HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպե՞ս է պետությունը հայթայթելու «Ակադեմիական քաղաք» նախագծի համար անհրաժեշտ շուրջ 1,2 տրիլիոն դրամը

Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) նախագահ Սարգիս Հայոցյանն ասում է, որ «Ակադեմիական քաղաք» նախագիծն արժենալու է մոտավոր 1,2 տրիլիոն դրամ (շուրջ 3 միլիարդ դոլար): Խոսքն այն տեսքով նախագծի մասին է, որի նկարը տարածվել է պաշտոնական հաղորդագրություններում (տես առաջին լուսանկարը):

Այս գինը ներառում է նախագծման եւ կառուցման գործընթացները, միջազգային խորհրդատվական ծառայությունների ձեռքբերումն ու պայմանագրերի սպասարկումը, նախագծի համակարգումն ու մոնիթորինգի ծառայությունները: Գնի հաշվարկը, ըստ Հայոցյանի, իրականացվել է ՇԱԽՑ-ով՝ ՀՀ-ում կառուցվող շենքերի, կառուցվածքների եւ շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշներով:

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանն էլ նշում է, որ նախատեսվող թաղամասի գլխավոր կոնցեպտուալ հատակագծի բազմաշերտ մշակման ու նախագծման համար գերմանական gmp International GmbH Architects and Engineers ընկերության հետ կնքվել է 850 հազ. եվրոյի, իսկ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ՝ մոտ 200 մլն դրամի պայմանագիր:

Ա. Սիմոնյանն ասում է, որ մինչեւ 2030 թ. պետք է պատրաստ լինեն քաղաքի տեխնոլոգիական, կրթական, արվեստների ու սպայական կլաստերները, որոնք ընդլայնվող են։ Ըստ նրա՝ 2030 թվականը իրատեսական ժամկետ է՝ նախանշված նպատակներին հասնելու համար: Հայոցյանը լրացնում է գործընկերոջը՝ ամբողջ նախագիծը վերջնաժամկետ չունի, երկարաժամկետ հեռանկարում այն ընդարձակվելու է։

«Հետքի» հարցին, թե ինչ աղբյուրներից է ներգրավվելու 1,2 տրիլիոն դրամ գումարը, Ս. Հայոցյանն արձագանքում է, որ պետության կողմից իրականացվող ցանկացած մեծ ծրագրի մեջ նախ հենց պետությունը պիտի ներդրում անի պետբյուջեից, որպեսզի մասնավորը տեսնի ու հասկանա, որ դրա մեջ գումար ներդնելը իրատեսական է: «Այս միջավայրը ենթադրում է, որ մի շարք կազմակերպություններ՝ գիտական, բարձր տեխնոլոգիական, հետաքրքրված են լինելու իրենց գրասենյակներն ունենալու այդտեղ, եւ բացի կրթական ու գիտական գործընթացներից, բիզնես ակտիվություն կլինի՝ սննդի, զվարճանքի կետեր»,- ասում է Ս. Հայոցյանը։

Մեր հարցին, թե արդյոք պետությունը նաեւ վարկեր է վերցնելու, այդ թվում՝ միջազգային գործընկերներից՝ «Ակադեմիական քաղաքը» կյանքի կոչելու համար, ԲԿԳԿ-ի նախագահը պատասխանում է, որ կիրառվելու են հնարավոր բոլոր գործիքները։

Ի վերջո, ի՞նչ է լինելու «Ակադեմիական քաղաք» տեղափոխվող գիտական ինստիտուտների ու բուհերի շենքերի ճանակատագիրը: Այս հարցին արձագանքելիս Հայոցյանն ընդգծում է, որ «Ակադեմիական քաղաքն» առաջին հերթին կրթության որակի, ապագայում մրցունակ մասնագետներ ունենալու, ՀՀ հարատեւման մասին է։ Ըստ նրա՝ երկրորդ հերթին կարեւոր է, թե ինչպես է իրականացվում նախագիծը, երրորդը՝ ինչ է սպասվում ինստիտուտների ու բուհերի ներկա շենքերին։ Այսպիսով՝ ԲԿԳԿ-ի նախագահի փոխանցմամբ, այն ենթակառուցվածքները, որոնք ազատվելու են գիտական ու կրթական հաստատությունների՝ «Ակադեմիական քաղաք» տեղափոխվելուց հետո, պատկանելու են «Ակադեմիական քաղաքին», ծառայելու են վերջինիս որպես լրացուցիչ եկամտի ձեռքբերման աղբյուր։ Իսկ թե ինչ տեսքով դրանք կծառայեն, ըստ Հայոցյանի, մենեջմենթի հարց է։

2023 թ. հոկտեմբերին Կառավարությունը որոշում է կայացրել ««Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին»: Հայեցակարգում ասվում է. «Տեղափոխման ենթակա բոլոր կազմակերպություններն իրենց աշխատանքները շարունակելու են գոյություն ունեցող ֆիզիկական ենթակառուցվածքներում մինչ այն պահը, երբ կլաստերներում արդեն հանձնված կլինեն համապատասխան ենթակառուցվածքները (բացառություն կարող են կազմել հնամաշ եւ վթարային պայմաններում գործունեություն ծավալող, ցածր արդյունավետությամբ կազմակերպությունները, որոնք ընթացքում կմիավորվեն հետազոտություններով կամ ծրագրերով մոտ կազմակերպությունների հետ): Տեղափոխումից հետո Երեւան քաղաքում ազատված անշարժ գույքն ըստ նպատակահարմարության եւ հնարավորության ծառայելու է ակադեմիական քաղաքում զարգացման եւ այլ բնույթի ծրագրերի իրականացման համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter