնից 1,5- 2 տարի առաջ էր: Երանի այդպես էլ աներ: Նա ուրախ էր, որ քայլում էր այն փողոցներով, որոնցով քայլում էր Սաթենիկ Ջաղեթյանը՝ իր քմահաճույքով Շաղեթյան դարձած, զգում էր արևի նույն ջերմությունը, անձրևի թացությունը, նույն քամին, մթնոլորտային սյան միևնույն ճնշումը, ինչ որ՝ նա:  

Իսկ իր Մաննի՞կը...

Բայց հաճախ այդ ուրախության մեջ գլուխ էր բարձրացնում մի տարօրինակ  անհանգստություն: Կարծես ինքն իրեն բռնացնում էր դավաճանության մեջ: Նա խճճված էր երկու բևեռային մտքերի և ցանկությունների մեջ` հանդիպել- չհանդիպել: Մտքերը նրան մերթ նետում էին  Լոզան, մերթ տանում Պոլիս: Քաշքշում խեղճ մարդուն անցյալից ներկա և ներկայից անցյալ:  Սաթենիկից բաժանվելուց վեց-յոթ տարի անց Պոլսում նա գտել էր  իր նոր սերը: Եվ հիմա Թիֆլիսում հայտնվել էր գեղեցիկ սեր-հիշողության և գեղեցիկ սեր-իրականության միջև:

Մաննիկ Պերպերյան

Սաթենիկ Ջաղեթյանի մասին մտածումները գլուխ էին բարձրացրել: Բայց միևնույն ժամանակ նրան չէին լքում իր ներկայի մտերմուհու՝ երգչուհի, բանաստեղծուհի և թարգմանչուհի, մի խոսքով Պոլսեցի արվեստագետուհի, հայտնի մտավորական Պերպերյան Վարժարանի հիմադիր Ռեթեոս Պերպերյանի դստեր՝ Մաննիկի մասին մտքերը: Գրականության և արվեստի թանգարանում պահվող Սիամանթոյի արխիվում 2 նամակ կա՝ հասցեագրված օրիորդ Պերպերյանին, որոնք համառ փորձերից հետո, այդպես էլ չկարողացա կարդալ: Սիամանթոյի ձեռագիրը չափազանց  դժվար ընթեռնելի է, դե՝ անընթեռնելի: Ներկայացված նախորդ նամակները   վերծանվել են ամենատարբեր հաստության ոսպնյակների շնորհիվ՝ մի կերպ , հաճախ էլ մասնակիորեն, բայց Մաննիկ Պերպերյանին գրած նամակների ձեռագիրը  աննկարագրելի է: Չեմ զարմանա, թե  «խեղճ» Մաննիկն անգամ անկարող եղած լինի դրանք  ընթերցել: Ատոմը ինքն էլ խոստովանել է, որ իր«Մուզան» «...Շատ անգամ գիշերները կու գայ: Ատոր համար մահճակալիս քովը, աթոռին վրայ , միշտ թուղթ եւ մատիտ կը դնեմ: Առաւօտները շատ յաճախ ոչինչ չեմ հասկնար գրածէս: Քանի որ մթութեան մէջ, կիսարթուն մէկ տողին վրայ  մէկ ուրիշը գրած կ’ըլլամ»:

Նամակների վրա չկան ամսաթվեր, որոնք կպարզեին, թե երբ են նրանք մտերմացել: Չնայած կարելի է ենթադրել, որ պետք է լինի 1911-1913 միջակայքը, քանի որ մինչ 1911թ. Ստոմը եղել է արտասահմանում, նախ` Եգիպտոս, ապա` Եվրոպա և Ամերիկա: 1911-ին վերադարձել է Պոլիս,  1912 թվականին եղել է Արևելահայաստանում, 1913-ին եկել է Կովկաս: Կա մի անդրժելի alibi,  ըստ որի, մինչ Թիֆլիս գալը, նա արդեն մտերմացած էր Մաննիկի հետ: Այս մասին՝ քիչ հետո: Ուրեմն՝  հենց այս երկու կանանց մասին մտքերը նրան հանգիստ չէին տալիս այս քաղաքում: 

Թատրոնում

Ահա հոգեկան այդպիսի խառնաշփոթի մեջ էր, երբ տեղի ունեցավ չնախատեսված , անսպասելի, հանդիպում Թիֆլիսի հայկական թատրոնում: Դա նման էր այն անսպասելի հանդիպումներին, երբ ուզում ես մոտենալ մեկին, բայց և չես ուզում: Ուզում ես, որովհետև կարոտել ես, չես ուզում, որովհետև չգիտես, թե ինչպես քեզ կընդունի՝ ջերմ, թե սառը: Կարճ ասած, երբ կարոտը, կասկածը, անհամարձակությունը, հիասթափվելու հավանականությունը և վախը  միատեղ  խճողված  են  քո մեջ: Սիամանթոն հեռվից նկատեց օրիորդ Ջաղեթյանին: Սիրտը մի պահ պոկվեց տեղից: Նա առանց մտածելու մոտեցավ,  ինքնաբուխ գնաց աղջկա ուղղությամբ, թեև վերջինս մենակ չէր:  Հետո պարզվեց, որ ընկերուհու՝ Հովհաննես Թումանյանի դստեր՝ Նվարդի հետ էր:  

- Սաթօ...: Ներեցէք, ես սխալած եմ...

 -Այնքան էլ չէք սխալուել, պարոն Եարճանեան, ես Սաթենիկի փոքր քոյրն եմ:

Հակառակի պես այդ օրը Սաթենիկը թատրոն չէր եկել հիվանդ լինելու պատճառով:  Ներկայացումից հետո Սիամանթոն աղջիկներին ուղեկցեց տուն` ճանապարհին պատմելով իր և Սաթենիկի սիրո պատմությունը: Ինչ-որ նուրբ և հանդարտ տրամադրության մեջ էր: Հիշում էր մանրամասներ և անկեղծանում օտար մարդկանց մոտ: Իր անձնականին առնչվող հարցերում  նա երբեք այդքան բաց և համարձակ չէր եղել, ինչպես այդ օրը երեկոյան Թիֆլիսի հայկական թատրոնից մինչև Ջաղեթյանների տուն ընկած ճանապարհին էր: Ինչ-որ բան էր կատարվում   հետը՝   աննման, հաճելի  բան: Կարծես այն, ինչը սկզբունքորեն իր  բանաստեղծության նյութ չէր դարձրել, համարելով որ, եթե հայրենիքը աղետի մեջ է, ապա ինքն իրավունք չունի սիրո, իր անձնական  հույզերի մասին հոգալու կամ գրելու, հիմա տեղը հանում էր: Անձնական զգացումների  մասին  ուրիշներին պատմելու ճնշված, զսպված ցանկությունը մնացել էր իր մեջ: Նա  հիշեց նաև Սաթենիկի ժպիտը և խոստովանեց, որ նման ժպիտ երբևէ այլևս չի տեսել: Արդեն հասել էին տան շեմքին: Ներս մտնելու, անկեղծ արված, հրավերը Ատոմը մերժեց: Պատճառաբանությունը՝ «Իմ սիրտս հիմա կը պատկանի Պոլսահայ օրիորդի մը՝ օրիորդ Մաննիկին: Եւ անոր թաշկինակն իբրեւ վկայութիւն միշտ  քովս է»: Ահա և alibi-ին:  

շարունակություն

Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter