Թրամփը կմասնակցի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացմանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 7-ին կայցելի Փարիզ՝ ներկա գտնվելու հրդեհից հետո վերականգնված Փարիզի Աստվածամոր տաճարի բացմանը: Սա կլինի Թրամփի առաջին արտասահմանյան այցը՝ նոյեմբերյան ընտրություններում հաղթելուց հետո:
Փարիզ այցի մտադրության մասին Թրամփը գրառում է արել նաև Truth Social-ի իր էջում։
«Ինձ համար մեծ պատիվ է տեղեկացնել, որ շաբաթ օրը մեկնելու եմ Ֆրանսիա՝ Փարիզ՝ ներկա գտնվելու Փարիզի Աստվածամոր հիասքանչ պատմական տաճարի բացմանը, որն ամբողջությամբ վերականգնվել է հինգ տարի առաջ տեղի ունեցած ավերիչ հրդեհից հետո: Նախագահ Էմանուել Մակրոնը հրաշալի աշխատանք է կատարել, որպեսզի Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնվի ամբողջ ծավալով և նույնիսկ ավելին: Դա հատուկ օր կլինի բոլորի համար»,- գրել է Թրամփը։
CNN-ը հիշեցնում է, որ Թրամփը և Մակրոնը սերտորեն համագործակցում էին Թրամփի նախագահական առաջին ժամկետի ընթացքում նրանց հարաբերությունները նույնիսկ անվանում էին բարեկամական (հեռուստաալիքն օգտագործում է bromance բառը, այսինքն՝ տղամարդկանց միջև մտերիմ ընկերություն՝ ծնթ. խմբ.), չնայած այն հանգամանքին, որ նրանք երբեմն բացահայտ թշնամանք էին ցուցաբերում միմյանց նկատմամբ:
Մակրոնը դարձավ առաջին օտարերկրյա առաջնորդը, որը հրապարակայնորեն շնորհավորեց Թրամփին 2024 թվականի նոյեմբերի 7-ի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Նույն օրը երեկոյան նրանք հեռախոսազրույց էին ունեցել։
Ակնկալվում է, որ տաճարի բացման արարողությանը ներկա կլինեն պետությունների և կառավարությունների շուրջ 50 ղեկավարներ:
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը բռնկվել էր 2019 թվականի ապրիլի 15-ին։ Դրա հետևանքով այրվել էր տաճարի տանիքը, փլուզվել 750 տոննա կշռող սյունը, վնասվել էին տաճարի ճակատներին առկա հայտնի գորգուլյաներն ու երգեհոնը։ Վերականգնման արժեքը գնահատվել էր մեկ միլիարդ եվրո։ Ի սկզբանե նշվում էր, որ տաճարի վերականգնման ժամկետը կկազմի մոտ 10 տարի։
Լուսանկարը՝ Luke Hales/Getty Images
Մեկնաբանել