HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուղեբեռից անհետացած իրեր, կոտրված ճամպրուկներ՝ բողոքներ լեհական LOT ավիաընկերությունից

Արմինե Հովհաննիսյանը (անուն, ազգանունը փոխված են) նոյեմբերի 5-ին LOT լեհական ավիաընկերությամբ մեկնել է Վարշավա՝ կոնֆերանսի մասնակցելու։ Վերադարձել է նոյեմբերի 9-ին։ Երևանից Վարշավա նրա ուղեբեռը հասել է վերադարձի օրը՝ նոյեմբերի 9-ին։

Արմինեի մայրն ամեն օր զանգահարել է ավիաընկերության հայաստանյան գրասենյակ՝ տեղեկանալու, թե որտեղ է դստեր ճամպրուկը։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 6-ին, ավիաընկերությունից առաջարկել են Արմինեի ուղեբեռը չուղարկել Վարշավա, բայց Արմինեն հրաժարվել է։

«Մայրիկիս առաջարկեցին, որ իմ ուղեբեռը չուղարկեն, բայց ես հրաժարվեցի, քանի որ միայն իմ իրերը չէին, հյուր էի գնալու և ծանոթներիս, ընկերներիս համար Հայաաստանից նվերներ էի տարել։ Հետո մայրիկիս ասել էին նաև, որ կարող է ուղեբեռս ավելի ուշ՝ նոյեմբերի 11-ին հասնի Վարշավա։ Մենք բացատրել էինք, որ նոյեմբերի 11-ին ես այլևս Վարշավայում չեմ լինի ու ամենաառաջին հնարավոր չվերթով ուղարկեն։ Ամեն օր զանգահարելուց, պահանջելուց հետո, ի վերջո, ճամպրուկս հասավ ինձ, իսկ մի քանի ժամ անց ես վերադառնում էի Հայաստան»,-պատմում է Արմինեն։

Նա Վարշավա հասել էր ժամը 7:00-ին, կոնֆերանսը, որին պետք է մասնակցեր, սկսվելու էր ժամը 9:00-ին։ Նրա հագուստները նույնպես ուղեբեռի մեջ էին մնացել։

Արմինեն ստիպված նոր հագուստ, հիգիենայի պարագաներ է գնել։

«Ես նաև փոխհատուցում ստանալու համար եմ դիմել, կցել եմ բոլոր կտրոնները այն հագուստների, իրերի, որոնք գնել եմ ուղեբեռիս տեղ չհասնելու պատճառով, դեռևս փոխհատուցման վերաբերյալ արձագանք չեմ ստացել»,-պատմում է նա։ 

Արմինեն միակը չէ։ Ֆեյսբուքյան «Հայկական տուրիստական տեղեկատու» խմբում բազմաթիվ մարդիկ բացասական մեկնաբանություններ են գրել լեհական LOT ավիաընկերության վերաբերյալ։ Բացասական մեկնաբանություններ կան նաև ավիաընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Իլոնա Բալանյանը 2024-ի սեպտեմբերին LOT ավիաընկերության չվերթով մեկնել էր Ֆրանսիա։ Փարիզ հասնելով՝ տեսել է, որ իր ուղեբեռի զարդատուփից անհետացել է 4 ոսկյա զարդ։ Մնացած՝ ոչ թանկարժեք զարդերը տեղում են եղել։ 

Ասում է՝ առաջին անգամ չէր ուղեբեռում ոսկյա զարդ դնում, այս տարվա ընթացքում էլի էր ճափորդել, բայց ուղեբեռի հետ կապված որևէ խնդիր չէր առաջացել։ «Ժամացույց նույնպես կար, որը վերցրել, նայել են ու դրել մեկ այլ տեղում, դա պետք չի եղել, չեն վերցրել։ Ես այս տարի, մինչև Ֆրանսիա մեկնելս, արդեն 10 երկիր գնացել էի, երևի մոտ 30 ինքնաթիռ էի նստել, միշտ իմ նույն զարդերը եղել են նույն զարդատուփում, այսինքն՝ ես չեմ մտածել, որ կարող է զարդատուփս բացեն ու միջից զարդ հանեն։ Հիմա ասում են, որ ոսկյա զարդեր չէր կարելի հանձնել գրանցված ուղեբեռում, բայց ես նախկինում այլ ավիաընկերություններով ճափորդելիս ոչ մի խնդրի առաջ չէի կանգնել»,- պատմում է նա։

Քանի դեռ Իլոնան Ֆրանսիայում էր, ամուսինը Երևանում այցելել է LOT-ի հայաստանյան գրասենյակ, որտեղ ասել են, որ ոչինչ անել չեն կարող, առաջարկել են փոխհատուցման համար դիմել ավիաընկերություն, ինչն էլ Իլոնան արել է։ Դեպքից անցել է մոտ 2 ամիս, սակայն ավիաընկերությունը Իլոնային պատճառված վնասը չի փոխհատուցել։

Մեկ այլ ուղևորի՝ Եվա Թովմասյանի ուղեբեռից նույնպես զարդեր են հանել։ Եվայի տոմսն առանց գրանցված ուղեբեռի էր՝ միայն ձեռքի ուղեբեռով։ Նոյեմբերի սկզբին Վարշավայից վերադառնալիս նրան առաջարկել են իր ձեռքի ուղեբեռը անվճար հանձնել՝ որպես գրանցված ուղեբեռ։ «Ինձ ասել են՝ վերցնեմ միայն այն իրերը, որոնք կարող են թռիչքի ընթացում ինձ պետք գալ, ես վերցրել եմ հագուստ, հիգիենայի պարագա, մնացած ամեն ինչ թողել եմ իմ ձեռքի ճամպրուկում և այն հանձնել որպես գրանցված ուղեբեռ»,- պատմում է նա։

Երբ «Զվարթնոց» օդանավակայանում բացել է ճամպրուկը, որպեսզի ստուգի՝ արդյո՞ք ամեն ինչ տեղում է, տեսել է, որ իր ուղեբեռը տակն ու վրա է արված։ Ոչինչ իր տեղում չի եղել։ Զարդատուփից էլ անհետացած են եղել որոշ զարդեր։ Եվան դիմել է ոստիկանություն, «Զվարթնոց» օդանավակայանում խնդրել, որ ցույց տան իր ճամպրուկի՝ ինքնաթիռ հասնելու տեսագրությունը։ Տեսագրությունում երևացել է, որ ճամպրուկը «Զվարթնոցում» չի բացվել։ Եվան դիմել է LOT ավիաընկերությանը, բայց փոխհատուցում չի ստացել։

LOT լեհական ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում 31 երկրների 49 քաղաքներում։ Ուղեւորների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող passenger.am հարթակի հիմնադիր Վաներ Հարությունյանը նշում է, որ Հայաստանում ավիացիոն ոլորտի վերահսկման մեխանիզմները թույլ են։ Լեհական LOT ավիաընկերությունն էլ միակը չէ, որից պարբերաբար բողոքներ են ստանում։ Վաներ Հարությունյանը նշում է՝ 2019-ին դիմել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ ավիաընկերության գործունեությունը կասեցնելու համար, բայց մերժում են ստացել։ Վերջինիս խոսքով, ավիացիոն օրենքը 2007-ից մինչ օրս չի փոխվել, այժմ քննարկումներ են ընթանում որոշ բարեփոխումներ կատարելու համար։ LOT ավիաընկերությունն էլ Հայաստանը դիտարկում է որպես երրորդ երկիր և ծառայությունները մատուցում թերի։ Վաներ Հարությունյանի խոսքով՝ ավիաընկերությունը նույն որակի ծառայություն չի մատուցի շվեյցարացի ուղևորներին, քանի որ Շվեյցարիայի պատասխանատու մարմինները կարող են ավիաընկերությանը պատասխանատվության կանչել, ինչը տեղի չի ունենում հայաստանցի ուղևորների պարագայում։ 

LOT-ը Երևանում ներկայացուցչություն ունի։ Մենք այցելեցինք նրանց գրասենյակ։ Լեհական ավիաընկերության վաճառքի մենեջեր Վարդան Հովհաննիսյանը նշեց, որ ուղեբեռի կորուստը կարող է նորմալ համարվել, տուժած քաղաքացիները կարող են փոխհատուցում ստանալու համար դիմել ավիաընկերությանը։ Լրացուցիչ պատասխանների համար նա առաջարկեց դիմել գրավոր հարցմամբ։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ նոյեմբերի 22-ին  ներկայացուցչությունից նամակ ստացանք, որ հարցումն ուղարկվել է ավիաընկերության գլխավոր գրասենյակ։ Պատասխան դեռ չենք ստացել։

«Հետք»-ը դիմել է նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, որտեղից հայտնել են, որ կոմիտեն վերահսկողության գործառույթ չունի։ Ուղևորի տոմսի, ուղեբեռի և չվերթի պատասխանատվությունը ավիաընկերությունն է կրում։

Ստացվում է, որ տուժած ուղևորի փոխհատուցումը ավիաընկերության քմահաճույքն է։

Գլխավոր լուսանկարը՝ Արեն Նազարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter