HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանի վճռից հետո էլ ապօրինի ենթակայանը չի քանդվել

Ահարոն Սուքիասյանի ընտանիքը 2002 թվականին Երևան Քանաքեռ 1-ին փողոց, 29/1 հասցեում տուն է գնել։ Գնորդի սեփականության տարածքում` տան առջև տեղադրված են եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին պատկանող ենթակայանը և հենասյունը, որից էլեկտրաէներգիա է մատակարարվում 163 բաժանորդի։ Նրա պատմելով՝ այդ ժամանակ քաղաքապետարանից ասել են, որ ենթակայանը ժամանակավոր է և պետք է տեղափոխվի։ Անցել են տարիներ, բայց ենթակայանն այդպես էլ չի տեղափոխվել։ Ենթակայանի դռները չեն կողպվում, պահպանված չէ բնակելի տարածքից սահմանված հեռավորությունը։ 

Ահարոն Սուքիասյանը 2012 թվականին դիմել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ֊ին՝ պահանջելով ապամոնտաժել ապօրինի տեղադրված ենթակայանն ու հենասյունը և փոխհատուցել ենթակայանի և հենասյան համար զբաղեցրած տարածքի վճարը նախորդած տարիների համար։

ՀԷՑ-ը պատասխանել է, որ նշված հասցեում ենթակայան չունի։ Սուքիասյանները դատական գործընթաց են սկսել ՀԷՑ-ի դեմ։ Ի վերջո, 2017 թվականի հուլիսի 14-ին Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ՀԷՑ-ին պարտավորեցրել է վերացնել «վեճի առարկա էլեկտրական ենթակայանի հետ կապված, Քանաքեռ 1-ին փողոց, 29/1 հասցեի տան և հողամասի բնականոն տնօրինման, տիրապետման և օգտագործման խոչընդոտները»։ Այս ձևակերպումից ՀԷՑ-ի համար պարզ չի եղել, թե ինչ նկատի ունի դատարանը։ Ընկերությունը դիմել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը պարզաբանելու համար։ 

Դատարանի պարզաբանմամբ՝ ընկերությունը պետք է վերացներ հայցվորին սեփականության իրավունքով պատկանող հողամասում առկա և ընկերությանը պատկանող էլեկտրական ենթակառուցվածքների շահագործման հետևանքով սեփականատիրոջ ընտանիքի անվտանգությանը սպառնացող խոչընդոտները, ինչպես նաև՝ սահմանված նորմերից բարձր աղմուկը։ Այս պարզաբանումից ՀԷՑ-ի համար կրկին հստակ չի դարձել, թե ինչ պիտի անի։

«Չնայած դատական ակտի որոշակի չլինելու հանգամանքին, ընկերությունը նախաձեռնել է ենթակայանի տեղափոխման գործընթացը, որից ելնելով՝ 2019 թվականի հոկտեմբերի 24-ին և 2020 թվականի օգոստոսի 27-ին դիմել է Երևանի քաղաքապետարան ենթակայանը տեղափոխելու համար 28 քառակուսի մետր մակերեսով հողամաս հատկացնելու համար։ Երևանի քաղաքապետարանը 2019 թվականին և 2020 թվականին իր գրություններով համապատասխան հայտնել էր, որ առաջարկվող տարածքի տեղազննության ժամանակ պարզվել է, որ շինություններից նորմատիվ հեռավորությունները պահելով՝ 100 մետր շառավղով, 28 քառակուսի մետր մակերեսով հողամաս առանձնացնել հնարավոր չէ։ Այդ բոլոր գրությունների պատկերները կան ու կան նաև բաժանորդի մոտ։ Հաշվի առնելով, որ ենթակայանից սնվում է թվով 163 սպառող, մատակարարումը չի կարող ընդհատվել»,- «Հետք»-ին ասաց ընկերության հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը։

2022 թվականին ՀԷՑ-ը նորից դիմել է Երևան համայնքին՝ ենթակայանը տեղափոխելու համար հողամաս հատկացնելու խնդրանքով։ Երևանի քաղաքապետարանը կրկին հայտնել է, որ չի կարող տրամադրել, քանի որ ազատ հողատարածք չկա։

Ենթակայանը տեղափոխելու համար 2021 և 2022 թվականներին ՀԷՑ-ը հողատարածքի գնման մրցույթ է հայտարարել, սակայն մասնակցության որևէ հայտ չի ներկայացվել։

Նատալյա Սարջանյանի խոսքով՝ միակ լուծումն այս պարագայում հողահատկացումն է, որպեսզի ենթակայանն ու հենասյունը տեղափոխվեն քաղաքացու սեփականտարածքից։

Պարզաբանում ստանալու համար «Հետքը» դիմել է նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։ ՀԿԱԾ-ն պատասխանում նշել է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2018թ․ մարտին կատարողական թերթ է տրամադրել՝ պարտավորեցնելով ՀԷՑ-ին վերացնել Սուքիասյանների բնակելի տան և հողամասի բնականոն տնօրինման, տիրապետման և օգտագործման խոչընդոտները, որը կապված է էլեկտրական ենթակայանի հետ։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ։ Դրա շրջանակում հարկադիր կատարողը դիմում է ներկայացրել դատարան՝ կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ, քանի որ պահանջը պարզ չի եղել։ 

Դատարանը պարզաբանել է, որ պետք է վերացնել Արևիկ Սուքիասյանին (Ահարոնի մայրը-խմբ.) պատկանող հողամասում ՀԷՑ-ի էլեկտրական ենթակառուցվածքների շահագործման հետևանքով ընտանիքի անվտանգությանը սպառնացող խոչընդոտները, ինչպես նաև` սահմանված նորմերից բարձր աղմուկը։ ՀԷՑ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ չնայած դատարանի պարզաբանմանը, այնուամենայնիվ, պարզ չէ, թե ընկերությունը կոնկրետ ինչ պետք է անիվճիռը կատարելու համար։`

Հարկադիր կատարման ծառայությունը ՀԷՑ-ի արարքին քրեաիրավական գնահատական տալու հարցը որոշելու համար նյութերն ուղարկել է Գլխավոր դատախազություն։ Քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչը քրեական գործով վարույթը կարճելու և հետապնդում չիրականացնելու որոշում է կայացրել։

Քննիչի որոշումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը բողոքարկել է վերահսկող դատախազին և մերժում ստացել, ինչից հետո բողոքարկել է դատական կարգով։ Դատարանը պարտավորեցրել է վարույթն իրականացնող մարմնին վերացնել իրավունքների խախտումը։ Այս փակ շղթան կրկնվել է երկու անգամ։ 2021թ. մայիսին դատարանը պարտավորեցրել է վարույթն իրականացնող մարմնին վերացնել իրավունքների խախտումը։ Սակայն, մեկ տարի անց քննիչ Հրաչ Ասատրյանը վարույթը կարճելու և հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացրել։ Այս որոշումը Հարկադիր կատարման ծառայությունը դարձյալ բողոքարկել է դատախազին, և կրկին մերժում ստացել։

Ստիպված նորից են դիմել  դատարան։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2023թ. հուլիսին բավարարել է վերջին բողոքը և դատախազության վրա դրվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության իրավունքների խախտումը վերացնելու և կոնկրետ վարութային ակտ կայացնելու պարտականություն։

2024 թվականի դեկտեմբերի 27-ին Ահարոն Սուքիասյանը Քննչական կոմիտեից հերթական նամակն է ստացել, որտեղ նշված էր, որ քննվող քրեական վարույթով քրեական հետապնդում չհարուցելու որոշում է կայացվել։

Շուտով կլրանա այս շրջապտույտի 6 տարին, սակայն դատական ակտն այդպես էլ չի կատարվել, և Արևիկ Սուքիասյանի ու նրա ընտանիքի իրավունքների խախտումները ՀԷՑ-ը չի վերացրել։

Փաստացի, տարիներ շարունակ քաղաքացու սեփական տարածքում ապօրինի տեղադրված ենթակայանի և հենասյան հարցը պետական որևէ կառույց չի կարողանում լուծել։

Մեկնաբանություններ (1)

Աշոտ Արզումանյան
Փաստորեն, ամեն քայլափոխին բնակելի շենք սարքելու համար քաղաքապետարանը տարածք ունի, բայց դատարանի վճիռը կատարելու համար՝ չունի։ Քաղաքապետարանի՝ տարածք չտրամադրելու որոշումը կայացնող բոլոր չինովնիկների, նրանց անմիջական ղեկավարների (մինչև՝ քաղաքապետ), ինչպես նաև գործը կարճող քննիչի նկատմամբ պետք է սկսել քրեական հետապնդում։ Նրանք պետք է իմանան, որ ուշ թե շուտ նստելու են։ Կգա այդ օրը։ Դրա համար պետք չի հիասթափվել։ Ուղղակի քրեական գործը պետք է սկսել դրանց նկատմամբ ու հետևողական լինել, մինչև երկիրը կղեկավարեն գրագետ ու հայրենասեր մարդիկ։ Եզրակացություն․ կամ դրանք տգետ են ու չեն հասկանում, թե ինչ են անում կամ՝ կաշառակեր, հայրենիքը ու ժողովրդին ատող պոտենցիալ դավաճաններ։ Հակառակ դեպքում, այս պրիմիտիվ հարցը կլուծեին, կամ դիմում կգրեին և դուրս կգային աշխատանքից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter