
Դովեղի դպրոցի շինարարությունը դադարել է․ շինարարի լիցենզիան կասեցվել է
Տավուշի մարզի Դովեղ գյուղում նոր կառուցվող դպրոցի շինարարությունը դադարեցվել է, շինարարի լիցենզիան կասեցվել է, քանի որ մեկ այլ դպրոցի շինարարության ընթացքում բազմաթիվ խախտումներ է արել։
«Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն Դովեղի դպրոցի շինարարությունը պետք ավարտեր 2024-ի հունիսին: Դպրոցի կառուցման աշխատանքների՝ պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից մոտ կես տարի է անցել, բայց դպրոցը շարունակում է կիսակառույց մնալ։
- Քաղաքաշինության կոմիտեի սխալ հաշվարկները. անհայտ է, թե երբ կավարտվի Դովեղի դպրոցի շինարարությունը
- Դովեղում նախնական համաձայնությամբ կառուցվող դպրոցը և Քաղաքաշինության կոմիտեի իրարամերժ պատասխանները
Դովեղում կառուցվող նոր դպրոցը 2024-ի մայիսի 3-ի դրությամբ
Լուսանկարները` 2024-ի դեկտեմբերի
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Տեսչական մարմնի միջնորդության և լիցենզավորող հանձնաժողովի որոշման արդյունքների հիման վրա 2024-ի դեկտեմբերի 6-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով կասեցվել է «Կանժիլստրոյ» ՍՊ ընկերության՝ քաղաքաշինության բնագավառում շինարարություն անելու լիցենզիայի գործունեությունը։
Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի նոր կառուցվող դպրոցում և պարզել, որ խախտվել են շինարարական նորմերի բազմաթիվ պահանջներ։ Չիվա գյուղում դպրոց կառուցում է «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն։ Լիցենզիայի կասեցման ժամկետ է սահմանվել մինչև խախտման պատճառների վերացումը։
Լուսանկարներում՝ Չիվա գյուղի նորակառույց դպրոցը, ՔՏՀԱՄ կայքից
Չիվայի դպրոցը 2 տարի առաջ պետք է կառուցված լիներ
2021-ի ապրիլի 28-ին Քաղաքաշինության կոմիտեի և «Կանժիլստրոյ» ՍՊ ընկերության միջև պայմանագիր է կնքվել Չիվա գյուղում դպրոց կառուցելու համար։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021-ի հոկտեմբերի 29-ին, իսկ շինաշխատանքները պետք է ավարտված լինեին 2022-ի դեկտեմբերին, բայց այն մինչ օրս չեն ավարտվել։
Դպրոցի կառուցման համար պայմանագրով նախատեսված է եղել 602 մլն դրամ, որը հետագայում կնքված համաձայնագրով ավելացել է մոտ 60 մլն դրամով։ «Հետք»-ը դեռ 2024-ի մայիսին էր հարցում արել Քաղաքաշինության կոմիտե՝ հարցրել գումարի ավելացման պատճառը, ի պատասխան նշել էին՝ ապաստարան կառուցելու անհրաժեշտությամբ պայմանավորված։
Շինարարության ընթացքի վերաբերյալ հայտնել էին՝ «․․․Դպրոցի շենքի հիմնակմախքի, արտաքին պատերի և տանիքի կառուցման աշխատանքներն ավարտված են, տեղադրված են արտաքին բացվածքները, կառուցված են միջնորմերը, ներկայում իրականացվում են արտաքին և ներքին հարդարման աշխատանքներ»:
Այսպիսով՝ այս երկու դպրոցների շինարարության ժամկետները վաղուց ավարտված են, դպրոցները դեռ պատրաստ չեն, իսկ Տեսչական մարմնի ստուգումներից հետո ընկերության լիցենզիան կասեցվել է։
Մեկնաբանել