
«Հետքը» երկու մրցանակ ստացավ «Թվապատում 2024» մրցույթում
«Թվապատում 2024» լրագրողական մրցույթի երկու անվանակարգում «Հետքը» մրցանակներ ստացավ։ Հոբելյանական 10-րդ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ այսօր՝ նոյեմբերի 22-ին։
Հետաքննական լրագրության Դիտակ անվանակարգում գլխավոր մրցանակ շնորհվեց «Հետքի» լրագրողներ Անյա Սարկիսովայի, Սարո Բաղդասարյանի և Նարե Պետրոսյանի «Դեղերի սև շուկան. ինչու որոշ դեղեր չեն գրանցվում, բայց վաճառվում են» հետաքննությանը։
Արտակարգ գրություն անվանակարգում էլ հատուկ մրցանակ ստացավ «Հետքի» լրագրող Ռիմա Գրիգորյանը՝ «Կուզե՞ս քեզ մեր պատերազմը պատմեմ» մուլտիմեդիա նյութի համար։
Արտակարգ գրություն անվանակարգում հանձնաժողովը հաղթող ճանաչեց «Սիվիլնեթի» լրագրող Հայկ Ղազարյանին՝ «Կիլոմետրերով չոքեչոք․ Ամարասից Քերթ․ Թաթուլ Խաչատրյանի պատմությունը» հրապարակման համար։
Լուսաբանելով գիտությունը անվանակարգում հաղթող ճանաչվեց «Ինֆոքոմի» Զարա Խաչատրյանը՝ «Գիտարբուք» շարքի համար։
«Թվապատում 2024» ամենամյա մրցույթի հատուկ մրցանակ ստացավ «Բուն» TV-ն՝ անցած 13 տարիների ընթացքում գիտական թեմաները հանրահռչակելու և շարունակական նվիրվածության համար։
Մեդիա 3.0 տեխնոլոգիաների լավագույն կիրառման անվանակարգում հաղթող նյութը «Ինֆոքոմի» «Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր» ծավալուն աշխատանքն էր: 250 000 դրամով պարգևատրվեցին «Ինֆոքոմի» լրագրողներ Սուսինա Խաչատրյանը և Լիլիթ Գրիգորյանը։
«Թվապատում 2024»-ի Գործող անձ (Homo Agendi) անվանակարգում հանձնաժողովը հիմնական հաղթող չընտրեց։ Սակայն հաշվի առնելով անվանակարգի կարևորությունը՝ սահմանվեց հատուկ մրցանակ․ «Առավոտի» լրագրող Տաթևիկ Հարությունյանին «Ուզում եմ, որ մարդիկ մարդ մնան ու սիրով մնան»․ Գոհար Պետրոսյան» նյութի հեղինակին և հերոսին։
Նույն անվանակարգում խրախուսական մրցանակի արժանացան News.am-ի լրագրող Թագուհի Մելքոնյանը և նյութի հերոսը՝ «Աշոցքից Քաղսի․ ֆիզկուլտուրայի ուսուցչի հիմնած ֆուտբոլի աղջիկների թիմը կարծրատիպեր է կոտրում» նյութի համար։
«Ականջօղ» անվանակարգում հատուկ մրցանակ հանձնվեց Regional Post-ի լրագրող Անժելա Ալեքյանին Women in Numbers հոդվածում կանանց ներգրավվածությունը աշխատաշուկայում թեման վերլուծելու համար։
Հանձնաժողովը առանձնացրեց նաև «Ֆակտոր TV»-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանի՝ «Ով է Երևանին ծառեր մատակարարել․ գործարքը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրության կենտրոնում» հետաքննությունը։ Որոշվեց լրագրողին խրախուսական մրցանակ շնորհել՝ հետաքննական լրագրության ժանրում հաջող քայլեր կատարելու համար։
«Թվապատում»-ն անցկացվում է տասներորդ տարին անընդմեջ։ Մրցույթի առանցքում որակյալ և պատասխանատու լրագրության զարգացումն է, մարդակենտրոն պատմությունների ստեղծումն ու տարածումը, նորարար մոտեցումների, ժամանակակից գործիքների կիրառումը, մասնագիտական էթիկայի սկզբունքների պահպանումը և արժևորումը։
Լուսանկարը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի
Մեկնաբանել