
Ցորենի արտադրության ծավալները կրճատվել են․ որքանով ենք ինքնաբավ (մաս 2)
Հայաստանում պարենային անվտանգությունը մշտապես եղել է հասարակական և քաղաքական քննարկումների կիզակետում։ Սա հատկապես արդիական է ցորենի և այլ հացահատիկային մշակաբույսերի պարագայում, որոնց պահանջարկը զգալիորեն գերազանցում է տեղական արտադրության հնարավորությունները։
«Հետքը» նախորդ ամիս գրել էր, որ շատ ապրանքատեսակների մասով մեր երկիրը ինքնաբավ չէ, ինչը հիմնականում պայմանավորված է արտադրության ծավալների նվազմամբ։ Ավելի քիչ արտադրում ենք, ավելի շատ՝ ներմուծում։
Ցորենի վերաբերյալ Հայաստանում պարբերաբար քննարկումներն ակտիվանում են, հիմնականում խոսակցության թեման ներկրման մեծ ծավալներն են։ Վերջին 10 տարվա տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում ցորեն ավելի քիչ է արտադրվում․ 2014-ի համեմատ 2023-ին արտադրությունը նվազել է 47․4%-ով` 338․2 հազար տոննայից հասնելով 177․9 հազար տոննայի։ Ամենաքիչ արտադրությունը եղել է 2021-ին՝ 97․2 հազար տոննա։ 10 տարվա ընթացքում ներմուծման ցուցանիշները տատանվել են, միջինում ներմուծվել է 385 հազար տոննա, իսկ վերջին երկու տարին, 2023-ին գրանցվել է ներմուծման ամենամեծ ցուցանիշը՝ 464.9 հազար տոննա։ Ցորենի գրեթե ողջ ծավալը Հայաստան է մտնում Ռուսաստանից; Արտահանումը ևս կայուն չէ, տարբեր տարիների արտահանման թիվը կտրուկ աճել կամ նվազել է, թեև ծավալը մեծ չէ՝ միջինում 11․5 հազար տոննա, 2023-ին նախորդ տարվա 13 հազար տոննայի համեմատ նվազել է 8․6 հազար տոննայով։ Որպես անասնակեր օգտագործման ցուցանիշը հիմնականում չի փոխվել, տարբեր տարիների տատանումներ են եղել, բայց միջինում եղել է 112 հազար տոննա։ Ցորենի կորուստների չափը 2023-ին կազմել է արտադրության 25.6%-ը, 2023-ի արտադրության 177․9 հազար տոննայի համեմատ կորուստները եղել են 45․6 հազար տոննա։ Ինքնաբավության աստիճանը 2014-2023-ի ընթացքում ամենաբարձրը եղել է 2016-ին՝ 53․2%, որը նվազել է՝ 2023-ին հասնելով 27․9%-ի։ Ամենացածր ցուցանիշը գրանցվել է 2021-ին՝ 23․2%:
2014-ին Հայաստանը արտադրել է 190․1 հազար տոննա գարի, որը 2023-ի համեմատ 56%-ով նվազել է՝ հասնելով 83․6 հազար տոննայի։ Արտադրության նվազումը հանգեցրել է ներմուծման ծավալների աճի․ եթե 2014-ին Հայաստանը ներմուծել է 10․4 հազար տոննա գարի, ապա 2023-ին այդ թիվը հասել է 10 տարվա ընթացքում ռեկորդային 64․2 հազար տոննայի։ Այստեղ ևս Ռուսաստանն է հիմնական մատակարարը. նախորդ տարի, ըստ ՊԵԿ տվյալների, 59.4 հազար տոննա գարի է ներմուծվել Ռուսաստանից։ Արտահանման ծավալները փոքր են, ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2022-ին՝ 1․1 հազար տոննա։ Կորուստները 2014-ին կազմել են 15․4 հազար տոննա, 2021-ին՝ 3․1 հազար տոննա, այդ ընթացքում կորուստների ցուցանիշը կայուն նվազել է, բայց 2022-2023-ին այն աճել է՝ համապատասխանաբար կազմելով 6․8 և 9․9 հազար տոննա։ Նույն պատկերն է նաև որպես անասնակեր օգտագործման տվյալներում։ 2014-ին այն կազմել է 144.6 հազար տոննա, 2021-ին՝ 49․2 հազար տոննա։ 2022-2023-ին աճել է այս ցուցանիշը՝ համապատասխանաբար կազմելով 81․5 և 100․6 հազար տոննա։ Այս ցուցանիշները, իհարկե, ազդել են ինքնաբավության ցուցանիշի վրա։ Եթե 2014-2016-ին Հայաստանը մոտ էր ամբողջական ինքնաբավությանը, միջինում 95%, ապա հաջորդող տարիներին այդ ցուցանիշը հիմնականում նվազել է՝ 2023-ին հասնելով 56․8%-ի։
Հայաստանը գրեթե ամբողջությամբ բավարարում է իր պահանջարկը կանաչ լոբու հարցում։ Ինքնաբավության մակարդակը փոքր տատանումներով միջինում կազմել է 99.6%։ Տարեկան արտադրությունն էլ զգալի փոփոխությունների չի ենթարկվել՝ միջինում կազմելով 17.7 հազար տոննա։ Ներմուծման ամենաբարձր մակարդակը եղել է 2023 թվականին՝ ընդամենը 400 կգ։
Ի տարբերություն կանաչ լոբու` լոբու (հատիկ) արտադրության ցուցանիշներն այդքան հուսադրող չեն։ Վերջին 10 տարում լոբու արտադրությունը նվազել է 57%-ով՝ 5.1 հազար տոննայից հասնելով 2.2 հազար տոննայի։ Ինքնաբավության մակարդակը նույնպես նվազել է՝ 20.4%-ով, և 2023 թվականին կազմել է 73.8%։ Ինքնաբավության մակարդակի կտրուկ անկում չի եղել, քանի որ մեկ շնչի հաշվով լոբու սպառումը նվազել է։ Ամենաբարձր սպառման ցուցանիշը գրանցվել է 2015 թվականին՝ 1.8 կգ, սակայն տարիների ընթացքում այն նվազել է մինչև 1 կգ։ Ներմուծումն էլ աճել է․ 2023 թվականին գրանցվել է ամենաբարձր ցուցանիշը՝ 800 կգ։
Հայաստանում կանաչ ոլոռի արտադրությունը վերջին տասնամյակում շատ անկայուն է եղել, ցուցանիշները կտրուկ փոփոխությունների են ենթարկվել։ Օրինակ՝ 2023-ին կանաչ ոլոռի արտադրությունը նախորդ տարվա 1.5 հազար տոննայից նվազել է՝ հասնելով ընդամենը 0.6 հազար տոննայի։ Այս փոփոխությունը զգալիորեն ազդել է ինքնաբավության ցուցանիշի վրա, որը 2022-ի 23.6%-ից 2023-ին դարձել է 10.6%: Վերջին տասը տարում կանաչ ոլոռի ներմուծումը կայուն կերպով աճել է՝ 2.9 հազար տոննայից 2023-ին հասնելով 5.3 հազար տոննայի։
Նմանատիպ անկայուն իրավիճակ է նաև սովորական ոլոռի դեպքում։ Ինքնաբավությունը տարբեր տարիներին կտրուկ տատանվել է։ Ամենացածր մակարդակը եղել է 2014-ին՝ 5%, որը հաջորդ տարի աճել է՝ հասնելով 25%-ի, իսկ 2016-ին հասել է առավելագույնի՝ 28.6%-ի։ Սակայն 2023-ին ինքնաբավության մակարդակը նվազել է՝ դառնալով 14%։ Մինչև 2022 թվականը ոլոռի ներմուծումը կայուն աճում էր՝ հասնելով 4.6 հազար տոննայի, բայց 2023-ին կտրուկ նվազել է՝ դառնալով 1.7 հազար տոննա։ Արտադրությունը նույնպես անկայուն է եղել. 2020-ին այն հասել էր 900 կգ-ի, սակայն 2023-ին նվազել է մինչև 200 կգ։ Չնայած այս անկումներին՝ 2023-ին ինքնաբավության մակարդակը նախորդ տարվա համեմատ աճել է 5.7%-ով՝ հիմնականում սպառման նվազման հաշվին։ 2022-ին սպառումը հասել էր իր ամենաբարձր ցուցանիշին՝ մեկ շնչի հաշվով տարեկան 1.7 կգ, բայց 2023-ին նվազել է մինչև 1 կգ:
Ոսպի և սիսեռի դեպքում էլ պատկերը նույնն է։ Երկու մշակաբույսերի ինքնաբավության մակարդակն էլ ցածր է, իսկ արտադրությունը՝ քիչ։ Եղել են տարիներ, երբ ոսպ կամ սիսեռ առհասսրակ չի արտադրվել։ Պահանջարկը ապահովելու համար մեծ մասը ներկրվում է։
Հայաստանում տարեկանի արտադրությունը, ներմուծումն ու օգտագործումը փոքր ծավալներով են իրականացվում, ինչը հաճախ կտրուկ փոփոխություններ է առաջացնում։ Օրինակ՝ 2022-ին տարեկանի արտադրություն չի եղել, ինչի արդյունքում Հայաստանը ամբողջովին կախված է եղել ներմուծումից՝ իր պահանջարկը բավարարելու համար։ Սակայն 2023-ին արտադրվել է 500 կգ, և այս փոքր արտադրությունը բերել է ինքնաբավության ցուցանիշի զգալի աճ՝ 0.1%-ից դառնալով 42.8%։
Վարսակի դեպքում պատկերն ավելի կայուն է. Տատանումներ քիչ են եղել, իսկ ինքնաբավության միջին մակարդակը բավականին բարձր է՝ 88%։ Վարսակի մեծ մասը Հայաստանում օգտագործվում է որպես անասնակեր։
Մեր երկրում բրինձ ընդհանրապես չի արտադրվում, ինչի հետևանքով ինքնաբավության մակարդակը 0% է։ Բրնձի ամբողջ պահանջարկը բավարարվում է բացառապես ներմուծման միջոցով։ 2014-2023 թվականների ընթացքում բրնձի ներմուծման ծավալներում մեծ փոփոխություններ չեն եղել. ներմուծման միջին ծավալը կազմել է 10.4 հազար տոննա: Նախորդ տարի ամենաշատը բրինձ Հայաստան ներմուծվել է Թաիլանդից՝ ամբողջ ծավալի ավելի քան 45%-ը։
Բրնձի ներմուծման ու սպառման վերաբերյալ քննարկումները հատկապես ակտիվացան վերջին ամսում, երբ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Խաղաղության խաչմերուկ» թեմայով համաժողովին առաջարկեց դիտարկել ցորենի փոխարինումը բրնձով՝ որպես ռազմավարական ապրանք։
«Ռազմավարական ապրանքները կարող են փոխվել։ Պիտի ավելի ճկուն լինենք, որպեսզի ուրիշներին թույլ չտանք թիրախավորել մեր ռազմավարական ապրանքները և շատ հարմարվողական լինենք այդ իրականությանը։ Պարզ օրինակ միայն՝ մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի։ Ցորենը կարող է ռազմավարական ապրանք լինել, բայց ինչ-որ մի պահի մենք կարող ենք անցնել բրնձի և փոխել մեր հարմարվողականությունը և ունենալ բրինձը՝ որպես ռազմավարական ապրանք»,- հայտարարել էր Գրիգորյանը։
Սրան նախորդել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, որտեղ նա ընդգծել էր, որ Հայաստանի հացահատիկի 90%-ը մատակարարվում է Ռուսաստանից։ Սանկտ Պետերբուրգում կանանց Եվրասիական IV համաժողովի շրջանակում Զախարովան արձագանքել էր Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի ավելի վաղ հնչեցված տեսակետներին՝ առաջարկելով առավել զգույշ և հարգալից մոտեցում ցուցաբերել պարենային անվտանգության հարցերում։
«Հացահատիկի 90%-ը Հայաստան է գալիս Ռուսաստանից։ Գուցե արժե տեսազանգի միջոցով կապ հաստատել Ռուսաստանի՞ հետ՝ քննարկելու ձեր պարենային անվտանգությունը։ Ինչո՞ւ թիկունքից գործել նրանց դեմ, ովքեր, ի թիվս այլ բաների, կերակրում են ձեզ և ապահովում ձեր պարենային անվտանգությունը»,- նշել էր Զախարովան։
Եթե առաջարկվում է ցորենը փոխարինել բրնձով, ստացվում է, որ մեկ ապրանքի գծով ավելի ենք մեծացնելու մեր կախվածությունը, որովհետև դրա ինքնաբավության մակարդակը 0% է։
Գլխավոր նկարը ստեղծել է արհեստական բանականությունը (Midjourney)
Կարդացե՛ք նաև.
Մեկնաբանել