HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Ինչպես Հորդանանը ներկայացրեց և հետ կանչեց «Օսկարից» Արցախի մասին ֆիլմը

Նոյեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Հորդանանը Ադրբեջանի ճնշմամբ հետ է կանչել «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում ներկայացրած «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը, որը պատմում է արցախցի երեխայի մասին։ Ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ ֆիլմի բովանդակությունը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։  Ֆիլմը արգելվել է ցուցադրել նաև Հորդանանում։

«Հետքը» զրուցել է «Տունս քաղցր ա» ֆիլմի ռեժիսոր, հորդանանահայ Սարին Հայրապետյանի հետ, որն այժմ ԱՄՆ-ում է: Նա աշխատանքներ է տանում ֆիլմը «Օսկարի» «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում ներկայացնելու համար։

Ինչպե՞ս ծնվեց Արցախի մասին վավերագրական ֆիլմ նկարելու գաղափարը։

Ես հորդանանահայ եմ, մեծացել եմ Հորդանանի հայկական գաղութի մեջ, որն ունի հայկական  դպրոց, եկեղեցի, ակումբ։ Այդտեղ մենք փոքրուց սովորում ենք Հայոց պատմություն և, անշուշտ, լավ գիտեինք Արցախի մասին։

Տարիներ հետո՝ 2018թ.-ին, HBO-ի հետ Ամերիկայում ֆիլմ էի պատրաստում հետպատերազմական տրավմաների, վետերանների մասին, որոնք արվեստի միջոցով փորձում էին հաղթահարել իրենց տրավմաները։ Դրանից հետո մոտս միտք ծնվեց գնալ Արցախ եւ այնտեղ ապրող մարդկանց կյանքին ծանոթանալ, պատմել Արցախում ապրող ընտանիքների մասին, որոնք ամեն րոպե կարող են պատերազմի մեջ հայտնվել։ Միտքս այն էր, որ դա անեմ Արցախում ապրող երեխաների աչքերով։

Վեց տարի տևած աշխատանքի արդյունքում ծնվեց «Տունս քաղցր ա» վավերագրական Ֆիլմը։ Այն պատմում է մարտակերտցի 11-ամյա Վրեժի մասին, որի միջոցով ներկայացվում է Արցախը՝ 44-օրյա պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և հետո, մինչև Ադրբեջանի կողմից հայաթափումը։ 

Ինչպե՞ս Հորդանանը «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը առաջադրեց «Օսկար» մրցանակաբաշխությանը։

Ֆիլմը  Ամերիկայի, Իռլանդիայի, Ֆրանսիայի եւ Հորդանանի համատեղ արտադրություն է։ Պրոդյուսերը հորդանանցի Ազա Հուրանին է։ Այս տարվա հուլիսին Հորդանանը մեզ հրավիրեց մասնակցելու Ամմանի միջազգային կինոփառատոնին, որտեղ արժանացանք ժյուրիի մրցանակին որպես լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ: Ունեցանք շատ հաջող ցուցադրություններ, սրահները լեցուն էին հայ եւ արաբ հանդիսատեսով, բոլորը շատ ազդված էին Վրեժի եւ Արցախի պատմությունով, որովհետեւ իրենց՝ Հորդանանի, Պաղեստինի, Լիբանանի, Սիրիայի երեխաների պատմությունները շատ նման են Արցախի երեխաների պատմությանը։ Այս ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ Հորդանանում։ Այնպես, որ ֆիլմը Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովի կողմից ընտրվեց որպես «Օսկար» կինոմրցանակաբաշխությանը Հորդանանից ներկայացվող ֆիլմ։

Իր ուղարկած ֆիլմը Հորդանանը հետ կանչեց «Օսկարից», ո՞րն էր պատճառը և ի՞նչ ծրագրեր ունեք։

Նոյեմբերի սկզբին ամերիկյան կինոակադեմիայից մեյլ ստացանք, որ մեր հայտը չեղարկվել է։ Կապվեցինք Հորդանանի կինոհանձնաժողովի հետ և իրենք մեզ բացատրեցին, որ Ադրբեջանը  բողոք է ներկայացրել Հորդանանին և Հորդանանը որոշել է հետ կանչել ֆիլմը։

Մենք այդ լուրը ստանալուց հետո, անշուշտ, շատ նեղվեցինք, բայց ուժերը հավաքեցինք եւ  որոշեցինք, որ Արցախի մասին պատմող մեր ֆիլմը պետք է ավելի շատ տարածենք, ավելի շատ ցուցադրենք։ 

Վերջերս Վավերագրական ֆիլմերի միջազգային միությունը (International Decumentary Association) հայտարարեց, որ «Տունս քաղցր ա» ֆիլմը առաջադրվել է երեք անվանակարգերում՝ «Լավագույն կինեմատոգրաֆիա», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն երաժշտություն»։ Մեր ֆիլմի համար երաժշտությունը գրել է Տիգրան Համասյանը: Այս փառատոնը ամենահեղինակավորներից է վավերագրական ֆիլմերի համար։ 

Նոյեմբերի 29-ից Ամերիկայում սկսվելու է ֆիլմի ցուցադրությունը կինոթատրոններում, և հաջողության դեպքում այն կարող ենք ներկայացնել «Օսկարին»՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։ Եղածը միայն ավելի ամրապնդեց այն համոզումը, որ մեր արած գործը կարևոր է, անելու ենք մեր կարողությամբ ամեն ինչ, որ  աշխարհի ամեն ծայր հասնի Վրեժի եւ Արցախի  մասին պատմող ֆիմը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter