ՔԿՀ-ներում ինքնավնասման դեպքերը 30%-ով ավելացել են
Հայաստանի 10 քրեակատարողական հիմնարկներում 2024թ. (դեկտեմբերի 19-ի դրությամբ) ինքնասպանության և սպանության դեպքեր չեն արձանագրվել, փոխարենն ավելացել է ինքնավնասում կատարած անձանց թիվը: Նշված ժամանակահատվածում ինքնավնասում է կատարել 205 ազատազրկված անձ՝ 2023թ. 155-ի համեմատ: Ինքնավնասման դեպքերը ևս աճել են: 2024թ. դեկտեմբերի 19-ի դրությամբ արձանագրվել է 613 դեպք, իսկ 2023թ․-ին՝ 472: Այսինքն՝ ինքնավնասում կատարած ազատազրկված անձանց մի մասը մեկից ավել է նույն քայլին դիմել, այդ իսկ պատճառով դեպքերը ինքնավնասում կատարած անձանց թվից շատ են: Միայն «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում ինքնավնասման դեպքեր չեն գրանցվել:
2023թ.-ին ինքնասպան է եղել «Արմավիր» ՔԿՀ-ի երկու կալանավորված անձ՝ 31 և 44 տարեկան: Ինչ վերաբերում է մահվան դեպքերին, ապա 2024թ. դեկտեմբերի 19-ի դրությամբ 10 ՔԿՀ-ներից մահվան դեպքեր արձանագրվել են միայն «Արմավիր», «Նուբարաշեն», «Արթիկ» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում: Համեմատության համար նշենք, որ 2023թ. արձանագրվել էր անազատության մեջ գտնվող 16 մարդու մահվան դեպք, իսկ 2024-ին՝ 11:
11 մահացածներից 5-ն ունեցել է դատապարտյալի, իսկ 6-ը՝ կալանավորված անձի կարգավիճակ:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է կալանավոր Գ.Բ-ի ինքնավնասման գործը: Նա «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր է, մեկ տարի առաջ՝ 2024թ. հունվարի 6-ին, ժամը 10:00-ի սահմաններում, ածելու սայրի միջոցով կատարել է քերծվածքների տեսքով ինքնավնասում և ստացել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Նույն օրը՝ դեպքից մեկ ժամ անց, կրկին ձեռք է բերել ածելու սայր, որով կատարել է քերծվածքների տեսքով ինքնավնասում:
Գ.Բ-ն նույն եղանակով ինքնավնասում կատարել է նաև նույն տարվա ապրիլ և հունիս ամիսներին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 512-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից զենք, կտրող-ծակող կամ կյանքից զրկելու կամ առողջությանը վնաս պատճառելու համար այլ գործիք, նյութ կամ առարկա պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, կրելը կամ իրացնելը կամ նրան այդպիսի առարկա փոխանցելը: Այս արարքի համար նախատեսված է ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Քրեակատարողական ծառայությունում հավաքագրված տվյալներ չկան, թե ինքնավնասում կատարած անձանցից քանիսն են եղել կալանավորված, քանիսը՝ դատապարտյալ և ինչ տարիքային խմբում են եղել: Սակայն ինքնավնասման հիմնական պատճառներից են առաջադրված մեղադրանքը չընդունելը, քրեական գործերը վերաբացելը, պահման պայմանները և այլն:
Ինքնավնասման դեպքերի ու դրանք կատարած անձանց թվով առաջատար են «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկները: Այստեղ նաև ամենաշատ թվով ազատազրկված անձինք են պահվում:
2024թ. դեկտեմբերի 19-ի դրությամբ, 2023թ. համեմատ, 5,8%-ով ավելացել է կալանավորված անձանց թիվը, իսկ 13,6%-ով՝ դատապարտյալների: 10 ՔԿՀ-ում պահվում է 2701 մարդ: Կալանավորված անձանց թվի շեշտակի ավելացումը երևում է, երբ համեմատում ենք 2018թ․-ի հետ: Մասնավորապես, եթե 2018թ. ՔԿՀ-ներում պահվում էր 928 կալանավորված անձ, ապա 2024թ.՝ 1417՝ 488-ով ավել։ Ինչ վերաբերում է դատապարտյալներին, ապա 2018թ. ՔԿՀ-ներում պահվել է 1337 դատապարտյալ, իսկ այս տարվա դեկտեմբերի 19-ի դրությամբ՝ 1284: Դատապարտյալների դեպքում թիվը նվազել է, սակայն, 2023թ.-ի համեմատ 13,6%-ով աճել է:
«Աբովյան» ՔԿՀ-ում պահվում են ազատազրկված և կալանավորված կանայք ու անչափահասները: Այստեղ 2024թ. դեկտեմբերի 27-ի դրությամբ պահվում է 29 դատապարտալ և 45 կալանավորված անձ:
«Աբովյան» ՔԿՀ-ի հոգեբան Շուշան Մաթևոսյանն ասում է, որ շատ դժվար աշխատանք է ինքնավնասում կատարած կամ ինքնավնասման հակում ունեցող անձանց հետ աշխատելը: Երբեմն հնարավոր չէ իմանալ, թե ինչի համար են ինքնավնասում կատարում:
«Որովհետև ինքը միշտ դա պահում է, դա իրենն է, շատ անձնական իրենն է: Շատ երկար, շատ խորքային աշխատանք պետք է տանել, որը, ցավոք, այստեղ մի քիչ բարդ է իրականացնել։ Հիմնականում ինքնավնասումներ, իհարկե, անում են չբավարարված կարիքներից ելնելով: Տարբեր կարիքներ կարող ենք տեսնել, բայց կան դեպքեր, որ ցուցադրական, իրավիճակային վարքի ձև է, ասենք՝ անում է, որովհետև մի հարց ունի լուծելու: Բայց դա էլի կարիքի խնդիր է, ուզում է մի լրացուցիչ հեռախոսազանգ, հասարակ բան, իրան չեն տալիս, ինքը կարող է ինքնավնասում անել»,- նշում է ՔԿՀ հոգեբանը:
Քրեակատարողական ծառայության շտաբի պետ Արտակ Սարգսանը «Հետքին» հայտնել է, որ մահվան, ինքնասպանության, ինքնավնասման յուրաքանչյուր դեպքով նախապատրաստվում են նյութեր, նախաձեռնվում է քրեական վարույթ, որոնց ընթացքի վերաբերյալ տեղեկություններ չունեն:
Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի
Մեկնաբանել