
Հարավային Կովկասի հարցերով «3+3» ձևաչափի նիստը կկայանա հոկտեմբերի 18-ին Ստամբուլում
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ակնկալում է Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների մասնակցությունը Հարավային Կովկասի հարցով « 3+3» ձևաչափով հարթակի նիստին, որը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 18-ին Ստամբուլում: Այդ մասին Ֆիդանը հայտարարել է Անկարայում՝ Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք շարունակում ենք Հարավային Կովկասի հարցերով «3+3» ձևաչափով աշխատանքը և խորհրդակցությունները տարածաշրջանի երկրների հետ: Հուսով եմ, որ այս կարևոր հարթակի երրորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։ Նիստին կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները»,- հայտարարել է Ֆիդանը։
LIVE: Turkish Foreign Minister Hakan Fidan and Jordanian counterpart Ayman Safadi speak at "Global Diplomacy and Future of Palestine” in Ankara https://t.co/ZNEADY3NPB
— TRT World (@trtworld) October 15, 2024
Նրա խոսքով՝ Թուրքիան այն դիրքորոշումն ունի, որ տարածաշրջանային բոլոր հարցերը պետք է լուծվեն անմիջապես տարածաշրջանի երկրների կողմից։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լավրովը կմասնակցի այս հանդիպմանը։
Հայկական կողմն իր մասնակցության մասով դեռևս որևէ հայտարարություն չի արել։
«3+3» ձևաչափով առաջին հանդիպումը կայացել էր Մոսկվայում, իսկ երկրորդը՝ Թեհրանում։ Վերջին անգամ այս ձևաչափով հանդիպումը կայացել էր մեկ տարի առաջ՝ 2023 թվականի հոկտեմբերին։
«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ ձևաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ Այն իր առջև խնդիր է դրել Հարավային Կովկասում հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակումն ու տարածաշրջանային անվտանգությունը։ Մինչ այս պահը Վրաստանը հրաժարվել է մասնակցել այս ձևաչափով հանդիպումներին։
Լուսանկարը՝ bucketlistly.blog-ից
Մեկնաբանել