
Հաջողությանն ընդառաջ գնացողը. Գևորգ Բաշինջաղյան(մաս 2)
«Ինքնասպանություն» և «հարություն»՝ կարմիրի վատնումով
Իրերը աղմուկով նետեց գետնին, վերնաշապիկը և ձեռքի դանակը «արյունոտեց» ու պառկեց հատակին՝ աչքերը փակ: Տանտիրուհին աղմուկի վրա մտավ Գևորգի սենյակ: Խեղճը քիչ մնաց ուշաթափվեր: Մինչ նա օգնություն կկանչեր, Գևորգը վերակենդանացավ՝ էլ ավելի սարսափեցնելով կնոջը: «Արյան» համար նա ահագին կարմիր ներկ էր վատնել: Դրանով երևի կարողանար մի բան նկարել կտավի վրա: Բայց «նկարեց» իր կյանքի մի փոքրիկ, անմոռաց դրվագը, կամ էլ բեմադրեց այն: Նա հատուկ ջիղ ուներ դերասանական արվեստի նկատմամբ և պատահական չէ, որ տարիներ անց մարդիկ նրան տեսան բեմում` Սունդուկյանի պիեսներում խաղալիս:
1880թ. մի ցուրտ ձմեռային օր, երբ Գևորգը Պետերբուրգում էր, Թիֆլիսի Լաբորատորնայա փողոցի տանը լվացք անելիս, մայրը՝ Գայանեն, մրսեց և անկողին ընկավ ու այլևս ոտքի չկանգնեց: Գարնանը նա մահացավ: Տղաները արդեն գտել էին իրենց ճանապարհը դեպի մեծ կյանք, բացի թերևս փոքրից: Գևորգը դասեր էր առնում Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, Վանոն լուսանկարչատներից մեկում հայտնի retouche անող էր դարձել, Քրիստոփորը նշանակվել էր մի համբավավոր մանուֆակտուրային խանութի կառավարիչ: Սերգեյը` փոքրը, տեղափոխվել էր մորաքրոջ տուն:
Մոսկվա-բիֆշտեքս-Պետերբուրգ
Մոր մահից հետո Գևորգը որոշ ժամանակով իր մոտ` Պետերբուրգ տարավ փոքր եղբորը: Գնացքը Սերգեյին բերեց նախ Մոսկվա: Գևորգը եղբորը դիմավորեց և գնացին պանդոկ` ճաշելու: Պատվիրեցին բիֆշտեքս:
-Կեսակա՞ն բաժին,- հարցրեց մատուցողը:
Բաշինջաղյան եղբայրները շատ վիրավորվեցին: Ո՞ւմ տեղն են դրել իրենց:
-Երկու հատ մեկական բաժին,- կոպիտ պատասխանեց Գևորգը: Քիչ հետո մատուցողը եկավ երկու հսկա պնակներով՝ վրան մսի ահռելի կտորներ: Նրանք այսպես թե այնպես կերան միայն կեսը, ճիշտ այնքան, որքան ի սկզբանե առաջարկել էր մատուցողը:
Երբ հասան Պետերբուրգ, Գևորգն անմիջապես իր հասցեն զետեղեց եղբոր կոշիկի մեջ, որ հանկարծ չմոլորվի անծանոթ, հսկա քաղաքում և տեղավորեց նրան ուրիշ բնակարանում, ոչ իր մոտ: Գուցե իր ապրած սենյակում տեղ չկար՝ Գևորգը սենյակը կիսում էր իր ընկերոջ հետ, կամ ջահելները ուզում էին ազատ ապրել, իրենց բոհեմական կյանքը վայելել, քանի ամուսնացած չէին: Իսկ եղբայրը, որ դեռ երեխա էր, պետք չէ, որ իմանար դրա մասին: Ինչևէ, Գևորգը եղբորը տեղավորեց այլ հասցեում՝ հավելյալ վճարելով դրա համար, քանի դեռ չպատահեց այն, ինչ պատահեց:
Ձախից՝ Պ. Ադամյան, Ա. Ստեփանյան և Գ. Բաշինջաղյան
Երբ չգիտես արտաքնոցի տեղը
Երեկոյան` քնելուց առաջ, Սերգեյի տանտիրուհին իրեն թեյ հրամցրեց, մեկ-երկու անգամ էլ թարմացրեց բաժակը և բարի գիշեր մաղթեց նոր վարձակալին: Խեղճ երեխան զգաց, որ բնական կարիք ունի: Ամաչեց տիրուհուն հարցնել արտաքնոցի տեղը և ամբողջ գիշեր տառապեց՝ վախենալով, թե հանկարծ աչքը կկպնի և առավոտյան շատ անհարմար փաստի առջև կհայտնվի: Այդ մտքերը և հեղուկի մեծ ավելցուկը նրան պարզապես հունից հանեցին, և նա մոտեցավ պատուհանին, բացեց այն և վերջ...: Հանգիստ քուն մտավ: Երբեմն` որքա՛ն քիչ բան է պետք երջանիկ զգալու համար: Թեև ուշ գիշեր էր, բայց աշխարհը լուսավորվեց նրա համար: Իսկ երբ օրը բացվեց և աշխարհը իսկապես լուսավորվեց, Սերգեյի համար այն մթագնվեց: Պարզվեց, որ իր գիշերային արկածը ականատես է ունեցել` տան պահակը, որը նախ ինչ-որ ձայն է լսել, կարծես՝ անձրևի կամ էլ չփակված ծորակի, դուրս է եկել պարտեզ ճշտելու և տեսել է այն, ինչ Սերգեյը չէր ուզենա, որ որևէ մեկը տեսներ: Լավ է, որ տանտիրուհին չի եղել: Պահակն էլ հետաքրքիր մարդ էր տո՛, փոխանակ հարցը առանձին երեխայի հետ պարզելու, հայտնում է տիրուհուն, անգամ բերում, ցույց է տալիս ծաղիկների վրա մնացած դեղնավուն ցողանման վկայությունները: Եվ Սերգեյը գլխիկոր, ամաչած, կարմրած հրաժեշտ է տալիս այս տանը և տեղափոխվում եղբոր մոտ` խափանելով վերջինիս երիտասարդական ազատության հույսերը: Հետագայում այս Սերգեյ անունով տղան կդառնա հանրահայտ բուսաբան և կուսումնասիրի բույսերի ֆիզիոլոգիան: Արդյո՞ք մասնագիտական այս ընտրությունը մի տեսակ «թողությունն» էր շատ տարիներ առաջ պատուհանից կատարած «օծումի» համար:
Ալազանի կարոտով
Պետերբուրգյան կյանքը շուտով ավարտվեց, Գևորգը հավաքեց իրերը և ուղղակի սլացավ Կովկաս: Հոգնել էր այդ հյուսիսից և կարոտել էր բնական գույներին և հորիզոնի անհավասար գծերին: Առաջին գործը, որ արեց Սղնախ հասնելով՝ նկարակալը վերցնելն ու Ալազանի դաշտավայր իջնելն էր: Բաշինջաղյանն այնքան էր կարոտել այս տեսարաններին, որ չկարողացավ նկարել: Նա նստեց ու կլանեց համայնապատկերը՝ հեռվում գծագրված լեռները, դաշտը, արևը, գույները, երկինքը….Նրան թվաց, թե ինքը ներառվում է բնության մեջ, միաձուլվում է պատկերին: Շատ գեղեցիկ և տպավորիչ այս զգացողության մասին նա հետո գրեց «Նկարչի կյանքը» հուշագրության մեջ: «Ես գնացել էի արեւածագը նկարելու նպատակով, բայց բնութեան հրաշալիքը այն աստիճան ազդէց ինձ վրայ, որ ամէն բան մոռացայ: Իմ կեանքում միեւնոյն բանը կրկնվել է յաճախ և կրկնվում է այժմ էլ: Նախապատրաստուած գնում եմ որոշ կողմը էտյուդ նկարելու, բայց երբ հասնում եմ ցանկացած տեղը, երբ իմ առաջ բացվում է սքանչելի տեսարանը, ես այլեւս անկարող եմ լինում վրձին շարժելու, նայում եմ ապշած և չեմ կշտանում… վերջապէս վերադառնում եմ տուն՝ դատարկ ձեռքով… Երբ նկարիչը գտնվում է բնութեան գրկում, ուր անվերջ գեղեցիկ տեսարաններ և զմայլեցուցիչ մոմենտներ են նրան շրջապատում, այն ժամանակ նա անզօր է դառնում բնութիւնից որեւէ կտոր ընդօրինակելու: Բայց միեւնոյն նկարիչը, երբ կորցնում է աչքի առջեւից այդ ամէնը, երբ հասնում է ձմեռը և ոչնչացնում բնութեան զարդարանքները, եւ երբ փակուած յուր արհեստանոցում, հրճուանքով յիշում-մտաբերում է յուր տեսածները, որոնց այլեւս չի կարողանում տեսնել, այն ժամանակ միայն նա դիմում է վրձնի օգնութեանը և աշխատում արտայայտել յուր սրտի ցանկութիւնները: Հէնց այդ տեսակ պայմանների մէջ նկարուած պատկերներն են լինում մտքի, զգացմունքների և բուռն ոգեւորութեան ծնունդ և միմիայն այդ տեսակ գործերը կարող են տպաւորութիւն գործել նայողի վրայ…»:
Իրականության այսպիսի վերատեսությամբ Բաշինջաղյանը ստեղծեց իր հազարավոր կտավները և 1883 թվականին բացեց առաջին ցուցահանդեսը Թիֆլիսում:
Ո՛նց չսիրահարվեր
Այս ցուցահանդեսը նրան ոչ միայն արագ հռչակ բերեց, այլև այնքան փող, որ կարողացավ իրագործել իր մեծ երազանքը՝ ճանապարհորդել և սեփական զգայարաններով ճանաչել ու ընկալել Իտալիան: Նկարչության մեջ ունեցած առաջին մեծ ձեռքբերումը շղթայի սկզբունքով բացեց նրա ճանապարհը նաև շատ անձնական առումով: Մինչև Իտալիա մեկնելը նա հանդիպեց մի աղջկա և զգաց, որ իր հետ մի բան կատարվեց: Աշխենը նկարչության հայտնի ուսուցիչ Հովհաննես Քաթանյանի զարուհին էր: Քաթանյաններն էլ հայտնի ցեղ էին Թիֆլիսում, հատկապես փաստաբանության բնագավառում: Գևորգը հանդիպեց Աշխենին և սիրահարվեց: Ճիշտն ասած, չսիրահարվել այս համակրելի աղջկան հնարավոր չէր: Իսկ չսիրահարվել ա՛յս ընտիր տղամարդուն` առավել ևս անհնար էր: Երկու հմայիչ մարդիկ հանդիպեցին միմյանց և հասկացան, որ պիտի միասին լինեն և կյանքի ճանապարհը անցեն իրար հետ: Բայց անգամ այս սիրահարվածությունը Բաշինջաղյանին հետ չպահեց Իտալիա մեկնելու որոշումից: Նա իր աղջկան թողեց Թիֆլիսում և մեկնեց երկարատև ճամփորդության: Կարծես Աշխենի հետ վարվեց այնպես, ինչպես վարվում էր բնության գեղեցիկ տեսարանի հետ: Տեսավ մի սիրուն աղջկա, սիրահարվեց նրան, ինչպես սիրահարվում էր բնության առեղծվածին, ձուլվեց նրան հոգով, ապա հեռացավ` վերաիմաստավորելու իր ապրումներն ու զգացումները:
Հռոմը, Ֆլորենցիան, Միլանը, Վենետիկը և Աշխենը
Կերպարվեստի հզոր կենտրոններում՝ թանգարաններում ու պատկերասրահներում նա ընկղմվեց բացառիկ ճաշակի մեջ: Նկարչական ռուսական դպրոցի կողքին, որով կրթվել էր Պետերբուրգում, բացահայտեց արևմտաեվրոպական դպրոցը, իր նրբաճաշակությամբ, կիրթ դրսևորմամբ, ներքին ազատությամբ և, վերջապես ասելիքի բազմաշերտությամբ: Նա կլանում էր նորը անհագորեն և զգում, թե ինչպես է ավելանում իր մեջ ստեղծագործելու պահանջը: Բայց միայն եվրոպական շունչը չէր, որ թև էր տալիս նկարչին: Իրական թևերը նրան տալիս էր սերը օրիորդ Քաթանյանի հանդեպ: Եվ այդ սերը լավ քննություն էր բռնում: Ժամանակը և տարածությունը նպաստում էին, որպեսզի այն ավելի սաստկանա: Բայց Աշխենի համբերությունը հատավ, և նա էլ չդիմացավ զգացմունքների խորության ստուգման Գևորգի մեթոդին և մի սարսափազդու նամակ գրեց նրան թե՝ շուտ հասիր, ինձ ուզում են ուրիշի հետ պսակել: Թե ոքանով էր ուրիշի հետ ամուսնանալու մասին տեղեկությունը հավաստի, չենք կարող ասել: Գուցե այդպես էր, կամ գուցե դա մի ճարահատյալ քայլ էր՝ կարոտած Աշխենի կողմից: Գուցե և կանացի անհանգստություն էր` սիրած տղամարդու համար. այդքան տաղանդավոր և այդքան հմայիչ` օտար քաղաքներում, անկաշկանդ բարքերի և նույնքան անկաշկանդ օտարուհիների մեջ: Համենայն դեպս՝ նամակն ազդեց Գևորգի վրա և նա սուրաց Թիֆլիս` Աշխենին կնության առնելու: Ծրագրել էին մեղրամիսն անցկացնել Եսենտուկիում:
Հյուպատոսի անակնկալ այցը
Մինչ ամուսնանալը Գևորգն ապրում էր միայնակ` Գանովսկայա փողոցի մի տան երկրորդ հարկում: Նրա բնակարանը 2 սենյականոց էր, բավական փոքր: Սենյակների առջև երկար բաց պատշգամբ էր: Ընդհանրապես կենցաղային հարցերով ինքն էր զբաղվում: Օրինակ` բնակարանն ինքն էր մաքրում՝ ծառայողին թողնելով միայն աղբահանության, ջուր բերելու և ինքնաեռը գործի դնելու պարտականությունը: Մի օր հերթական անգամ, առավոտյան 10-ի կողմերը Գևորգը մաքրություն էր անում` ավլելով հատակի փոշին դեպի ներքին բակ նայող պատշգամբ, երբ տեսավ, որ մեկը, շատ կոկիկ հագնված, ցիլինդրը գլխին բարձրանում է աստիճաններով: Գևորգի մտքով չանցավ, որ այցելուն իր մոտ է գալիս և շարունակեց իր գործը:
-Ներեցեք, որտեղ է բնակվում Գևորգ Բաշինջաղյանը,- Գևորգ Բաշինջաղյանին հարցրեց այդ մարդը: Նկարիչը չկորցրեց իրեն և պատասխանեց.
- Հիմա կզեկուցեմ:
Նա արագ մտավ սենյակ, փոխեց հագուստը և նրբաճաշակ ազնվական երիտասարդի կերպարանքով հայտնվեց հյուրի առջև:
Այցելուն գնահատեց Գևորգի հնարամտությունը, հումորի զգացումը, արտիստական էությունը և ժպտալով ասաց. «Իսկական արտիստը այսպիսին պետք է լինի»: Պարզվեց, որ այդ մարդը օտարերկրացի հյուպատոս էր և եկել էր Բաջինջաղյանից նկար գնելու: Նկարները լավ էին վաճառվում, և իր հետ գործ ունենալը հաճելի էր: Այնպես որ, Աշխեն Քաթանյանը` ամուսնանալով Բաշինջաղյանի հետ, երբևէ պատճառ չունեցավ նեղսրտելու, ո՛չ նրա բնավորությունից, ո՛չ էլ նրա ապրելու, փող վաստակելու կարողությունից: Կյանքի առօրեական խնդիրները Գևորգի համար մնացել էին անցյալում: Հիմա նա հաջողակ մարդ էր ամեն առումով: Եվ արդեն նրա բոլոր ձեռքբերումները ոչ միայն իր, այլ նաև իր ջերմ ընտանիքի սեփականությունն էին: Ցուցահանդեսներ, մեծարանք, մամուլի հրապարակումներ, հրաշալի ընկերական շրջապատ և կյանքին եթերային թեթևություն և քնքուշ բովանդակություն տվող կին:
Բաշինջաղյանը կնոջ և երեխաների հետ
3000 կտավ և հինգ նոր մարդ ստեղծած նկարիչը
Եթե բնությունը նկարչության անսպառ թեմա էր Գևորգի համար, ապա Աշխենը անսպառ աղբյուր էր անձնական երջանկության համար: Նա շատ բեղմնավոր նկարիչ էր և նույնպիսի տղամարդ: Իր կյանքում կերտեց 3000-ի մոտ գործեր, նաև պիեսներ, շատ անուշ պատմվածքներ ու էտյուդներ: Եվ 5 նոր մարդ` 3 տղա և 2 աղջիկ՝ Արփինե, Լևոն, Զաքարե, Արմեն, Գայանե: Արտասահմայան հաջորդ շրջագայությանը նա մեկնեց ընտանիքի հետ: 1900 թվականին Փարիզում բացվելու էր համաշխարհային ցուցահանդես և Բաշինջաղյանի կտավները պիտի ընդգրկվեին այնտեղ: Մինչև այս մեծ իրադարձությունը, Գևորգը որոշեց անհատական ցուցահանդես տանել Փարիզ` զգալու համար այս քաղաքի շունչը, արվեստասերների արձագանքը իր արվեստի նկատմամբ: Դրա համար չխնայեց դրամական մեծ միջոցներ:
Գուցե մնա՞ Ֆրանսիայում
Հաջողությունը ակնհայտ էր: Ֆրանսիական թերթերը գրում էին նրա մասին որպես մի երևույթի: Հատկապես շատ խոսվեց «Դարյալի կիրճը», «Ամպեր», «Արարատ», «Սևանա լիճը և կղզին առավոտյան» կտավների մասին: Այս անհատական ցուցահանդեսը Բաշինջաղյանին մեծ լիցք և վստահություն հաղորդեց, և 1900-ին նա կրկին մեկնեց Փարիզ` արդեն մասնակցելու համաշխարհային ցուցահանդեսի: Նրա հետ էր կինը և 3 երեխաները: Այդքանն էին ծնված: Դա ստեղծագործական մի հոյակապ շրջան էր: Նա ազատ նկարիչ էր, և իր առջև դրել էր մեկ պարտավորություն` չմեղանչել մեծ արվեստի առջև: Եվ երբեք դա չարեց: Փարիզը նորանոր հորիզոններ բացեց: Երևի թե Բաշինջաղյանը շարունակեր ստեղծագործել այստեղ, եթե Աշխենի կարոտը Թիֆլիսի նկատմամբ հիվանդագին աստիճանի չհասներ: Այնպես որ, 2 տարի ապրելով և ստեղծագործելով Ֆրանսիայում՝ նրանք հավաքեցին իրերը և ճամփա ընկան դեպի Թիֆլիս:
Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել