Ինչպես «Օսկարի» համար ընտրվեց «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը
Սեպտեմբերի 5-ին Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարեց, որ «Օսկար» 2025 թվականի մրցանակաբաշխությանը Հայաստանը կներկայացնի Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։
4 ֆիլմ է ներկայացված եղել «Օսկարի»՝ Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը», Աննա Մաքսիմի «Մեդալի հակառակ կողմը», Շողակաթ Վարդանյանի «1489» և Զառա Ջյանի «Սիրով վրեժխնդիր եմ լինելու այս աշխարհից» ֆիլմերը:
Հայկական ազգային կինոակադեմիայի կայքից տեղեկանում ենք, որ Ակադեմիան ունի 43 անդամ։ Ընտրությանը մասնակցել է 26 անդամ, որից 5-ը ձեռնպահ է մնացել։ Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.
Ընտրությունները գաղտնի են անցկացվել: Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը այս որոշման առնչությամբ` «Հետքը» զրուցել է Կինոակադեմիայի անդամների հետ՝ պարզելու, թե ինչ չափանիշներով են առաջնորդվել ընտրություն կատարելիս ու նրանցից յուրաքանչյուրը որ ֆիլմն է ընտրել։ Մեզ հաջողվեց զրուցել Կինոակադեմիայի 15 անդամի հետ։
Ովքեր են ընտրել «1489»-ը
Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմի օգտին քվեարկած 3 անդամներից 2-ը՝ Վահագն Տեր-Հակոբյանը և Սուսաննա Հարությունյանը չխուսափեցին հրապարակավ խոսել իրենց ընտրության մասին։ Քանի որ երրորդ ձայնը տվողը ցանկացավ գաղտնի մնալ, նրա անունը չենք հրապարակում:
Վահագն Տեր-Հակոբյան, օպերատոր. ««1489» ֆիլմը շատ ազդեցիկ է ու կարծում եմ՝ Հայաստանի համար շատ կարեւոր է, որ նման ֆիլմ ուղարկենք, որպեսզի դրսում տեսնեն ու իմանան՝ ինչ է կատարվել, ես էդ տեսանկյունից եմ տվել ձայնս։ Ունեմ վերապահումներ էդ ֆիլմի նկատմամբ, բայց դա կարեւոր չի հիմա, ես գլոբալ եմ նայում հարցին»։
Սուսաննա Հարությունյան, Կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիայի նախագահ, «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ. «Շողակաթի ֆիլմը բարձր եմ գնահատում և իմ ուժերի ներածին չափով աջակցել եմ: Էդգար Բաղդասարյանի ֆիլմին էլ եմ շատ լավ ծանոթ՝ սկսած աշխատանքների առաջին փուլից։ Իմ ընտրությունը այս երկու ֆիլմերի մեջ էր, մեծ հարգանքով ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի հանդեպ՝ ընտրել եմ Շողակաթ Վարդանյանին»:
Ովքեր են ընտրել «Յաշան և Լեոնիդ Բրեժնև»-ը
Մեզ հետ զրուցած անդամներից չորսը՝ Դավիթ Սահակյանցը, Դավիթ Բաբայանը, Սերժ Ավետիքյանը, Կարեն Ղազարյանը, նշել են, որ ընտրել են Էդգար Բաղդասարյանի ֆիլմը:
Դավիթ Բաբայան, ռեժիսոր, սցենարիստ, դերասան. «Իմ փորձից ելնելով՝ ասեմ, որ մենք վաղուց «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմի նմանը չենք ունեցել, որովհետեւ դա այն իսկական կինոն է, որի ընկալումը համընկնում է սպասելիքներին՝ թե՛ դրամատուրգիական, թե՛ գեղարվեստական լուծումներով։ Իհարկե, Շողակաթի «1489» ֆիլմը բարձր եմ գնահատում եւ ուրախ եմ, որ հայկական ֆիլմն արժանացել է մրցանակների, բայց ունեմ իմ նախընտրությունը։
«Յաշայում․․․» տեսնում եմ հղումներ դեպի Բունյուել, Ինյարիտու կամ Գոդար, որտեղ կա ինտելեկտ, իդեա, ռեժիսորի աշխատանք։ Ընդհանրապես, տարօրինակ եմ գտնում այն հարցը, թե ինչու է ուղարկվել այս, այլ ոչ թե այն ֆիլմը։ Մի քանի տարի առաջ Ակադեմիան դեռ չէր ստեղծվել, և շատ քչերն էին հետաքրքրվում հայկական կինոյով և «Օսկարին» ուղարկվող ֆիլմերով, հիմա, չգիտես ինչու, այդ թեման հասարակական քննարկման դաշտ է տեղափոխվել։ Ակադեմիայի անդամները բազմափորձ են, հեղինակություն են վայելում ամբողջ կինոաշխարհում և որոշումները կայացնում են՝ ելնելով իրենց պրոֆեսիոնալ տեսակետից։ Իսկ բարձրացված թեման ավելի շատ լրագրողական հայփ է, քան պրոֆեսիոնալ մոտեցում»:
Սերժ Ավետիքյան, ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր. «Երբ նայեցի Էդգար Բաղդասարյանի ֆիլմը, իհարկե, անմիջապես զգացի իր ոճն ու մոտեցումը, որովհետեւ ուրիշ ֆիլմեր էլ եմ դիտել իրենից, իր մոտ կա շատ համարձակ մոտեցում։ Այստեղ ֆիլմում կա գրոտեսկային մոտեցում։ Ամենակարեւոր բանը ձուլման պրոցեսն է, երբ տարբեր ոճեր եք հոլովում մի աշխատանքում, եթե ձուլման պրոցես չկա, իրենք չեն աշխատում, մնում է որպես կոլաժային աշխատանք։ Ֆիլմը դիտելուց էդ հարցն էի ինձ տալիս, ասում էի՝ միգուցե սա կարող է մնալ կոլաժ, երբ որ Բրեժնեւն է միշտ հայտնվում իրականության մեջ, բայց ոչ՝ ֆիլմի ոճը, դերասանների որակը, բեմադրվածությունը կարողանում են կազմել մի ընդհանուր մթնոլորտ եւ ոճ, որի մեջ կարողանում ենք մտնել։
Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը արդեն ունեցել է իր ազդեցությունը հենց այդ փառատոների միջոցով, որտեղ հաջողության է հասել, այն շատ ավելի կարևոր է, քան թե «Օսկար» գնալը։ «Օսկար» գնալը ոնց որ պլակատ լինի, բայց այդ պլակատը, եթե ոչ մի արդյունքի չի հասնում, ոչ մի բանի չի ծառայում, իսկ այն փառատոները, որոնք իսկապես շատ լուրջ փառատոներ են, որտեղ հաջողության է հասել Շողակաթը, որտեղ կա հանդիսատեսի հետ խոսելու ուղիղ միջոց, իր ազդեցությունն արդեն թողել է։ Նոյեմբերին այն ցուցադրվելու է Փարիզում, ինքը ներկա է լինելու, ես էլ եմ անպայման լինելու և, իհարկե, օգնելու եմ իմ բոլոր հնարավորություններով»:
Կարեն Ղազարյան, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն, «Շարմ Հոլդինգ»-ի համահիմնադիր. «Ես քվեարկել եմ «Յաշայի» օգտին։ Շատ տաղանդավոր ֆիլմ է, յուրօրինակ է. իր գաղափարով, սցենարով, կատարումով, դերասանական աշխատանքով բավականին լուրջ կինո է ստացվել: Դիտել եմ բոլոր չորս ֆիլմերը, բոլորն էլ արժանի ֆիլմեր են: Պետք էր ընտրություն անել։ Իհարկե, էդ սուբյեկտիվ կարծիքը, դա իմ կարծիքն է, իմ ընտրությունը, բայց դու ինքդ ես ընտրում ու ընտրում ես էն, որը կարծում ես՝ ավելի հետաքրքիր է աշխարհին»:
Ով է ընտրել «Մեդալի հակառակ կողմը»
Աննա Մաքսիմի «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի օգտին միակ քվեարկողը Ռոբերտ Մաթոսյան է։
Ռոբերտ Մաթոսյան, կինոլրագրող. «Միակ ձայնը էդ ֆիլմին իմն է եղել։ Գիտե՞ք՝ ինչի համար եմ տվել, նախ՝ որոշել էի, որ խաղարկային ֆիլմ պետք է ընտրեմ, հետո նայեցի՝ ինչ երիտասարդ աղջիկ է, հետո նոր էր, մեծ սպորտի մասին էր, ինչ-որ ոգի կար, զարմացել էի, որ տենց խաղարկային ֆիլմ է արել էդ աղջիկը»:
Ովքեր են ընտրել «Սիրով վրեժխնդիր եմ լինելու այս աշխարհից» ֆիլմը
Զառա Ջյանի «Սիրով վրեժխնդիր եմ լինելու այս աշխարհից» վավերագրական ֆիլմի օգտին քվեարկել է 5 անդամ, մեզ հետ զրուցած 15 անդամներից միայն մեկն էր ընտրել այս ֆիլմը։
Ռուսական Central Partnership կինոընկերության միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ Արմեն Դիշդիշյանն իր ձայնը տվել է Զառա Ջյանի վավերագրական ֆիլմին, որը պատմում է Սերգեյ Փարաջանովի մասին։ Պարոն Դիշդիշյանի հետ զրույցից հասկացանք, որ նա տեղյակ չէր, որ չորս թեկնածու ֆիլմ էր առաջադրված: Ասաց, որ միայն մեկ ֆիլմի հղում են ուղարկել, որի օգտին էլ քվեարկել է։
Արմեն Դիշդիշյան. «Ինձ մենակ մի հատ են ուղարկել, ճիշտն ասած, մենակ Փարաջանովի մասին դոկումենտալն են ուղարկել, էդ եմ ընտրել։ Դիտելը դիտել եմ, բայց այլընտրանք որ չկա, ի՞նչ պիտի ասես, կամ՝ հա, կամ՝ չէ, դե ավելի լավ է հա ասես, քան թե՝ չէ։ Ճիշտն ասած՝ չեմ կարող ասել, որ դա ճիշտ է ուղարկել «Օսկարի», բայց եթե չկա այլընտրանք, էդ պետք է ուղարկել»:
Չքվեարկածները
Ակադեմիայի՝ մեզ հետ զրուցած անդամներից չորսը՝ Գարեգին Զաքոյանը, Դավիթ Սաֆարյանը, Միքայել Ստամբոլցյանը, Հրանտ Հակոբյանը չէին մասնակցել քվեարկությանը։
Գարեգին Զաքոյան, կինոռեժիսոր. «Ես 3-4 տարի է՝ էլ չեմ մասնակցում էդ ընտրություններին, դա համարում եմ հիմարություն։ Ժամանակը չի «Օսկարներով» զբաղվելու, որովհետեւ Հայաստանում կինոն շատ վատ վիճակում է, լուրջ հարցերը թողած՝ ինչ-որ իլյուզորնի օսկարների հետեւից եք վազում, ամոթ է, աչքի համար վիզուալ խաբկանք է»։
Հրանտ Հակոբյան, կինոռեժիսոր.
«Իրականությունից շատ հեռու է Օսկարում հայկական ֆիլմի հաջողություն ունենալը։ Մեր Կինոակադեմիան գոյություն ունի որպես կառույց, եւ անում ենք մեր առջև դրված առաջադրանքները, բայց շատ մեծ բարդությունների հետ է կապված յուրաքանչյուր ֆիլմ, որ պիտի ներկայացվի «Օսկարին»: Հասնի էնտեղ, որտեղ պետք է, հասկանու՞մ եք։ Ահռելի ճանապարհ է, աղքատ երկրի գործ չի դա, մեծ ծախսեր է պահանջում, որպեսզի վերջնական հասնի, բացի էն, որ արվեստի տեսանկյունից պիտի քննարկվի ֆիլմը, այն նաեւ շատ փող է պահանջում, որպեսզի հասնի վերջնական կայանի: Քվեարկությանը չեմ մասնակցել, որովհետև առողջական խնդիրներ ունեի, հիվանդանոցում էի»:
Դավիթ Սաֆարյան, կինոռեժիսոր. «Իրենք իրենցով հավաքվել են, իրենք իրար մեկ էս են տալիս, մեկ էն՝ «Անահիտ» մրցանակ տանք, «Օսկար» ուղարկենք։ Ես ուղղակի էս բաներին էլ չեմ մասնակցում, որովհետեւ հասկանում եմ, որ մի հոգով, երկու հոգով չես կարող էդ ամենի դեմ։ Ես միայնակ չեմ, էնտեղ մարդիկ կան, որ չեն մասնակցել։ «Օսկարին» ուղարկված ֆիլմը տեսել եմ և կասեմ, որ վատագույն սերիալների որակի, որակի չէ, անորակության դրսեւորում է»։
Մենք փորձեցինք զրուցել կինոգետ, սցենարիստ Միքայել Ստամբոլցյանի հետ: Նա միանգամից վրդովվեց՝ իմանալով, որ լրագրող է զանգողը: Առանց լսելու ասաց, որ հրաժարվում է պատասխանել մեր հիմար հարցերին։ Ամեն դեպքում, պարոն Ստամբոլցյանն ասաց, որ չի մասնակցել ընտրությանը։
«Գաղտնապահները»
Ակադեմիայի՝ մեզ հետ զրուցած անդամներից 4-ը՝ Արտ Սևադան, Արման Երիցյանը, Հարություն Խաչատրյանը, Շուշանիկ Միրզախանյանը, հրաժարվեցին խոսել իրենց ընտրության մասին կամ առհասարակ խոսել։
Ամերիկահայ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Արտ Սևադան նախ հարցրեց «Հետքի» քաղաքական ուղղվածության մասին, պատասխանեցինք, որ մեր նյութը քաղաքական ենթատեքստ չունի, այդուհանդերձ, պարոն Սևադան հրաժարվեց մեր հարցերին պատասխանելուց։
Շուշանիկ Միրզախանյան, Ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն. «Հիմա իմ կարծիքը ասեմ՝ լավ չի ստացվի, բայց ամեն մեկը, ամեն մի անդամ իրավունք ունի իր տեսակետն ունենալու: Հիմա հաղթող ֆիլմին ձայն տվողները իրենց բացատրությունն ունեն։ Ես իմ ընտրությունը չեմ կարող ասել, քանի որ ընտրությունը գաղտնի է»:
Հարություն Խաչատրյան, ռեժիսոր. «Ծիծաղելի, օդից հորինած պատմություն է «Օսկարի» շուրջ էս հանրային քննարկումը։ «Օսկարի» պատմությունն ընդհանրապես Հայաստանի նման կինո ունեցող երկրների համար պրոբլեմ է։ «Օսկարը» էնքան բարդ ճանապարհ է, էնքան ծախսատար, որ չարժի ներվային միջավայր ստեղծել, ոչ էլ՝ բողոքել։ Ձեւը ընդունված է, որ պետք է փակ քվեարկություն լինի, ես մեկնաբանություն չեմ կարող տալ»։
Արման Երիցյան, կինոռեժսոր. «էս բամբասանքային վիճակների ո'չ ժամանակն ունեմ, ո'չ էլ՝ առողջություն։ Փակ քվեարկություն է եղել։ Էդպես է որոշվել։ Որքանո՞վ են էդ մարդիկ օբյեկտիվ, սուբյեկտիվ, Աստված գիտի, ես ընդհանրապես կողմ եմ, որ Ակադեմիան նորից, ասենք, 5-10-hոգանոց լինի, էդ 40-հոգանոց «Չալոյի կամանդը» հավաքելը անիմաստ է»։
Ընտրության առաջին նախապայմանն է, որ ընտրության մասնակիցները առաջադրված բոլոր ֆիլմերը դիտած լինեն։
Մեր զրույցներից պարզ դարձավ, որ ընտրողներից ոչ բոլորն են դիտել չորս ֆիլմերը, այդուհանդերձ, քվեարկել են իրենց նախընտրած ֆիլմի օգտին։ Պատճառները տարբեր էին, այդ թվում` տեխնիկական: Արմեն Դիշդիշյանի խոսքով՝ իրեն չեն ուղարկել բոլոր ֆիլմերի հղումները: Անդամներից մեկը, ով չուզեց, որ իր անունը հրապարակվի, ասաց, որ նամակները սփամ էին ընկել: Ռոբերտ Մաթոսյանի խոսքով, ֆիլմերից մի քանիսի հղումների գաղտնաբառը չի աշխատել։
Հարցված ակադեմիկոսներից հինգը չկարողացան կարծիք հայտնել Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմի մասին, որովհետև չէին դիտել։
Այս հարցերի շուրջ փորձեցինք խոսել Կինոակադեմիայի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հետ։ Նա ասաց, որ նկարահանման է, զբաղված է, չի կարող խոսել, առաջարկեց կապ հաստատել Կինոակադեմիայի քարտուղարի հետ։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Կինոակադեմիայի քարտուղար Նատալյա Ղազանչյանը պատասխանեց, որ անձամբ է զբաղվել ընտրության կազմակերպչական հարցերով և «ամենայն պատասխանատվությամբ» վստահեցրեց, որ ապահովված են եղել բոլոր տեխնիկական պայմանները, որպեսզի Կինոակադեմիայի անդամները կարողանան դիտել մրցույթին ներկայացված չորս ֆիլմերը։
«Ես շատ կցանկանայի իմանալ, թե կոնկրետ ով չի կարողացել որևէ ֆիլմ դիտել տեխնիկական պատճառներով և չի կարողացել կապվել ինձ հետ, որպեսզի ես կարողանամ անմիջապես լուծել այդ հարցը: Շնորհակալ կլինեմ, եթե տրամադրեք ինձ այդ մարդկանց անունները, որպեսզի հետագայում ավելի շատ ուշադրություն դարձնեմ, թե արդյոք նրանք դիտելու խոչընդոտներ ունեն»,- հետաքրքրվեց Նատալյա Ղազանչյանը։
Ռուբեն Ջաղինյանը 2019 թվականից Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահն է։ Նա «Շարմ Հոլդինգ»-ի հիմնադիրն է: Կինոակադեմիայի անդամների կազմում են «Շարմ Հոլդինգի» համահիմնադիր Կարեն Ղազարյանը, գլխավոր տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը, հոլդինգի պրոդյուսեր Վահան Հովհաննիսյանը և ուղղակիորեն կամ անուղղակիորեն հոլդինգի հետ փոխկապակցված այլ անձինք։ Կապերը Կինոակադեմիայի այլ անդամների միջև երբեմն ուղիղ ազգակցական են, օրինակ՝ ռուսաստանաբնակ եղբայրներ Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանները, Ռուբեն և Արմեն Դիշդիշյանները, քույր եւ եղբայր Անետա և Ռուբեն Երզնկյանները, Արմեն և Լիլիթ Մարտիրոսյանները։
Կինոակադեմիայի ահա այսպիսի կազմով ընտրվեց «Օսկար» մրցանակաբաշխությանը Հայաստանից ներկայացվող ֆիլմը՝ Կինոակադեմիայի խորհրդի անդամ Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը»։
«Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» հայ-ռուսական համատեղ արտադրություն է
«Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմում դեպքերը ծավալվում են Հայաստանում։ Տարեց Յաշան տառապում է՝ փորձելով ընդունել ժամանակակից աշխարհը, որը հակադրվում է խորհրդային շրջանին, որտեղ մտովի մնացել է նա։ Անցյալի առաջնորդների հետ ունեցած կապվածության ու նոր հասարակարգի անընդունելիության խաչմերուկում ծնվում են նրա տեսիլները և շփումը Լեոնիդ Բրեժնևի և խորհրդային շրջանի այլ առաջնորդների հետ:
«Հետքի» հարցմանը «Հայաստանի կինոյի հիմնադրամից» պատասխանել են, որ ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմել է 159 մլն 814 հազար դրամ, որից Կինոյի հիմնադրամը տրամադրել է 62 մլն 500 հազար դրամը։
Այդ գումարից 2,5 մլն դրամը զարգացման փուլի աշխատանքների համար է, 50 մլն դրամը՝ արտադրության, 10 մլն դրամ էլ՝ հետարտադրական աշխատանքների համար։
Արտադրող ընկերությունը ներդրել է 97 մլն 314 հազար դրամ՝ ներառյալ համարտադրողների գումարը։ Հայ-ռուսական համատեղ արտադրության ռուսական կողմի համարտադրողն է «Սիլվի» ՍՊԸ-ն։
Հայաստանի Կինոյի հիմնադրամի պաշտոնական կայքից տեղեկանում ենք ֆիլմի փառատոնային հաջողությունների մասին.
Բոլոր մրցանակները ֆիլմը ստացել է «Անահիտ» ազգային կինոյի մրցանակաբաշխությանը, որը կազմակերպում է Հայկական ազգային կինոակադեմիան, որի խորհրդի վեց անդամներից մեկը ֆիլմի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանն է։ Մեզ հետ զրույցում Էդգար Բաղդասարյանը նշեց, որ «Օսկարի» համար ֆիլմի ընտրությանը չի մասնակցել, քանի որ թեկնածու ֆիլմ ուներ։ Ֆիլմի օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը, նույնպես Կինոակադեմիայի անդամ է և մասնակցել է Հայաստանից «Օսկարի» ներկայացված ֆիլմերի ընտրությանը։ Դժվար չէ կռահել, թե որ ֆիլմի օգտին է նա քվեարկել։
Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմն արդեն արժանացել է մրցանակների հեղինակավոր փառատոններում։
Հայկական ազգային կինոակադեմիան ընտրությունների արդյունքներից դժգոհ «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքին գրավոր պատասխանել է, որ «Կինոակադեմիկոսները ընտրություն կատարելիս հաշվի են առնում ոչ թե ֆիլմի ստացած մրցանակների ցանկը, այլ առաջնորդվում են նրա գեղարվեստական արժանիքներով»։
«1489» վավերագրական Ֆիլմը պատմում է 2020թ.-ի արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած եղբորը փնտրող և վերջում զոհված եղբոր մասունքները գտնող Շողակաթի (ֆիլմի հեղինակի) և նրա ծնողների ապրումների մասին։
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում շարունակվում են Կինոակադեմիայի ընտրած ֆիլմի շուրջ քննարկումները։ Ոմանք առաջարկում են ֆիլմը հետ կանչել և Շողակաթ Վարդանյանի ֆիլմը ներկայացնել։ Ոմանք էլ՝ գտնել ճանապարհ առանց Կինոակադեմիայի «1489» վավերագրական Ֆիլմը ներկայացնել «Օսկար» մրցանակաբաշխությանը: Մի խումբ էլ առաջադրում է Կինոակադեմիան փակելու հարցը՝ այն համարելով ոչ պրոֆեսիոնալների կազմակերպություն: Նման կարծիք հայտնում են նաեւ Կինոակադեմիայի որոշ անդամներ:
Գլխավոր նկարի ձևավորումը՝ Տիրայր Մուրադյանի
Գրաֆիկան՝ Արեն Նազարյանի
Մեկնաբանել