HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախյան վերջին մարտեր. Ասկերանի աշխարհազորային գումարտակը

Ասկերանի բրիգադի 42-րդ գումարտակը մարտական հերթապահություն է իրականացրել Քարագլխի բարձունքից մինչև Ուլուբաբի բարձունքն ընկած հատվածում։ Այս աշխարհազորային գումարտակի հրամանատարը Վագիֆ Հախումյանն էր։

42-րդ գումարտակի կազմավորումը սկսվել էր 2021 թվականից։ 44-օրյա պատերազմից հետո ձևավորվել էր նոր շփման գիծ։ Այդ շփման գծի պաշտպանությունն իրականացնելու համար Արցախի Պաշտպանության բանակում ստեղծվել էին նոր ստորաբաժանումներ։ Ասկերանի բրիգադի 42-րդ գումարտակի անձնակազմը համալրվել էր Դարհավ, Այգեստան, Աստղաշեն, Խաչեն, Խնձրիստան, Հիլիս գյուղերի աշխարհազորայիններով։

«Որոշվել էր, որ պիտի ձևավորվի աշխարհազոր, հրամանատարը նշանակվել էր գնդապետ Կարեն Մաթևոսյանը։ Ինքը զորամասի հրամանատար էր եղել մինչև 2020-ի պատերազմը։ Ստեղծեցինք ու որոշեցինք, որ գյուղարանքներում պիտի զինանոցներ սարքենք, ժողովրդին զինենք, որ գյուղերը պաշտպանվեն, պահպանվեն»,- պատմում է Հախումյանը։

Գումարտակը իրականացնում էր 432-439 մարտական դիրքերի պահպանությունը։ Գումարտակի անձնակազմը բաղկացած էր հետևակային վաշտերից և ականանետային մարտկոցից։ Անձնակազմի ընդհանուր թիվը 238 էր։

42-րդ գումարտակի մշտական տեղակայման վայրը Ասկերանի շրջանի Դարհավ գյուղն էր։ Այս գյուղից էր նաև գումարտակի հրամանատար Վագիֆ Հախումյանը։

«Մեր գումարտակը համագործակցում էր չորրորդ բրիգադի հետ։ Բրիգադի հրամանատարը գնդապետ Աշոտ Ղուլյանն էր։ Մեզնից ձախ Սերավանդի գումարտակն էր, աջ՝ Ղուլյանի բրիգադի երրորդ գումարտակը»,- ասում է Վագիֆ Հախումյանը։

2023 թվականի սեպտեմբերի 17-ին 42-րդ գումարտակը վերջին անգամ մարտական հերթափոխ իրականացրեց։ Վագիֆ Հախումյանը դիրքերում էր նախորդ հերթափոխից։ 

«Ինտուիցիայով զգում էի, որ սեպտեմբեր ամսին կարող է մի բան սկսվի, չէի իջնում դիրքերից։ Մեր գումարտակի շտաբի պետը՝ Ներսեսյան Ռազմիկը, նույնիսկ ասում էր՝ իջի, արի, թողել ես սաղ շտաբի աշխատանքը իմ վրա»,- պատմում է գումարտակի հրամանատարը։

Հերթափոխից հետո Հախումյանը նկատել է, որ հակառակորդը դիրքերում նախապատրաստական աշխատանք է իրականացնում։ 

«Տեսնում էի՝ ոնց են ադրբեջանցիները հրանոթների, զինտեխնիկայի մաստետները հանում, զեկուցեցի գնդապետ Մաթևոսյանին։ Ասացի՝ պիտի ամբողջ գումարտակը հանենք պոստեր։  Ասաց՝ դե, որ այդպես է, այսօր տղերքը հանգստանան, վաղը սաղ գումարտակը կբարձրացնես»,- պատմում է Հախումյանը։ 

Հախումյանը ցանկացել է րոպե առաջ ամբողջ գումարտակը դիրքեր բարձրացնել, քանի որ կարծել է՝ մարտական գործողությունների սկսվելուց հետո շատ դժվար կլինի փոխօգնության հասնել դիրքերին՝ ԱԹՍ-ների և հրետանու պատճառով։ 

Սեպտեմբերի 18-ին գումարտակի անձնակազմի մի մասը, որն այդ պահին դիրքերում չի եղել, տեղափոխվել է Սարդարաշեն գյուղ, որ մոտ լինի դիրքերին և արագ կարողանա համալրել մարտական դիրքերի շարքերը։ 

«Ես էլ մնացի Սարդարաշենում։ Գիշերը պոստերից իջա, իմ սպառազինության գծով տեղակալի՝ Ավագիմյան Վիգենի հետ, ասացի՝ հոգնած եմ, Վիգեն ջան, գնամ, մի քիչ քնեմ։ Առավոտը հելա, տեսա տղերքը նախաճաշ են սարքել, որ մի կտոր հաց ուտենք, ասի՝ չէ տղեք, հելեք, նստեք ավտոները, բարձրանում ենք»,- հիշում է գումարտակի հրամանատարը։

Սեպտեմբերի 19-ի առավոտյան 42-րդ գումարտակը բարձրացել է դիրքեր, և անձնակազմն ամբողջությամբ համալրվել է։ 

«Անձնակազմը համալրելուց հետո զամպատեխին (սպառազինության գծով տեղակալ) ասացի՝ դե արի նստենք, մի հատ պտտվենք դիրքերով, տեսնենք՝ ոնց են տղերքը դասավորվել։ Գնացի, 435 մարտական դիրքը։ Ճանապարհից էլ կապ տվեցի 437 դիրք, ասացի՝ մինչև մի ժամը պատերազմը սկսելու է: Դա եղել է ժամը 11:30-ին »,- ասում է Հախումյանը։

Ժամը 12:20-ին, երբ Հախումյանը հասել է 435 մարտական դիրք, դիրքի ավագը՝ Վարդան Մեհրաբյանը, դուրս է եկել, որ դիմավորի նրան։ Հախումյանը թույլ չի տվել նրան առաջ գալ և հրահանգել է մնալ իր տեղում։ Հենց այդ պահին առաջին արկը պայթել է դիրքում։

«Միանգամից ռացիայով գոռացի, որ ոչ մեկը տեղից չշարժվի, երբ որ շարժվելու ժամանակը գա, ես ձեզ ասելու եմ։ Ու սկսվեց պատերազմը։ Երևի կես ժամ չանցած՝ կապվում են իմ հետ, որ «խաչը» պետք է, այսինքն՝ շտապօգնության մեքենան։ Չորս վիրավոր ունեինք 435 և 436 դիրքերում։ Ես գիտեի, որ  ամենածանր հարվածն այս դիրքերն են իրենց վրա վերցնելու,- պատմում է Հախումյանը։

Վագիֆ Հախումյանը նոր ուժերով համալրել է այս երկու դիրքերը, և հաջողվել է դրանք պահել։ Հախումյանի խոսքով՝ իրենք 3 գրոհ են հետ մղել այդ դիրքերից։ 

Մարտական գործողությունների սկսվելուց հետո Հախումյանը մի քանի զինվորի հետ գնացել է հրամանատարական դիտակետ։ Դիտակետից մի փոքր հեռու կանգնեցրել են մեքենան և ոտքով շարունակել։ Ճանապարհին դեմ դիմաց են դուրս եկել ադրբեջանական բանակի զինվորները, ովքեր փորձել են շրջանցել նրանց և հետևից մոտենալ դիրքերին։ Հախումյանն իր ջոկատով մերձամարտի մեջ է մտել ադրբեջանցիների հետ։ 

«Եթե հանդիպած չլինեինք, հակառակորդը, միգուցե, գար մեր հետևով և մտներ հրամանատարական դիտակետ»,- ասում է Հախումյանը։

Գումարտակի ականանետային մարտկոցը, որը համալրված էր 82 մմ ականանետերով, տեղակայված էր 415 մարտական դիրքի հետևում։ Գումարտակի հրամանատարի խոսքով՝ մարտկոցի անձնակազմը կարողացել է լուրջ վնաս պատճառել հակառակորդին։ Հախումյանի կարծիքով՝ հենց դա է եղել պատճառը, որ ամենաշատը հրետակոծվել է մարտկոցի կրակային դիրքը և 415 մարտական դիրքը։

Մարտական գործողություններն ավարտվել են սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ին, երբ Արցախի և Ադրբեջանի իշխանությունների միջև ձեռք է բերվել հրադադարի մասին պայմանավորվածություն։

Վագիֆ Հախումյանի գումարտակը մինչև սեպտեմբերի 24-ը մնացել է դիրքերում: Երբ ստացել են նահանջի հրամանը, սկզբում հրաժարվել են դուրս գալ։  

«Խոսեցի Ղուլյանի հետ, ասացի՝ պարոն գնդապետ, ես դուրս չեմ գալիս, գումարտակը չեմ հանում։ Ասաց՝ Վագիֆ ջան,  մենակ քեզանով բան չի լինի։ Ամսի 24-ին իջանք դիրքերից»,- պատմում է Հախումյանը։

Սեպտեմբերի 24-ին Հախումյանը հրահանգել է գումարտակի անձնակազմին գնալ և դուրս հանել իրենց ընտանիքներին։ «Ասացի՝ արդեն ձեզ ոչ մի բանով չեմ կարող օգնել։ Մի հատ Բուխանկա (զինվորական մեքենա, «ՈւԱԶ» մակնիշի, հեղ.) կար, տվեցի մեր հետախուզական դասակի մի զինվորի, ասացի՝ գնա Դահրավ գյուղ, ով մեքենա չունի, այդ մեքենայով հանի»,- պատմում է նա։

Վագիֆ Հախումյանն Արցախից դուրս է եկել սեպտեմբերի 30-ին։ Երբ համոզվել է, որ բնակչությունն արդեն ապահով տարհանվել է, գումարտակի տղաների հետ շարասյուն են կազմել և դուրս եկել Արցախից։

Հիմա գումարտակի տղաները ապրում են Հայաստանի տարբեր բնակավայրերում, նրանց մի մասը լքել է Հայաստանը։ Հախումյանը նույնպես պատրաստվում է գնալ երկրից։ Բայց ասում է՝ եթե նորից մարտական գործողություններ սկսվեն, առանց հապաղելու վերադառնալու են ու ամբողջ գումարտակով մասնակցեն Հայաստանի պաշտպանությանը, ասում է՝ հիմա մեր և Ադրբեջանի մեջ հաշիվը 1:1 է։ Աշխարհազորային հրամանատարը համոզված է՝ 2:1-ը մեր օգտին է լինելու։ 

 

«Հետքն» առաջիկայում կգրի Արցախի մյուս բնակավայրեում տեղի ունեցած մարտերի մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter