Բանտված երազանքներ և հույզեր. դատապարտյալ կանանց Ամանորը
29-ամյա Նարե Բոյաջյանի և իր 4 մանկահասակ երեխաների վերջին տեսակցությունից անցել էր արդեն 1 ամսից ավելի։ Տարեվերջին՝ դեկտեմբերի 27-ին, նրանք հնարավորություն ստացան մի քանի ժամով նորից հանդիպել։ Հանդիպման առիթը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպված ամանորյա միջոցառումն էր՝ դատապարտյալ կանանց և նրանց անչափահաս երեխաների համար։ Ներկա էին նաև դատապարտյալներից ոմանց ընտանիքի անդամները: Տխուր էին հատկապես նրանք, որոնց երեխաները ներկա չէին: Բրազիլիայի քաղաքացի դատապարտյալ մի կին միջոցառման վերջում արագ շարժվեց երեխաների ուղղությամբ և հերթով գրկեց բոլորին: Նա չէր կարողանում արցունքները թաքցնել. այդպես էր փորձում էր իր երեխաների կարոտն առնել:
Միջոցառման ընթացքում Նարեն իր երեխաների ձեռքերն ամուր բռնած բարձրացավ բեմ՝ տոնածառից իր խաղալիքը կախելու և բարեմաղթանք հղելու․ «Շատ կցանկանամ, որ երեխաները չլինեն առանց իրենց մամաների, լինեն իրենց ծնողների կողքին»։
Նարեն արդեն 6 տարի է՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում է, դեռ 8 տարուց ավելի էլ պիտի կրի իր պատիժը։ Չի կաշկանդվում խոսել իր գործի մասին․ այստեղ է թմրանյութերի գերդոզավորման միջոցով սպանություն կատարելու համար։ Սակայն չի ընդունում հանցանքը և նշում է՝ մահացողին չի ճանաչել։
Նարեի երեխաները նրա մոր խնամքի տակ են, ասում է՝ այդ առումով հանգիստ է, երեխաներն ապահով ձեռքերում են։ Միայն թե շատ է կարոտում նրանց։ «Հիմա ավելի դժվար է բաժանվելուց հետո, չգիտեմ, հիմա ավելի շատ եմ կարոտում»,- նշում է նա։
Երեխաները 12, 10, 8, 4 տարեկան են։ Մոր հետ ամենակապվածը դուստրն է, միջոցառման ողջ ընթացքում նա չէր իջնում Նարեի գրկից։ Իսկ կրտսեր որդին մինչև 3 տարեկանն ապրել է Նարեի հետ՝ քրեակատարողական հիմնարկում։ «Իրանք սիրում են իրար էրեխեքով, 4-ն էլ մեկը մյուսի հետ շատ կապված են, դրա համար իրենց համար հեշտ է»,- նշում է Նարեն։
Երեխաներից չի թաքցրել, թե որտեղ է գտնվում և ինչի համար: Նարեն կարծում է, որ երեխաներն իրավունք ունեին իմանալ ճշմարտությունը։ «Չեմ սիրում սուտ, ստի վրա սուտը ծնում է նոր հանցանք։ Իրականությունը պիտի իմանային, եթե պիտի ամաչեն, կարան ընդհանրապես չգան այստեղ»,- ասում է Նարեն։
Նա հաճախ է ինքնավնասում անում, վերջինը՝ մոտ 2 ամիս առաջ, հետքերը դեռ երևում են ձեռքերի վրա։ «Ես ուղղակի իմ ներվերն եմ հանգստացնում, որպեսզի ոչ մեկին չվնասեմ, չվիրավորեմ, ես ինքս կուտակում, կուտակում եմ ու ձնագնդիկի էֆեկտի նման վերջում տրաքում է։ Ավելի լավ է տենց, քան ինչ-որ մեկին վիրավորեմ, ինչ-որ մի հատ խնդրի առաջ կանգնեմ»,- նշում է նա՝ ծածկելով վնասված թևերը։
Նարեի համար ամենաճնշողը չորս պատերն են և դուռը, որին հակառակ է նստում, որ չտեսնի։ Ցանկանում է, որ 2025 թվականին բոլորը միավորվեն, եթե քրեակատարողական հիմնարկներում են, միանան իրենց ընտանիքներին։
Քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկն էլ (չցանկացավ անունը հրապարակել) աշխատում է խոհանոցում, նա կանանց տեղամասի սպասարկողն է, ստանում է սնունդը և մատակարարում «Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալներին և կալանավորներին։ Նա այստեղ է արդեն 5 տարի 2 ամիս, դատապարտված է 6 տարի 6 ամիս ժամկետով։ Սպասում է հրաշքի, որ Ամանորին հայտնվի իր ընտանիքի, երեխաների կողքին։ «Ամանորը ցանկացած մեկը՝ դա լինի կին, թե տղամարդ, պետք է նշի իր տանը»,- ասում է դատապարտյալը։ Նրա երեխաներն արդեն չափահաս են, սակայն միջոցառմանը ներկա անչափահաս երեխաերի ներկայությունը նրան տեղափոխել էր անցյալ։
Մինչև քրեակատարողական հիմնարկում հայտնվելը 18 տարի զբաղվել է մանկավարժությամբ, 10 տարի եղել է հասարակական կազմակերպության ղեկավար, ուստի հիմնարկից դուրս գալուց հետո վերաինտեգրման խնդիրներ չի տեսնում։ Նրա մաղթանքն է բոլորին՝ ապրել զգույշ։ «Բոլորին կոչ եմ անում, խնդրում եմ նույնիսկ, որ իմ օրինակով՝ շատ զգույշ ապրեն»,- հուզվում է դատապարտյալը։
Դատապարտված և կալանավորված կանայք, տղամարդկանց համեմատ, շատ ավելի էմոցիոնալ են և հակված են իրենց էմոցիաները թաքցնելու։ Այս կարծիքին է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանաիրավական բաժնի գլխավոր հոգեբան Շուշան Մաթևոսյանը։
Հոգեբանի խոսքով՝ կալանավորված անձանց մոտ էմոցիոնալ փոփոխություններն ավելի շատ են, իսկ դատապարտյալներն ավելի հարմարված են իրենց կարգավիճակին։ «Կալանավորների մոտ ավելի շատ է, որովհետև իրենք, բնականաբար, դեռ դատապարտյալ չեն, դեռ պատիժ չեն կրում ու իրենց մոտ հույս կա, որ Ամանորին կգնան տուն։ Ինչ վերաբերում է դատապարտյալներին, իրենք արդեն իրենց կարգավիճակի հետ լավից-վատից հարմարված են, ու այդ պատճառով իրենք արդեն «հետ չմնան ինչ-որ մեկից» սիստեմով են ապրում»,- ասում է Շուշան Մաթևոսյանը։
Հոգեբանը հաջողություն է համարում, երբ դատապարտյալը սկսում է ճանաչել ինքն իրեն, գիտակցում է, թե ինչ է ուզում այս կյանքում։
Շուշան Մաթևոսյանը բոլոր ազատազրկված անձանց ազատություն է մաղթում, որ իրենց ընտանիքների հետ լինեն և Ամանորին կարողանան լիաթոք ուրախանալ, իսկ քրեակատարողական հիմնարկից էլ դուրս գան ուղղված և այնպիսին, որ պիտանի լինեն իրենց և հարազատներին։
2024թ. դեկտեմբերի 27-ի դրությամբ՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվում է 29 դատապարտյալ, որոնցից 2-ը՝ 18 և 19 տարեկան տղաներ, ինչպես նաև՝ 45 կալանավորված անձ, որոնցից մեկը՝ անչափահաս:
Կարդացեք նաև`
Մեկնաբանել