Հայաստանում 3 տարի ու 3 ամիս ավելի երկար են դպրոց գնում, քան իրականում սովորում են
Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ կորոնավիրուսի համավարակի ազդեցությունն էապես փոքր է եղել Հայաստանի կրթության վրա: Դա դրսեւորվում է համավարակի պայմաններում դպրոցների փակման ցածր ցուցանիշով: Ըստ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ եթե ամբողջ աշխարհում դպրոցները փակ են եղել միջինում 141 օր, ինչը նպաստել է ֆունկցիոնալ անգրագիտության ցուցանիշի բարձրացմանը, ապա Հայաստանում դրանք փակ են եղել շուրջ 45 օր:
«Երբ 2020 թ. սեպտեմբերին որոշում կայացրեցինք անցնել առկա ուսուցման, բավականին մեծ հանրային քննարկում սկսվեց, եւ շատ մարդիկ խոսում էին այն մասին, որ սխալ որոշում ենք կայացնում: Հետագա ընթացքը ցույց տվեց, որ դա ճիշտ որոշում էր: Չնայած այն բոլոր խնդիրներին, որ այդ փուլում առաջացան՝ մենք կարողացանք մեր երեխաներին ապահովագրել կրթության որակի ավելի մեծ անկումից»,- նշում է Անդրեասյանը:
Նրա դիտարկմամբ՝ բացի համավարակից, կրթության ոլորտի վրա ազդեցություն ունեցան 2020 թ. պատերազմը, ապա հետպատերազմական խնդիրները: Բացի դրանից՝ պետք էր լուծել Լեռնային Ղարաբաղից եկած երեխաների կրթության հարցը: Միեւնույն ժամանակ, ըստ նախարարի, ոլորտի բյուջետային հատկացումները ոչ միայն չեն նվազել, այլեւ տարեցտարի աճել են: Այս իմաստով, ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ, Հայաստանը բացառիկ երկրների շարքում է: Ըստ նրա՝ դա ցույց է տալիս, որ երբ իրենք ասում են, թե կրթությունն առաջնահերթ է, դրանք ոչ թե բառեր են, այլ կոնկրետ գորոծղություննեը, որոնք արտահայտվում են ոլորտին ուղղված ֆինանսավորմամբ:
Ժ. Անդրեասյանն ասում է, որ հանրակրթության ոլորտում ներդրված նոր չափորոշչի կիրառումը կրճատել է ֆունկցիոնալ անգրագիտության ցուցանիշը: Իսկ ի՞նչ է ֆունկցիոնալ անգրագիտությունը: Կրթության որակը, արդյունքը չափելու համար ուսումնառության տարիները համադրվում են արդյունքի հետ, այսինքն՝ եթե երեխաները 12 տարի դպրոց են գնում, փաստացի քանի՞ տարվա կրթական արդյունք ունեն նրանք: Որքան մեծ է տարբերությունը, այնքան կրթության որակի խնդիրները շատ են: Օրինակ, եթե երեխան սովորում է 12 տարի, բայց կրթական արդյունքը 7 տարվա է, այսինքն՝ ունի 7 տարվա կրթական մակարդակ, ապա, նախարարի խոսքով, դա նշանակում է, որ մնացած 5 տարիներն անարդյունավետ են եղել, երեխաները չեն սովորել, ու անհասկանալի է, թե ինչ որակի գիտելիք ու հմտություն են ստացել: Հենց այս ցուցանիշով է չափվում համակարգերում կրթության որակը:
2015 թ. Համաշխարհային բանկի կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ Հայաստանում կրթական արդյունքը գնահատված էր մոտ 8 տարի: Սակայն նախարարն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ մեր երկրում երեխաների կրթական կարողություններն իրականում գնահատվում են ոչ թե 12 տարի, այլ 11 տարի 3 ամիս՝ հաշվի առնելով, որ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում, պայմանավորված ընդունելության առաջիկա քննություններով, առարկաների ուսումնասիրումը որոշակի տարբերվում է մինչ այդ եղածից: Այս պարագայում ստացվում է, որ Հայաստանում առկա է 3 տարի 3 ամսվա տարբերություն: Այսինքն՝ մեր երեխաներն ուղիղ այդքան ավելի երկար են դպրոց գնում, քան իրականում սովորում են: Սա դպրոցում անարդյունավետ անցկացրած ժամանակն է:
«Երբ մենք չափորոշիչը ներդրեցինք, հիմնական խնդիրներից մեկն այս որակի բարելավումն էր: Արտաքին հետազոտություն պատվիրեցինք, որովհետեւ շատ կարեւոր էր իրական գնահատական ունենալ, թե ինչպես է չափորոշիչը փոխում իրավիճակը: Դա արվել է միջազգայնորեն ստուգված մեթոդաբանությամբ 2 տարի շարունակ: Տավուշի մարզը համադրվել է Լոռու եւ Շիրակի մարզերի դպրոցականների հետ: Զեկույցը հրապարակված է Համաշխարհային բանկի կայքում: Արդյունքները ցույց են տալիս, որ մենք կարողացել ենք չափորոշչի փորձարկման 2 տարվա ընթացքում 3 տարի 3 ամիսը կրճատել 6 ամսով՝ դարձնելով 2 տարի 7 ամիս: Իսկ սա նշանակում է, որ այդքանով ավելացրել ենք կրթության որակն ու մեր երեխաների արդյունավետ սովորելը»,- նշում է նախարարը:
Տնօրենների զարգացման ծրագրերի 85 տոկոսը բացասական եզրակացություն է ստանում
Կրթական գերատեսչության ղեկավարն ասում է, որ համակարգում կարողությունների մասով խնդիրներ կան:
«Գիտեք, որ տնօրենների թեկնածուները զարգացման ծրագրեր են ներկայացնում, որոնց շուրջ 85 տոկոսը բացասական եզրակացություն են ստանում, իսկ 15 տոկոսը, որ դրական են ստանում եւ հասնում են հարցազրույցի փուլ, դրանց շուրջ 60 տոկոսը չի հաղթահարում հարցազրույցի փուլը: Դա նշանակում է, որ սկզբնական խմբից շատ քիչ մարդիկ են կարողանում անցնել փուլերն ու նշանակվել տնօրեն»,- ասում է Ժաննա Անդրեասյանը:
Ստեղծված իրավիճակում երկու տարբերակ կա՝ կա՛մ պետք է չափորոշիչները վերանայվեն, կա՛մ պետք է ի գիտություն ընդունել այս իրավիճակն ու քայլեր ձեռնարկել՝ մարդկային ներուժի ձեւավորման համար: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ իրենք երկրորդ տարբերակի կողմնակիցն են: «Կրթության ոլորտում միշտ կարեւոր է հիշել, թե ինչի մասին ենք խոսում. մենք խոսում ենք մեր երեխաների մասին: Երբ ինչ-որ թեմաներով քննարկումներ ենք ունենում, օրինակ, ուսուցիչների, տնօրենների հետ, էլի եմ ասել այդ մասին, բայց նորից կասեմ, որովհետեւ շատ կարեւոր խնդիր է: Եղել են դեպքեր, երբ ուսուցիչներիի, տնօրենների հետ մի քանի ժամանոց հանդիպումներ եմ ունեցել, ամենաքիչը՝ 3-4 ժամ, եւ այդ ընթացքում ոչ մի անգամ չի նշվել «երեխա» բառը: Սա շատ լուրջ խնդիր է»,- նշում է կրթական գերատեսչության ղեկավարը՝ ավելացնելով, որ հաճախ տպավորություն ունի, թե մոռանում ենք ամենակարեւորի մասին:
«Պետք է հասկանանք, որ ստանդարտների մասով մեր կոմպրոմիսն է բերել նման իրավիճակների, երբ դպրոցները դիտարկվել են որպես աշխատատեղ տարբեր մարդկանց համար: Ամենայն հարգանքով բոլոր այդ մարդկանց հանդեպ, առաջին հերթին պետք է չկորցնենք գլխավոր միտքը՝ ինչպե՞ս է դրանից շահում կամ տուժում երեխան»,- եզրափակում է Ժ. Անդրեասյանը:
Տես նաեւ՝
Մեկնաբանել