HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

Սոֆիա Բաղրամյանը՝ Խնդիրների լուծման աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

8-ամյա Սոֆիա Բաղրամյանը դարձել է Խնդիրների լուծման աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր: Մրցաշարը, որը Շախմատի աշխարհի առաջնության մի մասն է, տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին։ Այս տարի Շախմատի աշխարհի 8-12 տարեկանների առաջնությունը տեղի է ունեցել Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում նոյեմբերի 14-27-ը։

Մինչև 8 տարեկան աղջիկների խմբում հաղթող է ճանաչվել Չինաստանը ներկայացնող Չեն Զիհանը։

«Հետքի» հետ զրույցում Սոֆիայի մայրը՝ Նոնա Վարդանյանը, ասաց, որ շախմատային վեց խնդիր է եղել, և Սոֆիան բոլոր վեցն էլ կարողացել է արագորեն լուծել ու մինչև 8 տարեկան աղջիկների կատեգորիայում զբաղեցրել է առաջին տեղը։

«11 օր անընդմեջ Սոֆիան խաղացել է, կարողացել  է հաղթել կամ ոչ ոքի անել բավականին ուժեղ խաղացողների, ընդ որում Ռուսաստանի մինչև 8 տարեկան աղջիկների չեմպիոնին։ Բայց վերջին երկու օրը ես արդեն զգում է, որ Սոֆիան հոգնել է, ֆիզիկապես էլ չէր կարողանում։ Իր ամենաերկար խաղը առաջնությունում տևել է 4 ժամ 40 րոպե ու արդյունքում ոչ ոքի»,-ասում է Նոնան։

Նրա խոսքով՝ Սոֆիան առաջին հայ շախմատիստուհին է, որը իր տարիքային խմբում կարողացել է Խնդիրների լուծման աշխարհի առաջնությունում դառնալ ոսկե մեդալակիր։

Սոֆիան այս տարի ավելի վաղ Պրահայում կայացած Եվրոպայի շախմատի առաջնությունում դարձել էր Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն։ 

Աշխարհի առաջնությունում Սոֆիայի մասնակցությունը ապահովելու համար նրա ծնողները դրամահավաք էին կազմակերպել, քանի որ պետական որևէ աջակցություն շախմատիստուհուն չէին տրամադրել։

«Այս դրամահավաքը ավելի շատ ընդվզում էր այն բանի, որ Սոֆիան որևէ աջակցություն չի ստանում պետականորեն, և մենք ենք ստիպված հոգալ մրցաշարային բոլոր ծախսերը։ Ասում են թող դառնա 10 տարեկան կաջակցենք, բայց չէ որ մինչև տասը տարեկանին հասնելը երեխան պետք է մարզվի։ Բարեբախտաբար, գումարը հավաքվեց, նույնիսկ ավելին, քան պետք էր, ու Սոֆիան կարողացավ մասնակցել առաջնությանը: Մնացած գումարը նվիրաբերեցինք այլ ծրագրերի»,- պատմում է Նոնա Վարդանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter