
Բռնագաղթած արցախցի երեխաները հոգեբանական ու կրթական դժվարությունների են բախվում նոր միջավայրում
Ֆինանսական խնդիրն առաջին տեղում է
Ռոմանը երկու զույգ հողաթափ է բերում ու դնում հյուրասենյակի հատակին: Ինձ ու լուսանկարիչ Հակոբ Պողոսյանի համար է բերել: Հետո սեղանից վերցնում է պլանշետն ու մեր զրույցի ամբողջ ընթացքում ձեռքից ցած չի դնում: Դրանով հիմնականում երգեր է լսում:
Անընդհատ շարժման մեջ է: Վերուվար է անում սենյակում, մե՛կ պառկում, մե՛կ նստում: Ու մերթընդմերթ մեզնից ժամ է հարցնում եւ ճշտում, թե երբ ենք գնալու իրենց տնից: Զրույցի մի հատվածում էլ վազում է խոհանոց, որ ինձ ու Հակոբի համար սուրճ պատրաստի:
Ռոմանը 10 տարեկան է: Ծնվել եւ մինչեւ բռնագաղթն ապրել է Արցախում: Նա Անդրանիկ Բախշիյանի միակ զավակն է: Անդրանիկը մոր՝ տիկին Ռիմայի հետ է մեծացնում երեխային: Երեքն էլ հաշմանդամություն ունեն:
Ընտանիքն այժմ վարձով է ապրում Էջմիածնի Զվարթնոց թաղամասում: Անդրանիկն ասում է, որ վարձով տուն գտնելը հեշտ չէր: «Տուն գտնելն ըսենց ընտանիքի համար դժվար է: Ես չեմ թաքցրել ոչ մի բան: Ասել են՝ կարո՞ղ ա երեխան գոռա, էսպես պահի եւ այլն, ասում էի՝ էդ փուլն արդեն անցել ա, ձայներ հանում է էն մարդը, որ չի կարողանում խոսել»,- նկատում է հայրը:
Ռոմանն աուտիզմ ունի, ախտորոշվել է հիպերակտիվություն եւ ուշադրության պակաս: Անդրանիկը դասընթացների է մասնակցում, որ որդու հետ հաղորդակցության հմտություններ ձեռք բերի: Բայց դա նրանից ահռելի էներգիա է պահանջում: Մեզ հետ հանդիպման նախորդ օրն Անդրանիկը սրտաբանի էր այցելել, իսկ հանդիպման առավոտը արյան հետազոտություն էին նշանակել: «Արյան անալիզի համար 4500 դրամ եմ վճարել, բայց ինչի՞: Էդ գումարը կարող էի ծախսել Ռոմանի համար: Նրա համար ոչինչ չեմ խնայում: Լավ, չեմ ասում էն պատճառը, որ տուն-տեղ կորցրել ենք, բայց գոնե հաշվի առնեն, որ ես էլ հաշմանդամություն ունեմ»,- ասում է Անդրանիկը:
Նա Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանն է ավարտել: Աշխատում էր զինվորական հագուստի արտադրամասում որպես բանվոր: Գոհ էր աշխատանքից: Ռոմանը մինչեւ 2023 թ. սեպտեմբերի 19-ը դպրոց էր գնում, զուգահեռաբար Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն էր հաճախում: Կյանքն իր հունով էր ընթանում մինչեւ բռնագաղթը: Նրանք երկու տուն են կորցրել, մեկը՝ Ստեփանակերտում, մյուսը՝ Շուշիում:
Հայաստան տեղահանվելուց հետո առաջնահերթ հարցերից մեկը Ռոմանի կրթությունն է եղել: Սկզբում Վայքում էին, հետո՝ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում, ապա՝ Փարաքարում, իսկ այս տարվա օգոստոսից՝ Էջմիածնում: Այս բոլոր հասցեներում Անդրանիկը պայքարել է, որ որդին շարունակի դպրոց գնալ: Սեպտեմբերից Ռոմանը հաճախում է Էջմիածնի թիվ 12 դպրոց: Շաբաթական երեք անգամ է գնում՝ հատուկ մանկավարժի, սոցմանկավարժի եւ հոգեբանի հետ պարապմունքներին: Հայրն ասում է՝ երեխան դեռ պատրաստ չէ դասարան մտնելու, եւ մասնագետներն էլ դեռ չգիտեն, թե երբ կարող է գալ այդ պահը: Սակայն կարեւոր է, որ նա դպրոց է մտնում, տեսնում է այդ միջավայրը:
Հիմա ամենամեծ դժվարություններից մեկը Ռոմանի՝ նախկինում հաճախած զարգացման կենտրոններ տանելն է: Դրանք անվճար են երեխայի համար, սակայն խնդիրը փոխադրամիջոցն է: «Ես պետք է տաքսիներով տանեմ Ռոմանին, դրա հնարավորությունը չունեմ այս պահին: Եթե գոնե մեկը հայտնվի, որ գոնե տաքսու գումարը տա, թեկուզ ինձ չտա, տաքսուն վճարի, ես կտանեմ Ռոմանին»,- ասում է Անդրանիկը:
Ֆինանսական խնդիրը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող արցախցի երեխաների ընտանիքներում ամենամեծն է: Նրանց ներառական կրթության թեմայով հանդիպել ենք տասնյակ ծնողների հետ: Փորձել ենք հասկանալ, թե Հայաստան բռնագաղթելուց հետո ինչ դժվարությունների են բախվել, արդյոք շարունակում են հաճախել հանրակրթական դպրոցներ: Մեզ հանդիպած ծնողներից գրեթե բոլորը տարբեր պատճառներով խնդրում էին չհրապարակել իրենց անուն-ազգանունները: Գրեթե բոլորն առանձնացնում էին ֆինանսական հարցը:
«Հաշմանդամություն ունենալը խարան չէ, բայց բոլորը չեն էդպես մտածում»
Արցախցի Անուշ Գրիգորյանի երկու երեխաներից կրտսերը՝ 5-ամյա որդին, մանկական ուղեղային կաթված ունի։ Երեխան այժմ հաճախում է Նորագյուղի վերականգնողական կենտրոն, ուր նախկինում էլ էր հաճախում։ Քանի որ սեպտեմբերից դպրոց է գնալու, ծնողները չեն ցանկացել միջավայրը փոխել ու համայնքային ենթակայության մանկապարտեզ տանել։
Անուշը հիմա մտածում է, թե ինչ դպրոց է ընտրելու որդու համար։ Դպրոցը, որտեղ դուստրն է սովորում, փոքր է, եւ ուսուցչի օգնական չկա, ինչը պայմանավորված է աշակերտների քիչ թվով։ Այնպիսի դպրոց է ցանկանում ընտրել, որ երկարօրյա էլ լինի։ Երեխան քայլում է, բայց քայլքը խանգարված է, նրան ամեն դեպքում օգնական է անհրաժեշտ լինելու։ «Մասնավոր դպրոցում, բացի օգնականից, նաեւ ուրիշ հաստիք կա, որ երեխաներին օգնում է։ Մասնավոր դպրոցը թանկ է, բայց հանրակրթական տանելիս էլ պիտի մարդ վարձեմ, որ երեխային օգնի։ Ստացվում է՝ նույնքան պիտի վճարեմ,- նշում է Անուշը՝ ավելացնելով,- կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ամենամեծ խնդիրը ֆինանսականն է, որովհետեւ ծնողները պետք է աշխատեն, որ կարողանան իրականցնել երեխաների խնամքն ու բուժումը»։
Նրա համոզմամբ՝ երեխաների խնդիրների մասին հրապարակային խոսելու հարցում արցախցի ծնողները մեծամասամբ պարփակված են: Ասում է, օրինակ, ծանոթներից մեկը նույնիսկ հրաժարվում էր, որ իր երեխային գնահատեին, ու պնդում էր, թե նա խնդիր չունի։ «Հաշմանդամություն ունենալը խարան չէ, բայց բոլորը չեն էդպես մտածում։ Մարդկանց իրավագիտակցությունը պիտի բարձրանա, որ հասկանան, բայց դպրոցներում էլ պետք է իրազեկեն»,- նշում է Անուշը։
2023-ի սեպտեմբերին Արցախում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 583 երեխա կար
Արցախի կրթության, գիտության եւ մշակույթի նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը (պաշտոնավարել է 2020-2022 թթ․) նշում է, որ Արցախում ներառական կրթությունը պարտադիր է եղել, ինչպես Հայաստանում է, եւ իրավական-օրենսդրական փաստաթղթերն էլ հիմնականում նույնն էին։ Պարզապես Արցախում երեխաների գնահատումը փոքր-ինչ ուշ են սկսել, քանի որ մասնագետների խնդիր կար։
Ղարախանյանի դիտարկմամբ՝ հասցրել էին շոշափելի արդյունք արձանագրել։ «Ներառական կրթությունը զարգանում էր։ Ներառումը ճիշտ է, չի կարելի մեկուսացնել երեխաներին, եւ շատ տնօրենների համառությունը մեզ հաջողվեց կոտրել, որովհետեւ աշխարհը գնում է դեպի մարդասիրացում, չնայած գործընթացները դա չեն ապացուցում, չի կարելի մարդկային շերտեր առանձնացնել»,- նշում է նախկին պաշտոնյան։
Արցախի Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանի փոխանցմամբ՝ 2023 թ. սեպտեմբերի դրությամբ Արցախում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը 583 էր։ 2020-ից հետո այդ թիվն աճել է, ինչը, ըստ Քարամյանի, պայմանավորված է եղել սթրեսային վիճակով։
Ասում է՝ պատերազմը լուրջ հետեւանքներ թողեց նաեւ երեխաների վրա։ Գնահատման համակարգը փոփոխության ենթարկվեց։ 2022-2023 թթ․ երկու գնահատող խումբ էր աշխատում նախկին մեկի փոխարեն։ Դպրոցներում աշխատել են նաեւ բազմամասնագիտական խմբեր: Եթե 2018-2019 թթ. այս խմբերն աշխատում էին 9 դպրոցում, ապա 2023 թ․ դրանց թիվը 21 էր։ Խմբերը համալրվել էին հոգեբաններով, հատուկ մանկավարժներով։ Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի շրջաններում աջակցություն էին ցուցաբերում շրջիկ խմբերը՝ պայմանավորված դպրոցներում բազմամասնագիտական խմբերի բացակայությամբ։
«Արցախում 2013 թվականից ներառական կրթությունը պարտադիր է եղել։ Եթե ՀՀ-ում երեխաները հավաքում էին որոշ ուսհատատություններում, մեզ մոտ երեխաների տեղափոխություն չենք կատարել։ Անհատական ուսուցման պլան ենք պատրաստել: Եթե երեխան գնահատվել է որպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, շարունակել է սովորել այն դպրոցում, որտեղ գնահատվել է»,- ասում է Յուրի Քարամյանը։
Եղել է նաեւ սուրդոմանկավարժի հաստիք, որը հարկ եղած դեպքում օնլայն կարգով է աջակցություն ցուցաբերել։ Օրինակ, եթե Ճարտարում երեխան նման մասնագետի կարիք ուներ, օնլայն տարբերակով պարապմունք էր արվում։
Յու. Քարամյանի դիտարկմամբ՝ բոլոր երեխաներն էլ երեխա են, եւ կրթությունը ներառական է բոլորի համար՝ թե՛ գերազանցիկների, թե՛ թույլ սովորողների, քանի որ բոլորն են ներառվում ուսումնական պրոցեսի մեջ։
«Երեխաներն իրենց ընդունակություններն ունեն, եւ բոլորն էլ առանձնահատուկ են։ Բոլորն էլ մեր երեխաներն են, ու տարբերակում չպետք է լինի։ «Ներառականություն» բառն էլ պետք է դուրս գա մեր լեզվամտածողությունից»,- ասում է Քարամյանը։
Արցախից բռնի տեղահանված շուրջ 25 հազար դպրոցահասակ երեխաներից մոտ 5 հազարը ՀՀ կրթական համակարգ չի մտել
«Հետքը» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից տեղեկացել է, որ 2023 թ. աշնանը Արցախի բռնի հայաթափման հետեւանքով ՀՀ է տեղափոխվել դպրոցահասակ 25.215 երեխա (6-18 տարեկան): Նրանցից 16.160-ը սովորում է ՀՀ հանրակրթական հաստատություններում:
Ինչպես կարելի է տեսնել ներքեւի պատկերում, այդ երեխաներից շուրջ 6 հազարը Երեւանում են ուսհաստատություն հաճախում: Հաջորդում են Կոտայքը, Արարատն ու Արմավիրը: Մյուս մարզերում սովորող արցախցի երեխաների թիվը 1000-ի չի հասնում:
Վերոնշյալ 25.215 երեխաներից 1.689-ն էլ սովորում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական համակարգում: Այսինքն՝ ՀՀ կրթական համակարգ է մտել շուրջ 25 հազար արցախի երեխաներից 17.849-ը կամ 71 %-ը:
Մնացած 29 %-ը կազմում են այն երեխաները, որոնք կա՛մ կիսատ են թողել կրթությունը, կա՛մ չեն էլ մտել այդ համակարգ:
«ԼՂ-ից բռնի տեղահանված 25.215 երեխաներից 2597-ը նախապես ընդգրկվել, իսկ ավելի ուշ ընդհատել են կրթությունը, իսկ 4.769-ը կրթության համակարգում ընդգրկված չեն եղել,- հայտնել է ԿԳՄՍՆ-ն, ապա հավելել,- Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների (այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող)` կրթությունից դուրս մնալու պատճառները տարբեր են։ Միեւնույն ժամանակ հանրակրթական ուսումնական հաստատություններում վերջիններիս ընդգրկման, ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպման խնդիրների պատճառով կրթությունից դուրս մնալու դեպքեր չեն արձանագրվել»:
Արցախցի դպրոցահասակ 25.215 երեխաներից 167-ը գնատահվել է որպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող: Նրանք ամենաշատը Երեւանում են: Բայց կան նաեւ երեխաներ՝ 778 հոգի, որոնց վերաբերյալ գնահատում չի իրականացվել, սակայն նրանք դպրոցի կամ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) կողմից ստանում են հոգեբանական աջակցություն: Նման երեխաների մեծ մասը եւս Երեւանի դպրոցներ է հաճախում:
Բարբառը՝ ընկալման խոչընդոտ ու ծաղրի առարկա
Էլմիրա Սաֆարյանն արցախցի հոգեբան է։ 4 ամիս աշխատել է Արցախից բռնի տեղահանված անչափահասների հետ, որոնք հաշմանդամություն ունեն։ Ծրագիրն իրականացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն։ Մասնակցել է արցախցի 150 երեխա։
Էլմիրան նրանցից մի մասի հետ աշխատել էր նաեւ Արցախում։ Ասում է՝ երեխաների ընտանիքները հիմնականում բախվում են ֆինանսական ու հոգեբանական խնդիրների։
Այժմ հոգեբանը մեկ այլ ծրագրի շրջանակներում աշխատում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող արցախցի երեխաների հետ։ Նկատում է, որ հիմնականը բարբառի խնդիրն է. «Ամենամեծ խնդիրը դա է, որ իրար չեն հասկանում դպրոցում, մանկապարտեզում»։
Բռնի տեղահանությունը մեծ ազդեցություն է ունեցել երեխաների հոգեբանության վրա։ Էլմիրան պատմում է մի երեխայի մասին, ում հետ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում աշխատել է։ Հայրը զինվորական էր, ու երեխան վախ ուներ, որ նա կարող է զոհվել։ Բռնագաղթից հետո էլ երեխան խնդիրներ ունի։ «Երեւանի դպրոցներից մեկում է,- ասում է հոգեբանը,- պատմում է, որ իրենց դասղեկը արդար չի վերաբերվում իրեն։ Արցախից երեք երեխա են դասարանում, ու բոլորին նստեցնում է հետեւում։ Բարբառի խնդիրն է։ Ասում է՝ երեխաները ծիծաղում են մեր բարբառի վրա»։ Հոգեբանի դիտարկմամբ՝ արցախցի երեխաներ կան, որոնք գրական հայերեն չեն հասկանում, եւ ուսուցչի ասածն ընկալելը դժվար է։
Առաջին նկարը պատրաստել է արհեստական բանականությունը
Բախշիյանների լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի
Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի
Մեկնաբանել