...Ես ալ մէկն էմ անոնցմէ որ ետ դարձան մահուան ճամբաներէն. Լեւոն Զաւէն Սիւուրմէլեան (մաս1)
Ամերիկացիները դժվարություն ունեին անունը ճիշտ արտասանելու՝ աղավաղված ասում էին Զեյվըն: Որոշեց թե՛ դյուրացնել օտարների գործը, թե, որ ամենակարևորն է, հարատև պահել 1915թ. սպանված իր երիտասարդ մորեղբոր անունը՝ Լևոն, և գրական ասպարեզ իջավ որպես Լևոն Զավեն Սյուրմելյան:
Սա իր կյանքի ընթացքում «անվանափոխության» առաջին դեպքը չէր: Ժամանակ առաջ՝ հայրենիքում մեծ տեղահանության և գաղթի ճանապարհին նրան, իր կամքից անկախ, տվել էին Ջեմալ անունը, հետո՝ պատսպարվելով հունական բարեգութ ընտանիքում, դարձել էր Յանկո: Բայց այդ անունները ժամանակավորապես առնչվեցին իր հետ: Իրեն իբրև թե որդեգրած Օսման աղան շուտով հասկացավ, որ այս տղան ավելի շուտ կմեռնի, քան կթլպատվի ու երբեք իսլամ չի դառնա: Եվ Ջեմալը վերստին Զավեն դարձավ՝ որբ ու անտեր:
Ծնվել էր 1905-ին Տրապիզոնում՝ «...անիկա գոհարի պես քաղաքը մըն էր, փայլուն ու ճերմակ քաղաք մըն էր կարմիր տուներով...»: Իրենց շեն տունը հունական թաղում էր: Զավենի լեզուն բացվեց, երբ արդեն 3 տարեկան էր, մինչ այդ չէր խոսում: Գիտությունը ոչնչով չէր կարողացել օգնել երեխային, բայց ահա Աստծո զորությունը եկեղեցու բանալիի միջոցով օգնեց, բառիս բուն իմաստով, բացելու տղայի կապ ընկած լեզուն: Տեր հայրը եկեղեցու բանալին դրեց փոքրիկի լեզվին, և հրաշքը տեղի ունեցավ:
Հրաշքներ էլի եղան: Նախ՝ փրկվեց ցեղասպանության և տարագրման ժամանակ, հրաշք էր հանդիպումը Վահան Թեքեյանի հետ Պոլսի Կեդրոնական վարժարանում, հրաշք էր Ամերիկայի տված հնարավորությունը՝ բացահայտելու և լավագույնս դրսևորելու իր տաղանդը: Հրաշք էր դերասանուհի Լինդա Դառնելի սերը: Թերևս միակ հրաշքը, որ Զավենը չընդունեց, թե ինչու՝ հետո:
Հայրը
Հայրը քաղաքում մեծ հարգանք վայելող Կարապետ Սյուրմելյանն էր՝ Պոլսում հրատարակվող «Բիւզանդիոն»-ի մշտական ընթերցողն ու «Կեդրոնական դեղարան»-ի տերը: Հայերեն, ֆրանսերեն, հունարեն և թրքերեն ցուցանակը քաղաքի չորս կողմերից դեղարան էր կանչում բալասան փնտրողներին:
Բաքքարա սիրող հայրը, որ խաղի ժամանակ բղավում էր quarrraaaannttte! և միշտ «ահաբեկում» խաղընկերներին, թե դատարկելու է նրանց գրպանները, որպես կանոն, ինքն էր պարտվում ու, բարկության մեջ բարձրաձայն մռթմռթալով, խաղաթղթերը նետում էր գետնին: Սա մի տեսակ ծիսական գործողություն էր: Զավենը կարոտով հիշում էր հոր աղմուկով արտաշնչելը ախորժաբերի՝ ջրով բացված օղու բաժակը դատարկելիս: Երբ երկար դեգերումներից հետո նորից մտավ ռուսներին հանձնված Տրապիզոնի իրենց տունը, ականջների մեջ հոր ձայնն էր:
Մայրը
Զվարթ Տիրատուրյանն էր: Բարձրահասակ, ճերմակ մորթով, սրճագույն մազերով գեղեցկուհին: Երբ 18 տարեկան էր, Տրապիզոն աքսորված ավստրական արքայատոհմի մի սիրունատես իշխան քունը կորցրել էր փարիզյան նորաձև գլխարկով Զվարթի պատճառով: Բայց աղջիկը նախապատվությունը տվեց իրենից 13 տարով մեծ դեղագործ Կարապետին: Ամուսնացան ու ծնվեցին նրանց 4 զավակները՝ Օննիկը, Զավենը, Նվարդը և Եվգինեն: Այս գեղեցիկ և բարեկեցիկ ընտանիքի անդամների համատեղ կյանքը ընդհատվեց 1915-ին: Զավենը հիշում էր այն օրը, երբ մայրը իրեն տարավ ամերիկյան առաքելության գրասենյակ և նրա վերջին բառերը՝ «ամերիկացիները կպաշտպանեն քեզ, հոգիս»: Հետո իմացավ, որ ծնողները սպանվել են: Եղբորն՝ Օննիկին իրենց լավ բարեկամ հույն բժիշկը՝ Մեթաքսասը, ծպտված հասցրել էր մի հունական վանք, որտեղ իր ընտանիքն էր թաքնվում: Իմացավ, որ քույրերին՝ Նվարդին և Եվգինեին, որդեգրել է մի թուրք, բայց հետո քույրերը կարողացել են փախչել, և էլի նրանց պատսպարել է հույն ընտանիքը: Չարաբաստիկ օրերից մեկն էր, երբ Ամերիկյան միսիոներության շենքը շրջապատվեց և հաստատության պատերից ներս ապաստանած բոլոր երեխաներն ընկան թուրքերի ձեռքը: Այս ու այն կողմ թափառելուց հետո, երբ Զավենը եկավ իրենց տուն՝ ակամա սկսեց փնտրել մորը: Չգտավ, բայց երևակայությամբ վերակերտեց իրենց ջերմ ընտանեկան առօրյան, որ այնքան սիրով ապահովում էր մայրը: Սենյակից լսվեց Զինգեր կարի մեքենայի միալար ձայնը, խոհանոցում աչքին երևաց մայրը՝ ձմեռվա պաշար՝ թուզի անուշ պատրաստելիս: Շեն տնից միայն նիհարած կատուն՝ իրենց նկուղի պահապանն էր իրական ու ներկա: Աչքին եկավ տեսարանը, երբ տեղահանությունից առաջ թաղի երեխաներով հասունացած բալերը ագահաբար կուլ էին տալիս, տրորում եգիպտացորենի արտերը, որ թուրքերին չմնան:
Սյուրմելյանը ընտանիքի հետ՝ հորական տատը, մայրը, 2 քույրերն ու եղբայրը
Թույնը
Տեղահանության հրամանն առնելով՝ հայրը դեղարանը մեկընդմիշտ փակելիս միայն թույնի սրվակը վերցրեց: Գուցե սոսկալի իրավիճակ ստեղծվի, հատկապես ընտանիքի կանանց համար: Եվ չսխալվեց: Թուրքերը անխնա հարձակվում էին աղջիկների վրա, անմարդային վայրագություններ անում: «Չգիտեմ ՝ ում առավել ողբամ, մեռածների՞ն, թե՞ ողջերին...»․ խեղճ Ազնիվ հորաքույրը կորցրել էր գլուխը:
Մինչ հերթը կհասներ Սյուրմելյան գերդաստանին՝ թաքցված սրվակը մեջտեղ հանվեց: 6 հոգի էին: Թույնի չափաբաժինը, բարեբախտաբար, չբավարարեց որևէ մեկին մահ բերելու համար:
Սրընթաց իրադարձությունների շրջանը
Միայն թեթև սրտխառնուք «վաստակելով»՝ Զավենը, ճակատագրի մատուցած ամենաանհավանական անակնկալներով, հայտնվեց Բաթում մեկնող ռուսական նավի վրա: Հիշում է ճերմակ դրոշը, որ Ամերիկայի հյուպատոսը թափահարում էր ի տես ռուսների: Իսկ դա սովորական դրոշ չէր, այլ Արամ անունով մի հայ տղայի սավանն էր, որի հայրը աշխատում էր ամերիկյան հյուպատոսությունում: Հասավ Բաթում. նավամատույցում անսպասելի հանդիպումը մորական ազգականների հետ, Կոբուլեթիի որբանոցում տեղավորվելը, էն շուշանի պես ճերմակ Շուշիկը՝ զվարթ, երջանիկ, ուրախ աղջիկը, որ կարծես հակապատկերը լիներ իր թողած աշխարհի պատկերի: 1-2 տարում այնքան արագ զարգացան դեպքերը, փոխվեցին հանգամանքները: Բաթումից շուտով վերադարձավ Պոլիս, այստեղ իրեն էին սպասում քույրերն ու եղբայրը: Դա մեծ ողբերգության մեջ երջանկության կաթիլ էր: Ինչպես շատ որբուկներ, համալրեց Արմաշի երկրագիտական որբանոց-վարժարանի սաների շարքերը: Վարժարանը տեղափոխվեց Արևելյան Հայաստան: Զավենը չհասցրեց ընտելանալ Երևանին ու Նոր Բայազետին, երբ Կարսը ընկավ, և թուրքերը մոտեցան մայրաքաղաքին: Բախտը նրան կրկին Պոլիս բերեց:
Չամլըճայի խնջույքը
«Օր մը, 1922-ի ամառը, Թէքէեան, Օշական, Զարեան, Գավաֆեան և մենք, խումբ մը տղաք Կեդրոնական եւ Պէրպէրեան Վարժարաններէն, դպրոցական խրախճանք մ՛ունեցանք Չամլըճայի բլուրին վրայ: Մենք հիւրերն էինք մեր ուսուցիչներուն: Օշական սոթթեց իր թեւերը, ցոյց տալով իր «մսագործ»ի մկանները, կտրտեց միսը, եւ պատրաստեց հրաշալի շիշ-քէպապը... Ու ահա կը տեսնեմ Թէքէեանը, որ խոտին վրայ նստած, իր նորագիր քերթուածներէն մէկը կը կարդար մեզի»:
Մի ամբողջ սերունդ-սերուցք ոչնչացված էր: Չկային Սիամանթոն, Զոհրապը, Վարուժանը, Զարդարեանը, Սեւակը և մյուս մեծերը: «Կը կարծէի թէ մեր բոլոր գրագէտներն ալ սպաննուած էին, ու հայ գրական վերածնունդը Պոլսոյ մէջ, Զինադադարէն ետք, իսկապէս զարմացուց զիս»: Իսկ այդ վերածնունդի մեջ բացառիկ էր Կեդրոնական վարժարանում Զավենի ուսուցիչներից Հակոբ Օշականի և Վահան Թեքեյանի դերը: Այս երկու գրողների օժանդակությամբ էլ Զավենը մտավ գրականություն և «...ես ալ եղայ իբր թե երիտասարդ գրող»:
Հակոբ Օշական, Վահան Թեքեյան և Զ. Սյուրմելյան, Պոլիս, 1922թ.
«...իմ մեծ վստահութիւնս նաեւ՝ թէ պիտի մեծնաս մաքրութեամբ, ուժով եւ աւելցած շնորհներով, պիտի նուաճես աշխարհը, վայրի ձիում մը պէս, եւ ժամանակին մէջ պիտի սուրաս գեղեցիկ ու յաղթական միշտ: ...հպարտ ու երջանիկ ըլլաս դուն, արդարօրէն հպարտ ու մարդկօրէն երջանիկ ...եւ իմ սիրտս յայտնատեսութիւնը ունի թէ կրնաս ըլլալ»:
Թեքեյանի այս «յայտնատեսութիւնը» իրականություն դարձավ: Ուսուցչի խորաթափանցությամբ նա այս ջահելի հոգու մեջ նշմարեց ապագայի գեղեցիկ գրականություն ստեղծողին:
Քու տասնըեօթը տարիները ի՜նչքան հարուստ են արդէն... Վ.Թ.
Որբ մնացած Զավենը Թեքեյանի մեջ հայրական հոգածություն զգաց, Թեքեյանն էլ Զավենի մեջ գտավ իր չծնված զավակին: 1923թ. մարտի 6-ին Վառնայից Զավենին գրած նամակում բացատրում է, թե ինչու ճակատագիրը հազարների միջից հենց իրեն՝ Զավենին ընտրեց իր համար հոգեզավակ: Դա, ճակատագրի կողմից, իրեն բաժին հանված տառապանքի փոխհատուցումն էր սփոփանքով «հազուագիւտ վիշտերը փոխարինել հազուագիւտ ուրախութեամբ, իմ երազած ու կանչած, ստեղծել ու մեծցնել փափագած տղաս՝ մեծցած, ու բարեբախտաբար դեռ մեծցող, իմ դէմս գտնելու ուրախութեամբը»:
«Վառնա, 21 դեկ., 1922
Բայց դուն ի՞նչէն գիտես, տղա՛ս, որ ես այնքան պէտք ունիմ քու զգացումներուդ թարմ ու տաքուկ շունչին՝ կենդանանալու եւ կեանքին վերստին կապուելու համար, կեանքէն դեռ համ մը առնելու եւ բան մը յուսալու համար: ...չափազանց կը նմանիս սրտով, մտքով ու-կը խորհիմ հիմա կերպարանքով ալ՝ անոր, իմ երազիս զաւկին...: Կը հարցնեմ սակայն ինքզինքիս. ես արժանի՞ եմ այդ հայրութեան, իրաւունք ունի՞մ քու բուն հօրդ տեղը անցնելու երբ ոչ մէկ պարտականութիւն կատարած եմ քեզի հանդէպ, երբ մանաւանդ կ’զգամ թէ շատ աւելին կ’ստանամ քեզմէ քան ինչ որ կուտամ քեզի, եւ քու հօրդ հոգին կրնայ նախանձիլ ինձի՝ որ իրմէ շեղեցնելով իմ վրաս կը դարձնեմ ինչ որ ինք պէտք էր վայելեր միայն: Եւ յետոյ, կը խղճահարիմ քեզ ճանչցած չըլլալուս համար աւելի կանուխ, այն ատեն երբ կրնայի օգտակար ըլլալ քեզի, քու մանկութիւնդ պաշտպանել, քու որբութիւնդ մեղմել, քու զրկանքդ ամոքել»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել