HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղմթերքի արտադրության ծավալները Հայաստանում նվազում են․ որքանով ենք ինքնաբավ (մաս 1)

Հայաստանի պարենային ապահովության պատկերը վերջին 10 տարիներին փոխվել է. մի շարք ապրանքատեսակների մասով մեր երկիրը ինքնաբավ չէ, ինչը հիմնականում պայմանավորված է արտադրության ծավալների նվազմամբ։ Վիճակագրական կոմիտեում հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ 2014 թվականի համեմատ նախորդ տարի Հայաստանում գրեթե բոլոր ապրանքատեսակների ներմուծումն աճել է։ 

2014 թվականին Հայաստանում 696 հազար տոննա կարտոֆիլ է արտադրվել։ 10 տարվա ընթացքում այդ թիվը կրճատվել է գրեթե երկու անգամ։ Նվազել են պահուստները, սերմացուն, որպես անասնակեր օգտագործումը, արտահանումը։ Չնայած նրան, որ հիմնականում թվերը նվազում են, ինքնաբավության աստիճանը բարձր է՝ 99%։ Փոխարենը ավելացել է ներմուծումը. 2014-ի 12․9 հազար տոննայի համեմատ ներմուծումը 2023-ին հասել է 21․4 հազար տոննայի։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝ կարտոֆիլ ամենաշատը ներմուծում ենք Ռուսաստանից՝ շուրջ 3.7 հազար տոննա։ Հայաստանը նաև արտահանում է կարտոֆիլ՝ տարեկան միջինում 23 հազար տոննա։ Սովորաբար ավելի շատ արտահանել ենք, քան ներմուծել, սակայն վերջին երկու տարիներին ներմուծման ծավալներն ավելի շատ են եղել։

Մեր երկրում արտադրված վարունգը բավարարում է 95%-ով։ Մնացած մասը լրացնում ենք ներմուծման շնորհիվ։ Վարունգի ամենամեծ ծավալը Հայաստան է մտնում հարևան Իրանից։ Եթե 10 տարիների ընթացքում ներմուծման մակարդակը դանդաղ, բայց հիմնականում աճել է, ապա արտահանումը կտրուկ փոփոխությունների է ենթարկվել։ Արտադրությունը 10 տարվա ընթացքում նվազել է 24%-ով՝ 86․5 հազար տոննայից դառնալով 69․4 հազար տոննա։ 

Լոլիկի՝ 10 տարվա կտրվածքով ցուցանիշները բավականին հետաքրքիր են. 88%-ով կրճատվել է արտադրությունը, բայց աճել է ինքնաբավության մակարդակը։ Սա պայմանավորված է նրանով, որ, ըստ Վիճակագրական կոմիտեի, պակասել են կորուստները, որպես անասնակեր օգտագործումը։ Վերջին տարիներին նաև ավելի քիչ լոլիկ ենք սպառում։ Եթե 2014-ին մեկ շնչի հաշվով տարեկան սպառումը 68 կգ էր, ապա տարեցտարի, փոքր տատանումներով, նվազել է՝ հասնելով 50․8 կիլոգրամի։ Նախորդ տարվա տվյալներով՝ լոլիկի ներմուծումը ևս ամենամեծ ծավալով Իրանից է կատարվում՝ 3.8 հազար տոննա։ Շուրջ 1.6 հազար տոննա լոլիկ էլ 2023-ին մեր երկիր մտել է Թուրքիայից։ 

Սմբուկի պարագայում նույնպես նմանատիպ պատկեր է։ Որպես անասնակեր օգտագործումը նվազել է, կորուստները պակասել են, մեկ շնչի հաշվով ավելի քիչ սմբուկ է սպառվում։ 

Հայաստանում տաքդեղի արտադրության ծավալը ևս վերջին տասնամյակում նվազել է։ Եթե 2015-ին Հայաստանը արտադրում էր 80.2 հազար տոննա, ապա 2023-ին՝ 63.2 հազար տոննա։ Չնայած այս հանգամանքին՝ ինքնաբավության աստիճանը 10 տարվա ընթացքում աճել է. 2023-ին՝ 108․5%։ Սրան կարող էին նպաստել մի քանի հանգամանքներ։ Կորուստները և որպես անասնակեր օգտագործումը կրճատվել է, ինչպես նաև մեկ շնչի հաշվով տարեկան սպառումը։ Հայաստանը տաքդեղ քիչ է ներկրում. 2023-ի տվյալներով՝ ընդամենը 2.2 հազար տոննա, իսկ արտահանումը վերջին մի քանի տարիների ընթացքում աճել է։ 2023-ին Հայաստանը 7.2 հազար տոննա տաքդեղ է արտահանել։

Եգիպտացորենը մեզնից շատերի մոտ ասոցացվում է Դիլիջանի ոլորանների հետ, և հնարավոր է չպատկերացնեք, որ ինքնաբավության մակարդակը 2023-ի տվյալներով ընդամենը 8․3% է, 2014-ին այն 27․9% էր։ Արտադրությունը նվազել է, ներմուծումը՝ ավելացել։ Եգիպտացորեն մեր երկիր հիմնականում ներմուծվում է Ռուսաստանի Դաշնությունից՝ 2023-ին ավելի քան 69 հազար տոննա, որը հիմնական ծավալի շուրջ 97%-ն է։ Հայաստանը եգիպտացորեն չի արտահանում։ 

Նման պատկեր է նաև գազարի պարագայում։ Արտադրությունը նվազել է, ներմուծումը ավելացել, իսկ արտահանում չկա։ Եթե 2014-ին գազարի ինքնաբավության մակարդակը 100% էր, ապա 2023-ի տվյալներով այն նվազել է՝ հասնելով 71․9%-ի։ Մնացած հատվածն էլ լրացվում է հիմնականում Իրանից ներմուծված գազարով։ Կաղամբի արտադրությունը կրկնակիից ավել անկում է ունեցել, չնայած դրան՝ մենք շարունակում ենք մնալ 99․9%-ով ինքնաբավ։ Ներմուծում շատ քիչ է, ինչպես նաև արտահանումը՝ 1․1 հազար տոննա։ 

Ծաղկակաղամբի արտադրության մակարդակը անընդհատ տատանվել է, բայց վերջին մի քանի տարիներին այն ևս կտրուկ անկում է գրանցել՝ 2023-ին հասնելով ամենացածր՝ 7․9 հազար տոննային։ Արտադրանքի տատանումների հետ միասին տարբեր տարիների տատանվել է նաև ինքնաբվության աստիճանը։ Օրինակ՝ ամենաբարձրը եղել է 2019-ին՝ 111%։ Սա նշանակում է, որ Հայաստանը արտադրել է ներքին սպառումից 11%-ով շատ ծաղկակաղամբ։ Հայաստանը 2014-2023-ի տվյալներով ինքնաբավ է եղել ծաղկակաղամբի մասով, 2023-ին այն 102․3% էր։ Ներմուծման և արտահանաման ծավալը փոքր է։ Մանրամասները՝ տե՛ս ինֆոգրաֆիկաներում։

Սխտորի ինքնաբավության աստիճանը տարեցտարի նվազում է։ 10 տարվա ընթացքում այն նվազել է 7%-ով։ Նվազել է նաև արտադրության ծավալը՝ 2014-ի համեմատ 35%-ով՝ հասնելով 8.3 հազար տոննայի։ Ներմուծումը աճել է վերջին տարիներին՝ հասնելով տարեկան 700 տոննայի։ Այստեղ ևս Հայաստանի գլխավոր գործընկերը հարևան Իրանն է։ Մեր երկիրը սխտոր չի արտահանում։

Գլուխ սոխի արտադրության ծավալը ևս նվազել է։ Արտադրության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2016-ին՝ 53.9 հազար տոննա, իսկ ամենացածր ցուցանիշը՝ 2021-ին՝ 29 հազար տոննա։ 2023-ին արտադրությունը հասել է 38.1 հազար տոննայի։ Վերջին տարիներին ներմուծումը աճել է՝ 2023-ին հասնելով 10 տարվա կտրվածքով ռեկորդային 10․5 հազար տոննայի։ 2022-2023-ին արտահանումը ևս աճել է՝ համապատասխանաբար 1.7 և 4.4 հազար տոննա։ Ինքնաբավության աստիճանը հիմնականում չի փոխվել։ Վերջին 10 տարիների ընթացքում մեր երկրում արտադրված գլուխ սոխի պաշարները միջինում 88.3%-ով բավարարել են, 2023-ին՝ 86.3%-ով։

Պարենի համաշխարհային ծրագրի կողմից 2022 թվականին իրականացված «Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության և խոցելիության» գնահատումը ցույց է տվել, որ հետազոտված տնային տնտեսությունների 23%-ը պարենով ապահովված չէ, իսկ 56%-ը գտնվում է սահմանային շեմին։ Սա ցույց է տալիս, որ բնակչության մեծ մասը ճգնաժամային իրավիճակներում պարենի տեսանկյունից անապահով դառնալու վտանգի առաջ է:

Հայաստանի կառավարությունը 2023 թվականին մշակել է Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարություն, որում ասվում է.

«Պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը թույլ կտա արձագանքել տարատեսակ բնական, տեխնածին, քաղաքական, անվտանգային և այլ ճգնաժամերին ու մեղմել դրանց հետևանքները՝ նպաստելով երկրի սոցիալական, տնտեսական և մարդկային ռեսուրսների զարգացմանը»: 

Արհեստական բանականությունը, որ ծանոթ է ռազմավարությանը ու տեսել է վերջին տասնամյակի վիճակագրությունը, նշում է՝ արտադրության անկումը և ներմուծումից մեծ կախվածությունը կարող են խորացնել պարենային անապահովության խնդիրը, ինչը կբարձրացնի սննդամթերքի գները և խոցելի կդարձնի բնակչության ցածր եկամուտ ունեցող շերտերը։ Սննդամթերքի ինքնաբավության ցածր մակարդակը ավելի է մեծացնում այդ ռիսկը։

Արտաքին շուկաների ցնցումները կամ գնաճը կարող են կտրուկ բարձրացնել ներմուծվող սննդամթերքի գները, ինչը բացասական ազդեցություն կունենա սպառողական շուկայում և կհանգեցնի գնաճի։ Սա, իր հերթին, կարող է հարվածել ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններին։

Շարունակությունը՝

Հոդվածում օգտագործվել է ChatGPT-ի GPT-4o մոդելը
Գլխավոր նկարը ստեղծել է արհեստական բանականությունը (Midjourney)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter