HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոստիկաններն ապօրինի խուզարկել են քաղաքացու մեքենան»․ փաստաբանն ահազանգում է

«Հետքին» է դիմել փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը՝ պատմելով, որ 2024 թվականի հոկտեմբերի 7-ին ոստիկանները թմրամիջոցներ ապօրինի պահելու, փոխադրելու և իրացնելու կասկածանքով իր վստահորդին՝ Արամայիս Փիլիպոսյանին, ձերբակալել ու ոստիկանության բաժին են տեղափոխել։ Ձերբակալությունից հետո ոստիկանները խուզարկել են մեքենան՝ չունենալով նման լիազորություն։ «Առանց համապատասխան թույլտվության, առանց որևիցե լիազորության խախտում են մեքենայի անձեռնմխելիությունը, իսկ ավտոմեքենան քրեական դատավարությունում հավասարեցված է բնակարանի, և բնակարանի անձեռնմխելիության իրավունքը հավասարապես տարածվում է նաև ավտոմեքենայի վրա»,- ասում է Արտաշես Հովհաննիսյանը։

Արամայիս Փիլիպոսյանին ոստիկանները ենթարկել են նաև անձնական խուզարկության, և նրա մոտից չեն հայտնաբերել թմրանյութ։ Իսկ այդ ընթացքում ավտոմեքնենան մնացել է քարի արտադրամասի դիմաց կանգնած։ Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը կարողացել է արտադրամասի տեսախցիկի տեսագրությունը ձեռք բերել, որտեղ երևում է, թե ինչպես են  ոստիկանները խուզարկում մեքենան։

«Արտաքնապես կարող է թվալ, որ դրանք որոնողական բնույթի գործողություններ են, սակայն մեր վարկածն այն է, որ հավանաբար, փնտրելով եւ համոզելով, որ թմրամիջոցներ չկան ավտոմեքենայում, ոստիկանները կարող էին իրենք տեղադրել այնտեղ թմրամիջոցներ, որոնք էլ հետագայում հայտնաբերել են»,- նշում է փաստաբանը։

Ավտոմեքենան ոստիկանության բաժին տեղափոխելուց հետո ոստիկանները մեղադրյալին կանչել են ավտոմեքենայի մոտ, և ըստ փաստաբանի՝ ձևականորեն նրա ներկայությամբ դռները կնիքել՝ չնայած այն բանին, որ ավտոմեքենայի անձեռնմխելիությունը վաղուց արդեն խախտված է եղել։ Արամայիս Փիլիպոսյանին ազատ են արձակել 72 ժամը լրանալու կապակցությամբ, և դրանից հետո է միայն քննիչին հաջողվել դատարանից թույլտվություն ստանալ ավտոմեքենայի խուզարկության համար։

Փաստաբանը մեզ է տրամադրել նաև խուզարկության տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է մեքենայից հայտնաբերվում թմրանյութը։ Արտաշես Հովհաննիսյանը պնդում է՝ խախտվել է մեքենայի անձեռնխելիությունը ոստիկանների կողմից, հետևաբար՝ մեքենայից հայտնաբերվածը չի կարելի վերագրել իր վստահորդին։

Հայտնաբերված թմրամիջոցի կապակցությամբ Արամայիս Փիլիպոսյանը հայտնել է, որ իրեն չի պատկանում, և կարող են մատնահետքեր վերցնել ու համոզվել դրանում, սակայն տեսագրությունից պարզ է դառնում, որ որոնողական գործողություններ իրականացրած ոստիկանները չեն գործել ձեռնոցներով, հետևաբար ոստիկանների մատնահետքերից բացի, այլ անձի մատնահետք հնարավոր չի հայտնաբերել։ Հայտնաբերվածի հիմքով Արամայիս Փիլիպոսյանին մեղադրանք է ներկայացվել և որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով։

«Նույն փաստական հանգամանքներում կարող են այդ ոստիկաններից ցանկացածին զրկել ազատությունից, այսինքն՝ մենք ունենք հիմա 2 փաստ առերևույթ հանցագործության մասին, որոնցից մեկով է իրականացվում քննություն և միայն մեկով է, որ անձի են կալանավորում այն պարագայում, երբ որ հակառակ վարկածը եթե հաստատվի, նրա մեղքը առհասարակ բացակայում է»,- ասում է Արտաշես Հովհաննիսյանը։

Դեպքի վերաբերյալ մենք հարցում կատարեցինք ՀՀ ներքին գործերի նախարարություն, ինչին ի պատասխան մեզ հայտնեցին, որ նախարարության Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացվում է ուսումնասիրություն, իսկ արդյունքների մասին լրացուցիչ կհայտնեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter