
Համավարակի օրերի զոհը. անօթևան Արմեն Խալոյանը չի կարողանում դատարանում իր իրավունքները պաշտպանել
Անօթևան Արմեն Խալոյանը քովիդի համավարակի օրերին 10 անգամ տուգանվել է տնից դուրս գալու և դիմակ չկրելու համար։ Տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 300 000 դրամ։
Արմեն Խալոյանը ցանկանում է դատական կարգով բողոքարկել տուգանքների մասին որոշումները, դատապաշտպան է գտել, որը համաձայնել է Արմենի շահերը դատարանում անվճար պաշտպանել։ Հայցադիմում են կազմել և ներկայացրել դատարան, սակայն պարզվել է, որ ամեն տուգանքի համար պետք է առանձին հայցադիմում ներկայացնել և դրա համար Արմենը պետք է 50 000 դրամ պետական տուրք վճարի (5000-ական յուրաքանչյուրի համար): Արմենը վճարունակ չէ։ 2003 թվականին Լատվիայից վերադառնալուց հետո նա հայտնվել է փողոցում, քանի որ առանց իր համաձայնության վաճառվել է համասեփականությամբ իրեն և մորը պատկանող բնակարանը։ Մայրը մահացել է։ Նախկինում «Հետքը» գրել է Արմեն Խալոյանի մասին։
Հայցադիմումների համար նախատեսված պետական տուրքը Արմենը վճարել չի կարող։ Նա դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ անվճարունակության մասին տեղեկանք տրամադրելու խնդրանքով։ Նախարարությունից Արմենին պատասխանել են, որ անապահովության իր միավորը 14.4 է և Արմենը չի ստանում ընտանեկան (սոցիալական) նպաստ։
Այս պատասխանից պարզ չէ, որ Արմենն անվճարունակ է։ «Հետքը» նույնպես գրավոր հարցմամբ դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Նախարարությանն ուղղել ենք հետևյալ հարցերը՝
1.Ինչպե՞ս է ստացվում, որ անտուն քանաքացին չի
համարվում անվճարունակ։
- Ի՞նչ կարգով են հաշվարկվել նրա միավորները։
- Ի՞նչ պետք է անի քաղաքացին այս դեպքում։
- Ինչպե՞ս պետք է ապացուցվի Արմեն Խալոյանի
անվճարունակ լինելը։
- Ի՞նչ իրավասություն ունի այս դեպքում նախարարությունը։
Նախարարությունը «Հետքի» հարցադրումներին պատասխանել է հետևյալ կերպ.
«Արմեն Խալոյանը չունի սոցիալական որեւէ խումբ, չի աշխատում, եւ անապահովության միավորը կազմում է 14.40, որը ցածր է ՀՀ կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 50-Ն որոշման 3-րդ կետով սահմանված ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունից՝ 28.00»:
Նախարարությանը խնդրել ենք պարզեցնել այս ձևակերպումը։ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ Արմեն Խալոյանի սոցիալական անապահովության միավորը ցածր է սահմանված միավորից և նա ընդգրկված չէ անապահովների ցուցակում։
«Անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելով պայմանավորված, համակարգող խորհրդի առաջարկությամբ Ա. Խալոյանին նշանակվել է եռամսյակային հրատապ օգնություն 2024 թվականի առաջին եւ երրորդ եռամսյակների համար։ Քաղաքացու կողմից 2024 թ. հոկտեմբերի 2-ին ներկայացրած դիմումի համաձայն՝ վերջինս կընդգրկվի նաեւ 2025 թվականի առաջին եռամսյակային հրատապ օգնության ցուցակում»,-ասվում է նախարարության պատասխանում:
Նախարարությունը նշել է նաև, որ ընտանիքի անապահովության միավորը ձեւավորվում է ինքնաշխատ եղանակով՝ ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգ մուտքագրված դիմում-հայտարարագրում եւ քաղաքացու փաստաթղթերում ներառված կամ ինքնաշխատ եղանակով ստացված տվյալների հիման վրա:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը անձի անվճարունակ լինելու մասին տեղեկանք չի տրամադրում։ Այդ տեղեկանքի տրամադրումը դուրս է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության իրավասությունների շրջանակից:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր լիազորությունների շրջանակում կարող է տրամադրել տեղեկատվություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու՝ անապահովության գնահատման միավորի մասին:
Ըստ նախարարության, անապահովության միավորը հաշվարկվում է՝ հաշվի առնելով.
- ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խումբը,
- ընտանիքի անաշխատունակ անդամների թիվը,
- ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թիվը,
- բնակավայրը,
- ընտանիքի բնակարանային պայմանները,
- սպառած կոմունալ ծառայությունների համար վճարած գումարի չափը,
- ընտանիքի եկամուտը և այլն։
Փաստացի, Արմեն Խալոյանը չունի մշտական բնակության վայր, հաշվառված է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի հասցեով, բայց նրա անապահովության միավորը բավարար չէ, որպեսզի համարվի անապահով և ստանա ընտանիքի սոցիալական նպաստ։ Ստացվում է, որ անօթեւան Արմենն անապահով չէ։
62-ամյա Արմեն Խալոյանը չգիտի, թե ումից պետք է ստանա անվճարունակության մասին տեղեկանքը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նույնպես չի կարողանում ուղղորդել՝ որ կառույցն է տրամադրում անվճարունակության մասին տեղեկանք։ Կամ առհասարակ նման տեղեկանք որևէ կառույց տրամադրու՞մ է, թե ոչ։
Արմեն Խալոյանը հաճախ գիշերում է դրսում՝ կիսակառույց շինություններում, մետրոյի կայարաններում։ Երբ գումար է ունենում, «Մալաթիա» գյուղմթերքի շուկային կից վճարովի սենյակում է գիշերում։ Լոգանք է ընդունում Շենգավիթում գործող հանրային բաղնիքում։ Ամռան ամիսներին՝ շատրվանների տակ։
Արմենը նախկին բռնցքամարտիկ է։ Ապրուստը վաստակում է տարբեր աշխատանքներով։ Ծանր ֆիզիկական աշխատանքը նրան հակացուցված է ողնաշարի խնդրի պատճառով։ Ասում է՝ վիրահատության կարիք կա, սակայն գումար չունի։
Հաշմանդամության կարգ ձևակերպելու համար նա պետք է բժշկական ստուգումներ անցնի, որի համար պետք է վճարի, բայց գումար չունի։
Նախորդ տարի Արմենը սկսել էր աշխատել «Էկո բիլդինգ» ՍՊԸ-ում, որպես պահակ։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 5 ամիս շարունակ նրա աշխատավարձից պահումներ է արվել կորոնավիրուսի ժամանակ ստացած տուգանքների համար։ Գործատուն Արմեն Խալոյանին ազատել է աշխատանքից և ասել, որ իրեն խնդիրներ ունեցող աշխատող պետք չէ։
Մեկնաբանել