Կան ցաւեր, որ խօսքի եւ արցունքի համար շատ են խոր. Լեւոն Զաւէն Սիւուրմէլեան (մաս 3)
Կրակների մեջ այրված Լինդայի սերը
Հոլիվուդի գեղեցկուհի Լինդա Դառնելը «Ամերիկյան երազի» տիպարն էր: Արտաքին բարեմասնություններից զատ նաև իմացական առումով հարուստ այս տաղանդավոր դերասանուհին խորապես հուզել էր Սյուրմելյանի հոգին և սիրտը: Լինդայից ստացած նամանկների տրցակները նա միայն վստահեց իր լավ բարեկամ Թորգոմ Փօստաճեանին: Նաև նրան վստահեց իր և Լինդայի սիրավեպից որոշ մանրամասներ:
-Լինտա, եթէ ես առաջարկեմ քեզի կ’ամուսնանաս ինծի հետ:
-Այո, կ’ամուսնանամ:
Լինդա Դառնել
Եվ այս պատասխանը ուրախության փոխարեն տրտմեցրել էր նրան: Ընկերոջ՝ Թ. Փօստաճեանի հարցումին, թե «ինչո՞ւ մերժեցիր աղջիկը», Լևոն Զավենը պատասխանել է, թե «շատ աղքատ էի» և չէր ուզեցել տնփեսա դառնալ իրենից մոտ 20 տարով ջահել հարուստ և հանրահայտ դերասանուհուն: Հայտնի է, որ Լինդան Նյու Մեքսիկոյում մի ագարակ էր գնել և թղթաբանությունն էր կարգի բերում դրա կառավարումը Սյուրմելյանին հանձնելու համար:
Նրանք բաժանվեցին՝ միմյանց շատ սիրելով: Բաժանվեցին տղամարդու արժանապատվության և կնոջ՝ առանց հետին մտքի, հոգատարության բախումից:
Լինդային սպասվում էր 2 անհաջող ամուսնություն և եղերական վախճան: Լևոնից բաժանվելուց մոտ 10 տարի անց, հազիվ 40 տարեկան հասակում, Հոլիվուդի աստղը ողջ-ողջ այրվեց իր տանը բռնկված հրդեհում:
Լևոն Զավեն Սյուրմելյանը մասունքի պես իր գաղտնի դարակում պահեց նրանից ստացված նամակների տրցակները: Հետո սկսեց վեպ գրել "Secret Heart" վերնագրով: Այն մնաց անտիպ: Հերոսը հայ երիտասարդ է, հերոսուհին՝ ամերիկացի դերասանուհի: Նրանց ամուսնությունը պետք է տեղի ունենար Էջմիածնում: Բայց խորհրդավոր պայմաններում աղջիկը սպանվում է: Թ. Փօստաճեանը հիշում է, որ Սյուրմելյանը չէր կարողացել համոզել իր գրական գործակալներին եւ հրատարակչական տներին տպագրել այս վեպը: Նրանք «ունէին որոշ վերապահութիւններ գրքին երկրորդ մասին շուրջ՝ ուր կար հայկական քարոզչութիւն»:
Մատիսի բնորդուհու պատրաստած կարկանդակները Լ.Զ.Ս.-ի համար
«Ինչ հրաշալի է, որ Դուք փրկվել ենք...»՝ Վավային գեղեցիկ անգլերենով հասցեագրած նամակներից մեկում գրում է Լևոն Զ. Սյուրմելյանը: Վավան՝ Վարդանուշ Սարյանը, ամուսնացյալ Խաչատրյան, Սյուրմելյանի համերկրացին էր՝ տրապիզոնցի: Եվ այս փաստը անչափ ուրախացրել էր գրողին: Նա Վավային, որ նկարիչ Սարգիս Խաչատրյանի կինն էր, իսկ ժամանակին Անրի Մատիսի և Ռաուլ Դյուֆիի բնորդուհին, օժտեց «կենդանի խորհրդանիշ Տրապիզոնյան ամեն բանի» տիտղոսով: Զավենը անգամ նամակներից մեկ ուրիշում անկեղծացել է, թե որքան կուզենար, որ հանկարծ ու պարզվեր, թե իրենք ազգականներ են:
Լ.Զ. Սյուրմելյանը Ջորջ Մարտիկյանի հետ
Զավենի նամակները հասցեագրված են ոչ միայն Վավային, այլև նրա ամուսնուն: Դրանք 1945 թվականին են գրվել: Նամակներից պարզվում է, որ Սարգիս Խաչատրյանը հրավիրված էր Սան Ֆրանցիսկո՝ Ջորջ Մարտիկյանի ռեստորանում որմնանկարներ անելու: Այս հանգամանքը շատ էր ուրախացրել Զավենին. «...կնստենք երկար զրույցի և կօգտվենք Ջորջի նշանավոր խոհարարությունից»: Հավանաբար Վավան նույնպես լիներու էր այնտեղ:
Վավան Զավենի համար նախևառաջ իր ծննդավայրը հիշեցնող մի գեղեցիկ, անդիմադրելի կարոտ-ակնարկ էր: «Ինչպիսի հոգատարություն Ձեր կողմից: Ես մեծ հաճույքով մի քանի բաժակ թեյի հետ կերա Ձեր պատրաստած Տրապիզոնի տնային կարկանդակները: Գիշերը երկու անգամ արթնացա քաղցած և կարկանդակ ճաշակեցի: Շնորհակալություն»: Ուր էր տարել Լևոն Զավենին Վավայի կարկանդակի համը, ինչ էր հիշել արդեն գրեթե քառորդ դար իր տունը, հայրենիքը, մորը կորցրած մարդը: «Դուք մեկն եք հազվագյուտ կատարյալ կանանցից այս ոչ կատարյալ աշխարհում»,- կգրի նա Վավային: Եվ վստահ եմ դա ոչ թե սոսկ գեղեցիկ կնոջը արված հերթապահ հաճոյախոսություն է, այլ Տրապիզոնից արհավիրքի միջով անցած և ողջ մնացած, թերևս միակ իրական, ապրող «մասունք»-հիշատակի գովերգում:
Վերջ ամուրիությանը և առհասարակ՝ վերջ...
Պարտիզակցի Զարմիկ Կյուրճեանը 1957-ին ընդունեց Լևոն Զավենի Սյուրմելյանի ամուսնության առաջարկը: Երկուսն էլ արդեն էն ջահելները չէին: Զարմիկն արդեն մեկ անգամ ամուսնացած եղած էր, իսկ Լևոն Զավենն էլ գլորել էլ կես դարը: Ուղիղ 35 տարի ապրեցին միասին... անզավակ: 1992-ին Զարմիկը մահացավ՝ 87 տարեկան ամուսնուն մինակ թողնելով: Դա իսկական ճգնաժամ էր: Արագ-արագ գլուխ էին բարձրացնում տկարությունները՝ սրտի և մկանների: Կարծես շտապում էր ճամփա ընկնելու իր կորցրած հարազատների մոտ: Մի օր էլ շատ էր վատացել, մկանները դավաճանել էին իրեն և վայր գցել: Հազիվ սողալով հասել էր հեռաձայնին և օգնության կանչել անդավաճան ընկերոջը՝ Թորգոմ Փօստաճեանին: Իր բժիշկը՝ Գրիգոր Գրիգորյանը, անմիջապես կարգադրել էր հիվանդանոց տեղափոխել:
Լ.Զ. Սյուրմելյանը տիկնոջ՝ Զարմիկի հետ
«Քանի մը օրէն սկսաւ գանգատիլ հիւանդանոցի մէջ մատուցուած կերակուրներուն մասին: Կեսօրէն ետք մը ըսաւ որ անօթի է: Կերակուր բերի դուրսէն: Ճաշակեց եւ գոհ մնաց: Ուրիշ օր մը պաղպաղակ ուզեց:
-Please, bring me some vanilla ice cream (խնդրում եմ մի քիչ վանիլային պաղպաղակ բերես)…հաճոյք մըն էր զինք դիտելը: Կատարեալ ըմբոշխնումով մըն էր որ ան ճաշակեց պաղպաղակը: Երկու շաբաթ ետք կազդուրուած էր եւ վերադարձաւ տուն: Թէեւ լաւ էր, բայց չէր կրնար կատարելապէս քալել: Հիւանդապահուհիներ կը պահէի իր մօտ տիւ եւ գիշեր»:
Շուտով քայլելու դժվարությանը ավելացավ մտքերը հստակ շարադրելու դժվարությունը: Դատողության պայծառության ժամանակ Թորգոմին հիշեցնում էր իր անտիպ վեպը անպայմանորեն տպագրելու անհրաժեշտության մասին: «Երեքշաբթի առաւօտ կանուխ հիւանդապահուհին հեռաձայնեց ինծի՝ ըսաւ որ Լեւոնը լաւ չէր եւ կ’ուզէր զիս տեսնել: Անմիջապէս հասայ հոն: Կարճ եղաւ մեր տեսակցութիւնը: Կարծես կը սպասէր ինծի, որպէսզի վերջին հրաժեշտը առնէ... Զիս տեսնելու պէս կարճ խօսք մը միայն կրցաւ արտասանել, իր հրաժեշտին վերջին խոսքը...
-Torkom, I’m going... -Թորգոմ ես կը մեկնիմ:
Եւ իր աջ ձեռքը, որ վեր առեր էր, զիս տեսնելուն ինկաւ վար անկողնին վրայ, անշարժ»:
Լ.Զ. Սյուրմելյանը Թորգոմ Փոստաճյանի հետ
«Մեծագոյն փափաքը»
1995 թվականն էր, որ մահացավ: Հասցրել էր առնել Արցախի ազատագրման ավետիսը: Եվ մեծ բերկրանք էր ապրել: Լոս Անջելեսի իր տան թերևս միակ անփոփոխ առարկան Հայաստանի քարտեզն էր: Եվ Արցախյան հերոսամարտից հետո «Իր մեծագոյն փափաքն էր նաեւ ազատագրուած տեսնել Թուրքիոյ ձեռքը գտնուող մէկ քանի կարեւոր նահանգներ եւ Նախիջեւանը»:
Լ.Զ. Սյուրմելյանը Հայաստանում
Նրանք «թշնամուն խաբեցին ու չմեռան...»
Այսպես է խոսում Վիլյամ Սարոյանը Սյուրմելյանի և նրա սերդնակիցների մասին՝ «Ձեզ եմ դիմում, տիկնայք և պարոնայք», կամ արևմտահայերենով ՝«Հարց կու տամ ձեզի Տիկիններ եւ Պարոններ» գրքի առաջաբանում: Եվ, խոսելով բուն գրքի մասին, գրում է. « Գալով ինձի, զայն կը նկատեմ իմ կարդացած ամենագեղեցիկ և հոգեյոյզ գիրքերէն մին: Զայս կըսեմ, չնայելով որ իմ բարեկամս է Լեւոն Զ. Սիւրմէլեան»:
Վեպը թարգմանվեց տարբեր լեզուներով, անշուշտ նաև հայերեն: Արևմտահայերենով հատվածաբար տպագրվեց «Բազմավեպ»-ում, հետո՝ Հակոբ Նայիրիի թարգմանությամբ՝ «Նավասարդ»-ում:
«Նոր Տարուայ նախատօնակն է այս գիշեր, եւ ես գինով եմ նորէն»,- իր հայրենիքի հետ շաղկապված կյանքի պատմությունը ներկայացնելուց հետո, վեպի վերջին գլխում գրում է Սյուրմելյանը: Ինքը, որ «որեւէ ատեն պատրաստ է Ամերիկայի համար մարտնչելու», որ ոչ մի վայրկյան չի վարանի զոհելու իր կյանքը Ջեֆերսոնի և Լինքոլի հայրենիքի համար, որ քվերակել է նախագահ Ռուզվելտի օգտին, որ անկեղծորեն փարված է Ամերիկյան Սահմանադրությանը, «... բայց հարց կու տամ ձեզի, Տիկիններ և Պարոններ, մարդ ի՞նչպէս կրնայ իր մանկութիւնը մոռնալ:... ի՞նչ կրնաք ընել Նոր Տարուայ Գիշերը ազատ եւ ուրախ Ամերիկայի մէջ, երբ ձեր խաղընկերները եւ դասակիցները, այն մանուկները, որոնց հետ մեծցեր էք, ցաւի եւ ուրախութեան, անօթութեան ու թշուառութեան ձեր ընկերները, երազային տարիքի ձեր երազի ընկերները չկան, կորսուած են.... Երբ մանկապարտէզի եւ նախակրթարանի տարիներուն ձեր սիրած գեղեցիկ աղջիկները մեռած են, անոնց ոսկորները կը մնան անթաղ, կամ կը գտնուին գերութեան մէջ, մոռցուած իրենց իսկ ազգէն: ...Աշխարհը լեցուն է վիշտով ու յիշատակներով...: ... Ներեցէք ինծի, տիկիններ եւ պարոններ... Պէտք է ուրիշ խմիչք մը եւս առնիմ»: «Կան ցաւեր, որ խօսքի եւ արցունքի համար շատ են խոր»:
«Յիշեցէ՛ք մեզ»,- Զավենը երբեք չմոռացավ իր խեղճ հորաքույր Ազնիվի հուսահատ այս խնդրանքը, թե պատգամը: «Յիշեցէ՛ք մեզ»,- առավել ուժգին պիտի լսվի այս ձայնը հիմա, հիշողությունը սպանելու այս այլանդակ որոշումի պահին:
«...Ես ալ մէկն էմ անոնցմէ որ ետ դարձան մահուան ճամբաներէն եւ որ իրենց մէջ կը կրեն անմահական բաղձանքները Հայութեան...»:
գլխավորը լուսանկարը՝ Անդրանիկ Քոչարի
Մեկնաբանել