
Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել
Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանն արձագանքել է Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզի դայակ Արևիկ Ալիխանյանի բողոքին, որը խնդրում էր դաստիարակ ընդունել, քանի որ միայնակ դժվարանում է խնամել մսուր խմբի 20 երեխայի: Նա այցելել է մանկապարտեզ և պահանջել դայակից աշխատանքից ազատման դիմում գրել:
«Հետքի» հոդվածի հրապարակումից հետո համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, նրա խորհրդական Նոննա Գրիգորյանը և համայնքապետարանի մեկ այլ աշխատակից մանկապարտեզում հանդիպել են Արևիկ Ալիխանյանին։ Վերջինիս պատմելով՝ Դավիթ Սարգսյանը հարցրել է՝ արդյոք Արևիկ Ալիխանյանը ճանաչում է իրեն։ Դրական պատասխան ստանալուց հետո Դավիթ Սարգսյանն Արևիկ Ալիխանյանին հրահանգել է աշխատանքից ազատման դիմում գրել։ Արևիկ Ալիխանյանը բացատրել է, որ իր պահանջն ընդամենը այն էր, որ խումբը նոր դաստիարակ ունենա, որ ինքը մենակ չլինի։
«Համայնքի ղեկավարն ասաց, որ ես իրավունք չունեմ դաստիարակ պահանջել։ Ասաց՝ էդ ուզում ես դաստիարակ գա, որ դու ազատ ժամանակ շատ ունենա՞ս: Ես չեմ հասկանում, եթե պիտի լինի դաստիարակ, ու ես պահանջում եմ, որ լինի էն, ինչ օրենքով է նախատեսված, ինչ-որ բա՞ն եմ խախտում»,- հարցնում է Արևիկ Ալիխանյանը։
Արևիկ Ալիխանյանի պատմելով՝ մանկապարտեզի տնօրեն Անահիտ Աղաջանյանը խնդրել է համայնքի ղեկավարին, որ հնարավորություն տան Արևիկ Ալիխանյանին աշխատել, բայց Դավիթ Սարգսյանն ասել է, որ մինչև ինքը վերադառնա համայնքապետարան, Արևիկ Ալիխանյանը պետք է իր դիմումն արդեն գրած լինի։
Արևիկ Ալիխանյանն աշխատանքից ազատման դիմում այդպես էլ չի գրել։ Ասում է, որ չի վախենում աշխատանքը կորցնել, քանի որ ոչ մի հակաօրինական քայլ չի արել։ Համայնքի ղեկավարը նույնպես, ինչպես տնօրենն ու խորհրդականը, հիշել է 2015 թվականին իր ստացած նկատողությունը։ Հետո ասել են, թե ծնողները բողոքել են՝ իբր թե Արևիկ Ալիխանյանը երեխաների նկատմամբ բռնություն է կիրառել։ Արևիկը հավաստիացնում է, որ նման բան երբեք չի արել, եթե բռնություն կիրառած լիներ, ապա նկատողություն կստանար, կամ գոնե ծնողներն այդ մասին կբողոքեին։
«Հետքը» փորձեց կապ հաստատել համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի հետ։ Նրա հեռախոսն անհասանելի էր, համայնքապետարանից փոխանցեցին՝ զանգեք հաջորդ օրը, համայնքապետը ժողովի է ու հայտնի չէ, թե երբ այն կավարտվի։
Հունվարի 15-ի առավոտյան Արևիկ Ալիխանյանի ամուսինը, որը պահակ է նույն մանկապարտեզում, ազատման դիմում է գրել։ Արևիկ Ալիխանյանի խոսքով՝ մանկապարտեզի տնօրեն Անահիտ Աղաջանյանը պահանջում է, որ ինքն էլ աշխատանքից ազատման դիմում գրի՝ ասելով, որ դա վերադասի՝ համայնքապետի պահանջն է։ Արևիկ Ալիխանյանը չի ենթարկվել, ասել է, որ նման օրինական պահանջ լինել չի կարող, և որ ինքը չի պատրաստվում դիմում գրել: Տնօրեն Անահիտ Աղաջանյանը պատասխանել է, թե կդիմի «Հետքի» խմբագրություն և կպատմի, որ դայակը բռնություն է կիրառել երեխաների նկատմամբ:
Արևիկ Ալիխանյանը պնդում է, որ երբևէ բռնություն չի կիրառել և ոչ մի ծնողից նման բողոք չի լսել:
Տնօրեն Անահիտ Աղաջանյանի և Արևիկի խոսակցությունից հետո մանկապարտեզի հայտարարությունների պատին գրություն է փակցվել՝ տնօրենի ստորագրությամբ.
«Պատասխանատու աշխատողների (մեթոդիստ, բուժքույր, դաստիարակ) հետ քննարկում ծավալելուց հետո, հայտարարում եմ խիստ նկատողություն կրտսեր առաջին խմբի դաստիարակի օգնական Արևիկ Աիխանյանին՝
- երեխաների հետ ոչ պատշաճ վարվելու,
- հանրույթի մեջ անհարգալից դրսևորելու նկատառումներով:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ տվյալ աշխատակիցը վատ է վարվում երեխաների հետ, ինչի համար բազմիցս զգուշացվել է»:
Այսօր՝ հունվարի 15-ի առավոտյան, Արևիկ Ալիխանյանին զանգահարել է Դիլիջանի ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Կարապետ Համլետի Մակվեցյանը և նրան հրավիրել Ոստիկանություն:
«Հետքը» փորձեց Կարապետ Մակվեցյանից պարզել, թե ինչու է դայակը Ոստիկանություն հրավիրվել։ Վերջինս ասաց, որ զբաղված է, լրագրողի հարցերին պատասխանել չի կարող, կզանգահարի, երբ ժամանակ ունենա։
Առաջին նկատողությունից կես ժամ անց մանկապարտեզի հայտարարությունների պատին հայտնվել է երկրորդ գրությունը.
«Բազում դիտողություններից հետո հայտարարում եմ նկատողություն Արևիկ Ալիխանյանին աշխատանքային գործընթացը խաթարելու, աշխատակիցներին անհիմն մեղադրելու, հաստատությանն անհարիր բառապաշար օգտագործելու, խմբի երեխաների նկատմամբ ագրեսիվ վարք դրսևորելու առումներով։
Տնօրինություն՝ 15.01.25»
Այսօր` աշխատանքային օրվա սկզբից, փորձում ենք կրկին կապ հաստատել համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի կամ աշխատակազմից որևէ մեկի հետ, մեր զանգերը մնում են անապատասխան:
Հոդվածի հրապարակումից առաջ Արևիկ Ալիխանյանից տեղեկացանք, որ մանկապարտեզի տնօրեն Անահիտ Աղաջանյանը հեռացրել է հայտարարությունների պատին փակցված գրությունները, ապա Արևիկ Ալիխանյանին հրավիրել իր աշխատասենյակ և ասել, որ ազատում է աշխատանքից։ Տնօրենը «Հետքին» հայտնեց, թե նման բան տեղի չի ունեցել, հայտարարությունները հեռացրել է, որ ծնողները չտեսնեն, ինքն ասել է, որ ցավում է, բայց պետք է Արևիկ Ալիխանյանին ազատի աշխատանքից։
Ըստ Աշխատանքային օրենսգրքի՝ մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից խախտման մասին գրավոր բացատրություն պահանջի՝ տրամադրելով ողջամիտ ժամկետ: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց գրավոր բացատրության: Կարգապահական տույժը կարող է կիրառվել խախտումը հայտնաբերելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, չհաշված աշխատողի ժամանակավոր անաշխատունակության պատճառով բացակայության, գործուղման կամ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածները: Գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը, եթե մինչև տվյալ աշխատանքային կարգապահական խախտումը աշխատանքային կարգապահական խախտում թույլ տված աշխատողն ունի առնվազն երկու չհանված կամ չմարված կարգապահական տույժ:
Այս դեպքում գործատուն խախտման մասին գրավոր բացատրություն չի պահանջել Արևիկ Ալիխանյանից և ոչ էլ երբևէ գրավոր նկատողություն է տվել։
Տնօրեն Անահիտ Աղաջանյանը հաստատեց, որ Արևիկ Ալիխանյանին գրավոր նկատողություն չի տվել և գրավոր բացատրություն չի պահանջել։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել