HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաջողությանն ընդառաջ գնացողը. Գևորգ Բաշինջաղյան(մաս 3)

սկիզբը

Անախորժ դիպվածներ Բաքվի ցուցահանդեսին

Բաքվում կազմակերպված ցուցահանդեսին բուրժուաների վարքը հունից հանել էր Բաշինջաղյանին  այն աստիճան, որ մտքով անց էր կացրել թողնել նկարչությունը: Եվ այդպես էլ կաներ, եթե իրապես հափշտակուած չլիներ «գեղարուեստի բարձր սիրով...»: 

Դերասան Արմեն Արմենյանը, կիսելով Բաշինջաղյանի վրդովմունքը, այդ անկիրթ բուրժուաների հասցեին ասել է. «Նրանք դեռ չեն ըմբռնել, որ իրենց կերած սուկիի խորովածի, իրենց խմած Կախէթի գինիի չափ անհրաժեշտ է նաև ճաշակել նուրբ գեղարուեստական ճաշակ, որ ինչպէս  գիտութիւնը, գրականութիւնը, ինչպէս երաժշտութիւնը, թատրոնը, նոյնքան և նկարչութիւնը անբաժան մասն են կազմում այն սննդի, որ անհրաժեշտ է մարդուն զանազանվելու համար…. անբան անասունից»: Վերջապես ի՞նչ էր պատահել:

«Անցեալ տարի Բաքուի ժողովարանում իմ պատկերների ցուցահանդէսն էր, միւս ազատ մասը ժողովարանի ակումբանոցի դահլիճն էր, ուր բաքուեցիները հաւաքվում էին թուղթ խաղալու համար: Մուտքը մեկն էր, և ի՞նչ եք կարծում. նրանք իմ պատկերների մօտից անցնելով, մտնում էին ակումբանոցի դահլիճը թուղթ խաղալու, առանց ուշադրութեան արժանացնելու ուրիշ քաղաքից եկած հայ գեղարուեստագէտի պատկերահանդէսը»:

Այս քաղաքում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ ևս մի տհաճ միջադեպ է եղել: Մուսա Նաղիև անունով մի ոմն մեծահարուստ նավթարդյունաբերող մոտեցել է Բաշինջաղյանի կտավներից մեկին և հետաքրքրվել գնով: Ասել են՝ 1200 ռուբլի: «Ադա, հո ռեզերուար չի»՝ եղել է Նաղիևի արձագանքը:  

Արվեստը թող մնա առողջ մտքի սահմաններում

Բաշինջաղյանը չէր հանդուրժում գեղագիտության սահմանների աղճատումը: Հունից հանում էին նրանք, ովքեր առանց «աշխատանք թափելու, առանց գիտութեան եւ ընդուանկութիւնների   փորձում են նկարչի համբաւ ձեռք բերել, ցուցադրում են իւուրաքանչիւր ապականութիւն, որը թերեւս միմիայն իրենց է հասկանալի և օժտում են դրանք զգայացունց անուններով: Մի՞թէ նրանց ակնյայտ կոտրատուելն ու ծամածռութիւնները պէտք է ճանաչուեն որպէս արուեստ»: Այդ դեպքում, տրամաբանական հարցադրում է անում Բաշինջաղյանը, ինչո՞ւ չեն կարող դատական հոգեբույժ Լոմբրոզոյի խելազուրկ բուժառուների՝ թերապևտիկ  նպատակներով արված նկարները ևս արվեստ կոչվել: Նա մտահոգ էր, որ «եթէ ֆուտուրիզմի անուան տակ այս ապականիչ ախտը նկարչութիւնից անցնի նաեւ գրականութեան մէջ, ապա կտիրի այնպիսի քաոս, որ ֆուտուրիստ Իգոր Սեվերյանինի «Լիկյորացրէք ձեր սրտերը» կամ «Ռոկֆորացրէք անուրջները » և նման անհեթեթութիւնները մեզ պօէզիայի մարգարիտներ կթուան: Ինչպիսի վառ երեւակայութիւն էլ որ ունենայ  նկարիչը, չի լինի գեղարուեստական, եթէ առողջ մտքի սահմաններից դուրս լինի նրա ստեղծագործութիւնը»: Բաշինջաղյանը ամենևին չէր ժխտում նոր ուղղությունների իրավունքը հարափոփոխ աշխարհում: Նրա ընդվզման թիրախը միայն արվեստ կոչվելու հավակնություն ունեցող հիվանդագին, գեղագիտությունից զուրկ դրսևորումներն էին:

Կեղծ «ահազանգ»

Նահապետը՝ Ղազարոս Աղայանը, խառնել էր ամեն բան: Իբր, Գևորգը՝ Բաշինջաղյան, հինգշաբթի հրավիրում է ճաշի: Ասել է՝  «տղաներին առ արի, մի քիչ ժամանակ անցկացնէնք... Տղաները Յովհ. Թումանեանն էր, Կոմիտասը, Վրթանէս Փափազեանը և ես էինք»,- 1908թ. ուշ աշնանային մի օր տեղի ունեցած այս զավեշտալի պատմությունը հումորով հիշում է Իսահակյանը: Հինգշաբթի օրը տղաները հավաքվում են, գնում Բաշինջաղյանի տուն: Պարզվում է՝ Գևորգը տանը չի: Կինը հյուրերին ներս հրավիրելով` աղախնին ուղարկում է ամուսնուն կանչելու: Երկար ժամանակ ձայն-ձուն չի գալիս: Քաղցած Աղայանը սրտնեղում է,  Իսահակյանին ուղարկում  «հետախուզության»: Ավոն մտնում է խոհանոց. սեղանի պատրաստություն ոչ մի նշույլ, կերակուրի ոչ մի բույր: Տղաներին հայտնում է «բոթը»: «Տո, էս ինչ օյին է…»,- բողոքում է Աղայանը: «Այ մարդ, հէնց որ ճաշի անուն ես լսում, գլուխդ կորցնում ես, բա  լաւ չէս լսել՝ ճաշի ենք կանչուած, թե չայի»,- վրա է բերում Թումանյանը:

Բաշինջաղյանի արվեստանոցում

Վերջապես հայտնվում է Բաշինջաղյանը և ուղղակի «հարձակվում է» Աղայանի վրա. «Մարդ Քրիստոսի, ես քեզ ինչ ասի... ասի թէ` էս հինգշաբթի չէ, միւս հինգշաբթի: Էս հինգշաբթի ես ինքս հյուր եմ ուրիշի մօտ»: Այս միջադեպն ավարտվեց իհարկե կերուխումով: Այն տան տերերը, ովքեր նկարչին հյուր էին կանչել, իրենց սուփրա սեղանին եղած-չեղած ուտելիք-խմելիքը ուղարկեցին Գևորգենց տուն: 

Սայաթ Նովան

1912-ին «Մշակ»-ի համարներից մեկում հրապարակեց իր կոչը հայ ժողովրդին: «Այս անզուգական պօէտը մոռացուած է: Մոռացուած է այն մտքով, որ նրա ոչ մահուան  հարիւրամեակն է հարգուած, ոչ երբեւիցէ նրա հոգեհանգիստն է կատարուած, ոչ, ամօթ է խոստովանել, նրա գերեզմանի վրայ որեւէ նշան դրուած: ...Եկէք մի մահարձան, թէկուզ մի տապանաքար դնէնք նրա գերեզմանի վրայ: Հոգ չէ, թող այդ քարը լինի պարզ, էժանագին, միայն թէ լինի այդ իրագործուած ժողովրդի կոպէկներով»: Բաշինջաղյանի կոչին միացավ  Հովհ. Թումանյանը: Շուտով նկարչի նախագծով Թիֆլիսի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու գավթում, տեղադրվեց Սայաթ Նովայի շիրմաքարը: Եվ 1914 թվականի մայիսից Թիֆլիսը գրանցեց  հիշատակի մի նոր գեղեցիկ օր՝ նվիրված հրաշալի աշուղին՝ Վարդատոնը:

Հայ Թիֆլիսի անբաժան կերպարի մայրամուտը

Կյանքը հիասքանչ էր, 5 երեխաները մեծանում էին, եղբայրները լավ գործի էին և բարեկեցիկ կյանքով էին ապրում, Աշխենն իր կողքին էր և սիրում էր ամուսնուն երես տալ իր պատրաստած «գոզինախով»: Բայց կամաց-կամաց կյանքը վերցնում էր իրենը: 

«16 Օգոստոս, 1918թ., Թիֆլիս

Սիրելի Աշխէն: Այսօր լուսադէմին եղբայրս` Վանօն վախճանուէց: Վաղը իրիկուն հոգեհանգիստն է լինելու մայդանի Սուրբ Գէորգում ու միւս օրը թաղումը Խոջիվանքի գերեզմանատանը»:

Մեկ տարի անց Գևորգ Բաշինջաղյանը հողին հանձնեց նաև իր սիրելի տիկնոջը: Դա իսկական փորձություն էր նկարչի համար: Նա սովոր չէր ապրել առանց Աշխենի: Բայց կյանքն ընթանում էր, Գևորգի ստեղծագործական ընթացքը շարունակվում:  Շատերն էին երազում սեփական հավաքածուում Բաշինջաղյան ունենալ: Նրա կտավները միշտ էլ  հարգի են եղել: Թիֆլիսի այն ժամանակվա քաղաքագլուխ Ալեքսանդր Խատիսյանը քաղաքային դումայի համար ուզում էր Բաշինջաղյան ձեռք բերել և գրավոր բանակցում էր նկարչի հետ: Արդեն ծերացած էր, բայց նույն պայծառ մարդն էր: Ուզում էր նորից Հայաստան գալ, տեսնել Արարատյան դաշտը, Երևանը, Սևանը, Արարատը, Էջմիածինը, որի մոծակները տարինե առաջ մի լավ «քրքրել էին» խեղճ մարդուն: Բայց ստամոքսի հիվանդությունը անկարելի դարձրեց ճամփորդությունը: Բժիշկ Պլետնյովը, որը հետո դարձավ Ստալինի անձնական բժիշկը և գնդակահարվեց նրա իսկ հրամանով, չկարողացավ օգնել նկարչին: 

Բաշինջաղյանի կինը 

1925-ի հոկտեմբերի 4-ին Գևորգ Բաշինջայանը արդեն չկար: 68 տարեկան էր: Նրան թաղեցին Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում՝ Սայաթ Նովայի կողքին, իր իսկ նախագծած շիրմատան մեջ: Դա մի ցնցող համազգային թաղում էր: Գերմանական հյուպատոսարանը գնեց նրա արվեստանոցը, որ գտնվում էր Թիֆլիսի բարձունքին` Իզմայելովյան  փողոցում: Նորոգության ժամանակ ոչնչացրին ներքին հարդարանքը` արված մեծ նկարչի ձեռքով:

Տղաները` ստալինյան ոճրագործության զոհեր  

Իր մահից հետո, շատ չանցած,  մի ծանր, մռայլ էջ բացվեց Բաշինջաղյանի զավակների համար: Որդիներից Լևոնը  լեզվաբան էր և Մառի աշակերտը:  Հայկական զորքերի շտաբի սպա էր 1918-1919թթ.: Գուցե այդ պատճառով էլ 1936-ին աքսորվեց  և մեկ տարի անց գնդակահարվեց: Լևոնի որդին՝ Գևորգը, տիեզերական ճառագայթման մասնագետ էր, ֆիզիկոս ապրում էր  Մոսկվայում: Նկարչի որդիներից Արմենը ազգագրագետ էր, աշխատում էր Պետերբուրգում Հովսեփ Օրբելու մոտ, նույնպես ստալինյան բռնաճնշումների զոհ դարձավ՝ գնդակահարվեց 1937-ին: Նա 1 աղջիկ ուներ` Գայանեն անունով: Գևորգ Բաշինջաղյանի մյուս որդին՝ Զաքարը, տնտեսագետ-իրավաբան էր, քաղտնտեսության մասնագետ: Նրան ևս ձերբակալեցին: 7 տարի կալանավորված էր: Սկսված 2-րդ  պատերազմը խափանեց վարչակարգի՝ նրան Սիբիր աքսորելու ծրագիրը: Ապրեց  Երևանում: Դասավանդեց համալսարանում: Զաքարի դուստրը` Նաթելլան աղջկա հետ բնակվում էր Մոսկվայում: Նկարչի դուստրը՝ Արփինեն ապրեց Թիֆլիսում, մահացավ անժառանգ: Մյուս դուստրը, ում կոչել էր մոր անունով` Գայանե, ունեցավ 2 զավակ՝ Կարեն և Մարինե:

Այսպիսին է Գևորգ Բաշինջաղյանի կյանքի պատմությունը:

Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և հեղինակի անձնական արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter