HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաջողությանն ընդառաջ գնացողը. Գևորգ Բաշինջաղյան (մաս 1)

Տեսողական խաբկանքի հեղինակը

Տանը գրեթե կահույք չկար: Բայց Գևորգը ստեղծում էր այդ կահույքի պատրանքը: Նա սենյակի պատերին նկարում էր պահարաններ և դարակներ ու մոլորության մեջ գցում հյուրերին: Բայց ամենից վիրտուոզը նրա նկարած գամերն էին: Դրանք այնքան բնական էին, որ տուն մտնողը գլխարկը կամ վերարկուն փորձում էր կախել դրանցից: Եվ զարմանում, թե ինչու վայր ընկան: Շուտով նրա համբավը տարածվեց գյուղաքաղաքով մեկ: Եվ եկավ առաջին վարձատրության երանելի օրը:

Սկզբնական շրջանում վարձատրողները գավառական քաղաքի խանութպաններն ու արհեստավորներն էին, ովքեր Գևորգին պատվիրում էին իրենց գործատեղիների գովազդային ցուցանակները: Ամենաերջանիկ օրը երեխայի համար առաջին հոնորարի օրն էր: Նրանք շատ խեղճ էին ապրում, և տասնչորս տարեկան պատանու համար ընտանիքին նյութապես օգտակար լինելը իսկապես մեծ բան էր: Նա, կարծես, անմիջապես մեծացավ: Հաջորդ ամենաբերկրալի օրը զարմիկից ստացած նվերն էր` տասներկու գույնով ջրաներկերի տուփը: Հիմա արդեն ներկեր ուներ, բայց վրձին չուներ:

Ի՞նչ անել, երբ չկա վրձին

Եվ Գևորգը որոշեց անելիքը` նա վերցրեց մկրատը և մոտեցավ եղբորը: Ընդամենը մի փունջ մազ, ի՛նչ մեծ բան է որ: Եղբայրը համաձայնեց: Թե ինչու վրձին պատրաստելու համար Գևորգը իր սեփական գլխից չօգտվեց, պարզ չէ: Գուցե ափսոսեց, գուցե դա իր հերթական տղայական չարությունն էր, կամ էլ պարզապես մտածեց, որ եղբայրը ևս պիտի ներդրում ունենա ընտանիքի նյութական աջակցության մեջ:  Ինքը ներդնում էր իր շնորհքը, եղբայրը` այդ շնորհքի դրսևորման համար անհրաժեշտ գործիքը` վրձինը, որ փաստորեն աճում էր գլխին: Մի խոսքով՝ այդ վրձինը և ներկերը կանխորոշեցին Գևորգի ապագան: Դրանցով պատշգամբի պատին նա նկարեց   պաննոյի նման մի ծավալուն գործ` ալեկոծված ծով և ալիքների մեջ լողացող հեքիաթային մի էակ: Գևորգը այդ նկարը կոչեց «Սիրեն աղջիկը»: Հետաքրքիր է, որ նրան ընդհանրապես հրապուրում և գրավում էին առասպելական թեմաները: Դրանցից նա ոգեշնչվում էր: Գևորգը մինչ այս պատշգամբային պաննոն արդեն առասպելական կերպարներ նկարելու փորձ ուներ: Փորձադաշտը հոր տետրակն էր, որտեղ պարոն Զաքարեն իր համար բանաստեղծություններ էր գրմրում: Ահա այդ տետրակի ազատ մասերում իր մտքի և ձեռքի թռիչքին բացարձակ ազատություն էր տալիս որդին: Հոր գրական փորձերն ամբողջանում էին տղայի նկարչությամբ: Գևորգը դպրոց հաճախելու առաջին իսկ օրը պատուհանից փախավ տուն` նկարելու: Հետո նա դա կանի անընդհատ և վերջապես կվտարվի դպրոցից և ավելի կտարվի նկարչությամբ: Դա սկիզբն էր մեծ ճանապարհի: Սկիզբը հռչակի և հայկական գեղանկարչության համար նոր խոսքի: Կարճ ասած` սկիզբն էր Գևորգ Բաշինջաղյան արվեստագետի: Իսկ նրա կյանքը սկսվել էր 1857-ի սեպտեմբերի տասնվեցին Սղնախում: Սղնախը մի փոքրիկ գավառական քաղաք է Վրաստանում:

Հայրը՝ Զաքարեն

Հայրը մի անհաջող կոմերսանտ էր, գործով հաճախ լինում էր Պարսկաստանում, բայց գրեթե միշտ փողերը կորցրած վերադառնում էր տուն: Եվ, ի հակակշիռ չստացված բիզնեսին, իրեն տալիս էր ոտանավորչությանը: Դա ինքնաարտահայտման և ինքնամխիթարման միջոց էր: Բարեբախտաբար, իր ոտանավորները չէր փաթաթում ուրիշների վզին և հավակնություն չուներ ամենևին պոետ կոչվելու: Գրում էր իր համար: Մի օր էլ պարտքերի դիմաց առգրավեցին նրանց աղքատիկ տունն ու տան եղած-չեղածը: Բաշինջաղյանների մեծ ընտանիքը` կազմված վեց հոգուց` չորս երեխա և ծնողներ, հայտնվեց փողոցում, այնտեղից էլ մի փոքրիկ, դատարկ սենյակում, որը շուտով լցվեց Գևորգի նկարած կահ-կարասիով: Գևորգի կամ, ինչպես երբեմն կոչում էին նրան, Եգորի կրտսեր եղբայրը` Սերգեյը, իր օրագրում գրում է. «Ո՞վ է ինձ դաստիարակել եւ մեծացրել: Որքան ես յիշում եմ` կարծես` ոչ ոք: Քաղցը և ցուրտն էին իմ դաստիարակները»: Թեև սա Գևորգի եղբոր մասնավոր հիշողությունն էր մանկությունից և պատանեկությունից, բայց այն ընդհանրական էր  Բաշինջաղյանների բոլոր չորս երեխաների համար: 

Մայրը՝ Գայանեն

Այս կինը օրն ի բուն աշխատում էր: Նա գրագետ կին էր և Սղնախի դպրոցում դասավանդում էր հայերեն, վրացերեն և ռուսերեն, նաև մասնավոր դասեր էր տալիս և կարուձև անում: Ամուսինը մահացել էր՝ մեծացնելով երեխաների հանդեպ իր պարտավորությունը: Շատ հետաքրքիր կին էր Գայանեն: Նա ուժեղ էր իր երկու հզոր որակներով` բարի էր և ուրախ՝ չնայած նյութական անձկությանը: Այդպես էլ մեծացրեց իր զավակներին: Այդպես էլ հարաբերվեց իր աշակերտների հետ: Նա շատ ազատ հայացքներ ուներ երեխաների դաստիարակության և կրթության հարցերում: Մասնավոր դասերին զուգահեռ հաճախ կազմակերպում էր զանազան մրցույթներ՝  աշակերտներին զվարճացնելու և միմյանց հետ ընկերացնելու համար: Այդ մրցույթներին մասնակցում էին նաև իր երեխաները: Օրինակ` իրենց տան շուրջ կազմակերպում էր վազքի մրցույթ կամ փոքրիկ երգեհոնի՝ շարմանկայի նվագի տակ, երեխաները ցուցադրում էին իրենց մարմնամարզական հմտությունները: Իսկ որպես մրցանակ ծառայում էր սերկևիլի ծառը, որից պոկվում էին բուրավետ պտուղները և հանդիսավորությամբ տրվում հաղթողներին: Իր չորս տղաների համար մայրն ամենալավ ընկերն էր: Անգամ որդիները նրան անունով էին կոչում` Գայանե: Այսպես թերևս կշարունակվեր նրանց կյանքը Սղնախում` Ալազանի դաշտավայրի հարևանությամբ, պատերին նկարված պահարաններով և/կամ բնության տեսարաններով, մոր մասնավոր դասերով և  ուրախ մրցույթներով, եթե մի օր Թիֆլիսից գավառական այս քաղաք չգար նահանգապետ պարոն Օրլովսկին:

Գավառապետի տիկինը որպես մի պահապան հրեշտակ

Սղնախի գավառապետի կինը, իսկ այն ժամանակվա գավառապետը իշխանական տոհմի ներկայացուցիչ պարոն Չելոքաևն Էր, Օրլովսկուն տեղեկացնում է այն մասին, որ իրենց հարևանությամբ ապրում է հազիվ ծայրը ծայրին հասցնող մի ընտանիք: Եվ այդ ընտանիքում մեծանում է մի շատ շնորհալի, նկարչական ձիրքով օժտված պատանի՝ Գևորգ անունով: Տիկինը նահանգապետին ցույց է տալիս նաև Գևորգի գործերից: Դրանք  մեծ տպավորություն են գործում Օրլովսկու վրա: Ի միջի այլոց, Գևորգը և գավառապետ Չելոքաևի որդին   մտերիմ ընկերն էին, չնայած դասակարգային տարբերությանը: Մի խոսքով` շնորհիվ գավառապետի և նրա տիկնոջ, Թիֆլիսի նահանգապետ Օրլովսկին անձամբ հոգաց, որ Սղնախցի շնորհալի պատանին ընդունվի Թիֆլիսի նկարչական դպրոց, այն էլ անվճար: Գևորգի բախտը բերում էր: Նա իր մեծ կյանքի արշալույսին հանդիպում էր կարգին մարդկանց՝ տաղանդը գնահատող և տաղանդին աջակցողների: Նահանգապետ Օրլովսկու մահից հետո այդ պաշտոնում նշանակվեց Սղնախի նախկին գավառապետ Չելոքաևը: Այնպես որ, Օրլովսկու մահը չխափանեց Գևորգի՝ անվճար ուսումնառության մասին հույսերը: Ավելին, Թիֆլիսում նա իջևանեց հենց նույն նահանգապետի տանը և ոչ մի հոգս չունեցավ շնորհիվ տեր և տիկին Չելոքաևների:

Բայց ուսումից հետո ընտանիքը Սղնախից տեղափոխեց իր մոտ՝ Թիֆլիս: Եվ սկսվեց կենցաղի հաղթահարման փուլը: Եթե Սղնախում դա հիմնականում անում էր մայրը, հիմա իր ուսերին էր ամբողջ ծանրությունը: Նա արդեն տղամարդ էր դարձել և պարտավոր էր հոգալ ոչ միայն իր կեցության հարցերը: Եվ Գևորգը իրեն նետեց այս ու այն կողմ` դրամ վաստակելու համար: Որպես գրագիր մտավ Թիֆլիսի դատարան: Մի օր էլ հասկացավ, որ կարող է դրամ վաստակել իր տաղանդով: Նա դեռ թերահավատ էր իր ուժերի հանդեպ և չէր համարում, որ Թիֆլիսի նկարչական դպրոցում ուսանած լինելը իրեն իրավունք է տալիս նկարիչ կոչվել: Նա շատ ազնիվ էր իր մասնագիտության և ընտրած ճանապարհի նկատմամբ: Այդ իսկ պատճառով, փող վաստակելու համար, նա,  թեև դիմեց իր մասնագիտությանը, բայց առանց հավակնությունների: Պարզապես սկսեց ընդօրինակել մեծ նկարիչների գործերը: Դրա պահանջարկը կար: Բայց Գևորգը երբեք դա չհամարեց արվեստ: Այդ գործը նրան անհրաժեշտ էր ձեռքը բացելու և փող վաստակելու համար, ճանաչելու գեղանկարչության վարպետների կատարողական գաղտնիքները, նկարչական տարբեր դպրոցների առանձնահատկությունները զգալու իր շարժած վրձնի տակ: Ի միջի այլոց, շատ-շատ տարիներ անց 1910-11թթ. իր աշակերտուհուն` Թումաս-Փարադովային, նա արգելեց կրկնօրինակումներ անել: Այս մասին իր փոքրիկ անտիպ հուշերում պատմում է Փարադովան: Գուցե դրա մեջ տեսնելով երևակայության թռիչքը սանձող մի բան, նաև հեշտ փող աշխատելու գայթակղություն: Գևորգը նաև սկսեց դեկորներ պատրաստել Թիֆլիսի լուսանկարչատների համար: Սա վատ դպրոց չէր: Բայց վաստակը հազիվ բավարարում էր Թիֆլիսի արևելյան մասում վարձված փոքրիկ գետնահարկ բնակարանի ամսական երեք ռուբլի վարձը մուծելուն, նկարչական պիտույքներ առնելուն և չորս հոգով ապրելուն: «Կարգին ուտում էինք շաբաթը մեկ անգամ, երբ մեր զարմիկը` Սանդրոն, խորովածի միս էր առնում, շատ կանաչեղէն, մի կտոր պանիր, մի քանի վրացական հաց և մէկ շիշ գինի: Միւս օրերին կարծես պահքի մէջ լինէինք: Հաւկիթի և կաթի մասին պատկերացում չունէինք»: Տղաների համար ամենաերջանիկն այն օրերն էին, երբ Գայանեն` նրանց մայրը, հինգ կոպեկ էր տալիս «Ջվարիս մամիս պուրի» սպիտակ հաց գնելու:

Քաղցր համ, գույնզգույն «ապակիներ»

Փոքր եղբայրը՝ Սերգեյը, հիվանդ էր: Գևորգը նրան ուրախացնելու համար մի թաթարից գնում է գույնզգույն կլոր կոնֆետներ և բերում տուն: Դա այնքան մեծ  և արտասովոր իրադարձություն էր, որ երեխան պարզապես երջանկությունից ապաքինվում է: Եվ անկեղծորեն սպասում հաջորդ հիվանդանալուն:

1879-ին, հետ գցած փողերով, Գևորգը մեկնում է Պետերբուրգ` Գեղարվեստի ակադեմիա մտնելու համար: Պերեդվիժնիկները մեծ տպավորություն են գործում նրա վրա: Ռեպինի, Մյասոեդովի և այլոց աշխատանքները և կերպարվեստ բերած շունչը ոգևորում է Բաշինջաղյանին: Բայց դասերից բացի, ոչինչ Պետերբուրգում նրան չէր հրապուրում: Մանավանդ կլիման և երկարաշունչ ձմեռները շատ էին ընկճում արևին, լույսին, ջերմությանը, լեռներին սովոր Գևորգին: Նա արդեն վերջնականապես կատարել էր իր ընտրությունը հօգուտ բնապատկերային նկարչության և հասկանալի է, թե ինչու էր այդքան նեղվում հյուսիսային անկիրք տարածություններից և ձմեռներից: Հետագայում «Նկարչի կյանքից» հուշագրության մեջ նա կգրի այդ մասին: Պետերբուրգի Ակադեմիայում նա հմտացավ բնությունը կտավի վրա վերարտադրելու գաղտնիքներին, սիրեց ռեալիզմը արվեստի մեջ: Իսկ ռեալիզմը ոչ միայն իրականության չորությունն էր, այլև իրականության քնքշությունը և «տարօրինակությունը», որ ստեղծում ես հենց ինքդ: Քայլ անել կյանքին ընդառաջ, չսպասելով մինչև կյանքը ինչ-որ հմայիչ բան կառաջարկի: Այսպես էր մտածում նկարիչը: Մի տեսակ խաղ էր անում իր կյանքի հետ, ինչպես խաղ էր անում լույսի ու ստվերի հետ, գույնի և երանգի հետ: Այդ խաղը նրան ուրախացնում և զվարթացնում էր: Այդպես նա շատ անգամ խաղաց իր տան տիրուհու հոգու հետ, որին առանձնապես չէր սիրում։  Փնթփնթան կին էր: Եվ մի անգամ ձևացրեց, թե ինքնասպան է եղել:

Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից

շարունակություն

Մեկնաբանություններ (3)

Անհամբեր սպասում եմ շարունակությանը❤️
Անհամբեր սպասում եմ շարունակությանը ❤️
Արաքս
Անչափ հետաքրքիր մանրամասներ մեծ հայի կյանքից,որոնց ինչպես ես,այնպես էլ կարծում եմ շատերը ծանոթ չէինք։ կեցցեք, որ ձեր կայքի բովանդակության որակով միշտ առաջինն եք։ Մաղթում եմ հարատեվություն, Շնորհակալություն։
Լիդա
Շատ ողջունելի է մեծ ու զարմանահրաշ արվեստագետի կյանքի դրվագներին ծանոթանալը Ձեր էջի միջոցով.շարունակեք ,և մենք սիրով կընթերցենք հաջորդ հատվածները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter