Երաժշտության մեխանիկան. Ֆիզիկոս դաշնակահար Ալեքսանդր Հակոբյանը
1920-ականների Երևանում նվագակցության բարդ պարտիաները վստահում էին նրան։ Կոմպոզիտոր, Պետերբուրգի կոնսերվատորիայի ռեկտոր Ալեքսանդր Գլազունովը հորդորում էր նրան շարունակել կրթությունը որպես երաժիշտ` դաշնակահար, բայց Ալեքսանդր Հակոբյանն ընտրեց գիտությունը՝ չլքելով դաշնամուրը։
Տարիներ հետո Ալեքսանդր Հակոբյանը սկսում է նամակագրություն Նոբելյան մրցանակի դափնեկիր, ֆիզիկոս Մաքս Պլանկի հետ։ Չնայած մեծ էր երկու գիտնականների սերը երաժշտության, դաշնամուրի հանդեպ՝ նրանց նամակագրության թեման թերմոդինամիկան էր, ավելի կոնկրետ՝ Թերմոդինամիկայի երկրորդ սկզբունքի նոր հիմնավորումը։
Նամակներից մեկում աշխարհահռչակ գիտնականը Բեռլինից գրում է Երևանում ապրող երիտասարդ ֆիզիկոսին.
-Հետաքրքիր կլիներ հանդիպել և ավելի մանրամասն խոսել։
Իր կյանքի ընթացքում Ալեքսանդր Հակոբյանը այդպես էլ չլքեց Խորհրդային միությունը։ Այդուհանդերձ նա, փայլուն տիրապետելով ռուսերենին, գերմաներենին և ֆրանսերենին, նամակագրության միջոցով շփվում էր աշխարհի ամենահեղինակավոր գիտնականների հետ։
Նամակ Մաքս Պլանկից՝ մակագրված Ալեքսանդր Հակոբյանին, 1926 թ․
Դաշնակահարը
Երևանի Սպանդարյանի հիմա արդեն Արամի 44 հասցեում գտնվող շենքում 1921 թվականի դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ համերգ, որը ազդարարեց երաժշտական ստուդիայի բացումը։ Դրա հիմքի վրա նույն շենքում երկու տարի հետո ստեղծվեց Երևանի պետական կոնսերվատորիան։ Այս գործը վստահված էր երգահան, մանկավարժ Ռոմանոս Մելիքյանին, որն էլ պետք է հավաքեր առաջին մասնագետներին։ Տարբերակներն այդ տարիներին շատ չէին։ Ստուդիայի բացման համերգին կատարողներն ապագա կոնսերվատորիայի առաջին դասավանդողները դարձան։ Այդ օրվա ազդագրից տեղեկանում ենք.
Կարդա՛ նաև.
«ՀԱՄԵՐԳ
Երաժշտական ստուդիայի բացման առթիվ
Ծրագրում՝ Հենդել, Լյուլի, Կրեյսլեր, Սկարլատի, Ռամո, Գլյուկ, Հայդն, Պերգոլեզի, Բախ»։
Երաժշտական ստուդիայի բացման համերգի աֆիշը
Այդ օրը ելույթ ունեցավ հինգ երաժիշտ, որոնք դարձան ապագա կոնսերվատորիայում առաջին դասավանդողները։ Կատարողներն էին Արուս Բաբալյանը, Աննա Մնացականյանը, Լևոն Միրզա-Ավագյանը, Հովսեփ Մադաթյանը: Նվագակցողը դաշնակահար Ալեքսանդր Հակոբյանն էր, ով ստուդիայի՝ ապագա կոնսերվատորիայի առաջին պաշտոնական նվագակցողը և դասավանդողը դարձավ։
Ծնունդով (1890թ.) Գյումրեցի Ալեքսանդր Հակոբյանը նվագել սովորել էր Թիֆլիսում։ Գիմնազիայում սովորելու տարիներին զուգահեռ գնացել է դաշնամուրի դասերի հաեղինակավոր Ալոիս Միզանդարի մոտ։ Հետագա վարպետությունը զարգացրել է ինքնակրթությամբ։
Դաշնամուրի մոտ պատանի Ալեքսանդր Հակոբյանը
Նրա երաժշտական օժտվածությունը և կատարողական վարպետությունը հետագայում գնահատել են ժամանակի հեղինակավոր երաժիշտները։ Դաշնամուրի դասարանում Ալեքսանդր Հակոբյանը սովորում էր ապագա հայտնի դաշնակահարուհի Մարգարիտա Միրիմանովայի հետ։ Նրանք երկուսն էլ ուսումնարանից հետո մեկնում են Պետրոգրադ (Սանկտ Պետերբուրգ)։
«Միրիմանովան, ընդունվեց կոնսերվատորիա, իսկ հայրիկս ընդունվեց Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) պոլիտեխնիկական ինստիտուտ, բայց կապը երաժիշտների հետ չէր խզում եւ հաճախ գալիս էր կոնսերվատորիա, շփվում էնտեղ դաշնակահար ուսանողների հետ։
Ալեքսանդր Հակոբյանը ուսանողական տարիներին
Կոնսերվատորիայի տնօրենը էն ժամանակ հայտնի ռուս կոմպոզիտոր Գլազունովն էր։ Հայրիկս իր ներկայությամբ խուսափում էր դաշնամուրին մոտենալուց, բայց մի անգամ չի նկատել Գլազունովի ներկայությունը եւ ինչ-որ բան է նվագել այնտեղ, որից հետո Գլազունովը մոտեցել է նրան եւ ասել.
-Ալեքսանդր Արկադիեվիչ, ես չգիտեի, որ դուք դաշնակահար եք։
Հայրիկս ասում է.
-Ես ինչ դաշնակահար եմ։ Ես կոնսերվատորիա չեմ ավարտել։
-Ինչպե՞ս չեք ավարտել, դուք համերգներ տալու մենակատարի ապագա ունեք»,- պատմել է Ալեքսանդր Հակոբյանի որդին՝ Միքայել Հակոբյանը (Ռադիո ՎԵՄ,«Ակունք» ռադիոհանդես, 2011թ.):
Այժմ Հակոբյանների ընտանեկան արխիվում պահվում է բացիկ՝ Ալեքսանդր Գլազունովի մակագրությամբ։ Լուսանկարում կոմպոզիտորն է Մարգարիտա Միրիմանյանի հետ։
Բացիկը մակագրված է՝ «Հարգելի Ալեքսանդր Արկադևիչ Տեր-Ակոպովին՝ ի հիշատակ իրեն սրտանց նվիրված Ա. Գլազունովից, Սանկտ Պետերբուրգ 1913 թ.»։
Ալեքսանդր Գլազունովի բացիկը
Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո Հակոբյանը տեղափոխվում է Թիֆլիս։ Քսանականների սկզբից դասավանդում է Երևանի պետական համալսարանում՝ առաջին տարիներին համատեղությամբ դասավանդելով նաև նորաստեղծ Երևանի պետական կոնսերվատորիայում։
«Ոչ երկար, ընդամենը մի քանի տարի դասավանդեց Ալեքսանդր Հակոբյանը, բայց այդ տարիները որոշիչ եղան և՛ ստուդիայի, և՛ Կոնսերվատորիայի համար։ Հետո Ալեքսանդր Հակոբյանը կենտրոնացավ իր պոլիտեխնիկական մասնագիտության վրա, բայց եթե հարկավոր էր գտնել լավ նվագակցող, դիմում էին Ալեքսանդր Հակոբյանին։ Այստեղ ես տեսնում եմ Ավետ Գաբրիելյանի նկարը, որը Ռոստովից եկավ՝ էլի Ռոմանոս Մելիքյանի հրավերով, և որոշեց համերգով հանդես գալ, նվագել ոչ ավել- ոչ պակաս Չայկովսկու ջութակի կոնցերտը, դաշնամուրի նվագակցությամբ, որը ինչպես հայտնի է, չտեսնված դժվարություններ է պարունակում։ Բոլորը մեկ մարդու նման ցույց տվեցին Ալեքսանդր Հակոբյանին և ասացին՝ միակն է, որ այդ տարիներին կարող էր որպես նվագակցող հանդես գալ։ Երևանում առաջին անգամ հնչեց Չայկովսկու ջութակի կոնցերտը՝ ջութակահար Ավետ Գաբրիելյանի կատարմամբ, նվագակցում էր Ալեքսանդր Հակոբյանը»,- պատմում է երաժշտագետ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Բուդաղյանը։
Գիտնականը
Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտում Ալեքսանդր Հակոբյանը ուսանում է թերմոդինամիկա և մեխանիկա, որոնք առաջնահերթ են դառնում նրա հետագա գիտական գործունեության մեջ։ 1917 թվականին ավարտում է պոլիտեխնիկական ինստիտուտը և վերադառնում Թիֆլիս, որոշ ժամանակ աշխատում այնտեղ։ Հայաստանի առաջին հանրապետության շրջանում (1918-1920) աշխատում է Ալեքսանդրապոլի (Գյումրի) համալսարանում։ 1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանում հաստատվում են խորհրդային կարգեր։ Հաջորդ տարի Ալեքսանդր Հակոբյանը հրավիրվում է Երևան, որտեղ պատրաստվում էին պետական համալսարանի բացմանը։
Ձախից 3-րդը՝ Ալեքսանդր Հակոբյան
Ալեքսանդր Հակոբյանը սկսում է ուսումնասիրություններ թերմոդինամիկայի հարցերի շուրջ, որը այդ տարիներին խորհրդային միությունում թույլ զարգացած ուղղություն էր։ Նա ԽՍՀՄ-ում թերմոդինամիկայի ընդունված երկրորդ սկզբունքի մեկ այլ հնարավոր հիմնավորում է տալիս։
«Սա Պոլիտեխնիկի տոհմածառն է։ Համալսարանից հետո ստեղծվում է 3 ֆակուլտետ, այդ 3–ը հետո միավորվում են, քիմիական ֆակուլտետ է լինում և շինարարական, որոնք 1933 թվին դառնում են Պոլիտեխնիկ, դա Թամանյանի նախագիծն էր։ Ալեքսանդր Հակոբյանը եղել է ինստիտուտի ակունքներում։ Լինելով պրոռեկտոր՝ նա միևնույն ժամանակ 3 տարբեր ուղղություններով ամբիոններ է ղեկավարել, դա հազարից մեկ է լինում, որ նույն մարդը կարողանա տարբեր ուղղություններ ղեկավարել։ Ինքը կարողացել է»,- պատմում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի թանգարանի տնօրեն Արկադի Դուրինյանը։
Ալեքսանդր Հակոբյանը իր գիտական կյանքի ընթացքում հեղինակում է բազմաթիվ աշխատություններ։ Նա ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի առաջին ակադեմիկոսներից էր։
Ալեքսանդր Հակոբյանը՝ Ալեքսանդր Հակոբյանի մասին
«20-ական թվականների սկզբին Երևանը դեռ մեր իմացած քաղաքը չէր։ Այդ տարիներին, չնայած խորհրդային Հայաստանի անորոշ ապագային և ծանր ներկային, կրթությունը և գիտությունը զարգացնելու առաքելությամբ Երևան էին ժամանել իրենց ոլորտի լավագույն մասնագետները՝ ուսանած եվրոպական լավագույն համալսարաններում։ Այդպես․Ստեփան Ղամբարյանը եկել էր Գերմանիայից, Հարություն Անժուրը՝ Ֆրանսիայից, Լևոն Ռոտինյանը՝ Գերմանիայից։ Իրենք գիտեին՝ համալսարանները ոնց են աշխատում, գիտեին կազմել ուսումնական պլան։ Այդպես հիմնադրվեց Երևանի պետական համալսարանը և իրենից հետագայում առանձացած ինստիտուտները»,- պատմում է Ալեքսանդր Հակոբյան կրտսերը՝ ֆիզիկոս Ալեքսանդր Հակոբյանի թոռը։
Հայտնի գիտնականի հաջորդ սերունդները՝ որդին՝ Միքայելը, թոռները՝ Կարինեն և Ալեքսանդրը, նրանց զավակները այս կամ այն կերպ շարունակել են գիտության գիծը՝ մաթեմատիկա, ֆիզիկա ուղղություններով։
Այժմ Ալեքսանդր Հակոբյանի թոռան ընտանիքը ապրում է Նյու Յորքում։ Նրանք պարբերաբար այցելում են Երևան, իրենց պապական տուն, որտեղ ամեն ինչ դասավորված է ինչպես Ալեքսանդր Հակոբյան ավագի կյանքի օրոք էր. «Բեխշտայն» ռոյալը հյուրասենյակի մեջտեղում, Ռուբեն Դրամբյանի օգնությամբ ձեռք բերած կամոդը, տետրերը, նոտաները, տպագրված և ձեռագիր աշխատությունները, այնպես, ինչպես եղել է ժամանակին։
«Այս դաշնամուրը պապս ձեռք է բերել Պետերբուգից քսանական թվականներին, մեր տերմիններով ասած՝ փակովի։ Հայրս՝ Միքայել Հակոբյանը, պատմում է, որ իմ պապուն ոգևորված տեսել է միայն այն օրը, երբ գերմանական ռոյալը բերել են տուն։ Հաճախ գիտական հաշվարկների վրա լարված աշխատող Ալեքսանդր Հակոբյանը վայր էր դնում գրիչը և նստում ռոյալի առաջ՝ տարվում Բախ, Բեթհովեն կամ Շոպեն նվագելով»,- պատմում է Ալեքսանդր Հակոբյանի թոռը և ցույց տալիս տեսագրություն, որտեղ հայրը՝ Միքայել Հակոբյանը, նվագում է ընտանեկան կարևոր խորհրդանիշ դարձած Բեխշտայն ռոյալի վրա։
Ալեքսանդր Հակոբյան
Միքայել Հակոբյանը 90 տարեկանում տված հարցազրույցում պատմում է հոր՝ Ալեքսանդր Հակոբյանի, բնավորության առանձահատկությունների մասին։ (ՎԵՄ ռադիո,Ակունք, 2011թ.)
«Հայրս պոլիտեխնիկի պրոռեկտորն էր, ես բանակից վերադառնալուց հետո սովորում էի ինստիտուտում։ Լավ սովորելու համար կրթաթոշակ պետք է ստանայի։ Գնում էի հաշվապահություն, չկար անունս, էդպես մի քանի ամիս։ Գնացի հորս մոտ, ասեցի, որ անունս ցուցակներից հանել են։ Ասաց՝ հանգիս եղիր, ես եմ քո անունը ջնջում: Ասում է՝ դու գիտես՝ թոշակների քանակը սահմանափակ է, իսկ կարիքավոր ուսանողները շատ են։ Մենք ունենք հեռու տեղերից ուսանողներ, որոնք տնից նյութական օգնություն չեն ստանում, շատ հնարավոր է, որ քո թոշակը հնարավորություն տվեց էդպես մի ուսանող շարունակի ուսումը։ Ես հանգստացա ու գնացի»,- պատմում է Միքայել Հակոբյանը։
1937թ.-ին՝ «Ստալինյան ռեպրեսիաների» ժամանակ, տասնյակ գիտնականներ, մտավորականներ էին ձերբակալվում անհիմն մեղադրանքներով։ Ալեքսանդր Հակոբյանը ուներ նամակագրական կապեր աշխարհի հայտնի գիտնականների հետ։ Ապահովության համար նա ոչնչացնում է տարիներով հավաքած նամականին։ Միայն իր մահից՝ 1971 թ.-ից հետո, գրքերից մեկում ընտանիքի անդամները գտնում են աշխարհահռչակ գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մաքս Պլանկի նամակներից մեկը (1926 թ.)։
Ալեքսանդր Հակոբյանը մահացել է 80 տարեկանում՝ թողնելով մեծ գիտական ժառանգություն։ Այսպես է բնորոշել Ալեքսանդր Հակոբյանին ականավոր գիտնական, ֆիզիկոս, աստղագետ, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը նրա մահվան առթիվ գրած նամակում։
Գրիգոր Գուրզադյանի նամակը, 1971 հունիսի 6, Երևան
«..․Մենք անզոր ենք անխուսափելիի հանդեպ, և դրանով հանդերձ դժվար է գիտակցել, որ չկա այն մարդը, որն ինձ համար միշտ եղել է կատարյալի մարմնացումը, կատարյալ՝ հանդեպ գիտությունն ունեցած իր անբասիր վերաբերմունքով և որպես մարդ ու քաղաքացի՝ իր առաքինությամբ, բարությամբ ու վեհությամբ չունենալով իրեն հավասարը.․․. »
Ձեր անկեղծ՝ Գրիգոր Գուրզադյան
1971 հունիսի 6, Երևան»։
Արխիվային լուսանկարները տրամադրել է Հակոբյանների ընտանիքը
Մեկնաբանել