HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

...Ես ալ մէկն էմ անոնցմէ որ ետ դարձան մահուան ճամբաներէն. Լեւոն Զաւէն Սիւուրմէլեան (մաս 2)

Սկիզբը

Սայլի պես ճռճռացող սրճագույն Օքսֆորդ սրածայր կոշիկներով՝ դեպի Ամերիկա

Երբ Հայ գյուղատնտեսական միությունից տեղեկացավ, թե տղաներին Քանզասի Երկրագործական համալսարանում ուսանելու հնարավորություն է տրվում, անցավ պատրաստության: Կոստանդնուպոլսի կամ Իստամբուլի մեծ շուկայում տակնուվրա արեց վաճառասեղանները, գտավ ամերիկյան հագուստ, ամերիկյան արտադրության ածելի, ատամի խոզանակ, մածուկ, մի զույգ իսկն ամերիկյան Օքսֆորդ կոշիկ: Պայուսակի մեջ դարսեց ունեցած-չունեցածը՝ հայերեն և ֆրանսերեն գրքերը, մորից մնացած միակ հուշը՝ մատանին, ընտանեկան լուսանկարները: Գրպանում 25 դոլար ուներ, դա 4 դոլարով ավելի էր, քան անհրաժեշտ էր Ամերիկայի ներգաղթի օրենքով: Հիշողության մեջ 50 անգլերեն բառ կար: 16-17 տարեկան էր: Բարձրացավ հունական ճամփորդական ընկերության նավը՝ ամերիկյան փողփողացող դրոշը վրան՝ պատրաստ ակոսելու Ատլանտյանը: Բայց մինչ անծայրածիր օվկիանոսի ջրեր մտնելը, նավը կանգառ արեց Պիրեյում: Զավենը այստեղ հանդիպեց իր, իր քույրերի, եղբոր և տասնյակ այլ հայերի կյանքը թուրքերից փրկած բժիշկ Անդրեաս Մեթաքսասին: Իր անկեղծ երախտագիտությունը ևս մեկ անգամ հայտնելու հնարավորություն էր: «Չմոռանաս ո՛չ հայրենիքդ, ո՛չ ազգդ»,- պատգամեց Մեթաքսասը, որը հայերին օգնած լինելու համար լիուլի ենթարկվել էր հալածանքների:

Արմատախիլ եղածի պես...

Հին աշխարհից մեկնում էր նոր աշխարհ: Իր հիշողությամբ՝ ինքն իրեն թողել էր հեռվում և Ամերիկա մեկնողը, կարծես, ուրիշ մարդ էր, ոչ ինքը: Օվկիանոսի անեզր ջրերում նա մեռնում էր, նորից ծնվելու համար: Ապրուստը հոգալու խնդիրը օրհասական էր: Երկնաքերերի ապակիները մաքրել, ագարակներում կով կթել, ճաշարաններում պնակներ լվանալ և ուսում առնել: «Նոր» երկրից «հին» երկիր և հակառակ ուղղությամբ նամակագրությունը ուսուցիչ Վահան Թեքեյանի հետ նրան կորով էր փոխանցում, փարատում կարոտը և մղում ուժեղ լինելու: «...Հայաստանի մէջ ծառ տնկելու եւ արօր բռնելու կարօտս կը մեծնայ միշտ օրէ օր: Հոս Ամերիկայի բարեկամներս կ’սեն ինծի որ ես կը փոխուիմ, անպայման կ’ամերիկանանամ: Ըսի իրենց որ երբեք Ամերիկացիները չեն կրնար զիս նուազագոյն չափով փոխել, բայց ես կրնամ երեք Ամերիկացի հայ ընել...»: Ամերիկան նման չէր իր Հայրենիքին: «Կ’ուզեն որ հոգիս ծախեմ, մարմինս գնելու համար»,- գրում է Նիկողոս Սարաֆյանին։

1924-ին Փարիզում հրատարակվում է Սյուրմելյանի հայերեն միակ բանաստեղծական ժողովածուն՝ Թեքեյանի կողմից վերնագրի խորհրդավոր ընտրությամբ և նուրբ խմբագրումով: Իր հոգեզավակի մոր անունը լույսերի մեջ պարուրելով՝ Թեքեյանն այն վերնագրեց «Լոյս Զուարթ»:

Բանաստեղծը իրեն զավակ կարգած Զավենին հեռակա բացատրում էր ներսի և դուրսի աշխարհների հակադրությունը: Իր կյաքնի փորձառությամբ կարծես պատրաստում էր նրան հնարավոր հիասթափություններին և առճակատումներին՝ որ մարդու ներսի աշխարհը և դուրսի աշխարհը բոլորովին իրար նման չեն, թերևս մի դեպքում են դրանք ներդաշնակվում՝ «բաց ի սիրոյ հազուադէպ պահերէն, երբ մէկը արտաքին աշխարհէն իր շուքը կ’երկարէ քու ներքին աշխարհիդ մէջ, եւ դուն ի փոխարէն թեւերդ կ’երկարես անոր: Քեզի կը մաղթեմ, իմ սիրել տղաս, որ այդ մէկը քեզի արժանի, բարի, փափուկ ու սիրող աղջիկ մը ըլլայ, որ ցաւ չպատճառէ քեզի ու լաւ սիրէ քեզ...»:

Հարազատ, սիրելի հոգի գտնելու հարցը դժվար էր: Այդ փափուկ ու սիրող աղջիկը, որ ցավ չպիտի պատճառեր Լևոն Զավեն Սյուրմելյան դարձած գաղթականին, չէր երևում հորիզոնում, քանի դեռ չէր մտել Հոլիվուդի շարժանկարի խելակորույս աշխարհը: Բայց մինչ M.G.M. ՝ Մեթրո Գոլդվին Մայըր մտնելը դեռ անսեր տարիներ ուներ ապրելու:

Անունս է Լեւոն Սիւրմէլեան, ես մոլեռանդ հայ մըն եմ...

Սա ասել է՝ համալսարանի իր լսարան մտնելով: Այս մոլեռանդ տաղանդավոր հայը Ամերիկայում հասկացավ, որ իր ազգին և հայրենիքին օգտակար լինելու և նրա չքնաղ, բայց և ողբերգական պատմությունը աշխարհին ներկայացնելու համար պետք է գրի աշխարհին հասկանալի լեզվով: Արդեն 50-ն անց էր: Այդուհետև նրա բոլոր ստեղծագործումները կլինեն անգլերեն: Շատերը նրան քննադատեցին, բայց Սյուրմելյանը որոշում ուներ՝ «...ես կորսնցուցի հայ լեզունի կռիւը որպէսզի իմ եւ ժողովուրդիս բարիքի համար շահիմ կռիւը Հայ Հոգիին...»: «Չկայ մէ՛կը որ հայ լեզուն սիրէ ինձմէ աւելի խորապէս: Բայց ես կը հաւատամ աշխատանքի բաժանումին: Ես կրնամ որպէս ամերիկեան գրող աւելի՛ մեծ չափով ծառայել իմ ժողովուրդիս. ու անգլիերէն գրելով՝ չեմ դադրիր հայ գրող մը ըլլալէ: Լուրջ մտածումի արժանի է աշխատանքի այս բաժանումը որ այնքան կարեւոր է հայկական, ամերիկեան եւ կամ համաշխարհային ճակատներուն վրայ»: «...Արուեստագէտը կը պատրաստէ գետինը դիւանագէտին համար, եւ ինքը, արուեստագէտն ալ դիւանագէտ մըն է իր սեփական իրաւունքով»:

L. Զ. Սյուրմելյան

Անգլերեն միայն 50 բառի իմացությամբ Ամերիկա եկած վտարանդի հայ տղան շուտով դարձավ լեզվի և գրականության դասախոս՝ «Ես ձեր անգլերէն լեզուի եւ գրականութեան ուսուցիչն եմ: Անունս է Լեւոն Սիւրմէլեան և ես  մոլեռանդ հայ մըն եմ»: “…May name is Leon Surmelian, I am an arrogant Armenian”: Արևմտահայերենով այդ բառը` arrogant,  թարգմանվել է ՄՈԼԵՌԱՆԴ, արևելահայերենով՝ ՀՊԱՐՏ: Բայց, կարծես թե, հայերեն երկու տարբերակներն էլ լիովին չեն բնութագրում այն, ինչ նկատի է ունեցել Սյուրմելյանը այդ բառն օգտագործելիս: Ոնց որ գրողի անհատականության ամբողջ գունապնակից մի բան պակաս լինի: Հետաքրքիր կլինի թարգմանիչների կարծիքը: Ինչևէ՝ ուանողների կողմից այս մոլեռանդ կամ հպարտ հայը շատ սիրվեց: Իր ուսանողները նրան համեմատեցին Արիստոտելի հետ՝ կոչելով 20-րդ դարի Արիստոտել, հազվագյուտ ուսուցիչ և մարդկության փայլող մի գանձ:

Գրեց վիպագրության նրբությունները բացատրող գրականագիտական մի դասագիրք-ձեռնարկ: Այն պետք է որ մինչ օրսը կիրառվի ամերիկյան կրթական հաստատություններում: Աշխատությունը թարգմանվեց նաև իսպաներեն:

Ուսուցչությունից զատ, իր բացառիկ անգլերենով, նա պատմեց իր ժողովրդին և հայրենիքին բաժին հասած անարդարությունների և ողբերգությունների մասին: Դա արեց ոչ միայն իր անգլագիր գրականությամբ, այլև անգլագիր հոդվածներով: Սկսած 1931-ից, երբ Լոս Անջելեսում հիմնեց և խմբագրեց "Armenian Messenger" շաբաթաթերթը։ Գրեց “The New York Times”- ի համար: Իր հայանպաստ ելույթը հրատարակվեց Ամերիկյան Կոնգրեսի պաշտոնական տեղեկատուում: «Ան իր պերճախոս ձայնով խնդրեց արտաքին աշխարհէն որ արդարութիւն ընեն հին Հայաստանին. կոչ մը՝ վերամիացնելու համար անոր քաջասիրտ զաւակները իրենց մայր հողին վրայ, վերջ տալու համար հայ ժողովրդի ցրուած ու աստանդական վիճակին որ հետեւանք է Թուրքիոյ կողմէ գործադրուած արիւնարբու մեծ ոճրին»: Երկրորդ աշխարամարտից հետո ամերիկյան քաղաքական շրջանակներին և ղեկավարությանը ծանոթացրեց հայկական հարցին, կոչ արեց Ամերիկայի և Խորհրդային երկրի իշխանություններին Թուրքիայի կողմից բռնագրավված հայկական հողերը հայությանը վերադարձելու ջանք թափել:

Իր փառահեղ անգլերենով և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանիով նա աշխարհին ներկայացրեց «Սասնա ծռեր» էպոսը, ապա՝ հայկական հեքիաթների էությունը՝ «Անմահական խնձորներ» խորագրով: 

Լ. Զ. Սյուրմելյան

Ռուբեն Մամուլյանի հագուստով դեպի Մեթրո Գոլդուին Մայըր

Ամերիկյան կյանքի բարդ շրջանն  էր՝ 1934-35թթ.: Ինքն էլ 30 էր: Բայց շարժանկարի բեմադրիչ Ռուբեն Մամուլյանի մոր՝ Վերժինի հետ անակնկալ հանդիպումը հրաշքի նմանվեց: Տիկին Մամուլյանը, տպավորված Զավենով, նրա համար ստեղծեց բացառիկ հնարավորություն Հոլիվուդ մտնելու: Բայց նախ Զավենին ոտքից գլուխ հագցրեց իր որդու զգեստապահարանից ընտրված գեղեցիկ հանդերձանքով և նոր միայն ուղարկեց M.G.M ֆիլմարտադրության ընկերություն՝ իր իսկ որդու՝ Ռուբենի հետ հանդիպման: Հիշում է Սյուրմելյանի մտերիմ ընկեր Թորգոմ Փօսթաճեանը.

«Երբ Ռուբեն Մամուլեան կը նշմարէ իր զգեստը հագած այս երիտասարդը, Լեւոն Զ. Սիւրմէլեան, իր մօտ կը հրաւիրէ զինք եւ կը հարցնէ.

-Ուրկէ՞ առեր ես դուն այս զգեստը:

-Ձեր մայրը տուաւ, -կ’ըսէ ան, - եւ ուզեց որ օգնէք ինծի. Ես գործի պէտք ունիմ:

Ռուբեն Մամուլեան ինք ալ կը համակրի երիտասարդ բանաստեղծին: Զաւեն Սիւրմէլեան մէկ քանի շարժանկարներու մէջ կը կատարէ համեստ դերակատարութիւններ եւ կը վարձատրուի անշուշտ: Եւ սակայն իր մուտքը շարժանկարային արուեստի այս մեծ հիմնարկէն ներս՝ իր առջեւ կը բանայ նոր հորիզոններ»:

Լ. Զ. Սյուրմելյանը դերասանուհի Էսթեր Ուիլյամսի հետ

Այդ հորիզոններից մեկը «Modern Screen Magazine»-խմբագրությունն էր, որտեղ առաջին իր հոդվածը՝  Cyril Vanadour կեղծանունով՝ պատմում էր Գրետա Գարբոյի մասին, որը Ռ. Մամուլյանի հետ այդ օրերին «անհետացել» էր՝ ամերիկյան ընթերցողների համար բացելով ըսի-ըսաւների երևակայության լայն հորիզոններ: Մի խոսքով՝ համեստ դերակատար, ապա՝ հոդվածագիր, հետո՝ սցենարիստ: Գործի բերումով շրջապատված էր հայտնի դերասանուհիներով: Համակրելի տղամարդ էր, հասկանալի է: Բայց որևէ մեկի հետ մտերմությունը չփոխեց իր՝ ամուրիի կարգավիճակը, որովհետև զգացումները այն չափ խոր չէին ընտանիք կազմելու համար: Եվ Վահան Թեքեյանի ասածին պես «բարի, փափուկ ու սիրող» աղջիկներ չէին: Միայն մեկը՝ մի գեղեցկուհի և տաղանդավոր դերասանուհի՝ Լինդա Դառնելը, ալեկոծեց Սյուրմելյանի հոգին:

Գլխավոր նկարում՝ դերասան Քլարկ Գեյբլը Սյուրմելյանի հետ գրքի առաջին հրատարակության շապիկին, լուսանկարի աղբյուրը՝ armenianinstitute.org.uk

Շարունակություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր