HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Սա քաղաքական հետապնդում է»․ մեկ ամսից ավելի է՝ Հովհաննես Ավետիսյանի մեքենան և իրերը քննիչը չի վերադարձնում

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանին Քննչական կոմիտեն արդեն 1 ամսից ավելի է՝ չի վերադարձնում ավտոմեքենան, հեռախոսը և օրինական զենքերը, որոնք առգրավվել էին տան և ավտոմեքենայի խուզարկության ժամանակ։

Հիշեցնենք՝ Հովհաննես Ավետիսյանին հոկտեմբերի 31-ին ձերբակալել էին ապօրինի զենք պահելու կասկածանքով, և քանի որ խուզարկություններից հետո նրա մոտ չէին հայտնաբերել ապօրինի զենք, ազատ էին արձակել։ Այդ պահից սկսած՝ Ավետիսյանին պատկանող մեքենան և իրերը Քննչական կոմիտեն չի վերադարձնում, իսկ քրեական վարույթի քննությունը շարունակվում է։

Հովհաննես Ավետիսյանի փաստաբան Արսեն Բաբայանը «Հետքին» հայտնում է, որ քննիչի այս գործողությունները իրավաչափ չեն։ Նա միջնորդություն է ներկայացրել քննիչին, որ վերադարձնի, սակայն մերժում է ստացել։  «Ընդհանրապես իրավաչափության սահմաններից ամբողջությամբ դուրս է, խախտում է անձի սեփականության իրավունքը, ես միջնորդություն եմ ներկայացրել քննիչին, որպեսզի վերացնի խախտումները և անհապաղ վերադարձնի Հովհաննես Ավետիսյանին պատկանող ավտոմեքենան, սակայն քննիչը անհեթեթ պատճառաբանություններով մերժել է, նույնիսկ իրավական անհեթեթ պատճառաբանություններով։ Օրինակ՝ հղում է արել այնպիսի կանոնի, որ այլ բան է սահմանում, բայց հիմք ընդունելով այդ այլ բան սահմանող կանոնը՝ ինքը մերժել է իմ միջնորդությունը»,- ասում է փաստաբանը։

Արսեն Բանայանը հիշատակում է քննիչի մերժման պատճառաբանություններից մեկը, այն է՝ հնարավոր է լինեն այլ հետքեր, այլ հանգամանքներ, այդ պատճառով չեն վերադարձնում ավտոմեքենան։ «Այս նույն տրամաբանությամբ՝ կարելի է ցանկացած անձի փողոցում ձերբակալել հենց այնպես՝ ասելով, որ հնարավոր է կատարած լինի հանցագործություն»,- ասում է Բաբայանը՝ հավելելով, որ այս գործողություններով քննիչը դուրս է գալիս վարույթի և այս պահին ունեցած փաստական տվյալների շրջանակներից։

Արսեն Բաբայանը 2 օր առաջ բողոք է ներկայացրել վարույթը հսկող դատախազին։ Ըստ փաստաբանի՝ այսպիսով իրավասու մարմինները նպատակ ունեն անհարմարություններ ստեղծել Հովհաննես Ավետիսյանի համար՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունի նա։ 

Ըստ փաստաբանի՝ հենց ձերբակալման օրը դատարանի թույլտվամբ իրականացվել է խուզարկություն թե՛ ավտոմեքենայում, թե՛ բնակարանում, և որևէ արգելված իր չի հայտնաբերվել․ «Հետևաբար՝ այդ մեքենան պահելը որևէ հիմնավորվածություն չունի»,- նշում է փաստաբանը՝ հավելելով, որ այս պահին Հովհաննես Ավետիսյանն ունի վկայի կարգավիճակ, օգտվում է մեղադրյալի իրավունքներից, այլ կերպ ասած՝ փաստացի մեղադրյալի կարգավիճակ ունի։

Հովհաննես Ավետիսյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, թե նույն տրամաբանությամբ կարող էին իրեն տնից էլ հանել, քանի որ ավտոմեքենան հավասարեցված է բնակարանի, և եթե խուզարկությամբ ոչ ավտոմեքենայից, ոչ բնակարանից չեն հայտնաբերել ապօրինի զենք, ինչու՞ են մեքենան առգրավված պահում։  

Նրա խոսքով՝ ձերբակալման պահին մեքենայում եղել են ինքը և ևս 2 երիտասարդ, որոնցից առգրավված իրերը նույնպես մինչև հիմա չեն վերադարձնում։ Ավետիսյանը պատմում է, թե ինչպես է տեղի ունեցել ձերբակալությունը։ «Մեքենայի մեջ նստած էինք, եկել են, շրջափակել են ոստիկանները՝ նախապես պատրաստված կամերաներով․ 2 հոգի նկարում էր։ Պատահական մոտեցան, հետո հասկացանք, որ հետևներիցս հսկել էին։ Մոտեցել են, բա թե՝ մեքենայի մեջ նայենք, ասում եմ՝ ի՞նչ նայեք, խուզարկության թուղթ ունե՞ք, ասեց՝ չունեմ, քո թույլտվությամբ։ Ես էլ ասել եմ՝ քանի որ ապօրինի իր չունեմ, խնդիր չկա, ցույց տամ»,- ասում է Հովհաննես Ավետիսյանը։ Նա զգուշացրել է, որ խցիկներից մեկում գազային ատրճանակ կա, որը օրինական է։ Ըստ Ավետիսյանի՝ մեքենայի ամբողջ պարունակությունը ցույց է տվել, որևէ ապօրինի իր չեն հայտնաբերել։ Այնուհետև հեռացել են իրենից, զանգ են կատարել, որից հետո Ավետիսյանին ասել են, որ պիտի նրան տանեն ոստիկանության բաժին։ «Ասում եմ՝ ինչի՞, ինձ ձերբակալու՞մ եք, բա՝ չէ, գնանք խոսալու։ Ասում եմ՝ բա որ չունես հիմք, ես չեմ ուզում գամ, ասում է՝ մեկա գնալու ենք։ Սա ցուցիչն է նրա, որ սպառնում է ինձ էլի»,- ասում է Ավետիսյանը։ 

Հովհաննես Ավետիսյանին ազատ արձակելուց հետո ոչ մի անգամ չեն կանչել քննչական մարմին, փոխարենը Ավետիսյանն է մեկ անգամ իր նախաձեռնությամբ կապ հաստատել քննիչի հետ։ «Ձերբակալությունից 2 շաբաթ հետո գնացել, ասել եմ՝ սա քաղաքական հետապնդում է, դու էլ գիտես, հետևաբար՝ ինչի՞ ես ձգձգում, ինձ ասել են՝ հնարավորինս շուտ կավարտենք, էդ 2 շաբաթից արդեն անցել է ևս 3 և 4 շաբաթ, ոչ մի բան չկա։ Մի անգամ էլ զանգել, հարցրել եմ՝ մեքենան ե՞րբ ես տալու, ասել է՝ չգիտեմ, կասեմ»,- նշում է Հովհաննես Ավետիսյանը։ 

Մենք կապ հաստատեցինք քննիչ Գևորգ Հայրապետյանի հետ, նա որևէ մեկնաբանություն չտվեց մեզ՝ նշելով, որ դա նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter