HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ են հաճախակի դարձել արջերի հարձակումները

Արջերը հասնում են բնակավայրեր, տների բակեր ու սնվում աղբամաններից

Վայոց Ձորի մարզի Խնձորուտ գյուղում մեղվապահներ կան, որոնք պապերից եկած մի ավանդույթ ունեն՝ մեկ կամ երկու փեթակ մյուս փեթակներից փոքր-ինչ հեռու են դնում: Դա արջերի բաժինն է: Վերջին տարիներին, երբ մեղրը քիչ էր, խնձորուտցի մեղվապահներից մեկը որոշել էր օգտագործել նաեւ այդ փեթակների մեղրը: Արջի պատասխանը չէր ուշացել՝ եկել էր, ամեն բան քանդել, գնացել: Այս մասին մեզ պատմում է հնակենդանաբան Անդրանիկ Գյոնջյանը։ Արդեն 8 տարի նա ուսումնասիրում է մարդու եւ արջի կոնֆլիկտը:

Հիմա ձմեռ է, եւ Հայաստանում ապրող արջերի մեծ մասը քնած է։ Հարավում, սակայն, պատահում են նաեւ չքնած արջեր։ Նրանց համար կարեւոր նախապայման է ձյան ծածկույթը։

Արջը Հայաստանի ամենախոշոր գիշատիչն է: Անդրանիկն ասում է՝ սա շատ խելացի կենդանի է, արագ հարմարվում է փոփոխություններին ու արագ էլ կարող է «երես առնել»: Արջերի սննդակարգի մեծ մասը բույսերն են, բայց դա չի խանգարում, որ բաց դաշտում ցուլ կամ խոշոր եղջերավոր կենդանի տապալի, մի կողմ քաշի եւ ուտի:

Արջերը մեր երկրում ամենաշատը «թիրախավորում» են Վայոց Ձորի մարզը, հատկապես՝ Եղեգիսի կիրճի գյուղերը՝ Շատինը, Եղեգիսը, Վարդահովիտը։ Որոշ գյուղերում արջերին նույնիսկ անուններ են դրել՝ Կյաժո, Չաղո, Չալո եւ այլն։ Շատինում, օրինակ, ըստ Անդրանիկի, բնակիչ չեք գտնի, որ արջ տեսած չլինի: Արջերը հասնում են մինչեւ այս գյուղի աղբավայր, որտեղ էլ սնվում են:

Մարդ-արջ կոնֆլիկտում մեղավորը մարդն է

Անդրանիկ Գյոնջյանը Կենդաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի գիտաշխատող է, հնակենդաբանության գիտական խմբի ղեկավարն ու Կենդանաբանական թանգարանի տնօրենը։ 2016-ից սկսել է ուսումնասիրել մարդ-արջ կոնֆլիկտը։ Եկել է այն համոզման, որ ոչ թե արջերը, այլ մարդիկ կոնֆլիկտ ունեն արջերի հետ։ «Իրականում մարդն է միշտ մտնում արջերի տարածք, եւ դրա համար կոչվում է մարդ-արջ կոնֆլիկտ»,- նկատում է կենսաբանական գիտությունների թեկնածուն։

Դեռեւս խորհդրային տարիներից արջերի եւ ընդհանրապես գիշատիչների ուսումնասիրությունը, ըստ Անդրանիկի, միշտ եղել է իրենց լաբորատորիայի թիրախում։ Գիշատիչները հիմնականում կենսաբանական շղթայի գագաթին գտնվող տեսակներ են, որոնց ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս շատ այլ տեսակների, ընդհանրապես էկոլոգիական, կենդանական աշխարհի վիճակի մասին տեղեկություններ հայթայթել։

Ա. Գյոնջյանը պատմում է, որ ԱՄՆ-ից իրենց գործընկերներից մեկը 2016 թ. հայտնել էր, որ Դեթրոյթի կենդաբանական այգուց հետաքրքրվում են, թե արդյոք այստեղ կցանկանան զբաղվել մարդ-արջ կոնֆլիկտի ուսումնասիրությամբ։ Պատասխանը դրական էր։ Նույն տարում պիլոտային առաջին գիտարշավն էր կազմակերպվել։ Երկկողմանի հուշագիր էր ստորագրվել, որի շրջանակներում էլ շարունակել են ուսումնասիրությունները։ Դրանից 3 տարի անց ջրասամույրների ուսումնասիրություն էին սկսել, բայց հայկական լաբորատորիան ինքնուրույն շարունակել է մարդ-արջ կոնֆլիկտի ուսումնասիրությունը։

Վերջին 10-15 տարիներին մարդկանց եւ արջերի կոնֆլիկտն ավելի է սրվել Հայաստանում, մասնավորապես՝ Արարատի մարզում, Վայոց Ձորում եւ Սյունիքում։ Արջերի կողմից մարդկանց վրա հարձակման դեպքերը շատացել են, նույնիսկ մահվան դեպքեր են գրանցվել։ Պատճառներ կան, որոնք գիտնականը մանրամասն թվարկում է։ Նշում է, որ մարդն է մտնում վայրի բնություն՝ յուրացնելով տարբեր կենդանատեսակների բնական կենսամիջավայրերը։ Եվ դա ամենամեծ խնդիրն է, որն էլ, որպես հետեւանք, ծնում է մարդ-վայրի բնություն կոնֆլիկտը։ Իսկ դրա բաղադրիչներից մեկը մարդ-արջ կոնֆլիկտն է։

Երկրորդ գործոնը կլիմայական փոփոխություններն են՝ դեպի տաքացում եւ չորացում ենք գնում։ Նաեւ հարց է, թե արդյոք դրանք մարդու կենսագործունեության հետեւանք են, թե բնական, ցիկլիկ պրոցեսներ են։ Ըստ գիտնականի՝ կարելի է ենթադրել, որ այսօր մարդը մի փոքր արագացնում է այդ պրոցեսները՝ արտանետումներ, անտառահատումներ, աղտոտում եւ այլն։ Իսկ այդ ամենը չի կարող չանդրադառնալ վայրի բնության վրա։ Երբ կլիման սկսում է փոխվել, ինչն արագ է լինում, կենդանիները նույնիսկ չեն հասցնում ադապտացվել, ինչն էլ բնական կենսամիջավայրի, սննդի կորստի է բերում։ Կենդանիներն սկսում են փնտրել սննդի այլընտրանքային աղբյուրներ, մյուս կողմից՝ դիտարկում են մարդու կողմից արտանետածը՝ որպես կերի հեշտ աղբյուր։ Եվ դա պատճառը, որ այսօր նույնիսկ օրը ցերեկով, օրինակ, որոշ գյուղերի աղբավայրերում կարելի է արջ տեսնել։ Կենդանին գյուղական կամ գյուղատնտեսական տարածքները չի ընկալում որպես մարդու սեփականություն, նրա համար դրանք ընդամենը բնական կենսամիջավայրի մաս են, որտեղ հայթայթում է բավականին հեշտ եւ որակյալ սնունդ։

Ինչո՞ւ են արջերը «թիրախավորում» Վայոց Ձորը

Կենդաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբաններն ընդհանուր ուսումնասիրություն են կատարել ու գտել այն վայրերը, որոնք «թիրախավորվում» են արջերի կողմից։ Առաջին տեղում Վայոց Ձորն է, մասնավորապես՝ Եղեգիսի կիրճի երկայնքով տեղակայված բնակավայրերը։

«Հետքի» զրուցակիցն ասում է՝ սա պատահական չէ։ Վայոց Ձորը Հայաստանի ամենաքիչ բնակեցված մարզն է։ Այդտեղ նաեւ ինտենսիվ զարգացած այգեգործություն, մեղվաբուծություն կա, ինչը սնունդ է արջերի համար։

Ամենակարեւոր գործոններից մեկը բնակավայրերի ռելիեֆն է։ Եղեգիսի կիրճի ձախ կողմում մեծ թեքություններ կան, իսկ դրանց դիմաց՝ աջ կողմում, բնակավայրերն են։ Կենդանիների համար կիրճն անցնելն ու գյուղերում հայտնվելը խնդիր չէ, նրանք արագ են տեղաշարժվում։

Հնակենդաբան Գյոնջյանը նշում է, որ գործոններից մեկն էլ այս տարածքների վատ աղբահանությունն է: Դա ցույց են տվել նաեւ ֆոտոթակարդների արդյունքները, որոնք նույնիսկ տեղադրվել էին բնակավայրերի աղբավայրերի մոտ:

Կարեւոր գործոն է պոպուլյացիայի կայունությունը: 1990-ականներին Հայաստանում արջերի պոպուլյացիան բավական նվազել էր՝ որսագողությունն էր զարգացել, այլ պատճառներ կային: Բայց արդեն 2000-ականներիի կեսերից արջերի պոպուլյացիան սկսեց կայունանալ: Մյուս կողմից՝ գյուղական տարածքներում արջերի ներթափանցումների համար արգելքներ չեն ստեղծվել: «Հետքի» զրուցակիցը միաժամանակ նկատում է, որ գյուղատնտեսության ակտիվացումը նաեւ բերել է բնական կենսամիջավայրի կրճատմանը: Եվ քանի որ կենդանիները սննդի խնդիր ունեն, սկսել են այլընտրանքային աղբյուրներ փնտրել, ինչպիսիք գյուղական աղբավայրերն են:

«Տները կամ բակերը դասավորված են ձորի բերանով՝ Շատին, Եղեգիս, Թառաթումբ, Վարդահովիտ: Ոնց որ այդ գյուղերը տեղակայված են վայրի բնության մեջ ու պատնեշներ գրեթե չունեն։ Բավականին դժվար է սահմանազատել այդ այգիներն ու գյուղատնտեսական հողատարածքները»,- նկատում է գիտնականը:

Աղբից օգտվելու «ձիրքը» մայրերը փոխանցում են ձագերին

Աղբը առաջին բանն է, որ գրավում է կենդանիներին: Շատին գյուղի աղբամանների մոտ ֆոտոթակարդ էին տեղադրել: Արջերը հասնում են ոչ միայն աղբամանների մոտ, այլեւ մտնում են մարդկանց տների բակերը:

«Շատ կարեւոր է ֆիքսել, որ մեր վարքագիծը փոխելով՝ փոխում ենք կենդանիների վարքագիծը: Այդ նույն կենդանին, որ մեկ-երկու անգամ գալիս եւ անպատիժ է մնում, այսինքն՝ որեւէ վախեցնող, հետ պահող բան չկա, ինքն իր սնունդը գտնում է, դրանից հետո իր ձագերին է բերում։ Գյուղական տարածքներում, նաեւ տների բակերում, այգիներում, վայրի բնության մեջ ֆոտոթակարդներ ենք դրել, արդյունքները ցույց են տալիս, որ թափանցած արջերի կեսից ավելին ձագերով մայրերն են։ Կան ֆիքսված դեպքեր, երբ անցած տարվա ձագերը, որոնց մայրը թողել է, հետեւում են մորը, որը գալիս է այդ տարվա ձագերի հետ։ Այսինքն՝ գյուղական տարածքներից օգտվելու «ձիրքերը» փոխանցվում են հաջորդ սերունդներին։ Եվ մի քանի սերունդ հետո մենք կարող է ավելի լուրջ խնդիր ունենանք»,- բացատրում է հնակենդանաբանը:

Լուծումներ կան. առաջարկում է գիտնականը

Անդրանիկ Գյոնջյանը ոչ միայն բարձրաձայնում է խնդիրը, այլեւ լուծման տարբերակներ առաջարկում:

Ասում է՝ անկախ ամեն ինչից՝ աղբահանության հարցը պետք է կարգավորվի: Վտանգներից մեկն այն է, որ նույն արջը սովորում է օգտվել ոչ միայն աղբից, այլեւ գալիս մտնում է բնակելի տարածքներ: Օրինակ՝ Արփի գյուղում 2019-ից հետո արջը հստակ թիրախավորում էր հավաբները, ճագարներին ու հնդկահավերին: Խոսակցություն կար, թե դա անում է անազատության մեջ պահված արջը, որին բաց էին թողել վայրի բնություն: Բայց նմանատիպ դեպքեր սկսել էին գրանցվել նաեւ Շատինում: Գիտնականները ֆոտոթակարդներ էին տեղադրել ու հասկացել, որ խոսքը տարբեր առանձնյակների մասին է: Դրանք այն մայրերի սերունդներն են, որոնք սովորել էին օգտվել աղբանոցներից:

Գյուղերի բնակիչները սկզբում վախեցած էին: Օրինակ՝ Շատինում դեպքեր են եղել, երբ արջերին հանդիպել են մի քանի մետրի վրա՝ տան բակում: Քանի որ գյուղերում պետքարանները դրսում են գտնվում, գիշերվա ժամերին այդտեղից օգտվելն էլ արդեն խնդիր է:

Գիտնականները խորհուրդ են տվել լուսավորել բակերը, էլեկտրական հովիվներ կիրառել: Մեծ այգիների համար էլեկտրական հովիվների կիրառումը բավական ծախսատար է, բայց արդյունավետ միջոց է: Անդրանիկն ասում է, որ դրանք մի քանի տարի առաջ թանկ էին, այնինչ հիմա նույնիսկ կարելի է դրսից պատվիրել: Անդրանիկը Շրջակա միջավայրի նախարարությանն առաջարկել է Եղեգիսում փոքր արտադրամաս ստեղծել, որտեղ մի քանի հոգի կվերապատրաստվեն ու տեղում էլեկտրական հովիվներ կմոնտաժեն: Դա, ըստ մեր զրուցակցի, հնարավոր է իրականացնել թե՛ սուբսիդավորմամբ, թե՛ ՀԿ-ների աջակցությամբ: Անդրանիկի համոզմամբ՝ էլեկտրական հովիվների կիրառությունը հարցի կարճաժամկետ լուծում է, իսկ երկարաժամկետ լուծումը գյուղատնտեսության ապահովագրումն է, որը կարող է մեղմել մարդկանց հասցվող վնասները։ Սակայն ամբողջությամբ լուծել մարդ-արջ կոնֆլիկտը հնարավոր չէ:

Անդրանիկն ասում է, որ, օրինակ, մեղվապահների համար էլեկտրական հովիվների կիրառումը արդյունավետ տարբերակ է: Նրանց խորհուրդ են տվել մի քանի հոգով իրենց մեղուները տեղադրել մի տեղ, ապա տարածքը սահմանազատել էլեկտրական հովիվներով: Բայց մեղվապահների մի մասը խուսափել է, որովհետեւ, չի բացառվում, ինչ-որ մեկը շաքարով է կերակրում մեղուներին (սրա հետեւանքով մեղրը չի կարող անարատ համարվել, քանի որ դրա մեջ շաքար կա), մյուսը՝ ոչ, ու չեն ցանկանում, որ այդ մասին հայտնի դառնա: Մեր զրուցակիցը նշում է՝ կարեւոր է նաեւ, որ մարդիկ էլ իրար հետ կարողանան լեզու գտնել, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ պայքարել:

Հայաստանում արջերի մի քանի հարյուր առանձնյակ կա 

Հայաստանում արջերի հստակ թիվ չկա։ Դրա համար ծավալուն ուսումնասիրություն է անհրաժեշտ։ Ողնաշարավոր կենդանիների լաբորատորիան պատրաստվում է հայտ ներկայացնել Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե՝ Հայաստանում մարդ-արջ կոնֆլիկտի եւ ընդհանրապես արջերի համապարփակ ուսումնասիրության համար։ Անդրանիկը նշում է, որ ուսումնասիրությունը հիմնարար տվյալներ կտա իրենց՝ հետագայում մարդ-արջ կոնֆլիկտի մեղմանն ուղղված մեխանիզմների մշակման համար, ինչպես նաեւ թույլ կտա իմանալ արջերի մոտավոր թվաքանակը մեր երկրում։ Բայց քանի որ արջը շատ տարբեր կենսամիջավայրեր է զբաղեցնում, հեշտ չի լինելու հաշվարկն անելը։ Մոտավոր տվյալներով՝ Հայաստանում արջերի մի քանի հարյուր առանձնյակ կա։ Մինչդեռ, ինչպես նկատում է «Հետքի» զրուցակիցը, երբ գյուղացիների հետ խոսում են, նրանք ասում են, թե մի քանի հարյուր արջ էր գյուղ մտել, իսկ իրականում խոսքը մի քանիսի մասին է: Դա ցույց են տվել նաեւ գիտնականների տեղադրած ֆոտոթակարդների տվյալները:

Ի տարբերություն Հայաստանի հարավի՝ հյուսիսում իրավիճակը մի փոքր այլ է։ Քանի որ այնտեղ անտառածածկ տարածքներն ավելի շատ են, արջերը բնության մեջ կեր հայթայթելու խնդիր չունեն։ Գիտնականն ասում է, որ հյուսիսում ավելի խորը ուսումնասիրություն պետք է իրականացնել, բայց Հայաստանում արջերի համեմատաբար կայուն պոպուլյացիան հենց Վայոց Ձորի մարզում է:

Անդրանիկն ասում է՝ եւս մի կարեւոր հանգամանք կա, որին շատ քչերն են ուշադրություն դարձնում։ Համաձայն գիտական վերլուծությունների՝ ձագերով մայրերը խուսափում են այն վայրերից, որտեղ դոմինանտ արուներ կան: Պատճառն այն է, որ արուները կարող են ուղղակի սպանել ձագերին։ Դրա համար մայրերը նախընտրում են մարդուն ավելի մոտ բնակավայրեր, որոնք իրենց համար ավելի ապահով են ու հեշտ սննդի աղբյուր են:

Մեր զրուցակիցը պատմում է, որ 2024 թ. մայիսին Շատին-Եղեգիս հատվածում, որը 10 կմ չկա, ցերեկը հաշվել է 7 արջ։ Դրանցից 5 եղել է հասուն առանձնյակ, 2-ը՝ ձագ: Սա ենթադրում է, որ արջերն իրենց ապահով են զգում բնակավայրերի մոտ: Անդրանիկը նկատում է՝ այս հանգամանքը կարելի է օգտագործել նաեւ զբոսաշրջության համար. Վայոց Ձորում հյուրանոցներ կան, որոնց սենյակներից կարելի է տեսնել կիրճի հակառակ կողմում գտնվող արջերին:

Մարդը սննդի աղբյուր չէ արջի համար

Արջերի սննդակարգի հիմնական մասը բույսերն են։ Իսկ այն, թե իբր արջերը հարձակվում են մարդկանց վրա եւ ուտում, միֆ է։ Անդրանիկ Գյոնջյանը շեշտում է՝ մարդը երբեք սննդի աղբյուր չէ արջի համար։

«Գիշատիչ կենդանիները շատ լավ ճանաչում են մարդուն՝ 95,95 տոկոսի դեպքերում խուսափում են մարդուց, այսինքն՝ շատ զգույշ են, մանավանդ արջերը երբեք մարդուն որպես սննդի աղբյուր չեն դիտարկում։ Այն հարձակումները, որոնք եղել են Հայաստանի Հանրապետությունում, նույնիսկ մահվան դեպքեր են գրանցվել, եղել են պատահական հանդիպման հետեւանք։ Այսինքն՝ կենդանին կա՛մ եղել է ձագերով եւ փորձել է պաշտպանել դրանց, կա՛մ ինքն է հանկարծակիի եկել ու ինքնապաշտպանության նպատակով փորձել է հարձակվել»,- պարզաբանում է կենդանաբանը՝ ավելացնելով, որ նման դեպքերը հիմնականում եղել են վայրի բնության մեջ:

Ի՞նչ անել արջ տեսնելիս

Գիտնականը խորհուրդ է տալիս՝ նախ խուսափել այն տարածքներից, որտեղ հնարավոր է արջեր լինեն, երկրորդ՝ եթե հայտնվել ես նման վայրում, ապա պետք է աղմկել, որ կենդանին զգուշանա:

«Առաջին բանը՝ խուճապի չմատնվել, զգույշ լինել, չշրջվել մեջքով, եթե դիստանցիան շատ մոտ չէ, արջը փորձելու է խուսափել։ Դժվար կլինի ասել, թե ինչ կլինի, բայց պետք է փորձել չփախչել, որպեսզի կենդանին հասկանա, որ մարդն իր համար վտանգ չի ներկայացնում, եւ հետ-հետ գնալով՝ հեռանալ այդ տարածքից»,- նշում է Անդրանիկը։

Հայաստանում արջերի հարձակման 100-200 դեպք է գրանցվում տարեկան

Վայոց Ձորում արջերի հիմնական հարձակումները Եղեգիսի կիրճում են գրանցվում։ Կենդանաբանը նշում է, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում արջերի կողմից տարեկան 100-200 հարձակում է գրանցվում։

2024 թ․ հարձակման դեպքերը նվազել են, ինչը, ըստ մեր զրուցակցի, կարող է պայմանավորված է նաեւ էլեկտրական հովիվների, առհասարակ մեղմանն ուղղված մեխանիզմների կիրառմամբ։

Արբանյակից ուսումնասիրելու են արջերի կերային բազան

Ներկայում արջերի կերային բազան գնահատելը Կենդաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի թիրախներից մեկն է։ Անդրանիկը մանրամասնում է՝ արբանյակային նկարներով փորձելու են հասկանալ, թե տվյալ տարածքում ինչքան են վայրի ծառատեսակները, որոնց պտուղները սնունդ են արջերի համար։ Այս պահին նրանք մշակում են ծրագրի գաղափարը։ Իսկ ուսումնասիրությունը կանեն ծառերի ծաղկման ժամանակ։

Ե՞րբ են քնում Հայաստանի արջերը

Քանի որ Հայաստանի ռելիեֆը առանձին վայրերում կտրուկ տարբեր է, դրանից կախված է նաեւ արջերի քնի ժամանակը։ Հարավում միշտ չէ, որ արջերը քնում են, ինչը կախված է ձյան ծածկույթից։ Օրինակ՝ Սիբիրում, ըստ մեր զրուցակցի, եթե արջը չի քնում, նրան խոտանում են, քանի որ կարող է վտանգ ստեղծել մարդու համար՝ գյուղեր մտնել, սնունդ հայթայթել, հարձակվել մարդկանց վրա։

Մեր երկրում արջերը հիմնականում քուն են մտնում դեկտեմբերից, համենայն դեպս, դեկտեմբերից մինչեւ մարտ-ապրիլ ժամանակահատվածում արջեր գրեթե չեք տեսնի։ Իսկ երբ մարտից արթնանում են, սկսվում է ավանդական շղթան՝ արջերն անցնում են կեր հայթայթելու։ Այդ ժամանակ էլ Անդրանիկն իր գործընկերների հետ գնում է հարավ։

«Մարդ-արջ կոնֆլիկտի ամենամեծ խնդիրներից մեկը գիտելիքի պակասն է։ Ամենակարեւորը վայրի բնության, կենդանիների մասին տեղեկացված լինելն է։ Պետք է հասկանալ, որ մեր հարեւանությամբ ապրող այդ կենդանիները հազարներով չեն»,- նկատում է գիտնականն ու ավելացնում, որ մարդկանց վերաբերմունքը բնության հանդեպ պետք է փոխվի, մարդը պետք է գիտակցի, թե բնության մեջ ինչ հետեւանքների կարող է բերել իր վարքագիծը։ Ի վերջո, մարդը պետք է սկսի համահունչ ապրել բնության հետ։

Մեր զրույցից հետո Անդրանիկը միացնում է աշխատասենյակի համակարգիչը։ Միասին նայում ենք ֆոտոթակարդներից ստացված տեսանյութերը։ Մի կադրում արջը տեսախցիկն է լիզում, իսկ մոտ դաշտում մարդիկ աշխատում են տրակտորով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter