Սնուփ Դոգի համերգը չի կայանա․ ԿԳՄՍՆ-ն պահանջել է ողջ գումարը վերադարձնել պետական բյուջե
ԿԳՄՍ նախարարությունը գրավոր դիմում է ներկայացրել «Դոպինգ Սփեյս» կազմակերպությանը՝ Սնուփ Դոգի չկայացած համերգի ամբողջ գումարը պետական բյուջե վերադարձնելու պահանջով։
«Նախկինում լրագրողների հարցերին պատասխանելիս ես միշտ տվել եմ այն ինֆորմացիան, որն այդ պահին հասանելի է եղել նախարարությանը, և որը մեզ փոխանցել են կազմակերպիչները։ Նրանք ամբողջ տարին բանակցել են, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել ենք որոշակի պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել: Սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները: Այսինքն՝ քանի որ նախատեսված ժամանակահատվածում համերգը չի կայացել, մենք արդեն գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որ ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե»,- այսօրվա ասուլիսում հայտարարել է նախարար Ժաննա Անդրեասյանը։
2023 թվականի հուլիսին հայտարարություն էր տարածվել, որ աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգը սեպտեմբերի 23-ին համերգ կունենա Երևանում։ Պայմանագրի արժեքը 2 մլրդ 318 մլն դրամ էր կամ 6 մլն դոլար ԱՄՆ դոլար։ Ինչպես նշված էր նախագծի հիմնավորման մեջ, այդ գումարը պիտի ուղղվեր Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ծավալած լայնամասշտաբ ագրեսիայից և իրականացրած ոճրագործություններից հետո համերգի կազմակերպիչները, դատապարտելով Բաքվի գործողությունները, հայտարարեցին, որ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը հետաձգվում է։
2024 թվականի փետրվարին նախարարությունը «Դոպինգ Սփեյս»-ի հետ համաձայնագիր կնքեց, ըստ որի՝ կազմակերպությունը պարտավորվում էր համերգը կազմակերպել 2024-ի ընթացքում։ Համերգը չկայացավ, իսկ տոմսերի գումարը դեռ ամբողջությամբ չի վերադարձվել գնորդներին։
Մեկնաբանել