
Հոգիս ա՛ն է, որ բիւրաւոր անգամ ձեր ամէնուն ցաւն ապրեցաւ... Սիամանթո (մաս 4)
Իսկ եթե ձկների բաժին դառնա՞...
Նա հեռացավ՝ հոգու խորքում շնորհակալ լինելով Սաթենիկին, որ այդ օրը չէր եկել թատրոն, և ներողություն խնդրելով Մաննիկից՝ իր մարդկային թուլության համար: Նա հեռացավ, քանի դեռ անազնիվ չէր գտնվել ինքն իր նկատմամբ: Ընդ որում հեռացավ ոչ միայն Ջաղեթյանների ապրած փողոցից, այլև Թիֆլիսից: Բայց ստիպված եղավ մի քանի օրով հետաձգեց ճամփորդությունը, քանի որ լսել էր, թե ծովը փոթորկում է: «Սեւ ծովը ալեկոծուած է, չեմ ուզեր ճանապարհուիլ, որ ձեր ձուկերը տաղանդաւոր չըլլան»: Վախեցել է, թե նավաբեկության կենթարկվի և ձկների կեր կդառնա, ու իր տաղանդը կանցնի ձկներին: Սիամանթոն հումորով մարդ էր: Եվ պետք եղած ժամանակ չէր զլանում թեթևություն մտցնել իրավիճակի մեջ: Բայց դա իր արած վերջին սրամտությունն էր:
Իմիններս հոն են...
1915թ. գարնանը նրան ձերբակալեցին և 75 ուրիշ մտավորական հայերի հետ աքսորեցին Անկարա նահանգի Այաշ գյուղ՝ Սարը Գըշլաս բանտը: Բանտախուցը չափազանց փոքր էր և ծայրաստիճան աղտոտ: Աքսորյալները փորձեցին մաքրել հատակը, բայց նրանց թույլ չտրվեց: Կարողացան միայն աղբը հավաքել խուցի անկյուններում՝ նստելու համար տեղ բացելով: Ամեն դեպքում 75 հոգին գետնին չտեղավորվեցին, 4-ը մնացին ոտքի վրա: Նրանց մեջ` նաև Ատոմ Յարճանյանը: Ձերբակալվելուց ճիշտ 1 տարի առաջ Ատոմը կրկին Եվրոպայում էր: Բոլորն անխտիր նրան հորդորում էին չվերադառնալ Պոլիս՝ իմանալով, թե ինչ է կատարվում և դեռ ինչեր պիտի կատարվեն օսմանյան կառավարության կողմից: Ասաց` «Պիտի երթամ, իմիններս հոն են»: Եվ եկավ: Ամիսներ անց ահավասիկ Այաշի աքսորավայրում էր և մնացել էր ընդամենը մի քանի շաբաթվա կյանք: Բայց նա չգիտեր այդ մասին:
Հարկաւ սխալմունք մըն է...
Գրականության և արվեստի թանգարանի պահոցի իր թղթածրարներում աքսորից գրած առաջին նամակը թվագրված է՝ ապրիլ, 1915թ. Այաշ: Նամակը գրված է թրքերենով, այլ կերպ հնարավոր չէր: Օսմանյան հատուկ ծառայությունները պետք է հեշտությամբ ծանոթանային աքսորյալների գրագրությանը:
«Սիրելի և թանկագին մայրս և քոյրերս: Երկու-երեք օր է այստեղ եմ գտնւում: Առողջութիւնս լաւ է: Ապահովագրուած փոստային ծրարով մի ձեռք սպիտակեղէն, բրդից գուլպայ, թաշկինակ եւ չօսլայուած մի շապիկ ուղարկէք: Ձեր նամակները թրքերէն գրէք եւ իմ ու Համբարձումի մասին հոգ մի տանէք ( փեսան է, քրոջ՝ Զապելի ամուսինը): Քոյրիկներս, մայրս իր առողջութեանը թող հետեւի, դուք էլ իրեն մենակ մի թողէք: Բոլոր Իսկիւտարցիներին բարեւում եմ: Ատոմ Եարճանեան»:
Սիամանթոյի քույրը՝ Զապելը
Ատոմ Յարճանյանին օսմանյան իշխանությունները աքսորել էին Այաշ, թեև այստեղ ուղարկում էին քաղաքական գործիչներին: Դա էլ գուցե և հույս էր ներշնչել նրան, թե իր աքսորը թյուրիմացություն է, ինչը պետք է հարթել: Հարազատներին գրած նամակներում խնդրել է նրանց դիմել պատկան մարմիններին՝ իր անմեղությունը հաստատելու և ազատ արձակվելու համար:
1915, 14 Յունիս, Այաշ.
«Սիրելի եղբայրս, հոգեհատոր Վահանս. Յունիսի 10-ի Չորեքշաբթի օրը արտակարգ ուրախութիւնով ստացա ձեր Մայիսի 30 թուակիր նամակը: Այնքան մեծ էր ուրախութիւս, որ այդ րոպէին իսկ գլխուս ցաւն անցավ: Ձեր նամակը դեղի դեր կատարեց: Ձեզնից նամակ չառնելուս համար մեծ մտատանջութեան մէջ էի, այժմ սիրտս հանգստացաւ, սակայն բաղձանքս է, որ միշտ գրէք, որովհետեւ սիրելիներէ նամակ ստանալու չափ մեծ հաճոյք չի կրնար լինել: Ձեր նամակներէն բացի ինձ համար մխիթարութիւն չկայ: Եղբայրս, դուն ալ լաւ գիտես, որ ես քաղաքական հարցերով երբեք չեմ զբաղուել: Բանաստեղծութիւն գրելէ զատ, ուրիշ զբաղմունք չեմ ունեցել: Գիտես նաեւ, որ փոքր յանցանքի, կասկած յարուցող մի գործունէութեան մէջ չեմ գտնուել: Կը խնդրեմ համապատասխան բարձրագոյն վարչութեան դիմել եւ իմ ազատ արձակման համար ջանք չխնայել: Մօրս, մօրեղբօրս, քոյրերուս անկեղծ եւ կարօտալի բարեւներս: Սկիւտարցի օրիորդ Մաննիկին պիտի այցելէիր: Այցելեցի՞ր: Տեղեկացուր ինձ: Այս թղթապանակով 2 բացիկ կը ղրկեմ: Ատոմ Եարճանեան»:
Անիմաստի մեջ իմաստ փնտրող միամիտները
Այաշի Սարը-Գըշլաս բանտի այն խցում, որտեղ անհավանական նեղության, կեղտի և գարշելի օդի մեջ հայտնվել էին հայ մտավորականության 75 հրաշալի ներկայացուցիչները, համոզված էին, թե եղածը ի՛սկապես թյուրիմացություն է: Իրենց ինչու պետք է ձերբակալեին, ո՞ր հանցանքի համար: Նրանք վերլուծում էին իրավիճակը՝ հասկանալու համար իրենց աքսորի պատճառները: Մտածում էին ամեն ինչ և, որպես կանոն, հանգում էին նրան, թե օսմանյան բարձրագույն իշխանությունները հաստատ տեղյակ չէին այս խայտառակության մասին, այլապես ժամ առաջ նրանց ազատ կարձակեին, որ միանշանակ մի մեծ սխալմունք է եղել և շուտով կպարզվի: «Անիմաստի մէջ իմաստ կը փնտռէք»` իր բախտակից ընկերների միամտության աստիճանի վրա զայրացած, մի օր վրա է բերել կալանավոր Շահիկեանը: Շուտով Այաշ լուրեր հասան Պոլսում կախաղան բարձրացված իրենց պես անմեղ ուրիշ մտավորականների մասին: Բանտում տրամադրությունը փոխվեց, բայց հույսը դեռ չէր մեռել:
1915, 26 Յունիս, երեքշաբթի, Այաշ
«Սիրելի եղբայրս, հոգեհատոր Վահանս. Վերջին նամակի մէջ անմեղ լինելս և պատասխանատուութիւն առաջացնող ոչ մի տեսակ յանցանքի մէջ չգտնուելու մասին էիր գրում եւ ասում, որ ազատ պիտի արձակուեմ: Ես քեզ հետ համամիտ եմ, քանի որ արդարադատ մի պետութիւն, ինձ նման անմեղները արդէն ազատ է արձակում, եթէ ձեր կողմից էլ աշխատուի և հետապնդուի, քիչ ժամանակ անց ձեզ գրկելու և մայրիկիս ձեռքերը անձամբ համբուրելու ուրախութեանը կ’արժանանամ»:
Մեկ օր անց:
Կ. Պոլիս, Բերա, Գումպարաճը Օ. Բրոկրէ քոլայի ֆաբրիկա , Ճենազեան Ղազարոս էֆենդիի միջոցով տիկին Նազենի Եարճանեանին.
«Սիրելի մայր իմ, այս օրուայ թղթատարով, Պոլիս, երեսփոխան Հալաճեան Պետրոս էֆենդիին աղերսագիր մը ուղարկեցի: Անմիջապէս եղբօրս այդ մեծահոգի անձնաւորութեան մօտ ուղարկէ, հարկ եղած դիմումը թող կատարէ և զիս այստեղէն ժամ առաջ ազատ արձակելու միջոց գտնէ, քանզի աշխարհը գիտէ, որ ոչ մի առնչութիւն ունիմ քաղաքականութեան հետ եւ ուրիշ հանգամանքի հետ կապ ունեցող որեւէ արարքից տեղեկութիւն չունիմ: Մի քիչ հիւանդացայ, մի անհանգստացէք, միայն թէ Հալաճեան էֆենդիի մօտ գնալով՝ դիմումս հետապնդեցէք: Ճենազեան մօրեղբօրս բարեւներ»:
Սիամանթոյի մայրը
Մնաց 27 մարդ
Ժամանակ առ ժամանակ Այաշի բանտը համալրվում էր նոր աքսորյալներով, որոնք տագնապալի և հուսահատ լուրեր էին պատմում բանտից դուրս կատարվող դեպքերի մասին: Հետո ժանդարմները սկսեցին խումբ-խումբ կամ առանձին դուրս կանչել բանտարկյալներին՝ ռազմական դատարան ուղեկցելու պատրվակով: Ճանապարհին նրանց գնդակահարեցին: Իսկ բանտում մնացածները կարծում էին, թե դատարանը, մեղադրանքների հիմնավորումներ չունենալով, իրենց ընկերներին ազատ կարձակի և հաջորդ ազատ արձակվողները կլինեն իրենք՝ դեռ որ Սարը Գըշլասի կալանավորները: «Արդարադատ մի պետութիւն, ինձ նման անմեղները արդէն ազատ է արձակում...»: Այո՛, արդարադատ մի պետություն: Բայց Ատոմը չգիտե՞ր, որ Օսմանյան պետությունը արդարադատ չէ, թե՞ «արդարադատ» մակդիրը զուտ դիվանագիտական ձևակերպում էր:
75-ից 48-ին արդեն սպանել էին, մնացել էին 27-ը: Ատոմը 27-ի մեջ էր: Նրան մյուսների հետ տարան Գափլը պէլի լեռան մոտ և գնդակահարեցին: Ինչպես միշտ՝ չբավարարվելով, թուրքերը նաև սվիններով խոցոտեցին նրանց մեռած մարմինները: Հետո եկան մոտակա գյուղի մահմեդական բնակիչները: Գործի դրվեցին կացինները, դանակները, մահակները: Ի՜նչ հաճելի զգացողություն և դրական լիցքեր ստացան: Հաջորդ օրը նրանք գյուղամեջ դուրս եկան իրենց համար նոր հագուստներով, դրանք ճիշտ է արյունոտված էին, բայց լավ էր: Նրանք սիրում էին արյան հոտը:
Ատո՛մս է...
Տիկին Նազենի Յարճանյանը ի հիշատակ որդու, մի թթենի տնկեց Գայսերլիօղլու փողոցի 27 տան բակում: Եվ խնամեց ծառը, ինչպես կխնամեր երեխային: Բայց միևնույն է նա մինչև կյանքի վերջը հավատում էր, որ իր որդին, ում նա կոչել էր Աստվածատուր, ողջ է և մի օր անպայման կգա: Եվ եկավ: Եկավ, երբ մայրը, հոգեվարքի մեջ էր: Տիկին Նազենին դա զգաց. «Ո՞վ կա արդեօք ներսի սենյակում: Ատո’մս է»: Հավաքվածներից ոչ ոք Ատոմին չտեսավ, բայց բոլորն էլ վստահ էին, որ նա այնտեղ էր:
Սաթենիկ Ջաղեթյանը Թիֆլիսում լսեց գույժը: Ի՞նչ կատարվեց հետը, ի՞նչ տվեց-առավ ինքն իրեն... Պահի ազդեցության տակ գուցե և իր մեղավորությունը փնտրեց: «Եթե-ապա»-ների մեջ խճճեց իրեն. Եթե այն ժամանակ՝ 1906-ին արձակուրդից հետո վերադառնար Լոզան, ապա գուցե և ուրիշ կլիներ ներկան: Նրանք միասին կլինեին և Ատոմի կյանքը այլ ընթացք կունենար: Բայց եղածը եղած էր: Շատ տարիներ հետո Սաթենիկը տեղափոխվեց Երևան, ամուսնացավ և կապ հաստատեց իր առաջին մեծ սիրո քրոջ՝ Զապելի հետ: Նրանք միմյանցից առան Աստվածատուր-Ատոմի կարոտը:
Ձախից՝ Զապելը և Ս. Ջաղեթյանը
Երբ Ատոմը Փարիզում էր, մեկը նրան հարցրեց, թե` որտե՞ղ ես ապրում, նա էլ պատասխանեց՝ այսինչ փողոցի այսինչ համարի տան վերջին յոթերորդ հարկում՝ անմիջապես տանիքի տակ: Կամ երկնքից իջնելիս՝ առաջին հարկում:
Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից
Մեկնաբանել