
«Էյր Դիլիջանսն» էլ անցավ պատմության գիրկը
Հայկական «Էյր Դիլիջանս» ավիաընկերությունը (2015-2023 թթ. կոչվում էր «Ավիակոմպանիա Արմենիա») փետրվարի 3-ին վաղաժամ զրկվել է օդանավ շահագործողի վկայականից (ՕՇՎ): Սա այն փաստաթուղթն է, առանց որի ոչ մի ավիաընկերություն չի կարող կոմերցիոն գործունեություն ծավալել:
Չնայած «Էյր Դիլիջանսի» ՕՇՎ-ն ուժի մեջ էր մինչեւ 2026-ի փետրվար, ՀՀ քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) դրա գործողությունը կասեցրել էր 2024 թ. օգոստոսի 1-ին 6 ամսով՝ մինչեւ այս տարվա փետրվարի 1-ը: Դա գործող օրենսդրության պահանջ էր:
ՕՇՎ տալու կարգը սահմանում է, որ վկայական ստանալու կամ այն վավեր պահելու համար տվյալ փոխադրողը պետք է լինի թռիչքների համար առնվազն մեկ պիտանի օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) կամ էլ կնքած լինի առնվազն մեկ պիտանի օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության մասին մտադրությունների հուշագիր:
«Էյր Դիլիջանսի» միակ ինքնաթիռը հայկական ռեգիստրից դուրս էր բերվել հուլիսի վերջին ու հետո գրանցվել Վրաստանում, որտեղից 2016-ին տեղափոխվել էր մեր երկիր:
Հիշեցնենք, որ «Էյր Դիլիջանսը» վրացական կապիտալով ընկերություն է: Դրա 51 %-ի սեփականատերը ՀՀ քաղաքացի, թբիլիսահայ Ռոբերտ Օգանեսյանն է, որը նաեւ տնօրենն է, մնացած 49 %-ը պատկանում է վրացի Թամազ Գաիաշվիլիին, որը վրացական Georgian Airways-ի հիմնադիրն ու փաստացի տերն է: Գաիաշվիլին նաեւ հայկական փոխադրողի փաստացի տերն է, պարզապես «Ավիացիայի մասին» օրենքը պարտադրում է, որ ՕՇՎ ունեցող ավիաընկերությունների առնվազն 51 %-ը պատկանի ՀՀ քաղաքացիների կամ Հայաստանում գրանցված այլ իրավաբանական անձանց: Այլ կերպ ասած՝ «Էյր Դիլիջանսը» վրացական փոխադրողի քույր ընկերությունն է:
Կարելի է ասել, որ 2016-ից իր թռիչքներն սկսած «Էյր Դիլիջանսը» վերելքի վրա էր 2019-2023 թթ., երբ ռուս-վրացական քաղաքական կոնֆլիկտի պատճառով դադարեցվել էր ավիահաղորդակցությունը Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ: Այդ ընթացքում «Էյր Դիլիջանսն» առաջարկում էր թռիչքներ Երեւան-Թբիլիսի-Երեւան-Մոսկվա-Երեւան-Թբիլիսի-Երեւան երթուղով: Այսինքն՝ «Զվարթնոց» օդանավակայանի միջոցով իրար էր կապում Վրաստանի ու Ռուսաստանի մայրաքաղաքները:
2023-ի մայիսին Ռուսաստանը, ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով գտնվելով արեւմտյան պատժամիջոցների տակ, կրկին թույլատրեց ռուսական օպերատորների թռիչքները դեպի Վրաստան եւ վրացականների մուտքը իր տարածք, ինչից հետո ռուս-վրացական ավիահաղորդակցությունը վերականգնվեց, իսկ «Էյր Դիլիջանսի» գործոնը «չեզոքացավ»: Այդ ֆոնին վրացի ներդրողները որոշեցին հայկական ընկերության միակ ինքնաթիռը տեղափոխել իրենց մյուս ընկերության՝ Georgian Airways-ի շարժակազմ, որտեղ այն շահագործվել էր 2010-2016 թթ.:
Ու քանի որ «Էյր Դիլիջանսը» մնաց առանց օդանավի, նրա ՕՇՎ-ի գործողությունը 2024-ի օգոստոսին կասեցվեց: Այդ 6 ամսում ընկերությունը պետք է օդանավի ձեռքբերման պայմանագիր կամ գոնե հուշագիր կնքեր, սակայն կարելի է ենթադրել, որ դա նրա վրացի տերերին պետք չէր:
Վերջին կես տարում «Էյր Դիլիջանսը» դարձավ երկրորդ հայկական ավիաընկերությունը «Ֆլայ Արնայից» («Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ) հետո, որը զրկվեց ՕՇՎ-ից:
Ըստ ՊԵԿ-ի հարկ վճարողների փնտրման համակարգի՝ «Էյր Դիլիջանս» ՍՊԸ-ն այսօր էլ գործող կազմակերպություն է, սակայն որպես ավիաընկերություն այն այլեւս պատմություն է: Ինչպես ենթադրել էինք օգոստոսին, ՍՊԸ-ն կդառնա/դարձել է ընդամենը Georgian Airways-ի ավիատոմսերի վաճառքի գրասենյակ, որի գլխավոր նպատակը հայկական շուկայից Թբիլիսիի միջոցով այլ երկրներ ուղեւորներ տեղափոխելն է, այլ կերպ ասած՝ Թբիլիսին հայկական ավիաշուկայի համար որպես հաբ (երրորդ երկրներին կապող օղակ) ծառայեցնելը:
Լուսանկարում՝ «Էյր Դիլիջանսի» այլեւս նախկին Boeing 737-500 տիպի ինքնաթիռը՝ Բահրեյնի երկնքում, 28.02.2024, planespotters.net
Մեկնաբանել